Լեւոն Զուրաբյան․ Ձերը կեղեքման քաղաքականությունը է, մերը՝ զարգացման

Դեկտեմբերի 13-ին խորհրդարանում մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում էր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը:

Երկրորդ ընթերցման ժամանակ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.  «Հարգելի գործընկերներ, այսօր քննարկում ենք մի հարց, որը ժողովրդի մեջ հայտնի է որպես «Հազար դրամների» օրենքը: Պետք է ասեմ, որ օրենքի առաջին ընթերցման քննարկման ժամանակ, ըստ էության, ամեն ինչ ասվել է, բայց քանի որ օրենքի նոր բաղադրիչներ են բերվել և քանի որ այս քննարկման մեջ հնչեցին նոր փաստարկներ, ցանկացա խմբակցության անունից ասել հետևյալը:

Նախ կրկնում եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է, որ այն փոխհատուցումները, որ նախատեսված են այս օրինագծով, կատարվեն դեռ մի բան էլ ավելի մեծ ծավալով և տարածվեն նախկինում տեղի ունեցած դեպքերի վրա, և մենք վստահ ենք, որ այդ ամենը կարելի է անել պետական միջոցների հաշվին: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նույնպես, ըստ էության, ընդունեց դա՝ ասելով, որ, իհարկե, կարելի էր փնտրել խնդրի լուծումը բյուջեի միջոցներից, բայց «մենք հնարավորություն ենք ստեղծել դրսևորելու այն կամքը, որ մեր ժողովուրդը ցույց տվեց ապրիլյան պատերազմի ժամանակ»:

Գիտեք, իսկապես կուզեի հասկանալ մենք հնարավորություն բառը նույն կե՞րպ ենք հասկանում: Սա հնարավորությո՞ւն է, թե՞ պարտադրանք: Ի՞նչ է հնարավորությունը: Հնարավորությունը ենթադրում է ազատություն, այսինքն ես ունեմ այս հնարավորությունը և կարող եմ այն օգտագործել կամ չօգտագործել: Սա հնարավորություն չէ, սա պարտադրանք է: Այստեղ հնչեց մի այսպիսի միտք ևս, որ այս օրենքի նշանակությունն է քաղաքացու վերաբերմունքը: Հիմա նորից եմ հարցնում՝ սա վերաբերմո՞ւնք է, թե՞ նոր հարկատեսակ, որովհետև վերաբերմունքը կամ կա, կամ չկա: Այն պարտադրել հնարավոր չէ:

Սա իրականում նոր հարկատեսակ է, և կուզեմ, օգտվելով այս առիթից, անդրադառնալ Cupers միջազգային հեղինակավոր կոնսալտինգային ընկերության եզրակացություններին, ըստ որոնց, այսօր Հայաստանում գործում է 14 հարկատեսակ: Համեմատությունը Վրաստանի հետ ցույց է տալիս, որ Վրաստանում գործում է 5 հարկատեսակ: Մեզ այսօր ի՞նչ է մատուցվում: Այսօր պարզվում է, որ մեր հարկատեսակները կավելացվեն ևս մեկով: Մենք կունենանք 15-րդ հարկատեսակը: Ընդ որում այդ հարկատեսակը մեզ մատուցվում է որպես մեծ լավություն, որպես կամք դրսևորելու հնարավորություն, որպես քաղաքացու վերաբերմունք ցույց տալու հնարավորություն: Բայց դրա տակ թաքնված է մի նոր հարկատեսակ, որն անվանվում է դրոշմանիշային վճար և դա ավելացվել է նոր բերած՝ «Հարկերի մասին» օրենքով՝ 12-րդ հոդվածում որպես նոր հարկատեսակ՝ դրոշմանիշային վճար:

Ես ակամա հիշում եմ սովետական ժամանակները, երբ խորհրդային իշխանությունները քաղաքացիներին ծախում էին դրոշմանիշներ, օրինակ Վիետնամի պատերազմի հետևանքների վերացման, Կամբոջայի սովյալներին օգնություն կազմակերպելու, Կարմիր խաչին աջակցելու նպատակներով: Սովետը դա անում էր պարտադրելով, թեև դա ներկայացվում էր որպես կամավոր: Ես ինչքան հասկացա մեր իշխանությունը ավելորդ խաղեր չի տալիս և միանգամից ասում է՝ եկեք այս դրոշմանիշային վճարը դարձնենք պարտադիր վճար: Բայց մենք այս մոտեցումը չենք հասկանում: Իհարկե շատ կարևոր խնդիր է, և մենք պահանջում ենք, որ այս խնդիրը լուծվի և ամեն ինչ անելու ենք, որ դա լուծվի: Բայց ի՞նչ է սա նշանակում: Այսինքն ցանկացած կենսական պրոբլեմի լուծման համար մենք նոր հարկատեսա՞կ պետք է մտցնենք: Օրինակ, Գյումրիի վերականգնման գոտին մինչև հիմա վերականգնված չի: Երկուսից երեք հազար բնակիչ դեռ չունեն տներ: Եվ ի՞նչ: Միգուցե աշխարհի բոլոր քաղաքացիների համար մի նոր հարկատեսակ սահմանենք, ասենք ովքեր ունեն բնակարան 10.000 դրամ մուծեն պետական բյուջե, որ լուծվի Գյումրիի վերականգնման խնդիրը: Եվ այսպես կարելի է շարունակել: Ամեն կարևոր խնդիրը կբերի մի նոր հարկատեսակի նշանակման: Այստեղ է մեր կոնցեպտուալ տարբերությունը ձեր հետ, հարգելի իշխանավորներ:

Դուք հորինում եք դրամահավաքի նոր ձևեր, իսկ մենք ասում ենք, եթե մենք պարզեցնենք մեր հարկային համակարգը, օրինակ այդ 15 հարկատեսակները պարզեցնենք՝ դարձնելով հինգը, ինչպես դա արեցին Վրաստանում, ընդ որում դրույքաչափերը իջեցնելով, մենք կթողնենք, որ ժողովուրդը շնչի, գործարարական կապիտալը գա Հայաստան, որ զարգանա տնտեսությունը, ընդլայնվի հարկային բազան և դրա հաշվին ավելացվի բյուջեի եկամուտները: Մեր կոնցեպցիան, պետության մեջ հարցեր լուծելու, սա է, ոչ թե ամեն մի խնդրի համար կազմակերպենք դրամահավաք, որն իրականում խոստովանություն է պետության սնանկության և անկարողության: Ի դեպ, Արամ Մանուկյանին մեղադրեցին պոպուլիզմի մեջ: Եթե մենք պոպուլիստ լինեինք, ապրիլի 2-ին չէինք անի մի հայտարարություն, աջակցելով միասնականությունը պետության մեջ և բանակի շուրջ համախմբելը, որը մեզ ընտրազանգվածի առումով բավական թանկ գին նստեց, բայց մենք գնացինք դրան, քանի որ մեզ համար կարևորը պետական շահն է:

Այսինքն, ձերը կեղեքման սխեմա է, մեր առաջարկածը զարգացման սխեման է, և եթե միասնականություն եք փնտրում պարոն նախարար, այն կարելի է փնտրել միայն զարգացման և արդարության կառավարման մեջ, ոչ թե այն կառավարման մեջ, որ այսօր գոյություն ունի Հայաստանում: Իսկ ինչ վերաբերում է այս օրենքի քվեարկությանը մեր թշնամիների հետևելուն, դրա մասին շատ ակնարկվեց, ես ձեզ կասեմ, որ ավելի լավ է մտածեիք, որ նույն թշնամին հետևում է ինչ օրինագծեր եք բերում խորհրդարան: Ձեր այս օրենքից թշնամին հասկանում է՝ ինչ վիճակում է գտնվում մեր պետությունը: Բա դրա մասին չե՞ք մտածում: Ինչո՞ւ եք այսպիսի օրենք բերում: Այ սա ամենաբացասական փիառն է պետության համար, ուստիև ելույթս եզրափակում եմ հետևայլ մեջբերումով առաջին ընթերցումից հետո Հայ ազգային Կոսնգրես կուսակցության հայտարարությունից. «Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում պատգամավորներին չտրվել վարչախմբի խաբեական, մարդկանց նվիրական զգացումները անպարկեշտորեն շահագործող հայրենասիրական հռչակված ձեռնածությանը, առաջնորդվել պետական-քաղաքական մտածողությամբ և երկրորդ ընթերցման ժամանակ դեմ քվեարկել հայկական պետականությունը խայտառակող այս օրինագծին»:

  Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Share Button