Արամ Մանուկյանի հարցը կառավարությանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մատնանշել է ՀՀ պետական բյուջեի մուտքերն ավելացնելու տարբերակ: Նա հիշեցրել է «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, ըստ որի, զինծառայություն չանցած անձիք, որոնց 27 տարեկանը լրացել է, համապատասխան վճարից հետո դադարում են հետախուզվելուց: «Երեք զինակոչ է արդեն՝ ՀՀ կառավարությունն ԱԺ չի ներկայացրել օրենքը երկարաձգելու նախագիծ: Մեծերից մեկն ասում էր՝ փողի վրա նստած, փող եք ման գալիս: Ես արդեն որերորդ անգամ ասում եմ բյուջեի համար փող գտնելու ճանապարհը: Ինչո՞ւ չեք երկարաձգում նախագիծը»,- հարցրեց Մանուկյանը՝ հավելելով, որ մարդկանց լուրջ քանակ կա, որ սպասում են օրենքի երկարաձգմանը: Միաժամանակ Մանուկյանը նշեց, որ եթե այս օրենքը չեղյալ հայտարարվի, ապա իրենք կողմ կլինեն դրան, բայց քանի որ օրենքը կա՝ պետք է կիրառել: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ ասաց, թե ինքը կտրականապես դեմ է այս օրենքին: «Որքան գիտեմ՝ այս պահին օրենքը ուժի մեջ է, եւ երկարաձգում ենք այն, երբ ավարտվում է կիրարկման ժամկտը»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ ճանապարհով ստացվող ֆինանսական միջոցները մեծ չեն՝ ռազմական խնդիրները լուծելու համար: «Պաշտպանունակության առումով սա խնդիր չի լուծում, դրա համար որպես պաշտպանության նախարար, չեմ կարող մեծ ոգեւորություն ապրել նման օրենսդրական ձեւակերպումից»,- նշեց նա:

Նյութի աղբյուրը` Hayastan24.com, a1plus.am

Share Button