Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` Մանուկ Մարգարյանի նախագահությամբ, երեկ վճռեց ազատազրկման դատապարտել այն քաղաքացիներին, որոնք կանխել եւ թույլ չէին տվել, որ իրագործվի Թալինում այս տարվա հունվարի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ կազմակերպված սադրանքը։ Մարգարյանը ստիպված էր դատավճիռը հրապարակել «Ազատություն քաղբանտարկյալներին», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կոչերի ներքո։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Թալինում ընտրողների հետ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ իշխանական պրովոկատորներից մեկը` Սարգիս Կարապետյանը, փորձել էր սադրանք կազմակերպել։ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի անդամները կանխել էին սադրանքը եւ Կարապետյանին ստիպել հեռանալ հանրահավաքի վայրից։ Արդյունքում իշխանությունները քրեական հետապնդում սկսեցին ՀՀ առաջին նախագահի Թալինի նախընտրական շտաբի պետ Ժորա Սափեյանի, նրա եղբոր` Մկրտիչ Սափեյանի, վերջինիս անչափահաս որդու` Անդրանիկ Սափեյանի, Սափեյանների քրոջ որդու` Հայկ Գեւորգյանի, եւ ազատամարտիկ Տիգրան Բաղդասարյանի նկատմամբ, իբր թե խուլիգանություն կատարելու համար։ Ժորա եւ Մկրտիչ Սափեյաններն ու Հ. Գեւորգյանը հունվարի 29-ից գտնվում են անազատության մեջ։ Այս գործով նախորդ դատական նիստերի ընթացքում ըստ էության հերքվել են Սափեյաններին առաջադրված բոլոր մեղադրանքները։ Դատարանին ներկայացվել է միջադեպի տեսագրությունը, որտեղ հստակ երեւում է, որ Կարապետյանին ոչ ոք չի ծեծել, մեղադրյալներից ոչ մեկը չի հայհոյել։ Քաղբանտարկյալներին իրենց զորակցությունը հայտնելու նպատակով երեկ դատարան էին եկել մի քանի տասնյակ մարդիկ։ Կանայք իրենց հետ ունեին նաեւ պաստառներ` «Իմ եղբայրը քաղբանտարկյալ է», «Իմ ամուսինը քաղբանտարկյալ է», «Իմ որդին քաղբանտարկյալ է», «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ այսպես շարունակ։ Դատարան էին եկել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան երկու ներկայացուցիչներ։ Մեղադրյալներին ներկաները ողջունեցին ծափահարություններով եւ «ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով։ Այնուհետեւ դատավորը Անդրանիկ Սափեյանին
առաջարկեց հանդես գալ վերջին խոսքով։ Նա ասաց. «Ես մեզ մեղավոր չեմ ճանաչում եւ պահանջում եմ մեզ ազատ արձակել»։ Այնուհետեւ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու։ Նա վերադարձավ մոտ 1 ժամից եւ հրապարակեց դատավճիռը, որը տպագիր ձեռքին էր։ Ակնհայտ է, որ դատավորը չէր կարող 1 ժամում շուրջ 10 էջից բաղկացած դատավճիռ կազմել։ Այսինքն` նա մինչեւ այդ արդեն ձեռքի տակ ունեցել է պատրաստի դատավճիռ։ Ըստ այդմ, Ժորա Սափեյանը դատապարտվեց 2,5, Մկրտիչ Սափեյանը` 2, իսկ Հայկ Գեւորգյանը` 1,5 տարվա ազատազրկման։ 16-ամյա Ա. Սափեյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, որը պայմանական չկիրառվեց, եւ նրա նկատմամբ 1,5 տարվա փորձաշրջան սահմանվեց։ Ի դեպ, ներկաները դատավճռին արձագանքեցին «ամոթ», «ազատություն քաղբանտարկյալներին», «վաղը դուք եք (դատավորը-Վ.Հ.) դատվելու» եւ այլ կոչերով։
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
"Հայկական Ժամանակ" օրաթերթ
16 Ապրիլ 2008
| 2008-04-12 | ԴԱՏԵՑԻՆ` ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, քննեց 62-ամյա ազատամարտիկ Դավիթ Համբարձումյանի գործը։ Սա առաջին դեպքն էր, երբ դատարանը քննում էր մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված գործ։ Վարդենիս քաղաքի բնակիչ Համբարձումյանը ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»)։ Մինչ դատական նիստը սկսվելը Համբարձումյանը սրտնեղեց, թե 37-ի տրոյկաներն ավելի լավ են եղել, քանի որ այն ժամանակ տոպրակները քաշել են մարդկանց գլխին եւ գնդակահարել։ |
| 2008-04-11 | ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ Երեկ հաղորդագրություն են տարածել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի փաստաբաններ Հովհաննես Գալյանը, Լուսինե Սահակյանը եւ Վաղարշակ Գեւորգյանը։
|
| 2008-04-08 | ՆՐԱՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ Հայաստանի տարբեր կալանավայրերի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալների թիվը երեկվա դրությամբ դարձել էր տասնհինգ։ Անցած շաբաթ եւ կիրակի օրերին հացադուլից դուրս գալու մասին հայտարարել են 7 քաղբանտարկյալներ, իսկ 6 քաղբանտարկյալներ հայտարարել են հացադուլին միանալու մասին։ Այսպիսով, երեկվա դրությամբ հացադուլավոր քաղբանտարկյալների ցանկն այսպիսին է. ապրիլի 1-ից մինչ օրս շարունակողներ` Մարզպետունի Այվազյան, Վլադիմիր Առաքելյան, Սայաթ Հովհաննիսյան, Պետրոս Մակեյան, Ավետիք Ներսիսյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Բաղդասարյան, Սմբատ Այվազյան եւ Աշոտ Զաքարյան։ Պայքարի իրենց ընկերներին երեկվանից միացած հացադուլ հայտարարած քաղբանտարկյալներն են` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյան, ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյան, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյան, Հովհաննես Ղազարյան եւ Մասիս Այվազյան։ |
| 2008-04-05 | ՀԱՆՈՒՆ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՆԵՐԻ Երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մանուկ Մարգարյանի նախագահությամբ, շարունակվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետ Ժորա Սափեյանի եւ շտաբի անդամներ Հայկ Գեւորգյանի, Մկրտիչ Սափեյանի եւ վերջինիս անչափահաս որդու` Անդրանիկ Սափեյանի դատավարությունը։ Հիշեցնենք, որ նրանց դեմ քրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում` հունվարի 27-ին, Թալինում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ, նրանք թույլ չէին տվել, որ իշխանությունների կողմից ուղարկված Սարգիս Կարապետյանն իր սադրանքն իրագործեր, եւ նրան հեռացրել էին հանրահավաքի վայրից։ Այդ ամենը առիթ դարձավ, որպեսզի երկու օր անց քրեական հետապնդում սկսվի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամների դեմ, իսկ իշխանությունների ուղարկած սադրիչը տուժողի կարգավիճակ ստանա։ Ի դեպ, ականատեսների վկայությամբ, Ս. Կարապետյանը մինչ Թալինի դեպքերը փորձել է սադրանքներ կազմակերպել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ապարանի գյուղերում տեղի ունեցած նախընտրական հանդիպումներ ժամանակ, սակայն նրա ջանքերն ապարդյուն էին անցել։ |
| 2008-04-04 | ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
Այս նախադասությունից հետո կարող եք կարծել, որ նյութը, որը ստորեւ ներկայացնելու ենք, վերաբերելու է ժամանակակից մշակույթին։ Սակայն այս դեպքում պետք է հուսախաբ անենք, քանի որ այս նյութը եւս մերօրյա քաղբանտարկյալների մասին է։ Տիգրան Բաղդասարյանը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Երեւանի Արաբկիր համայնքի ենթաշտաբներից մեկը, եղել է վստահված անձ։ ՀՀ քաղաքացիների մեծ մասի պես մասնակցել է փետրվարի 2-ից 29-ը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներին եւ նստացույցերին։ Տիգրան Բաղդասարյանի որդու` Դավիթի խոսքերով, հայրը մշտապես ակտիվ հետաքրքրվել է քաղաքականությամբ եւ չի դադարել պայքարել արդարության եւ ազատության համար։ «Մեր տանը շարժումը 88-ից այս կողմ երբեւէ չի դադարել»,- ասում է Դավիթը։ |
| 2008-04-04 | ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողականի պետ Հ. Խլղաթյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, պաշտպանիս` Հ. Արսենյանին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանից Հայտարարություն
|
| 2008-04-03 | ԵՐԿՈՒՍՆ ԵՆ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆԻՑ Աշոտ Մանուկյանը մարտյան իրադարձություններից հետո ընդդիմության դեմ սկսված քաղաքական հետապնդման արդյունքում անազատության մեջ հայտնված մոտ 150 կալանավորներից մեկն է։
|
| 2008-03-28 | ՆՐԱՆՔ ՄԻԱՅՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՆ ԱՆԱԶԱՏ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, մոտ երկու շաբաթ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած Նորիկ Նորիկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչպես ստացվեց, որ ինքն ազատ արձակվեց։ Մարտի 26-ին օրվա երկրորդ կեսին Նորիկյանը հրավիրվել է քննիչի մոտ, որտեղ նրան տեղեկացրել են, որ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է։ Նորիկյանը ձերբակալվել է մարտի 14-ին եւ տեղափոխվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Մինչ այդ դեռեւս մարտի 3-ին Նորիկյանի բնակարանում տեղի է ունեցել խուզարկություն, որի արդյունքում ոստիկաններն առգրավել են նրա համակարգիչը։ |
| 2008-03-26 | ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Մարտի 24-ի երեկոյան ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանությանի բնակարանում։
Այնուհետեւ նրան բերման են ենթարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Բանությանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225` «Զանգվածային անկարգություններ», եւ 225.1` «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը» հոդվածներով։ Այնուհետեւ նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման ժամանակավոր մեկուսարան։ Մարտի 24-ի` լույս 25-ի գիշերը դատախազություն է բերման ենթարկվել ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախընտրական շտաբի ակտիվիստ Լավրենտի Խաչատրյանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը մինչեւ երեկ գտնվել Արտաշատի հիվանդանոցում, քանի որ մարտի 1-ին ենթարկվել է խոշտանգումների։ Սակայն ոստիկանությունը որոշել է նրան եւս տեղափոխել ձերբակալվածների պահման մեկուսարան։ |