ՀԱՅ | ENG | RSS
ANC



ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

01.08.2008. ՀԱԿ-ի ստեղծումը

Նկատի ունենալով, որ Հայաստանի Համաժողովրդական Շարժումը, ձեւավորված լինելով որպես նախընտրական միավորում, ավարտել է իր անմիջական դերակատարությունը,

Մեկնելով այն իրողությունից, որ իշխանությունը Հայաստանում վերստին բռնազավթված է հանցավոր վարչախմբի կողմից, եւ որ ընտրակեղծիքներն այս անգամ ուղեկցվել են ժողովրդի դեմ իրագործված բիրտ ոճրագործությամբ,

Հաշվի առնելով, որ ետընտրական շրջանում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մտահոգիչ մարտահրավերների առջեւ,

Գիտակցելով, որ հրատապ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպական նոր ձեւի միջոցով Շարժումը հարմարեցնելու այդ մարտահրավերների դիմագրավմանը,

Մենք՝ Շարժման կորիզը կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներս, հռչակում ենք Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը։

Մեզ միավորում է սահմանադրական կարգի հաստատման՝ ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտման եւ լիարժեք քաղաքացիական հասարակության ձեւավորման գաղափարը։

Կոնգրեսի մաս կազմող քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը եւ անկախ գործունեություն ծավալելու, այդ թվում` ընտրություններին առանձին մասնակցելու իրավունքը։ Կոնգրեսը բաց է Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների անդամագրման համար։

Կոնգրեսի գործունեության ընդարձակ ծրագիրը նախատեսվում է ընդունել եւ հրապարակել նրա առաջիկա համաժողովում։

Մինչ այդ, սակայն, հարկ ենք համարում Հայաստանի հասարակությանը ներկայացնել երկրի բարդ ներքաղաքական իրավիճակից թելադրված մեր ընթացիկ խնդիրները.

- Անխտիր բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում.
- Խոսքի, մամուլի, հավաքների ազատության ապահովում.
- Միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ հետաքննության իրականացում.
- Առվազն առաջին պայմանի կատարման դեպքում` երկրի ժողովրդավարական զարգացմանն ուղղված բարեփոխումների շուրջ իշխանությունների հետ երկխոսության ծավալում.
- Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Հայրենիքի ճակատագրով մտահոգված բոլոր ուժերին, կազմակերպություններին եւ քաղաքացիներին կոչ ենք անում ստվար շարքերով անդամագրվել Հայ ազգային կոնգրեսին։

"Ազատություն" կուսակցություն

Ազգային արժեքների պաշտպանության կուսակցություն

"Ազգային վերածնունդ" կուսակցություն

"Այլընտրանք" հասարակական-քաղաքական նախաձեռնություն

"Երրորդ Հանրապետություն" կուսակցություն

"Ժողովրդավարական ուղի" կուսակցություն

"Ժողովրդավարական հայրենիք" կուսակցություն

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն

Հայաստանի ժողովրդական կուսակցություն

Հայաստանի Լիբերալ կուսակցություն

Հայաստանի Կանաչների /Սոցիալ-Էկոլոգիական/ կուսակցություն

Հայաստանի Մարքսիստական կուսակցություն

"Հայոց հայրենիք" կուսակցություն

Հայոց Համազգային Շարժում կուսակցություն

"Հայրենիք ¨ Պատիվ" կուսակցություն

"Հանրապետություն" կուսակցություն

"Մարդու իրավունքներ - 96" կուսակցություն

"Նոր Ժամանակներ" կուսակցություն

Պահպանողական կուսակցություն

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցություն