ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



«100 քայլ» (Մաս 1)

Հայ ազգային կոնգրես

100 քայլ

«100 քայլ»

Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր

(նախագիծ)

«100 քայլ»Հայ ազգային կոնգրեսը հրապարակային քննարկման է ներկայացնում սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման "100 քայլ" ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը: Ներկա համակարգի էությունը մի քանի օլիգարխների եւ նրանց մերձավոր ընտանիքների ձեռքում երկրի տնտեսական ռեսուրսների գերկենտրոնացումն է, պետական իշխանության լծակների օգտագործումը այդ խմբի գերշահույթների ապահովման համար: Ապօրինի հարկային եւ մաքսային արտոնությունները, մենաշնորհները, դրամի արհեստական արժեւորմամբ ներմուծողների գերշահույթների սպասարկումը, սեփականության իրավունքի ոտնահարումը հանգեցրել են արտադրության եւ արտահանման աղետալի կրճատման, ազատ մրցակցության վերացման, չհիմնավորված թանկացումների, գործարար ակտիվության եւ տնտեսության ընդհանուր անկման՝ առաջացնելով ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի օրեցօր վատթարացում: Մանր եւ միջին բիզնեսի վրա հիմնական հարկային բեռի փոխադրումը եւ պետական մարմինների կամայականությունները խեղդում են մասնավոր նախաձեռնության վրա հիմնված ձեռներեցությունը, ճնշում ժողովրդի ստեղծագործական էներգիան եւ հավատը սեփական ուժերի նկատմամբ, առաջացնում արտագաղթ եւ աղքատություն:

Ստեղծված իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ են արմատական վերափոխումներ: Միայն զանգվածային համաժողովրդական շարժումը, որը կապված չէ այդ համակարգից օգտվող օլիգարխների հետ որեւէ կախվածություններով կամ պարտավորություններով, ի վիճակի է, հանուն ժողովրդի եւ պետության զարգացման, դուրս գալ գործող համակարգի շահերի դեմ եւ անհրաժեշտ հետեւողականությամբ իրականացնել այդպիսի համակարգային փոփոխություններ: Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է ժողովրդի դատին հանձնել գործողությունների այնպիսի ծրագիր, որը ցույց կտա, որ Կոնգրեսը չի սահմանափակվում նման վերափոխումների անցկացման համար քաղաքական կամքի մասին հավաստիացումներով միայն, այլ նաեւ շատ կոնկրետ լուծումներ եւ մեխանիզմներ ունի այդ նպատակների իրագործման համար:

Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման առաջարկվող ծրագիրը ներկայացվում է քննարկման Հայ Ազգային Կոնգրեսի Քաղաքական խորհրդի որոշմամբ։ Ծրագիրը պատրաստել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը՝ Հրանտ Բագրատյանի գիտական ղեկավարությամբ, նրա մեջ ներառվել են Կոնգրեսի անդամ կուսակցությունների առաջարկները եւ դիտողությունները:

Ստորև ներկայացված փաստաթուղթը ծրագրի մի մասն է ընդամենը, որում ներկայացված են սոցիալ-տնտեսական եւ կառուցվածքային քաղաքականության ընդհանուր մոտեցումները։ Դրանք ներառում են Կոնգրեսի մոտեցումները ֆիսկալ, դրամավարկային, ֆինանսական քաղաքականության, գործարարության խրախուսման, սոցիալական քաղաքականության հիմնախնդիրների մասով։ Ճյուղային տնտեսական քաղաքականության բաժնից այստեղ ներկայացված է միայն գյուղատնտեսությունը՝ նկատի ունենալով դրանում ստեղծված աղետալի վիճակը վերջին 10 տարիների քաղաքականության հետեւանքով։ Տնտեսության, հասարակական կյանքի ու պետական կառավարման մյուս ոլորտներում (արդյունաբերություն, առևտուր և ծառայություններ֊, առողջապահություն, կրթություն, գիտություն, սոցիալական ապահովության եւ ապահովագրություն, բնապահպանություն, տուրիզմ, սպորտ, երիտասարդություն, իրավապահ ոլորտ, զինված ուժեր, դատական համակարգ, պետական կառավարում եւ ինքնակառավարում և այլն) քաղաքականության ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ, բնագավառ առ բնագավառ։

Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակը շնորհակալություն է հայտնում տնտեսական, գիտության եւ կրթության, առողջապահության հանձնաժողովներին, առանձին մտավորականների ու քաղաքացիների` ծրագրի մշակմանը գործուն մասնակցություն ունենալու համար։ Կոնգրեսը ողջունում է քաղաքացիների, մասնագետների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի` ծրագրի կատարելագործման ուղղված առաջարկները եւ դիտողությունները, որոնք կարելի է ուղարկել հետեւյալ հասցեներով.

Երեւան, Կորյունի 19Ա, 4-րդ հարկ, էլեկտրոնային փոստ economy@anc.am, կամ մուտքագրել www.anc.am կայքի միջոցով:

Հարկային և մաքսային քաղաքականություն

1. Հարկային բեռի վերաբաշխում միջին եւ փոքր բիզնեսից դեպի խոշոր բիզնես. Հարկային և մաքսային համակարգի կարգավորման ու զարգացման հիմնական սկզբունքները պետք է լինեն. ա) հարկման բազայի ընդլայնումը, բ) ստվերի վերացումը, գ) ձեռնարկատիրական գործունեության խրախուսումը, դ) հարկային վարչարարության նվազեցումն ու հարկային բեռի հավասարաչափ բաշխումը։ Արտասահմանյան մասնագետների գնահատմամբ, այսօրվա վիճակով պետական բյուջեի հարկային եկամուտների սոսկ 31տոկոսն է (առանց արտասահմանյան ձեռնարկությունների) վճարվում խոշոր ձեռներեցների կողմից, մինչդեռ պետք է լիներ 65-67տոկոսը։ Ըստ այդմ՝ խոշոր բիզնեսի լիարժեք հարկումը հրատապ խնդիր է: Հակառակ պարագայում՝ անհավասար և անարդար պայմաններում հայտնված փոքր ու միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ) դատապարտված է վերացման։

2. Պարզեցված հարկի միանման կիրառում բոլոր բիզնեսների համար. 1997-2001թթ. ձևավորվել էր հարկային "եռաչափ" տարածություն. պարզեցված հարկ վճարող, հաստատագրված հարկեր վճարող և սովորական հարկեր վճարող։ Այդ երեք համակարգերի ինտեգրման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր, որպեսզի մինչև որոշակի նվազագույն գումարը` բիզնեսի ծավալները հարկվեին մեկ դրույքով (ինչպես պարզեցված հարկի պարագայում), դրանից հետո (խոշոր բիզնեսի համար)` հարկավորումը իրականացվեր սովորական ձևով, այսինքն կիրառվեին բոլոր հարկատեսակները։ Փոխանակ ապահովվեր այս զարգացումը, պարզեցված հարկը գործնականում դուրս մղվեց շրջանառությունից։ Դրա վերստին կիրարկումը, մինչև որոշակի սահման հարկման հարաբերականորեն ցածր մակարդակ ունենալը ՓՄՁ-ների վերակենդանացման, դերի ու նշանակության բարձրացման հիմնական լծակներից է։ Պարզեցված հարկի մեծությունն անընդհատ փոփոխելով՝ պետությունն, ըստ էության, պետք է ուրվագծի ՓՄՁ սահմանները։

3. Եկամտահարկի ավելի բարձր, քան շահութահարկի դրույքների սահմանում, պրոգրեսիվ եկամտահարկի սանդղակի կիրարկում. Առաջիկա 10-15 տարիների համար եկամտահարկի տոկոսադրույքը մի փոքր ավելի բարձր պետք է սահմանել, քան շահութահարկինը (գործի պետք է դնել այսպես կոչված "հարկային խաչի" մեխանիզմը)։ Պետք է մտցնել եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակ։ Հարկման նման համակարգը պետք է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել խոշոր բիզնեսի և ՓՄՁ-ների տեսակարար կշիռների լավագույն և ամենաարդյունավետ հարաբերակցությունը։ Բարձր շահութաբերության պարագայում (պայմանավորված ներմուծումներով ու մենաշնորհներով) պետք է գործի շահութահարկի հարկման պրոգրեսիվ սանդղակ։

4. Նվազագույն աշխատավարձի մոտեցում միջին աշխատավարձին. Առաջիկա 10-15 տարիներ համար նվազագույն աշխատավարձի մեծությունը պետք է մոտեցնել միջին աշխատավարձին, ինչն արդյունավետ մեխանիզմ կլինի ստվերային տնտեսության տեսակարար կշռի իջեցման համար։

5. Գերբարձր եկամուտների ավելի բարձր հարկման մեխանիզմի կիրառում. Եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակը պետք է գործի որոշակի սահմաններում։ Գերբարձր աշխատավարձի, բոնուսների պարագայում (հատկապես՝ ֆինանսական հատվածի ղեկավար աշխատողների նկատմամբ) պետք է գործի գերհարկման մեխանիզմը։ Բացի այդ, նշված բարձր աշխատավարձերի նկատմամբ պետք է որոշել սահմանային չափաքանակ, որին գերազանցող մասը արտադրանքի ու ծառայությունների ինքնարժեքի մեջ չպետք է հաշվառվի։

6. Էլիտար շինարարության հարկում։ Սահմանամերձ շինարարության սուբսիդավորում, գույքի իրացման հարկի սահմանում. Պետք է սահմանել շինարարության հարկ՝ միջինը 10տոկոս։ Այս հարկը կտարբերակվի ըստ տարածքային սկզբունքի՝ իջեցնելով մինչեւ 0, իսկ առանձին դեպքերում, ծայրամասերի համար՝ մինչեւ նույնիսկ մինուս 10 (երբ պետությունը սուբսիդավորում է շինարարությունը) և 15տոկոս, օրինակ, Երևանի կենտրոնի համար։ Երկրորդ անգամ իրացվող անշարժ գույքի նկատմամբ պետք է սահմանել հարկ՝ միջին հաշվով շահույթի 5տոկոսի չափով (նորից տարբերակված տարածաշրջանային սկզբունքով)։ Պետությունը կսահմանի վաճառքի նվազագույն գներ՝ միաժամանակ պարտավորվելով գնել այդ անշարժ գույքը, եթե դրանից ավելի բարձր գին չի առաջարկվում:

7. Շինարարության ոլորտում կապիտալի սառեցման կանխում. Պետք է խստացնել անավարտ շինարարության հարկումը, կառուցապատողների նկատմամբ առաջ քաշել միջոցների պահուստավորման պահանջ։ Այս ամենը թույլ կտա կանխել կապիտալի սառեցումը ոլորտում, շինարարությունը դուրս բերել Երևանից և բացառել հետագայում այս ոլորտի պատճառով համապետական ճգնաժամը։ Շինարարության հարկման նոր մեխանիզմները թույլ կտան հարկային բեռը հավասարաչափ բաշխել, խոշոր ձեռներեցներին ամբողջությամբ հարկային դաշտ բերել։

8. Եկամուտների եւ գույքի համընդհանուր հայտարարագրում. Անհապաղ պետք է սկսել 18 տարեկանից ի վեր բոլոր քաղաքացիների եկամուտների և գույքի պաշտոնական հայտարարագրումը։

9. Հարկային կանխավճարների արգելում. Պետք է բացառել շահութահարկից կանխավճարներ տալու արատավոր պրակտիկան։ Հարկատուն պարտավոր չէ վարկավորել պետությանը։ Մանավանդ, որ այդ սկզբունքը երբեք չի գործել խոշոր հարկատուների նկատմամբ, որոնք, որպես կանոն, պետական խոշոր պաշտոնյաներ են։

10. Հարկային տարաժամկետ վճարումներ ինովացիոն բիզնեսի համար. Պետք է սահմանել ինովացիոն բիզնեսի հստակ չափորոշիչներ և դրանց հիման վրա այդ ձեռնարկությունները ազատել շահութահարկից առաջին երկու տարիների համար՝ հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։ Արտասահմանյան ներդրողների նկատմամբ, ասվածից դուրս, պետք է շարունակի գործել ներդրումների գծով առկա արտոնությունների համակարգը։

11. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների խրախուսում. Պետությունը պետք է երաշխավորի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը և թույլ տա եկամուտների մինչև 5 տոկոսը (ինչպես գործավորների, այնպես էլ գործատուների համար), առանց հարկումի, փոխանցել նշված հիմնադրամներին։

12. Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կրճատում, շրջանառության հարկի կիրառում. ԱԱՀ-ը պետք է սահմանել 18տոկոսի չափով։ Առանձին ապրանքատեսակների նկատմամբ պետք է կիրառել տարբերակված (ավելի ցածր) ԱԱՀ սխեմա։ Հետագայում, ԵՄ և ՌԴ հետ համապատասխան աշխատանք տանելուց հետո, ԱԱՀ-ը պետք կլինի փոխարինել 5-7 տոկոսանոց շրջանառության հարկով։ Ավելի ուշ անցում պետք է կատարել կորպորատիվ հարկավորման համակարգին։

13. Թունդ խմիչքների ակցիզների բարձրացում, գինու ակցիզի իջեցում. Պետք է բարձրացվեն օղու, լիկյորների վրա դրվող ակցիզները, իսկ գինու ակցիզն իջեցնել։ Գինենյութի վրա դրված ակցիզը պետք է հաշվանցել ավելացված արժեքի նման։ Մյուս ակցիզային հարկերը պետք է խմբագրել այն հաշվով, որպեսզի ներքին արտադրողները ավելի վատ պայմաններում չլինեն, քան ներկրողները։

14. Գյուղմթերքների թափոնների պետական հաշվառում. Գյուղմթերքներ մթերող ձեռնարկություններն իրենց թափոնները հաշվառման պետք է հանձնեն հարկային մարմիններին։ Թափոնների միջոցով արտադրության իրական ծավալները հարկային մարմինների կողմից պետք է վերահսկվեն նաև հանքա-հումքային ձեռնարկություններում։

15. Ընդերքի հանրային տնօրինում. Հանքա-հումքային արդյունաբերության մեջ (մոլիբդեն, պղինձ, պեռլիտ, տուֆ, բազալտ, երկաթ, ոսկի և այլն) պետք է վերացնել բնության պաշարների համար վճարը։ Դրա փոխարեն ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել բուն հանքի գինը, որով շահագործողն այն գնում է հանրությունից։ Այդ կերպ հնարավոր կլինի հարկման մեխանիզմն այստեղ կապակցել հումքի համաշխարհային գների փոփոխության հետ։ Պայմանավորված հումքի համաշխարհայինի գների դինամիկայով` արդյունահանող ընկերությունը պետության հետ պայմանավորված գնից վեր ստացած եկամուտը պետք է մուծի բյուջե։

16. Բնության պարտադիր վերականգնման պահանջի կիրառում. Բնապահպանության վճարների փոխարեն պետք է գործեն բնությունը վերականգնելու պարտադիր պահանջը և պրոգրեսիվ (ժամանակի ընթացքում) տուգանքների համակարգը։ Հակառակ պարագայում գույքն ամբողջությամբ պետք է բռնագրավվի հօգուտ պետության։ 1991-2010 թթ. ՀՀ անտառների 50 տոկոսը վեր են ածվել թփուտների կամ նոսրացել են վտանգավորության աստիճանի, անտառների տեսակարար կշիռը կտրուկ անկում է ապրել։ Իրողությունն սակայն այն է, որ 1991-1994 թթ, պատերազմի ու շրջափակման պայմաններում, շատ ավելի քիչ անտառ է հատվել, քան այն, ինչ հատվել է բիզնես նպատակով որպես շինափայտ 1998-2010 թթ։ Իսկ Սևանա լճում ձկներն արդեն հատով են հաշվում։

17. Խոշոր հողատերերի հատուկ հարկում. Խոշոր հողատերերը (50հա և ավելի) պետք է հարկվեն նույն ռեժիմով, ինչ արդյունաբերությունը, առևտուրը և այլն։ Այստեղ հողի կադաստրային գնահատականի փոխարեն՝ պետք է կիրարկվի բերքի և եկամուտի գնահատման մեխանիզմը։

18. Խոշոր գույքի հարկի բարձրացում. Էականորեն պետք է բարձրացնել գույքահարկի դերը՝ այն տարբերակելով ըստ գույքի չափերի և գոտիականության (տարածքային գործոն)։ Միաժամանակ, մինչև որոշակի սահման՝ գույքահարկը պետք է նվազեցվի պաշտոնապես հայտարարագրված եկամուտների և վճարված հարկերի չափով (համամասնորեն)։ Սրանով իսկ ևս մեկ լուրջ քայլ կկատարվի հարկային բեռը խոշոր ձեռներեցների և մանր ու միջին բիզնեսի միջև արդարացիորեն բաշխելու ուղղությամբ։

19. Ժառանգության պրոգրեսիվ հարկ. Գույքի և ունեցվածքի որոշակի սահմանից սկսած անհրաժեշտ է մտցնել ժառանգության պրոգրեսիվ հարկ՝ նպատակ ունենալով բացառել ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականության ապահովումը ժառանգության մեխանիզմի միջոցով։

20. ԱԱՀ վերադարձ, տուգանքներ պետության նկատմամբ. Պետությունը մինչև վերջ պետք է կատարի իր պարտականությունները հարկային կանխավճարների և ԱԱՀ վերադարձման ուղղությամբ։ Չվերադարձրած գումարների մասով պետության նկատմամբ պետք է կիրարկել տուգանքների նույն համակարգը, ինչպիսին կիրարկվում է հարկատուների նկատմամբ։

21. Կապիտալի արտահանման հարկի սահմանում. Պետք է սահմանել կապիտալի արտահանման հարկ։ Տնտեսական զարգացման արդի պայմաններում ՀՀ տնտեսության մեջ ներդրումների աճի հիմնական ռեզերվը ներքին խնայողությունների ընգրկումն է, երկրից կապիտալի՝ օրեցօր ահագնացող արտահոսքի կանխումը։ Այսպես, 2002թ. կապիտալի արտահոսքը կազմել է 245, 2003-ին՝ 314, 2004-ին՝ 494, 2005-ին՝ 613, 2006-ին՝ 794 միլիոն դոլար։ 2007-ի առաջին 8 ամիսներին կապիտալի արտահոսքը կազմել է 593 մլն դոլար, իսկ տարեվերջին այն հատել է 1 մլրդ դոլարի սահմանը։ Փոքր և աղքատ երկրի համար սա կործանարար է։ Բնակչության մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանմամբ (340 դոլար) Հայաստանը ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքում առաջինն է։ Կապիտալը փախչում է Հայաստանից, որովհետև չի վստահում իշխանություններին։ Եվ ուրեմն, արտասահմանյան ներդրումները խրախուսելու վերաբերյալ մոդայիկ ֆրազաների փոխարեն՝ պետք է կարողանալ, նախևառաջ, կանգնեցնել կապիտալի օրեցօր ահագնացող արտահոսքը։ Պետք է սահմանել կապիտալի արտահանման հարկ (նախօրոք գումարից հանելով ՀՀ ներբերած կապիտալը և բացառելով արտասահմանյան ներդրողներին)։ Այս փոփոխությունները պետք է կատարվեն՝ նկատի ունենալով Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության նկատմամբ ստանձնած պարտավորությունները` փոխադարձ ներդրումների համար հավասար պայմաններ ապահովելու առումով։ Օրենսդրությամբ բանկերին պետք է արգելել կապիտալի արտահանման ցանկացած գործարքի կատարում, քանի դեռ հարկային մարմինները տեղեկանք չեն տվել հարկային պարտավորությունների կատարման մասին։

22. Էլեկտրոնային մաքսազերծում, ներմուծման գների սահմանման կամայական համակարգի վերացում. Պետք է ներմուծվող արտադրանքների նկատմամբ մաքսատուրքերը սահմանել ինվոյսում նշված գնի նկատմամբ։ Նույն ապրանքներն արտադրող ներքին արտադրողի շահերը պետք է պաշտպանել համալիր հարկային քաղաքականության (մասնավորապես՝ պրոգրեսիվ շահութահարկի մեխանիզմի) միջոցով, այն հաշվով, որ ներքին արտադրողի շահերն առնվազն հավասարեցվեն ներմուծողի շահերին։ Մաքսային աշխատողներն ընդհանրապես պետք է զրկվեն գին սահմանելու իրավունքից։ Իբրև հիմք պետք է ընդունվի էլեկտրոնային կոդավորմամբ "ինվոյսը"։

23. Արտադրական սարքավորումների մաքսատուրքերի վերացում. Բարձրացված մաքսատուրքերի կիրառում շքեղ մեքենաների նկատմամբ. Ներմուծվող մեքենաների մաքսատուրքերը պետք է խստորեն տարբերակել ըստ մեքենայի շարժիչի հզորության ու շքեղության չափորոշիչների, իսկ արտադրական սարքվարումների նկատմամբ մաքսատուրքերը դարձնել 0։

24. Այլընտրանքային մաքսատների հիմնում. Անհրաժեշտ է բացել այլընտրանքային, ոչ պետական մաքսային ծառայություն։ Վերջինիս գործունեությունը կանոնակարգելու համար պետք է ընդունվեն դրա հավաստագրման մեխանիզմները մանրամասնորեն կանոնակարգող օրենսդրական փաստաթղթեր։

25. Խաղային բիզնեսում պետության վերահսկողության հաստատում. Պետք է բացառել ոչ պետական լոտոների, վիճակախաղերի, զառերի գոյությունը։ Նման ինստիտուտների շահագործման բացառիկ իրավունքը պետք է տրվի ՀՀ Ֆինանսների նախարարությանը։ Գործող տոտալիզատորները, խաղադրույքներ կատարելու հաստատությունները պետք է գործեն պետության ներկայացուցչի հսկողության տակ։ Բոլոր խաղատներում և նմանատիպ ձեռնարկներում պետությունը պետք է լինի փայատեր և ունենա իր ներկայացուցիչը։ Խաղատների համար առանձին տարածք պետք է հատկացվի՝ թույլ զարգացած եւ հեռավոր սահմանամերձ վայրերում, բացառվի դրանց առկայությունը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, հանգստյան գոտիներում։

26. Հարկային արտոնությունների բացառում. Տնտեսվարող որևէ սուբյեկտ (հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, ամեն տեսակ բարեգործություն) հարկային արտոնություն չպետք է ունենա։



Բյուջետային քաղաքականություն

27. Պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացում. Պետական եկամուտների հավաքագրման աստիճանը յուրաքանչյուր տարի պետք է բարելավել 2 տոկոսով՝ 2015 թ. այն հասցնելով 28տոկոսի։

28. Պարտքերի սպասարկում և մարում/ՀՆԱ հարաբերակցության սահմանում. ՀՀ պետական պարտքն առ 01.01.2010 կազմում է շուրջ 3.6 մլրդ դոլար։ Վերջին 2 տարիներին այն ավելացել է 2,7 անգամ։ 2008-ին արտաքին պետական պարտքի սպասարկումը ՀՀ բյուջեից "խլել" է 54.1 մլն դոլար, 2009-ին՝ 73.2, 2010-ին այդ թիվը կազմելու է 114.5, 2011-ին՝ 128, 6, 2012-ին՝ 280.4, իսկ 2013-ին՝ 478.2 մլն. դոլար։ Պետական պարտքի սպասարկումը դրանից հետո կխլի բյուջեի առնվազն 20-30տոկոսը։ Այս արկածախնդիր քաղաքականությունն անմիջապես պետք է դադարեցնել։ Դրա համար պետք է բացառել արտաքին պարտքի ավելացումը ՀՆԱ նկատմամբ, խստորեն սահմանափակել ներքին փոխառությունները՝ պետական ծախսերը հոգալու նպատակով՝ նկատի ունենալով այդ պարտքերի ու փոխառությունների սպասարկման և մարման ծախսեր/ՀՆԱ այսօրվա վիճակով ձևավորված հարաբերությունը։

29. Պետության կողմից ակտիվ ներդրումային քաղաքականության իրականացում. Կառավարությունն իր մասնակցությունը պետք է բերի ոչ պետական ներդրումային հիմնադրամներին, որոնք իրականացնում են ժողովրդատնտեսական համընդհանուր նշանակության օբյեկտների շինարարությունը՝ արժեթղթերի թողարկման, հանրապետություն ներս մտնող տրանսֆերտների ստերիլիզացիայի, սփյուռքահայության և այլոց միջոցների հաշվին։

30. Արտաքին պետական պարտք վերցնելու կառավարության բացառիկ իրավունքի սահմանում. Պետական պարտք վերցնելու իրավունքը պետք է տրվի միմիայն ՀՀ կառավարությանը։ Մասնավորապես, պետք է արգելել ՀՀ Կենտրոնական Բանկի (ԿԲ) կողմից ինքնուրույնաբար, առանց կառավարության թույլտվության ու վերահսկողության, արտաքին պարտավորություններ ստանձնելը։

31. Օրենք պետական երաշխիքների մասին. Պետք է ընդունել օրենք պետական երաշխիքներ տրամադրելու կարգի և դրանցից օգտվելու մրցութային հիմունքների մասին՝ այս ասպարեզում կոռուպցիան ու կամայականությունները բացառելու նպատակով։

32. Հայկական պետական գրանտներ. Պետական ծախսերի մեծ մասը պետք է իրականացնել ծրագրային բյուջետավորման տեսքով՝ նախահաշվային ֆինանսավորումը հասցնելով նվազագույնի։ Պետք է ստեղծել հայկական պետական գրանտների համակարգ։

33. Պետական ապարատի շեշտակի կրճատում. Կառավարության, նախարարաությունների, կառավարման հանրապետական մյուս մարմինների (ծառայությունների, հանձնաժողովների), պետական հիմնադրամների, մարզպետարանների, քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմը պետք է կրճատվի 1.5 անգամ, այդ դեպքում աշխատավարձերը կավելանան 2.2 անգամ։ Պետք է բացառվեն գործառույթների կրկնությունը, պատվիրատուի և կատարողի գործառույթների համատեղումը ։

34. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների ստեղծում. Պետական կենսաթոշակային նպաստներին զուգահեռ՝ գործատուների և գործավորների մասնակցությամբ, պետք է արմատավորել կորպորատիվ ապահովության համակարգ ։ Կառավարությունն ի դեմս ֆինանսների նախարարության՝ պետք է երաշխավորի այդ հիմնադրամներում ներդրված միջոցները։ Ֆինանսների նախարարությանը պետք է վերադարձվեն սոցիալական ապահովության և ապահովագրության պետական կարգավորման գործառույթները։

35. Պետական հիմնարկների կողմից բանկային ավանդների արգելում. Պետք է արգելել բյուջետային ու համայնքային կազմակերպությունների կողմից բանկերում ավանդներ բացելու պրակտիկան։ Հավելյալ եկամուտների պարագայում միջոցները պետք է տրվեն ԿԲ ժամանակավոր տնօրինությանը։

36. Պետական գույքի վարձակալության կարգավորում. Պետական, համայնքային գույքը վարձակալության հիմունքներով տնօրինող ցանկացած կազմակերպություն վարձավճարը պետք է մուծի համապատասխան բյուջե՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված վարձավճարի նորմատիվներով։ Պետական կազմակերպությունները նույպես պետք է այդ նույն նորմատիվներին համապատասխան վարձավճար կմուծեն։ Այս կերպ կբացառվի պետական չինովնիկների կողմից պետական գույքի վարձակալության հաշվին հարստանալը։

37. Պետական բյուջեի շեշտակի աճ. Թվարկած հարկային և բյուջետային միջոցառուների իրականացման դեպքում ՀՀ պետական բյուջեն հենց 2010թ. կհասցվի 4.5-5 մլրդ դոլարի։

38. Ավանդների վերադարձ. Պետությունը ԽՍՀՄ խնայբանկի ավանդները պետք է ձևակերպի որպես պետական պարտատոմս և դրանք մարի 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ ավելի արագ՝ քան նախատեսված է գործող՝ 2005թ. ընդունված օրենքով։


Բանկային ոլորտ, վարկային կազմակերպություններ, ներդրումային հիմնադրամներ, արժեթղթերի շուկա

39. Դրամի արհեստական արժևորման արգելում. Անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ, ինչով ԿԲ-ի գործառույթները չեն կենտրոնանա միայն սղաճի տեմպերը պահպանելու վրա։ Պետք է բացառվի այդ նպատակով ազգային արժույթը արհեստականորեն արժևորելու հանցավոր պրակտիկան։ Ազգային արժույթի արժևորման հիմքը կարող է լինել միմիայն արտահանման գերազանցումը ներմուծման նկատմամբ։

40. Տրանսֆերտների օգտագործում տնտեսության զարգացման համար. Արժույթային այլ (արտահանմամբ չպայմանավորված) տրանսֆերտների պարագայում ԿԲ-ը պետք է ստերիլիզացնի արժույթային հոսքերը հանրապետություն՝ ի հաշիվ պետական պահուստների ավելացման։ Վերջիններս, իբրև վարկային ռեսուրս, պետք է օգտագործել հանրապետության տնտեսությունը վարկավորելու նպատակներով։

41. ԿԲ-ի քաղաքականության խորհրդարանական վերահսկում. Ամեն տարի, բյուջեից զատ, ԱԺ-ում պետք է քննարկվեն և հաստատվեն ԿԲ կողմից տարվող դրամավարկային քաղաքականության հիմնական պարամետրերը։

42. Տնտեսական նորմատիվների սահմանում բոլոր ֆինանսական հաստատությունների նկատմամբ. ԿԲ-ին պետք է իրավունք տրվի, առևտրային բանկերից բացի, գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվները տարածել բոլոր ֆինանսական հաստատությունների նկատմամբ։ Եթե հաստատության գործունեությունը կարգավորվում է ՀՀ կառավարության (ֆիննախի) կողմից, ապա նորմատիվները պետք է հաստատվեն համատեղ։

43. Բանկերի գրանցման պահանջների մեղմացում. Զգալիորեն պետք է թուլացվեն նոր բանկերի գրանցման պահանջները։ Մասնավորապես, դրանց հիմնական կապիտալի նկատմամբ պահանջները կսահմանափակվեն 1,5 մլրդ դրամով (ներկայումս ավելի քան 2.5 մլրդ դրամ է)։

44. ԿԲ-ի որոշումների բողոքարկման ընձեռում. Ամբողջովին պետք է վերափոխել բանկային գործունեության մասին օրենսդրությունն այն հաշվով, որպեսզի այս կամ այն հարցով ԿԲ նախագահի կամ խորհրդի որոշումները, առանց բացառության, հնարավոր լինի բողոքարկել դատարանում։

45. ԿԲ-ում հակակշիռների ստեղծում. Պետք է ավելացնել ԿԲ խորհրդի իրավասությունները որոշումներ ընդունելիս։ ԿԲ տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնները պետք է առանձնացնել։

46. Վերավարկավորման սահմանափակում. Վերավարկավորումը կամ վարկերի դուրս գրումը պետք է թույլատրել միմիայն ԱԺ կողմից օրենք ընդունելու պարագայում։

47. Բանկերի վերակազմակերպում բաց բաժնետիրական ընկերությունների. Բոլոր առևտրային բանկերը պետք է վերագրանցել որպես բաց բաժնետիրական ընկերություններ, օրենսդրորեն պետք է ընդլայնել մինորիտար բաժնետերերի իրավունքները։

48. Բանկերում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրում. Բանկերը կարճ ժամկետում պետք է անցնեն կորպորատիվ կառավարման նորագույն համակարգերին։ Օրենսդրորեն սահմանազատումներ պետք է մտցվեն դրանց սեփականատերերի և կառավարիչների գործառույթների տարանջատման, բոլոր բաժնետերերի շահերը հաշվի առնող կառավարիչների ինստիտուտի ներդրման ուղղությամբ։

49. Բանկերի կողմից ներդրումների դադարեցում, ազգային արժույթի ուժեղացում. Պետք է արգելվի ներդրումային նորմատիվների գործունեությունը (բանկային կարգավորման տնտեսական նորմատիվների 4-րդ խումբ)։ Դրամի կայունությունն ապահովելու նպատակով վարկերը պետք է տրվեն միայն ազգային արժույթով, ազգային արժույթով ընդունվեն ավանդները։ Ըստ որում, օրենքով սահմանված կարգով, համապատասխան զեղչի առկայության դեպքում, բոլորը հնարավորություն պետք է ստանան ավանդներ ունենալ նաև ԿԲ-ում։

50. Մասնագիտացված բանկերի գործունեության թույլատրում. Անցում պետք է կատարվի երկդաշտյա կամ էլ բազմադաշտյա նորմատիվների համակարգի (այսպես կոչված՝ ճկուն տնտեսական նորմատիվներ), ինչը թույլ կտա տարանջատել ներդրումային բանկինգը և առևտրային (ընթացիկ) բանկինգը, զարգացնել մասնագիտացված բանկերը։

(Կարդալ շարունակությունը)

22 Փետրվար 2010


2012-01-23ՀԱԿ պետա-իրավական հանձնախմբի դիտարկումներն ու գնահատականները ՀՔԾ տեղեկատվական հաղորդման վերաբերյալ

32182.jpg


ԵԽԽՎ 1837 բանձևի 3-րդ կետի պահանջի կատարման բավարարման ակնկալիքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով նախորդ տարվա դեկտեմբերի վերջին տեղեկատվական հաղորդում է տեղադրել իր ինտերնետային կայքում: Ծավալուն այդ փաստաթղթի հետ ծանոթացումը ոչ միայն չի փարատել մեր ունեցած կասկածները գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլև հարուցել է նորերը, որոնցից ընդամենը մի քանիսի մասին Ձեզ տեղեկացնելը ստորև կարևորել ենք: Տեղեկատվական հաղորդման ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ փաստաթղթի հիմնական նպատակը մարտյան դեպքերին, իրավապահ և ուժային մարմինների գործողություններին նախկինում տրված իրավաբանական անգրագետ ու սխալ քրեա-իրավական գնահատականների ու որակումների ամեն գնով հաստատումն ու հիմնավորումն է, ինչպես նաև սպանություններից մի քանիսի բացահայտման աջակցելուն միտված Փաստահավաքխմբի երեք զեկույցներում վկայակոչված փաստերի ու եզրակացությունների անթաքույց առարկումն ու հերքումը:

2012-01-22Հայ Ազգային Կոնգրեսի` Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ

32182.jpg

 

2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աղմկալի ընթացքից, ետընտրական հուզումներից եւ դրանց հետ կապված միջազգային ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան ընտրական կեղծիքների այնպիսի մի համակարգի ձեւավորմանը, որը թույլ կտա առավել աննկատ դարձնել կեղծիքները տեղական եւ միջազգային դիտորդների համար, կնվազեցնի ինչպես վերջիններիս, այնպես էլ` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկելիությունը:2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աղմկալի ընթացքից, ետընտրական հուզումներից եւ դրանց հետ կապված միջազգային ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան ընտրական կեղծիքների այնպիսի մի համակարգի ձեւավորմանը, որը թույլ կտա առավել աննկատ դարձնել կեղծիքները տեղական եւ միջազգային դիտորդների համար, կնվազեցնի ինչպես վերջիններիս, այնպես էլ` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկելիությունը:

 

2011-12-27Մշակութային մանիֆեստ

32182.jpg

Այսօր ՀՀ քաղաքացին վերստին իր իրավունքների, պետականության և նրա ապագայի տերն ու զարգացման մասնակիցն է դառնում:
Քաղաքացիական նախաձեռնությունների, հրապարակային ընդվզման, սահմանադրական կարգի վերականգնաման և իրավունքների պաշտպանության համար հասարակական-քաղաքական շարժումներին զուգընթաց, հասարակության մեջ տեղի են ունենում աշխարհայացքային, խորքային փոփոխություններ, որը այլ կերպ չես անվանի քան սահմանադրական-մշակութային հեղափոխություն:

2011-12-08Լեւոն Զուրաբյանի նամակը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին

Լեւոն ԶուրաբյանՀայ Ազգային Կոնգրեսի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվի նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված նրանց ավանդները: Միաժամանակ, ՀԱԿ մտահոգության կենտրոնում է նաեւ նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ խնայբանկի 1000 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատների փոխհատուցման խնդիրը:

Ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթներից խնդրում եմ Հայ Ազգային Կոնգրեսին ներկայացնել հետեւյալ տեղեկությունները...

2011-04-15ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր

Երեւան 2011

ՄՈՒՏՔ

«ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագրի» հիմնական նպատակն է` կրթության ոլորտում անցկացնելով հետևողական բարեփոխումներ՝ դրանք դարձնել միջազգային կրթական համակարգերին մրցունակ, ժամանակակից չափանիշներին համապատասխանող և նորարարական գաղափարները խթանող համակարգ: ՀՀ հանրակրթության ոլորտում բարեփոխումների կարևորագույն առաքելություններն են լինելու`

• ՀՀ հանրակրթության տարբեր օղակները միջազգային չափանիշներին բավարարող բարձր որակավորմամբ կադրերով ապահովելը.

• հանրակրթական դպրոցների աշակերտների քաղաքացիական դաստիարակության և կրթական մակարդակի առավելագույնս բարձրացումը.

2010-09-02Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր

Հիմնադրույթներ

ՆԱԽԱԳԻԾ

Հայ Ազգային Կոնգրեսը, ներկայացնելով ընդհանուր տնտեսական վերափոխումների «100 քայլ» ծրագիրը, նաև խոստացել էր ներկայացնել իր մոտեցումները` բնագավառ առ բնագավառ: Ներկա փաստաթուղթը ներառում է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը: Ծրագրի նպատակը քաղաքացիների վաստակած արժանապատիվ հանգստի ապահովումն է, օրենսդրությամբ դրա երաշխավորումը։
1998-2008թթ, չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու փաստ. 1) միջին կենսաթոշակը (2009թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 20 տոկոսը (1996թ. եղել է 33 տոկոս), և 2) տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում։ Անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ, ինչը կենսաթոշակառուներին թույլ կտա հոգալ իրենց նվազագույն կարիքները:

Հայ Ազգային Կոնգրեսի կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը խարսխված է հետևյալ սկզբունքների զուգակցման վրա.
- քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունը դրվում է պետության, գործատուի և քաղաքացու վրա,
- կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը ձևավորվում է պետական պարտադիր վճարումներից, 
- լրացուցիչ կենսաթոշակի աղբյուրը քաղաքացիների կամավոր և գործատուների պարտադիր վճարումներն են, 
- «այսօրվա աշխատողը վճարում է այսօրվա չաշխատողի համար» սկզբունքին զուգահեռ պետք է գործի նաեւ «այսօրվա աշխատողը վճարում է իր վաղվա օրվա համար» սկզբունքը։

2010-07-01Առողջության պահպանման քաղաքականություն. հիմնադրույթներ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

ՆԱԽԱԲԱՆ

Վերլուծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ներկա վիճակը և արձանագրելով այս բնագավառում անհետաձգելի ու արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը հանրային քննարկման է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում առողջության պահպանման քաղաքականության վերափոխումների վերաբերյալ հիմնադրույթները:

Ներկայումս արձանագրվող ինչպես ժողովրդագրական, այնպես էլ առողջապահական ոլորտի վիճակը բնութագրող ցուցանիշները մտահոգիչ են, իսկ առաջիկա միտումները` տագնապահարույց: Սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շարունակում են առաջնային տեղեր զբաղեցնել ընդհանուր մահացության կառուցվածքում, ընդ որում` տարեցտարի նկատվում է դրանց շարունակական աճի միտում: Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը ոչ միայն պատշաճ մակարդակի վրա չէ, այլև առկա առողջապահական համակարգը, լինելով ծախսատար և միևնույն ժամանակ անարդյունավետ ու կոռումպացված, չի վայելում բավարար հանրային վստահություն: Առողջապահության ֆինանսավորումն իրականացվում է բացառապես պետական բյուջեի եւ ուղղակի վճարումների միջոցով, իսկ պետության կողմից առողջապահության համակարգին ուղղվող ֆինանսական միջոցները անբավարար են: Մինչդեռ ժամանակակից առողջապահական համակարգերի ֆինանսավորման բազմաձեւությունը ենթադրում է մասնավորապես պարտադիր բժշկական ապահովագրության առկայություն: Անհանգստացնող են առողջապահության բնագավառում առկա մեծածավալ կոռուպցիան և ստվերային շրջանառությունը: Հասարակությունը, ի դեմս առողջապահության համակարգի, չի տեսնում քաղաքացու առողջության պահպանման հարցում պետության երաշխավորին` անկախ նրա սոցիալական կարգավիճա կից:

2010-02-22«100 քայլ» (Մաս 2)

(Սկիզբը կարդալ այստեղ)

51. Ավանդների ապահովագրման ընդլայնում. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից պետք է ապահովագրել դրանց մինչև միջին հաշվով 60 տոկոսը։ Ապահովագրության չափը պետք է կապ ունենա ավանդի չափի հետ (նվազող պրոգրեսիայով)։ Դա պետք է վերաբերի ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։

52. ԿԲ-ից բանկային վերահսկողության գործառույթների զգալի մասի դուրս բերում. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պետք է հանվի ԿԲ-ի ենթակայությունից։ Բանկային վերահսկողությունը մեծ մասով պետք է տրվի այս հիմնադրամին՝ ԿԲ-ին հիմնականում թողնելով կարգավորումը։

53. Բանկային ակտիվների աճի խրախուսում. Թվարկված խնդիրների լուծմամբ 2012թ. առևտրական բանկերի ընդհանուր ակտիվները կարող են կազմել ոչ պակաս, քան 12 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի շուրջ 70տոկոսը։ Պետությունը քայլեր պետք է իրականացնի առևտրային բանկերի վարկային ռեսուրսները համալրելու ուղղությամբ։

54. Ֆինանսական շուկայի համալիր զարգացում. Իրական քայլեր պետք է ձեռնարկվեն դեռևս 1992թ. մայիսին հռչակած՝ Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական շուկա դարձնելու ծրագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ։ Պետք է զարկ տալ ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեությանը։ (Կարդալ 2-րդ մասն ամբողջությամբ)