Երեկ հաղորդագրություն են տարածել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի փաստաբաններ Հովհաննես Գալյանը, Լուսինե Սահակյանը եւ Վաղարշակ Գեւորգյանը։
Փաստաբանները ներկայացրել են իրենց պաշտպանյալների դեմ սկսված քրեական հետապնդման մանրամասները, որոնք ապացուցում են, որ գործընթացն ամբողջությամբ ապօրինի է, եւ իրավապահները պարբերաբար խախտել են ՀՀ օրենսդրությունը։ Ըստ հաղորդագրության, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Գագիկ Ջհանգիրյանի դեմ քրեական հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ նա փետրվարի 22-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում իր կարծիքն է հայտնել 2008-ի նախագահական ընտրությունների եւ «Հոկտեմբեր 27» քրեական գործից անջատված մասի վարույթի կարճման մասին։ Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանին` Գագիկ Ջհանգիրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։ Քոչարյանը հնարավոր օպերատիվությամբ հաջորդ օրն իսկ բավարարել է միջնորդությունը եւ ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ ստորագրված հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանին ազատել իր պաշտոնից։ Մեկ այլ հրամանագրով առանց որեւէ հիմնավորման Քոչարյանը Ջհանգիրյանին ապօրինի զրկել է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից։ Այդ հրամանագրերն օրենքով սահմանված կարգով Գ. Ջհանգիրյանին չեն հանձնվել։ «Ինչը նշանակում է, որ հրամանագրերն ուժի մեջ չեն մտել, եւ փաստորեն, առ այսօր անազատության մեջ է գտնվում ոչ թե քաղաքացի Գ. Ջհանգիրյանը, այլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ եւ արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Գագիկ Ջհանգիրյանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Այնուհետեւ ներկայացվում է, թե ինչպես են հարձակման ենթարկվել Ջհանգիրյան եղբայրները եւ նրանց ուղեկցող երկու անձինք։ Փետրվարի 23-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Իսակովի պողոտայի` Արգավանդի խաչմերուկում դիմակավորված զինված եւ իրավապահի որեւէ տարբերանշան չունեցող անձինք հարձակվել են Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանների վրա։ «Ավտոմեքենան (Ջհանգիրյանների-Վ.Հ.) շրջապատողները ինքնաձիգի խզակոթով կոտրել են վարորդի կողմի դռան ապակին, խզակոթով հարվածել Վարդան Ջհանգիրյանի դեմքին, նրան քաշել-գցել են գետնին եւ ոտքերով հարվածել նրան»,- գրված է հաղորդագրությունում։ Հարձակվողները, որոնք, ինչպես հետագայում է պարզվել, եղել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցներ, հաշվի չեն առել նույնիսկ Գագիկ Ջհանգիրյանի այն հորդորները, որ եղբայրը ողնաշարի ծանր հիվանդություն ունի, տառապում է ողնաշարի ողերի տուբերկուլյոզային սպոնդիլիտ հիվանդությամբ։ Հարձակվողներից մեկը, որը, ինչպես հետո է պարզվել, 6-րդ վարչության ավագ օպերլիազոր Ռաֆիկ Մուրադյանն է եղել, սկսել է կրակել իր ատրճանակից, ինչի հետեւանքով Վարդան Ջհանգիրյանը ստացել է հրազենային վնասվածք։ Փաստաբանները արձանագրում են, որ իրենց պաշտպանյալները հարձակման ենթարկվելու ողջ ընթացքում դիմադրության փորձ անգամ չեն արել։ Սակայն դա չի խանգարել ոստիկանությանը նրանց դեմ քրեական գործ սարքել։ Ասենք, Վարդան Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»)։ Սա այն դեպքում, երբ նա իր ողնաշարի հիվանդության պատճառով չէր կարող անգամ կտրուկ շարժումներ կատարել։
Փաստաբաններն արձանագրել են նաեւ, որ իրենց պաշտպանյալներին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության մասնաշենք տանելուց հետո ծեծի են ենթարկել։ «ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ (6-րդ) վարչության վարչական շենք տեղափոխելուց անմիջապես հետո շենքի առաջին հարկում հատուկ նշանակության ջոկատի երեք աշխատակիցներ հարձակվել են Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր վրա, ծեծի ենթարկել նրանց։ Ծեծողների մեջ ամենաակտիվը եղել է Արման Հարությունյանը (երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի ամուսինը)»,- արձանագրում են փաստաբանները։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր կալանքի սանկցիան քննարկելու ժամանակ Ջհանգիրյանը դատավոր Արմեն Դանիելյանին տեղեկացրել է իրեն ծեծի ենթարկելու մասին։ Սակայն այդպես էլ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել, եւ Գագիկ Ջհանգիրյանի ստացած մարմնական վնասվածքները չեն արձանագրվել։
Ավելին, հաղորդագրությունում բերված են փաստեր, ըստ որոնց` դատավոր Դանիելյանն ինքը եւս ապօրինությունների գնով Ջհանգիրյաններին պահել է անազատության մեջ, իսկ այնուհետեւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել երկամսյա կալանքը։ Գ. Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով («Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը եւ պահելը») եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»)։ Ըստ փաստաբանների, Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա ուղեկցողների մոտից, Գ. Ջհանգիրյանի բնակարանից առգրավված բոլոր զենքերը եղել են օրինական` պահելու եւ կրելու թույլտվություններով։ Բայց ոստիկանությունը, միեւնույն է, մեղադրանքն առաջադրել է։ Մարտի 2-ից Գ. Ջհանգիրյանի գործը միացվել է ընդդիմության դեմ հարուցված ընդհանուր քրեական գործին։ Հաղորդագրության վերջում փաստաբանները կրկին անդրադառնում են այն փաստին, որ իրենց պաշտպանյալների դեմ քրեական հետապնդումը սկսվել է Գ. Ջհանգիրյանի հայտնի ելույթից հետո, որով նա օգտվել է իր սահմանադրական իրավունքից եւ կարծիք արտահայտել նախագահական ընտրությունների եւ հոկտեմբերի 27-ից անջատված քրեական գործը կարճելու մասին։ «Վերը նշված բոլոր հանգամանքները հիմք են տալիս պնդելու, որ Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանները հանդիսանում են քաղբանտարկյալներ»,- արձանագրում են փաստաբանները։
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
"Հայկական Ժամանակ" օրաթերթ
11 Ապրիլ 2008
| 2011-09-07 | «Власти признали свою нелегитимность» |
| 2008-04-16 | ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
|
| 2008-04-12 | ԴԱՏԵՑԻՆ` ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, քննեց 62-ամյա ազատամարտիկ Դավիթ Համբարձումյանի գործը։ Սա առաջին դեպքն էր, երբ դատարանը քննում էր մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված գործ։ Վարդենիս քաղաքի բնակիչ Համբարձումյանը ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»)։ Մինչ դատական նիստը սկսվելը Համբարձումյանը սրտնեղեց, թե 37-ի տրոյկաներն ավելի լավ են եղել, քանի որ այն ժամանակ տոպրակները քաշել են մարդկանց գլխին եւ գնդակահարել։ |
| 2008-04-08 | ՆՐԱՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ Հայաստանի տարբեր կալանավայրերի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալների թիվը երեկվա դրությամբ դարձել էր տասնհինգ։ Անցած շաբաթ եւ կիրակի օրերին հացադուլից դուրս գալու մասին հայտարարել են 7 քաղբանտարկյալներ, իսկ 6 քաղբանտարկյալներ հայտարարել են հացադուլին միանալու մասին։ Այսպիսով, երեկվա դրությամբ հացադուլավոր քաղբանտարկյալների ցանկն այսպիսին է. ապրիլի 1-ից մինչ օրս շարունակողներ` Մարզպետունի Այվազյան, Վլադիմիր Առաքելյան, Սայաթ Հովհաննիսյան, Պետրոս Մակեյան, Ավետիք Ներսիսյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Բաղդասարյան, Սմբատ Այվազյան եւ Աշոտ Զաքարյան։ Պայքարի իրենց ընկերներին երեկվանից միացած հացադուլ հայտարարած քաղբանտարկյալներն են` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյան, ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյան, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյան, Հովհաննես Ղազարյան եւ Մասիս Այվազյան։ |
| 2008-04-05 | ՀԱՆՈՒՆ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՆԵՐԻ Երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մանուկ Մարգարյանի նախագահությամբ, շարունակվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետ Ժորա Սափեյանի եւ շտաբի անդամներ Հայկ Գեւորգյանի, Մկրտիչ Սափեյանի եւ վերջինիս անչափահաս որդու` Անդրանիկ Սափեյանի դատավարությունը։ Հիշեցնենք, որ նրանց դեմ քրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում` հունվարի 27-ին, Թալինում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ, նրանք թույլ չէին տվել, որ իշխանությունների կողմից ուղարկված Սարգիս Կարապետյանն իր սադրանքն իրագործեր, եւ նրան հեռացրել էին հանրահավաքի վայրից։ Այդ ամենը առիթ դարձավ, որպեսզի երկու օր անց քրեական հետապնդում սկսվի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամների դեմ, իսկ իշխանությունների ուղարկած սադրիչը տուժողի կարգավիճակ ստանա։ Ի դեպ, ականատեսների վկայությամբ, Ս. Կարապետյանը մինչ Թալինի դեպքերը փորձել է սադրանքներ կազմակերպել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ապարանի գյուղերում տեղի ունեցած նախընտրական հանդիպումներ ժամանակ, սակայն նրա ջանքերն ապարդյուն էին անցել։ |
| 2008-04-04 | ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
Այս նախադասությունից հետո կարող եք կարծել, որ նյութը, որը ստորեւ ներկայացնելու ենք, վերաբերելու է ժամանակակից մշակույթին։ Սակայն այս դեպքում պետք է հուսախաբ անենք, քանի որ այս նյութը եւս մերօրյա քաղբանտարկյալների մասին է։ Տիգրան Բաղդասարյանը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Երեւանի Արաբկիր համայնքի ենթաշտաբներից մեկը, եղել է վստահված անձ։ ՀՀ քաղաքացիների մեծ մասի պես մասնակցել է փետրվարի 2-ից 29-ը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներին եւ նստացույցերին։ Տիգրան Բաղդասարյանի որդու` Դավիթի խոսքերով, հայրը մշտապես ակտիվ հետաքրքրվել է քաղաքականությամբ եւ չի դադարել պայքարել արդարության եւ ազատության համար։ «Մեր տանը շարժումը 88-ից այս կողմ երբեւէ չի դադարել»,- ասում է Դավիթը։ |
| 2008-04-04 | ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողականի պետ Հ. Խլղաթյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, պաշտպանիս` Հ. Արսենյանին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանից Հայտարարություն
|
| 2008-04-03 | ԵՐԿՈՒՍՆ ԵՆ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆԻՑ Աշոտ Մանուկյանը մարտյան իրադարձություններից հետո ընդդիմության դեմ սկսված քաղաքական հետապնդման արդյունքում անազատության մեջ հայտնված մոտ 150 կալանավորներից մեկն է։
|
| 2008-03-28 | ՆՐԱՆՔ ՄԻԱՅՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՆ ԱՆԱԶԱՏ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, մոտ երկու շաբաթ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած Նորիկ Նորիկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչպես ստացվեց, որ ինքն ազատ արձակվեց։ Մարտի 26-ին օրվա երկրորդ կեսին Նորիկյանը հրավիրվել է քննիչի մոտ, որտեղ նրան տեղեկացրել են, որ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է։ Նորիկյանը ձերբակալվել է մարտի 14-ին եւ տեղափոխվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Մինչ այդ դեռեւս մարտի 3-ին Նորիկյանի բնակարանում տեղի է ունեցել խուզարկություն, որի արդյունքում ոստիկաններն առգրավել են նրա համակարգիչը։ |
| 2008-03-26 | ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Մարտի 24-ի երեկոյան ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանությանի բնակարանում։
Այնուհետեւ նրան բերման են ենթարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Բանությանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225` «Զանգվածային անկարգություններ», եւ 225.1` «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը» հոդվածներով։ Այնուհետեւ նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման ժամանակավոր մեկուսարան։ Մարտի 24-ի` լույս 25-ի գիշերը դատախազություն է բերման ենթարկվել ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախընտրական շտաբի ակտիվիստ Լավրենտի Խաչատրյանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը մինչեւ երեկ գտնվել Արտաշատի հիվանդանոցում, քանի որ մարտի 1-ին ենթարկվել է խոշտանգումների։ Սակայն ոստիկանությունը որոշել է նրան եւս տեղափոխել ձերբակալվածների պահման մեկուսարան։ |