Հարցուպատասխան ՀԱԿ-ի մասին

1. Ի՞նչ է Հայ ազգային կոնգրեսը:

Հայ ազգային կոնգրեսը 2008 թ. օգոստոսի 1-ին հռչակված քաղաքական ուժ/կառույց է, որը միավորում է 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած 18 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին, ինչպես նաև համաժողովրդական շարժման մասնակից մի շարք այլ կազմակերպությունների և հազարավոր անհատների: Այլ կերպ ասած՝ Կոնգրեսը 2007 թ. աշնանը սկիզբ առած Համաժողովրդական շարժման ինստիտուցիոնալ վերակազմակերպման արդյունք է:


2. Որո՞նք են Հայ ազգային կոնգրեսի հիմնական նպատակները:

  • Երկրում սահմանադրական կարգի վերականգնումը՝ լեգիտիմ իշխանության ձևավորման միջոցով,
  • ներկա ավազակապետական համակարգի կազմաքանդումը և ժողովրդավարական, հակակշիռներ պարունակող քաղաքական ու հասարակական համակարգի ձևավորումը
  • ընտրական համակարգի վերականգնումը,
  • ազատ շուկայական հարաբերությունների վերականգնումը:

3. Որո՞նք են Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները:

  • Հայոց համազգային շարժում,
  • Հայաստանի ժողովրդական կուսակցություն,
  • «Հանրապետություն» կուսակցություն,
  • Հայաստանի պահպանողական կուսակցություն,
  • Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցություն,
  • Հայաստանի լիբերալ կուսակցություն,
  • «Ազատություն» կուսակցություն,
  • «Ժողովրդավարական ուղի» կոսակցություն,
  • «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնություն,
  • «Հայրենիք և պատիվ» կուսակցություն,
  • «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն,
  • «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնություն,
  • «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն:


4. Ինչպիսի՞ն է Կոնգրեսի կառուցվածքը:

Կոնգրեսի անդամ կուսակցությունները ձևավորում են Քաղաքական խորհուրդը, որը քննարկում է կարևորագույն քաղաքական հարցերը և որոշում կայացնում դրանց վերաբերյալ: Կոնգրեսի հիմնական գործունեության համակարգմամբ զբաղվում է Կենտրոնական գրասենյակը, որն ունի 10 մարզային կառույցներ Հայաստանի բոլոր մարզերում: Սրանցից բացի, երկրի տարբեր բնակավայրերում գործում են տարածքային կառույցներ:


5. Որո՞նք են այն հիմնական ուղղությունները, որոնց շրջանակներում Կոնգրեսը ծավալելու է իր գործունեությունը:

  • հանրահավաքների, ցույցերի, զանգվածային այլ մջոցառումների անցկացում,
  • տեղեկատվական և գաղափարական պայքար,
  • մասնագիտական խմբերի ձևավորում, դրանց կողմից պետության և հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտներին (ժողովրդավարություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն, սոցիալական խնդիրներ, կոռուպցիայի, հովանավորչության, ստվերային տնտեսության դեմ պայքար և այլն) առնչվող, ներկայիս իշխանությունների ընթացիկ կուրսին այլընտրանք հանդիսացող զարգացման ծրագրերի և ռազմավարական մոտեցումների մշակում ու ներկայացում հանրությանը:
  • մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հետևողական ու անզիջում պայքար: Այս շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու քաղբանտարկյալների, քաղհալածյալների, ինչպես նաև մարտի մեկի զոհերի հարազատների իրավական և սոցիալական օժանդակության խնդրին:

6. Ինչպե՞ս կարելի է անդամագրվել կոնգրեսին:

Այցելելով Կոնգրեսի կենտրոնական, մարզային կամ տարածքային կառույցներ և լրացնելով համապատասխան թերթիկը:

7. Ինչու՞ անդամագրվել Կոնգրեսին:

  • Հայ ազգային կոնգրեսը, հանդիսանալով ՀՀ առաջին նախագահի գլխավորած համաժողովրդական շարժման ինստիտուցիոնալ մարմնացումը, հավակնում է վերածվել բազմաշերտ սոցիալական բազայով, իրապես հուժկու քաղաքական կառույցի: Այս առումով Կոնգրեսի նպատակները կիսող յուրաքանչյուր քաղաքացու անդամակցումը Կոնգրեսին չափազանց կարևոր է, քանի որ միայն ժողովրդական լայն և հետևողական աջակցությունն է, որ թույլ կտա ՀԱԿ-ի մաս կազմող քաղաքական ուժերին շարունակել ավազակապետության դեմ պայքարը և այն հասցնել իր հաղթական ավարտին:
  • Անդամագրվելով Կոնգրեսին՝ քաղաքացիները ինֆորմացիա են տրամադրում իրենց մասնագիտության, գործունեության ոլորտի կամ զբաղմունքի վերաբերյալ՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով առավել լիարժեք օգտագործել յուրաքանչյուրի ներուժը շարժման նպատակների համար:
  • Անդամակցումը Կոնգրեսին նաև նշանակում է ավելի մեծ տեղեկացվածություն և ակտիվ ներգրավվածություն Կոնգրեսի ամենօրյա գործունեության՝ ծրագրերի մշակման, քարոզչական, կազմակերպչական և այլ տիպի գործողությունների իրականացման մեջ:

8. Որո՞նք են Հայ ազգային կոնգրեսի հիմնական առանձնահատկությունները:

Հայ ազգային կոնգրեսը, իր մեջ ներառելով գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, ունենալով հզոր առաջնորդ, հմուտ քաղաքական, պետական գործիչներից, բարձրակարգ մասնագետներից ու իրենց երկրի ապագայով մտահոգ անհատներից բաղկացած մեծ թիմ, հարյուրհազարավոր աջակիցներ և որդեգրելով ժամանակի հրամայական հանդիսացող նպատակներ, ըստ էության հանդիսանում է միակ իրական այլընտրանքը ներկայիս իշխանություններին: ՀՀ քաղաքացու ընտրությունը այժմ սահմանափակվում է մեկ պարզ բանաձևով՝ կամ ավազակապետությունը կամ Կոնգրեսը: