Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, քննեց 62-ամյա ազատամարտիկ Դավիթ Համբարձումյանի գործը։
Սա առաջին դեպքն էր, երբ դատարանը քննում էր մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված գործ։ Վարդենիս քաղաքի բնակիչ Համբարձումյանը ձերբակալվել է մարտի 1-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»)։ Մինչ դատական նիստը սկսվելը Համբարձումյանը սրտնեղեց, թե 37-ի տրոյկաներն ավելի լավ են եղել, քանի որ այն ժամանակ տոպրակները քաշել են մարդկանց գլխին եւ գնդակահարել։ Իսկ այժմ ոչ միայն մարդկանց անմեղ տեղը դատում են, այլ նաեւ փորձում նրանց վարկաբեկել։ Այնուհետեւ Համբարձումյանը ամոթանքներ տեղաց իր դեմ ցուցմունք տված ՀՀ ոստիկանության Երեւանի Մաշտոցի բաժնի աշխատակիցներ ոմն Ասլիկյանի եւ Հարությունյանի հասցեին` ասելով, թե ինչպե՞ս նրանք անհարմար չեն զգացել եւ իր դեմ կեղծ ցուցմունքներ են տվել։ Այդ պահին վկա-ոստիկանները գտնվում էին դատարանի դահլիճում եւ մի պահ կարծես նեղվեցին իրենց հասցեին հնչած խոսքերից։ Այնուհետեւ Համբարձումյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը ինչ-որ բան շշնջաց իր պաշտպանյալի ականջին, ինչին հետեւեց նրա դժգոհությունը. «Ինչո՞ւ, ես մեղավոր չեմ, ես ոչինչ չեմ արել։ Բայց եթե պետք է հայրենիքի համար, թող դատեն»,- ասաց ազատամարտիկը։ Իսկ թե ինչի հետ էր կապված նրա դժգոհությունը, եւ այդ ինչ չէր ցանկանում նա անել, պարզ դարձավ դատական նիստի ընթացքում։ Բանն այն է, որ երբ սկսվեց դատական նիստը, փաստաբան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց արագացված դատաքննություն անցկացնել։ Դատավոր Խաչատրյանը հայտարարեց, որ արագացված դատաքննության միջնորդությամբ հանդես գալու իրավունքը տրված է միմիայն ամբաստանյալին։ Ուստի դատավորը մեղադրող Աշոտ Նադոյանին առաջարկեց ընթերցել մեղադրականը, որից հետո վերջինս ընթերցեց մեղադրականի եզրափակիչ մասը։ Արագացված դատաքննության անցնելու հետ կապված դատավորի հարցերին ամբաստանյալի տված պատասխաններից ակնհայտ էր, որ նա չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, եւ այդ գործընթացն ինչ է նշանակում։ Ակնհայտ էր մեկ բան, որ Համբարձումյանին ասել էին, որ այդ դեպքում իրեն դատարանի դահլիճից ազատ կարձակեն։ Ակնհայտ էր, որ ամբաստանյալը նույնիսկ դատավորի հարցերից հետո գլխի չընկավ, որ արագացված դատաքննության անցնելով` նշանակում է, որ ինքը մեղքը ընդունում է։
Բնականաբար, դատարանը բավարարեց արագացված դատաքննության միջնորդությունը, եւ դատաքննությունն համարվեց ավարտված, որից հետո կողմերին առաջարկվեց հանդես գալ ճառերով։ Մոտ տասը րոպե տեւած ընդմիջումից հետո կողմերը հանդես եկան կարճ ճառերով։ Մեղադրողը հայտարարեց, որ Համբարձումյանի մեղքն ապացուցված է, եւ դատավորից պահանջեց որպես պատիժ սահմանել երկու տարվա ազատազրկումը` այն պայմանական չկիրառելով եւ երկու տարի փորձաշրջան սահմանելով։ Փաստաբան Ինեսա Պետրոսյանը ներկայացրեց ամբաստանյալի մեղքը մեղմացնող հանգամանքները եւ դատարանից խնդրեց պայմանական պատիժ սահմանել։ Դատավորն անցավ խորհրդակցական սենյակ, որտեղից մոտ մեկուկես ժամ հետո դուրս գալով` Ղարաբաղյան պատերազմի մասնակից 62-ամյա Համբարձումյանին դատապարտեց մեկուկես տարվա ազատազրկման` պատժի կրումից պայմանական ազատելով եւ երկու տարվա փորձաշրջան սահմանելով։ Ամբաստանյալը դատարանի դահլիճից ազատ արձակվեց, ինչի համար նա եւ նրա հարազատներն ուրախ էին։ Կասկածից վեր է, որ Համբարձումյանն այդպես էլ չի ընկալել տեղի ունեցածը, մասնավորապես` այն, որ ինքն անձամբ իրեն դարձրեց հանցագործ եւ գործնականում ընդունեց այն ամենը, ինչը ինքը մինչ այդ անվանել էր կեղծիք։
Ի դեպ, վերը նշված ոստիկանները, որոնք գործով որպես վկա էին անցնում, դատական նիստից հետո բարձր տրամադրություն ունեին, ինչը լրիվ հասկանալի էր։ 62-ամյա ամբաստանյալը իր չիմացությամբ հաստատել էր իրականությանը չհամապատասխանող բոլոր ցուցմունքները, որոնք քրեական գործում գրվել էին ոստիկան-վկաների կողմից։ Այլ կերպ ասած, Համբարձումյանը այլեւ չի կարող ասել, որ ինքն անմեղ է։ Եթե նա որոշի բողոքել իր նկատմամբ սկսված քրեական հետապնդման դեմ, ապա ստիպված է լինելու ինքն իրենից բողոքել։ Հենց այս պատճառով էլ ոստիկանների տրամադրությունը բարձր էր։ Ի դեպ, դատավորը եւս Համբարձումյանի վերը բերված միջնորդությունից հետո ակնհայտ ուրախացել էր։ Ապագայում ոչ ոք նրան չի կարող մեղադրել անմեղ մարդուն դատելու մեջ, քանի որ նա կարող է արդարանալ` ասելով, որ ամբաստանյալն ինքն ընդունել է իր մեղքը եւ միջնորդել արագացված դատաքննություն կիրառել իր նկատմամբ։
Հ.Գ. Փաստաբանը, որն այս ամենում առանցքային դերակատարություն ունեցող անձանցից մեկն է, հրաժարվեց տեղի ունեցածը որեւէ կերպ մեկնաբանել եւ պատասխանել հարցերին։
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
"Հայկական Ժամանակ" օրաթերթ
12 Ապրիլ 2008
| 2011-09-07 | «Власти признали свою нелегитимность» |
| 2008-04-16 | ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ
|
| 2008-04-11 | ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ Երեկ հաղորդագրություն են տարածել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եւ նրա եղբոր` Վարդան Ջհանգիրյանի փաստաբաններ Հովհաննես Գալյանը, Լուսինե Սահակյանը եւ Վաղարշակ Գեւորգյանը։
|
| 2008-04-08 | ՆՐԱՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ Հայաստանի տարբեր կալանավայրերի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալների թիվը երեկվա դրությամբ դարձել էր տասնհինգ։ Անցած շաբաթ եւ կիրակի օրերին հացադուլից դուրս գալու մասին հայտարարել են 7 քաղբանտարկյալներ, իսկ 6 քաղբանտարկյալներ հայտարարել են հացադուլին միանալու մասին։ Այսպիսով, երեկվա դրությամբ հացադուլավոր քաղբանտարկյալների ցանկն այսպիսին է. ապրիլի 1-ից մինչ օրս շարունակողներ` Մարզպետունի Այվազյան, Վլադիմիր Առաքելյան, Սայաթ Հովհաննիսյան, Պետրոս Մակեյան, Ավետիք Ներսիսյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Բաղդասարյան, Սմբատ Այվազյան եւ Աշոտ Զաքարյան։ Պայքարի իրենց ընկերներին երեկվանից միացած հացադուլ հայտարարած քաղբանտարկյալներն են` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյան, ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյան, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյան, Հովհաննես Ղազարյան եւ Մասիս Այվազյան։ |
| 2008-04-05 | ՀԱՆՈՒՆ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՆԵՐԻ Երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մանուկ Մարգարյանի նախագահությամբ, շարունակվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի պետ Ժորա Սափեյանի եւ շտաբի անդամներ Հայկ Գեւորգյանի, Մկրտիչ Սափեյանի եւ վերջինիս անչափահաս որդու` Անդրանիկ Սափեյանի դատավարությունը։ Հիշեցնենք, որ նրանց դեմ քրեական հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում` հունվարի 27-ին, Թալինում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ, նրանք թույլ չէին տվել, որ իշխանությունների կողմից ուղարկված Սարգիս Կարապետյանն իր սադրանքն իրագործեր, եւ նրան հեռացրել էին հանրահավաքի վայրից։ Այդ ամենը առիթ դարձավ, որպեսզի երկու օր անց քրեական հետապնդում սկսվի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամների դեմ, իսկ իշխանությունների ուղարկած սադրիչը տուժողի կարգավիճակ ստանա։ Ի դեպ, ականատեսների վկայությամբ, Ս. Կարապետյանը մինչ Թալինի դեպքերը փորձել է սադրանքներ կազմակերպել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ապարանի գյուղերում տեղի ունեցած նախընտրական հանդիպումներ ժամանակ, սակայն նրա ջանքերն ապարդյուն էին անցել։ |
| 2008-04-04 | ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
Այս նախադասությունից հետո կարող եք կարծել, որ նյութը, որը ստորեւ ներկայացնելու ենք, վերաբերելու է ժամանակակից մշակույթին։ Սակայն այս դեպքում պետք է հուսախաբ անենք, քանի որ այս նյութը եւս մերօրյա քաղբանտարկյալների մասին է։ Տիգրան Բաղդասարյանը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Երեւանի Արաբկիր համայնքի ենթաշտաբներից մեկը, եղել է վստահված անձ։ ՀՀ քաղաքացիների մեծ մասի պես մասնակցել է փետրվարի 2-ից 29-ը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներին եւ նստացույցերին։ Տիգրան Բաղդասարյանի որդու` Դավիթի խոսքերով, հայրը մշտապես ակտիվ հետաքրքրվել է քաղաքականությամբ եւ չի դադարել պայքարել արդարության եւ ազատության համար։ «Մեր տանը շարժումը 88-ից այս կողմ երբեւէ չի դադարել»,- ասում է Դավիթը։ |
| 2008-04-04 | ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողականի պետ Հ. Խլղաթյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, պաշտպանիս` Հ. Արսենյանին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանից Հայտարարություն
|
| 2008-04-03 | ԵՐԿՈՒՍՆ ԵՆ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆԻՑ Աշոտ Մանուկյանը մարտյան իրադարձություններից հետո ընդդիմության դեմ սկսված քաղաքական հետապնդման արդյունքում անազատության մեջ հայտնված մոտ 150 կալանավորներից մեկն է։
|
| 2008-03-28 | ՆՐԱՆՔ ՄԻԱՅՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՆ ԱՆԱԶԱՏ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ, մոտ երկու շաբաթ ԱԱԾ մեկուսարանում անցկացրած Նորիկ Նորիկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչպես ստացվեց, որ ինքն ազատ արձակվեց։ Մարտի 26-ին օրվա երկրորդ կեսին Նորիկյանը հրավիրվել է քննիչի մոտ, որտեղ նրան տեղեկացրել են, որ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է։ Նորիկյանը ձերբակալվել է մարտի 14-ին եւ տեղափոխվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Մինչ այդ դեռեւս մարտի 3-ին Նորիկյանի բնակարանում տեղի է ունեցել խուզարկություն, որի արդյունքում ոստիկաններն առգրավել են նրա համակարգիչը։ |
| 2008-03-26 | ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Մարտի 24-ի երեկոյան ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանությանի բնակարանում։
Այնուհետեւ նրան բերման են ենթարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Բանությանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225` «Զանգվածային անկարգություններ», եւ 225.1` «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը» հոդվածներով։ Այնուհետեւ նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման ժամանակավոր մեկուսարան։ Մարտի 24-ի` լույս 25-ի գիշերը դատախազություն է բերման ենթարկվել ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախընտրական շտաբի ակտիվիստ Լավրենտի Խաչատրյանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը մինչեւ երեկ գտնվել Արտաշատի հիվանդանոցում, քանի որ մարտի 1-ին ենթարկվել է խոշտանգումների։ Սակայն ոստիկանությունը որոշել է նրան եւս տեղափոխել ձերբակալվածների պահման մեկուսարան։ |