ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատմություն

2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը ձեւավորվեց նախընտրական դաշինք, կարճ ժամանակում վերաճեց համաժողովրդական շարժման, որը ոչ պաշտոնապես կոչվեց հենց այդ անունով: Համաժողովրդական շարժումը, որն ընտրություններում պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իր մեջ ներառում էր ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ եւ նախաձեռնություններ, ներառյալ «Ժառանգություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները, «Այլընտրանք» եւ «Հայ կամավորականների միություն» նախաձեռնությունները, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ հարյուր հազարավոր անհատ քաղաքացիներ` վերածվելով իշխանությունների հիմնական այլընտրանքի եւ միակ ընդդիմադիր ուժի:

Բազմաթիվ կեղծիքներով եւ օրենքի կոպիտ խախտումներով անցած նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած բողոքի զանգվածային ակցիաների եւ Ազատության հրապարակում փետրվարի 21-29-ի նստացույցի ժամանակ Համաժողովրդական շարժման մեջ ներգրավվեցին վարչախմբից ու կեղծ ընդդիմությունից հիասթափված նորանոր զանգվածներ: Իշխանությունների կողմից մարտի 1-ի վաղ առավոտյան եւ երեկոյան սանձազերծած բռնություններին, սպանդին եւ բազմաթիվ քաղաքական ձերբակալություններին հաջորդած ժամանակահատվածում Շարժումը չմարեց, այլ ընդհակառակը` ստեղծվեցին երիտասարդական եւ այլ հասարակական շերտեր ներկայացնող առանձին խմբեր, նախաձեռնություններ, որոնք իրենց հերթին միացան Համաժողովրդական շարժմանը:

2008 թ. մայիսի 2-ին, Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսում նախագահ Տեր-Պետրոսյանը առաջ քաշեց Շարժմանը իստիտուցիոնալ բնույթ հաղորդելու եւ Հայ ազգային կոնգրես ստեղծելու գաղափարը: Ընդ որում, Կոնգրեսի ստեղծմամբ Շարժման կուսակցությունները շարունակելու էին պահպանել իրենց ինքնուրույնությունն ու կառուցվածքը` որպես միավորիչ գաղափար ընդունելով ավազակապետության վերացման, սահմանադրական կարգի վերականգնման, ազատ, ժողովրդական, իրավական եւ բարգավաճ պետության կերտման խնդիրը:

Համաժողովրդական շարժման` 2008 թ. օգոստոսի 1-ին կայացած հանրահավաքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հիմնադրումը: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Շարժմանը աջակցող կուսակցությունների եւ նախաձեռնությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման Հռչակագիրը: Կուսակցություններից, հասարակական տասնյակ կազմակերպություններից բացի Հայ ազգային կոնգրեսին անհատապես անդամագրվել են նաև մի քանի տասնյալ հազար քաղաքացիներ:

Երկրում սահմանադրական կարգի հաստատումը որպես գերագույն նպատակ հռչակելով` Կոնգրեսը ներկայումս ծավալում է ակտիվ քաղաքական գործունեություն, անցկացնում հանրահավաքներ, պարբերաբար հանդես գալիս հայտարարություններով, որոնցում ներկայացնում է լայն հասարակական հնչեղություն ունեցող հարցերի մասին իր մոտեցումներն ու առաջարկությունները: Կոնգրեսում գործում են տնտեսական, առողջապահական, արտաքին կապերի, երիտասարդության եւ այլ հարցերով զբաղվող մասնագիտացած հանձնախմբեր:

ՀԱԿ-ը հետմարտիմեկյան ժամանակաշրջանում հանդես է գալիս երեք հիմնական պահանջներով. քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակում, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնում եւ արտահերթ համապետական ընտրությունների անցկացում: