ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



Առողջության պահպանման քաղաքականություն. հիմնադրույթներ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

ՆԱԽԱԲԱՆ

Վերլուծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ներկա վիճակը և արձանագրելով այս բնագավառում անհետաձգելի ու արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը հանրային քննարկման է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում առողջության պահպանման քաղաքականության վերափոխումների վերաբերյալ հիմնադրույթները:

Ներկայումս արձանագրվող ինչպես ժողովրդագրական, այնպես էլ առողջապահական ոլորտի վիճակը բնութագրող ցուցանիշները մտահոգիչ են, իսկ առաջիկա միտումները` տագնապահարույց: Սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շարունակում են առաջնային տեղեր զբաղեցնել ընդհանուր մահացության կառուցվածքում, ընդ որում` տարեցտարի նկատվում է դրանց շարունակական աճի միտում: Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը ոչ միայն պատշաճ մակարդակի վրա չէ, այլև առկա առողջապահական համակարգը, լինելով ծախսատար և միևնույն ժամանակ անարդյունավետ ու կոռումպացված, չի վայելում բավարար հանրային վստահություն: Առողջապահության ֆինանսավորումն իրականացվում է բացառապես պետական բյուջեի եւ ուղղակի վճարումների միջոցով, իսկ պետության կողմից առողջապահության համակարգին ուղղվող ֆինանսական միջոցները անբավարար են: Մինչդեռ ժամանակակից առողջապահական համակարգերի ֆինանսավորման բազմաձեւությունը ենթադրում է մասնավորապես պարտադիր բժշկական ապահովագրության առկայություն: Անհանգստացնող են առողջապահության բնագավառում առկա մեծածավալ կոռուպցիան և ստվերային շրջանառությունը: Հասարակությունը, ի դեմս առողջապահության համակարգի, չի տեսնում քաղաքացու առողջության պահպանման հարցում պետության երաշխավորին` անկախ նրա սոցիալական կարգավիճա կից:

Առողջապահության համակարգը ավելին է, քան` բժշկական օգնության մատուցումը` ներառելով նաև հիվանդությունների կանխարգելումն ու առողջության ամրապնդումը: Հստակ գործող առողջապահության համակարգը հանդիսանում է առողջության բարելավման կարևորագույն պայման, այն փրկում է մարդկային կյանքեր, հետևաբար` պետությունը պարտավոր է ամեն ինչ անել արդյունավետ գործող առողջապահության համակարգ ունենալու համար, ինչը նաև տնտեսական զարգացման և բարեկեցության մակարդակի բարձրացման գրավականներից է: Անթույլատրելի է, որպեսզի մարդիկ առողջության վատացման հետևանքով և/կամ այն վերականգնելու համար հայտնվե ն աղքատության եզրին:

Հետևաբար, օրակարգային են առողջապահությունում միջազգայնորեն ընդունված հիմնարար սկզբունքների՝ արդարության, սոցիալական համերաշխության, մատչելիության, հավասարության արմատավո րման հիմնահարցերը: Այս առումով կարևոր է առողջության պահպանման խնդրում պետության և քաղաքացու իրավունքների և պարտավորությունների ներդաշնակումը:
Հայ Ազգային Կոնգրեսի` ստորև ներկայացված «Առողջության պահպանման քաղաքականություն» նախագիծը հիմնված է հետևյալ հիմնադրույթների վրա.

- Հասարակություն - առողջապահության համակարգ խաթարված հարաբերությունների վերականգնում:
- Առողջապահության քաղաքականության հիմքում` համերաշխություն, արդարություն, թափանցիկություն և հանրության մասնակցություն:
- «Հիվանդապահությունից» անցում դեպի առողջության պահպանում
- Պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրում. հարուստը վճարում է աղքատի, առողջը` հիվանդի, աշխատողը` գործազուրկի և երիտասարդը` տարեցի համար:
- Պետության կողմից ոչ թե բուժհիմնարկների այլ քաղաքացիների ֆինանսավորում:
- Օլիգոպոլ/կորպորոկրատիկ առողջապահությունից անցում դեպի մրցակցային առողջապահություն:
- Պետության կողմից առողջապահական ծառայությունների որակի վերահսկողություն:
- Առողջապահության համակարգի արձագանքելիության մակարդակի բարձրացում համահունչ բնակչության կարիքներին, պահանջներին և սպասելիքներին:

Հանրային առողջություն

1. «Հանրային առողջության պահպանման ծառայության» ստեղծում: Պետական հիգիենիկ-հակահամաճարակային համակարգի հիման վրա կձևավորվի նոր «Հանրային առողջության պահպանման ծառայություն»` օժտված հանրային առողջության այժմեական խնդիրներին արձագանքելու համար անհրաժեշտ նորացված գործառույթներով, այդ թվում` համաճարակաբանական իրավիճակի վերահսկում եւ բնակչության առողջության գնահատում, առողջության վրա ներազդող ռիսկի գործոնների կանխատեսում, հայտնաբերում, ուսումնասիրում եւ վերացում, հիվանդությունների կանխարգելում` առաջնային և երկրորդային կանխարգելիչ միջոցների կիրառմամբ:
2. «Հանրային առողջության պահպանման ծառայության» գործառույթների ապակենտրոնացում: Մի շարք գործառույթներ կփոխանցվեն առողջության առաջնային պահպանման օղակ (մասնավորապես անհատի առողջության պահպանման հարցերը, իրազեկումը և այլն), իսկ հիգիենիկ վերահսկման գործառույթները կպատվիրակվեն տեղական ինքնակառավարման մարմիններին: Ծառայության եւ նրա կողմից իրականացվող միջո ցառումների ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեից, վճարովի ծառայությունների (լաբորատոր-գործիքային հետազոտություններ, փորձաքննությունների անցկացում եւ այլն) իրականացումից ստացված միջոցներից, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
3. Միջգերատեսչական նպատակային ծրագրերի իրագործում: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում մահացության ընդանուր կառուցվածքում մինչև 70% կազմում են սիրտ-անոթային և ուռուցքային հիվանդությունները, կիրականացվեն առողջության առաջնային պահպանմանն ուղղված ազգային միջգերատեսչական նպատակային ծրագրեր, այդ թվում քաղցկեղի դեմ պայքարի, սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, շաքարային դիաբետի, ինչպես նաև ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների, ավելորդ քաշի վերահսկման ծրագրեր: Կկենսագործվեն նաև սոցիալական վտանգ ներկայացնող հիվանդությունների դեմ պայքարի ծրագրեր (տուբերկուլոզ, վիրուսային հեպատիտներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլն):
4. Դեռահասների եւ տարեցների առողջության պահպանում: Կիրականացվեն դեռահասների և տարեց մարդկանց առողջությունը պահպանող և կենսակերպի ակտիվությանը նպաստող պետական նպատակային ծրագրեր, որոնք միտված կլինեն ողջ կյանքի ընթացքում բնակչության առողջության ամրապնդմանն ու պահպանմանը, այդ թվում` երիտասարդության համար սոցիալ-կրթական հատուկ ծրագրերի իրագործումը, տարեցների ակտիվությանը, ինքնուրույնությանը և սոցիալական արդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացումը: Պետությունը կորդեգրի երկարատև խնամքի կենտրոնների ստեղծման գաղափարը:

Առողջապահության համակարգի արդյունավետություն և բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հասանելիություն և մատչելիություն
Պետությունը իր ֆինանսավորման ծավալներում կկատարի էական տեղաշարժ հիվանդի բուժման ծախսերից դեպի մարդու առողջության պահպանման ծրագրերի ֆինանսավորումը: Արդյունքում առողջության առաջնային պահպանման համակարգը կունենա շարունակական զարգացման հնարավորություն` լիարժեքորեն իրագործելու համար իր առջև դրված խնդիրները (հիվանդությունների հայտնաբերում և կանխարգելում, իմունիզացիա, առողջ ապրելակերպի խրախուսում, համայնքային առողջապահություն և այլն):
5. Ֆինանսական միջոցների կառավարում: Առողջապահության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կներդրվի ֆինանսավորման բազմաձևություն` պետական բյուջե, տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներ, համավճարներ, բժշկական ապահովագրության միջոցներ, անհատական կուտակային բժշկական հաշիվներ և այլն: Դրան կնպաստի նաև պետական պատվերի տեղադրման մրցութային կարգի և մատուցվող ծառայությունների որակի և ծավալի ապահովման գործուն համակարգի ներդրումը: Կֆինանսավորվի ոչ թե բուժհիմնարկը, այլ` քաղաքացին: Կկանոնակարգվի նաև պետական պատվերով մատուցվող ծառայությունների գնագոյացման քաղաքականությունը` դրանով իսկ վերացնելով պետպատվերով բուժօ գնություն ստացողներից հավելյալ առձեռն գումարներ վերցնելու արատավոր գործելաոճը:
6. Բժշկական օգնության հավաստագրային ֆինանսավորում: Պետությունը կանցնի հավաստագրային ֆինանսավորման` առողջապահության պետական բյուջեով հաստատված ամենամյա ծրագրի շրջանակներում։ Հավաստագիրը իբրև մատուցված բժշկական ծառայությունների դիմաց վճարման միջոց ազատ ձևով կշրջանառվի արժեթղթերի շուկայում, սոցիալական ապահովագրության ոլորտում, առողջապահական բոլոր կազմակերպություններում եւ առաջին իսկ պահանջի դեպքում ենթակա կլինի պետության կողմից մարման։ Սրա արդյունքում կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան։ Հա վաստագրերը կտրվեն քաղաքացիներին, որոնց իրացման հիմքում կդրվի առողջապահական հիմնարկների մրցակցությունը:
Կդադարեցվի բուժհիմնարկների ուղղակի ֆինանսավորումը բյուջեից` բացառությամբ տարափոխիկ հիվանդությունների և տուբերկուլյոզի բուժում իրականացնողների:
7. Պարտադիր բժշական ապահովագրական համակարգի ներդրում: Կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրական համակարգ, որը հիմնված կլինի սոցիալական համերաշխության սկզբունքի վրա` երբ «առողջը վճարում է հիվանդի, հարուստը աղքատի, երիտասարդը տարեցի և աշխատողը գործազուրկի համար»: Պարտադիր բժշկական ապահովագրական միջոցները կձևավորվեն գործատուի և աշխատողի համատեղ վճարումներից: Այս համակարգը աստիճանաբար հնարավորություն կտա օրինականացնել և կառավարելի դարձնել այսօր անմիջականորեն բնակչության կողմից կատարվող ուղղակի և «ստվերային» բժշկական ծախսերը` բարձրացնելով դրանց օգտագործման արդյունավետւթյունը, կհաղթահարվի բուժօգնության դիմելու բնակչության մոտ խորացող հոգեբանական արգելքը, կհավաքագրվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ` բնակչության առողջության պահպանման համար, բուժօգնության դիմաց վճարները կդառնան առավել կանխատեսելի, անհատականացված և հասցեական: Պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի ներդրումը կիրականացվի փուլային եղանակով` աստիճանաբար ընդգրկելով հանրության տարբեր շերտեր և սոցիալական խմբեր: Պարտադիր բժշկական ապահովագրության ամենամյա ծրագիրը (սոցիալական խմբեր և հիվանդությունների տեսակներ) կհաստատվի տարեկան բյուջեի հետ միասին:
8. Առողջության պահպանմանը ուղղվող ֆինանսական միջոցների կտրուկ աճ: Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը կկազմի ՀՆԱ առնվազն 3%-ը (ներկայումս 1.6%)։ Արդյունքում, հաշվի առնելով առողջապահության համակարգի ֆինանսավորման բոլոր աղբյուրներից կատարվող հոսքերի ծավալը, առողջապահության ֆինանսավորումը կհասնի ՀՆԱ առնվազն 6%-ի։

Բժշկական օգնության և ծառայությունների որակի կառավարում

Բժշկական ծառայությունը յուրահատուկ «ապրանք» է, որի որակը և անհրաժեշտ ծավալները միջին սպառողի կողմից գնահատման համար բարդ են` անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ: Պետությունը քայլեր կիրականացնի բժշկական օգնության որակի կառավարման նոր համակարգ ձևավորելու և ներդնելու ուղղությամբ, համարելով այն գերակա խնդիր:
9. «Պետական առողջապահական գործակալության» կարգավիճակի փոփոխություն: Ծառայությունների առաջարկի և գնման համակարգը ներդնելու նպատակով կվերանայվի պետական ֆինանսավորման շրջանակներում բժշկական օգնության գնորդ հանդիսացող և որակի վերահսկում իրականցնող Պետական առողջապահական գործակալության ենթակայությունը (ներկայումս այն հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարության առանձնացված ստորաբաժանում): Այն կվերածվի գերատեսչական ենթակայությունից դուրս կարգավիճակ ունեցող կառույցի: Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը զուգընթաց այն կձևափոխվի բժշկական ապահովագրության պետական հիմնադրամի:
10. Բժշկական ծառայությունների մատուցման գործելակարգերի կիրառում: Որակի բարելավման և վերահսկման նպատակով կմշակվեն և կներդրվեն հիվանդությունների վարման գործելակարգեր, բժշկա-տնտեսագիտական չափորոշիչներ, ինչը հնարավորություն կտա մինչև 30%-ով կրճատել բժշկական օգնության փոխհատուցման չհիմնավորված ծախսերը:
11. Բժշկական ծառայությունների առաջարկի և պահանջարկի ներդաշնակում: Բժիշկների եւ բուժհիմնարկների կողմից բժշկական ծառայությունների սպառումը անհիմն ուռճացնելու միտումներից (չհիմնավորված կոնսուլտացիաներ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և այլն) խուսափելու նպատակով կներդրվի բժշկական օգնության և ծառայությունների առաջարկի և գնման համակարգ: Պետությունը բոլոր բուժհիմնարկներում (անկախ սեփականության ձևից ) կվերահսկի հիվանդների բուժման որակը:
12. Բժշկական ծառայությունների որակի վերահսկման գործառույթի ապակենտրոնացում: Այլ աղբյուրներից (կամավոր ապահովագրություն, անհատական կուտակային բժշկական հաշիվներ և այլն) ֆինանսավորվող բժշկական ծառայությունների որակի վերահսկման գործառույթը կվերապահվի նաև ֆինանսավորումն իրականացնող համապատասխան կառույցներին:
13. Հասարակական վերահսկողության խթանում: Բժշկական օգնություն և ծառայություններ մատուցողների եւ դրանցից օգտվող անձանց պարտականությունների եւ իրավունքների ներդաշնակությունը ապահովելու նպատակով պետությունը կնպաստի մասնագիտական ասոցիացիաների (միությունների) և պացիենտների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ձևավորմանը եւ նրանց դերի բարձրացմանը:
14. Մասնագիտական գործունեության լիցենզավորման համակարգի վերանայում: Կներդրվի առողջապահական մասնագետների անհատական լիցենզավորման, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հավաստագրման համակարգերը: Կվերանայվեն առողջապահական հաստատությունների լիցենզավորման ընթացակարգերը` լիցենզիայի շնորհման գործցընթացը դարձնելով առավելապես թափանցիկ, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը:

Դեղային քաղաքականություն և սննդի անվտանգության հիմնախնդիրներ

Պետությունը կարևորում է բնակչությանը արդյունավետ, անվտանգ, որակյալ և ֆիզիկապես ու ֆինանսապես մատչելի դեղամիջոցներով ապահովելու, ինչպես նաև սննդի անվտանգության երաշխավորման խնդիրները:
15. Դեղորայքային ապահովության պետական ֆինանսավորման աճ: Կմշակվի և կիրականացվի «Բնակչության դեղորայքային ապահովվածության ու մատչելիության պետական նպատակային ծրագիր», ինչին կտրամադրվի պետական բյուջեից առողջապահությանը հատկացված միջոցների առնվազն 10%-ը, ներկայիս 6.5%-ի դիմաց:
16. Դեղաբուժության արդիականացում: «Հիմնական դեղերի ցանկի» վերանայման հաճախականությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի: Դրա մեջ կընդգրկվեն բուժական պրակտիկայում հաստատված առավել արդյունավետ եւ մատչելի բոլոր այն դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հիվանդությունների լիարժեք և շարունակական բուժման համար:
17. Դեղորայքային ապահովվածության սոցիալական ուղղվածության խթանում: Կվերանայվի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման կարգը»` այն դարձնելով առավելագույնս արդար, կոռուպցիոն ռիսկերից զերծ և ճկուն, որպեսզի անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողները բժշկի նշանակած դեղերը ստանան ողջ ծավալով եւ տեսականիով եւ ստիպված չլինեն հավելյալ չնախատեսված ֆինանսական միջոցներ ծախսել իրենց անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերելու համար:
18. Դեղերի մատչելիության մակարդակի բարձրացում: Դեղերի ֆինանսական մատչելիությունն ապահովելու նպատակով կներդրվեն դեղերի գների կարգավորման միջազգային պրակտիկայում ընդունված ու կիրառվող արդյունավետ մեխանիզմներ: Դրանց թվում կիրականացվեն հետեւյալ միջոցառումները. կսահմանվեն դեղերի մեծածախ եւ մանրածախ առեւտրային վերադիրների չափերը, կկիրառվեն անվճար կամ արտոնյալ կերպով բաց թողնվող դեղերի "պոզիտիվ" ցանկերը, որոնցում ընդգրկված դեղերի գները կլինեն նկատելիորեն ցածր շուկայական գնից, կամրագրվեն դեղերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների շահութաբերության նորմերը, կիրականացվի "Հիմնական դեղերի ցանկում" ընդգրկված դեղերի գների պետական գրանցումը, կկիրառվեն բնակչության կողմից դեղերի սահմանված նվազագույն գների լրավճարների չափերը եւ այլն: Իսկ դեղերի ֆիզիկական մատչելիությունն ապահովելու, մասնավորապես գյուղական, հատկապես հեռավոր և սահմանմերձ շրջանների բնակչությանը անհրաժեշտ դեղերով ապահովելու նպատակով կմշակվեն եւ կներդրվեն դեղատների տեղադրման չափորոշիչներ:
19. Դեղաշրջանառության մասնագիտական հսկողության համակարգի ներդրում: Բնակչությանը արդյունավետ, անվտանգ եւ որակյալ դեղամիջոցներով ապահովելու նպատակով կներդրվեն դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների տեսչական հսկողության, ինչպես նաեւ դրանց մասնագիտական գործունեության գնահատման համակարգեր:
20. «Դեղամիջոցների և սննդի անվտանգության պետական գործակալության» հիմնում: ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների վերակազմավորման միջոցով կձևավորվի «Դեղամիջոցների և սննդի անվտանգության պետական գործակալություն»: Այն կիրականացնի մշտական միօրինակացված մոնիտորինգ և վերահսկում ինչպես հանրապետությունում արտադրվող, այնպես էլ ներկրվող դեղերի, սննդային հավելումների և սննդի որակի ու անվտանգության նկատմամբ, ինչը կապահովի դրանց առավելագույն օգտակարությունը և անվնասությունը բնակչության համար, ինչպես նաև կազատի արտադրողներին և ներմուծողներին մի քանի պետական գերատեսչությունների կողմից վերահսկվելու ավելորդ անհրաժեշտությունից:

Մարդկային ներուժ

Հաշվի առնելով առողջապահական մասնագետների կարևորագույն և անգնահատելի դերը բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի ապահովման գործում, պետությունը պատշաճ ուշադրություն կդարձնի այդ ոլորտի հիմնախնդիրներին և գործուն միջոցներ կձեռնարկի դրանք առավելագույնս լուծելու համար:
21. Մասնագիտական ներուժի կառավարման կատարելագործում: Կվերանայվեն բժշկական կրթության պետական պատվերի տեղադրման չափանիշները և ընթացակարգերը: Մասնագետների պահանջարկը կորոշվի միջազգայնորեն կիրառվող մոդելավորման մեթոդներով: Պետական պատվերով սովորողների հետ կկնքվեն պարտադիր իրավաբանական ուժ ունեցող պայմանագրեր, որոնցով ապագա մասնագետները կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո պայմանագրով հաստատված ժամկետում աշխատել ՀՀ առողջապահության նախարարության կողմից նշանակված բուժհաստատությունում:
22. Բժշկական կրթության շարունակականության խթանում: Առողջապահական անձնակազմի մասնագիտական հատկանիշների բարելավման համար կիրականացվի բժշկական կրթության, հետդիպլոմային մասնագիտացման և շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի վերանայում` դրանք համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին:
23. Բուժաշխատողի հասարակական դիրքի բարձրացում եւ կենսամակարդակի բարելավում: Կբարձրացվեն առողջապահական մասնագետների աշխատավարձերը: Վարձատրությունը հիմնված կլինի, ինչպես մասնագետների կրթության, աշխատանքային փորձի, այնպես էլ նրանց կատարած փաստացի աշխատանքի վրա: Դա կհաշվարկվի ինչպես բնակչության առողջական, այնպես էլ կատարողականի ցուցանիշներով: Բուժաշխատողների օրինական եկամուտները կհասցվեն այնպիսի մակարդակի, որը կընձեռի իրենց առաքելությանն արժանի կենսամակարդակի ապահովում:

Օրենսդրական փոփոխություններ

Մարդու, որպես բժշկական օգնություն ստացողի իրավունքների և առողջապահական համակարգի, որպես բժշկական ծառայություններ մատուցողի պարտականությունների իրավական ներդաշնակությունն ապահովելու նպատակով կնորացվի օրենսդրական դաշտը:
24. Վերափոխումների օրենսդրական ապահովում: Կընդունվեն «Առողջապահության մասին», «Հանրային առողջապահության մասին», «Բժշկական ապահովագրության մասին», «Բուժաշխատողների և դեղագործների մասնագիտական ռիսկերի ապահովագրության մասին», «Դեղերի եւ սննդային հավելումների մասին» օրենքներ:
25. Ծրագրի հանրայնացում եւ հաշվետվողականություն: Կառավարությունը հանրությանը կներկայացնի ամենամյա զեկույցներ ՀՀ բնակչության առողջության վիճակի և առողջապահական ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Վերոնիշյալ ծրագրային քայլերի իրականացման արդյունքում տաս տարվա ընթացքում ակնկալվող որոշ արդյունքներ .

• «Հանրային առողջության պահպանման ծառայության» ստեղծում,
• «Դեղամիջոցների և սննդի անվտանգության պետական գործակալության» ստեղծում:
• Պարտադիր բժշկական ապահովագրության ներդրում:
• Մանկական մահացության ցուցանիշի նվազեցում` ներկայիս 10.8-ից մինչև 7.0 (24%)` հազար կենդանածին երեխայի հաշվով,
• Մայրական մահացության ցուցանիշի նվազեցում ներկայիս 27.2-ից մինչև 10.3` հարյուր հազար կենդանածիների հաշվով,
• Ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցում տղամարդկանց շրջանում ներկայիս 55-57%-ից մինչև 40%, տասը տարվա ընթացքում` մինչև 15-17%,
• Մինչև 70 տարեկան բնակչության շրջանում մահացության նվազեցում սիրտ-անոթային հիվանդություններից 40%-ի, իսկ չարորակ նորագոյացություններից` 20%-ի չափով,
• Բժիշկների և բուժքույրերի թվաքանակի հարաբերակցության փոփոխություն 1 բժշկին 3 բուժքույր հաշվարկով, ներկայիս 1:1.4-ի փոխարեն,
• Պետական բյուջեից առողջապահության ոլորտին տրամադրվող միջոցների մակարդակի ավելացում առնվազն մինչև ՀՆԱ-5%-ի չափով,
• Երկարատև խնամքի կենտրոնների ստեղծում

01 Հուլիս 2010


2012-01-23ՀԱԿ պետա-իրավական հանձնախմբի դիտարկումներն ու գնահատականները ՀՔԾ տեղեկատվական հաղորդման վերաբերյալ

32182.jpg


ԵԽԽՎ 1837 բանձևի 3-րդ կետի պահանջի կատարման բավարարման ակնկալիքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործով նախորդ տարվա դեկտեմբերի վերջին տեղեկատվական հաղորդում է տեղադրել իր ինտերնետային կայքում: Ծավալուն այդ փաստաթղթի հետ ծանոթացումը ոչ միայն չի փարատել մեր ունեցած կասկածները գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլև հարուցել է նորերը, որոնցից ընդամենը մի քանիսի մասին Ձեզ տեղեկացնելը ստորև կարևորել ենք: Տեղեկատվական հաղորդման ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ փաստաթղթի հիմնական նպատակը մարտյան դեպքերին, իրավապահ և ուժային մարմինների գործողություններին նախկինում տրված իրավաբանական անգրագետ ու սխալ քրեա-իրավական գնահատականների ու որակումների ամեն գնով հաստատումն ու հիմնավորումն է, ինչպես նաև սպանություններից մի քանիսի բացահայտման աջակցելուն միտված Փաստահավաքխմբի երեք զեկույցներում վկայակոչված փաստերի ու եզրակացությունների անթաքույց առարկումն ու հերքումը:

2012-01-22Հայ Ազգային Կոնգրեսի` Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ

32182.jpg

 

2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աղմկալի ընթացքից, ետընտրական հուզումներից եւ դրանց հետ կապված միջազգային ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան ընտրական կեղծիքների այնպիսի մի համակարգի ձեւավորմանը, որը թույլ կտա առավել աննկատ դարձնել կեղծիքները տեղական եւ միջազգային դիտորդների համար, կնվազեցնի ինչպես վերջիններիս, այնպես էլ` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկելիությունը:2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աղմկալի ընթացքից, ետընտրական հուզումներից եւ դրանց հետ կապված միջազգային ճնշումներից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ եղան ընտրական կեղծիքների այնպիսի մի համակարգի ձեւավորմանը, որը թույլ կտա առավել աննկատ դարձնել կեղծիքները տեղական եւ միջազգային դիտորդների համար, կնվազեցնի ինչպես վերջիններիս, այնպես էլ` ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկելիությունը:

 

2011-12-27Մշակութային մանիֆեստ

32182.jpg

Այսօր ՀՀ քաղաքացին վերստին իր իրավունքների, պետականության և նրա ապագայի տերն ու զարգացման մասնակիցն է դառնում:
Քաղաքացիական նախաձեռնությունների, հրապարակային ընդվզման, սահմանադրական կարգի վերականգնաման և իրավունքների պաշտպանության համար հասարակական-քաղաքական շարժումներին զուգընթաց, հասարակության մեջ տեղի են ունենում աշխարհայացքային, խորքային փոփոխություններ, որը այլ կերպ չես անվանի քան սահմանադրական-մշակութային հեղափոխություն:

2011-12-08Լեւոն Զուրաբյանի նամակը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին

Լեւոն ԶուրաբյանՀայ Ազգային Կոնգրեսի «100 քայլ» ծրագրում նշված է, որ ՀՀ քաղաքացիներին պետք է փոխհատուցվի նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված նրանց ավանդները: Միաժամանակ, ՀԱԿ մտահոգության կենտրոնում է նաեւ նախկին ԽՍՀՄ Պետապ համակարգում ապահովագրված անձանց ապահովագրավճարների խնդիրը, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ խնայբանկի 1000 ռուբլի արժողությամբ սերտիֆիկատների փոխհատուցման խնդիրը:

Ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթներից խնդրում եմ Հայ Ազգային Կոնգրեսին ներկայացնել հետեւյալ տեղեկությունները...

2011-04-15ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր

Երեւան 2011

ՄՈՒՏՔ

«ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագրի» հիմնական նպատակն է` կրթության ոլորտում անցկացնելով հետևողական բարեփոխումներ՝ դրանք դարձնել միջազգային կրթական համակարգերին մրցունակ, ժամանակակից չափանիշներին համապատասխանող և նորարարական գաղափարները խթանող համակարգ: ՀՀ հանրակրթության ոլորտում բարեփոխումների կարևորագույն առաքելություններն են լինելու`

• ՀՀ հանրակրթության տարբեր օղակները միջազգային չափանիշներին բավարարող բարձր որակավորմամբ կադրերով ապահովելը.

• հանրակրթական դպրոցների աշակերտների քաղաքացիական դաստիարակության և կրթական մակարդակի առավելագույնս բարձրացումը.

2010-09-02Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր

Հիմնադրույթներ

ՆԱԽԱԳԻԾ

Հայ Ազգային Կոնգրեսը, ներկայացնելով ընդհանուր տնտեսական վերափոխումների «100 քայլ» ծրագիրը, նաև խոստացել էր ներկայացնել իր մոտեցումները` բնագավառ առ բնագավառ: Ներկա փաստաթուղթը ներառում է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը: Ծրագրի նպատակը քաղաքացիների վաստակած արժանապատիվ հանգստի ապահովումն է, օրենսդրությամբ դրա երաշխավորումը։
1998-2008թթ, չնայած ամենուրեք գովազդվող տնտեսական աճին, սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտումներ։ Հատկապես ակնհայտ է երկու փաստ. 1) միջին կենսաթոշակը (2009թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 20 տոկոսը (1996թ. եղել է 33 տոկոս), և 2) տեղի է ունեցել հարստության աննախադեպ կենտրոնացում մի քանի տասնյակ մարդկանց ձեռքում։ Անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ, ինչը կենսաթոշակառուներին թույլ կտա հոգալ իրենց նվազագույն կարիքները:

Հայ Ազգային Կոնգրեսի կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների ծրագիրը խարսխված է հետևյալ սկզբունքների զուգակցման վրա.
- քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունը դրվում է պետության, գործատուի և քաղաքացու վրա,
- կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը ձևավորվում է պետական պարտադիր վճարումներից, 
- լրացուցիչ կենսաթոշակի աղբյուրը քաղաքացիների կամավոր և գործատուների պարտադիր վճարումներն են, 
- «այսօրվա աշխատողը վճարում է այսօրվա չաշխատողի համար» սկզբունքին զուգահեռ պետք է գործի նաեւ «այսօրվա աշխատողը վճարում է իր վաղվա օրվա համար» սկզբունքը։

2010-02-22«100 քայլ» (Մաս 1)

Հայ ազգային կոնգրես. «100 քայլ»100 քայլ

Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր

(նախագիծ)

«100 քայլ»Հայ ազգային կոնգրեսը հրապարակային քննարկման է ներկայացնում սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը: Ներկա համակարգի էությունը մի քանի օլիգարխների եւ նրանց մերձավոր ընտանիքների ձեռքում երկրի տնտեսական ռեսուրսների գերկենտրոնացումն է, պետական իշխանության լծակների օգտագործումը այդ խմբի գերշահույթների ապահովման համար: Ապօրինի հարկային եւ մաքսային արտոնությունները, մենաշնորհները, դրամի արհեստական արժեւորմամբ ներմուծողների գերշահույթների սպասարկումը, սեփականության իրավունքի ոտնահարումը հանգեցրել են արտադրության եւ արտահանման աղետալի կրճատման, ազատ մրցակցության վերացման, չհիմնավորված թանկացումների, գործարար ակտիվության եւ տնտեսության ընդհանուր անկման՝ առաջացնելով ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի օրեցօր վատթարացում: Մանր եւ միջին բիզնեսի վրա հիմնական հարկային բեռի փոխադրումը եւ պետական մարմինների կամայականությունները խեղդում են մասնավոր նախաձեռնության վրա հիմնված ձեռներեցությունը, ճնշում ժողովրդի ստեղծագործական էներգիան եւ հավատը սեփական ուժերի նկատմամբ, առաջացնում արտագաղթ եւ աղքատություն:

Ստեղծված իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ են արմատական վերափոխումներ: Միայն զանգվածային համաժողովրդական շարժումը, որը կապված չէ այդ համակարգից օգտվող օլիգարխների հետ որեւէ կախվածություններով կամ պարտավորություններով, ի վիճակի է, հանուն ժողովրդի եւ պետության զարգացման, դուրս գալ գործող համակարգի շահերի դեմ եւ անհրաժեշտ հետեւողականությամբ իրականացնել այդպիսի համակարգային փոփոխություններ: Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է ժողովրդի դատին հանձնել գործողությունների այնպիսի ծրագիր, որը ցույց կտա, որ Կոնգրեսը չի սահմանափակվում նման վերափոխումների անցկացման համար քաղաքական կամքի մասին հավաստիացումներով միայն, այլ նաեւ շատ կոնկրետ լուծումներ եւ մեխանիզմներ ունի այդ նպատակների իրագործման համար: (Կարդալ առաջին մասն ամբողջությամբ)

2010-02-22«100 քայլ» (Մաս 2)

(Սկիզբը կարդալ այստեղ)

51. Ավանդների ապահովագրման ընդլայնում. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից պետք է ապահովագրել դրանց մինչև միջին հաշվով 60 տոկոսը։ Ապահովագրության չափը պետք է կապ ունենա ավանդի չափի հետ (նվազող պրոգրեսիայով)։ Դա պետք է վերաբերի ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։

52. ԿԲ-ից բանկային վերահսկողության գործառույթների զգալի մասի դուրս բերում. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պետք է հանվի ԿԲ-ի ենթակայությունից։ Բանկային վերահսկողությունը մեծ մասով պետք է տրվի այս հիմնադրամին՝ ԿԲ-ին հիմնականում թողնելով կարգավորումը։

53. Բանկային ակտիվների աճի խրախուսում. Թվարկված խնդիրների լուծմամբ 2012թ. առևտրական բանկերի ընդհանուր ակտիվները կարող են կազմել ոչ պակաս, քան 12 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի շուրջ 70տոկոսը։ Պետությունը քայլեր պետք է իրականացնի առևտրային բանկերի վարկային ռեսուրսները համալրելու ուղղությամբ։

54. Ֆինանսական շուկայի համալիր զարգացում. Իրական քայլեր պետք է ձեռնարկվեն դեռևս 1992թ. մայիսին հռչակած՝ Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական շուկա դարձնելու ծրագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ։ Պետք է զարկ տալ ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեությանը։ (Կարդալ 2-րդ մասն ամբողջությամբ)