1. Ի՞նչ է Հայ ազգային կոնգրեսը:
Հայ ազգային կոնգրեսը 2008 թ. օգոստոսի 1-ին հռչակված քաղաքական ուժ/կառույց է, որը միավորում է 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած 18 ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին, ինչպես նաև համաժողովրդական շարժման մասնակից մի շարք այլ կազմակերպությունների և հազարավոր անհատների: Այլ կերպ ասած՝ Կոնգրեսը 2007 թ. աշնանը սկիզբ առած Համաժողովրդական շարժման ինստիտուցիոնալ վերակազմակերպման արդյունք է:
2. Որո՞նք են Հայ ազգային կոնգրեսի հիմնական նպատակները:
• Երկրում սահմանադրական կարգի վերականգնումը՝ լեգիտիմ իշխանության ձևավորման միջոցով,
• ներկա ավազակապետական համակարգի կազմաքանդումը և ժողովրդավարական, հակակշիռներ պարունակող քաղաքական ու հասարակական համակարգի ձևավորումը
• ընտրական համակարգի վերականգնումը,
• ազատ շուկայական հարաբերությունների վերականգնումը:
3. Որո՞նք են Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունները:
Հայոց համազգային շարժում, Հայաստանի ժողովրդական կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, Հայաստանի պահպանողական կուսակցություն, Հայաստանի լիբերալ կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն, Ժողվրդական ուղի կոսակցություն, «Այլընրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնություն, Հայրենիք և պատիվ կուսակցություն, Ժողովրդավարական հայրենիք կուսակցություն, հայաստանի մարքսիստական կուսակցություն և այլն:
4. Ինչպիսի՞ն է Կոնգրեսի կառուցվածքը:
Կոնգրեսի անդամ կուսակցությունները ձևավորում են Քաղաքական խորհուրդը, որը քննարկում է կարևորագույն քաղաքական հարցերը և որոշում կայացնում դրանց վերաբերյալ: Կոնգրեսի հիմնական գործունեության համակարգմամբ զբաղվում է Կենտրոնական գրասենյակը, որն ունի 10 մարզային կառույցներ Հայաստանի բոլոր մարզերում: Սրանցից բացի, երկրի տարբեր բնակավայրերում գործում են տարածքային կառույցներ:
5. Որո՞նք են այն հիմնական ուղղությունները, որոնց շրջանակներում Կոնգրեսը ծավալելու է իր գործունեությունը:
• հանրահավաքների, ցույցերի, զանգվածային այլ մջոցառումների անցկացում,
• տեղեկատվական և գաղափարական պայքար,
• մասնագիտական խմբերի ձևավորում, դրանց կողմից պետության և հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտներին (ժողովրդավարություն, արտաքին քաղաքականություն, տնտեսություն, սոցիալական խնդիրներ, կոռուպցիայի, հովանավորչության, ստվերային տնտեսության դեմ պայքար և այլն) առնչվող, ներկայիս իշխանությունների ընթացիկ կուրսին այլընտրանք հանդիսացող զարգացման ծրագրերի և ռազմավարական մոտեցումների մշակում ու ներկայացում հանրությանը:
• մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հետևողական ու անզիջում պայքար: Այս շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու քաղբանտարկյալների, քաղհալածյալների, ինչպես նաև մարտի մեկի զոհերի հարազատների իրավական և սոցիալական օժանդակության խնդրին:
6. Ինչպե՞ս կարելի է անդամագրվել կոնգրեսին:
Այցելելով Կոնգրեսի կենտրոնական, մարզային կամ տարածքային կառույցներ և լրացնելով համապատասխան թերթիկը:
7. Ինչու՞ անդամագրվել Կոնգրեսին:
• Հայ ազգային կոնգրեսը, հանդիսանալով ՀՀ առաջին նախագահի գլխավորած համաժողովրդական շարժման ինստիտուցիոնալ մարմնացումը, հավակնում է վերածվել բազմաշերտ սոցիալական բազայով, իրապես հուժկու քաղաքական կառույցի: Այս առումով Կոնգրեսի նպատակները կիսող յուրաքանչյուր քաղաքացու անդամակցումը Կոնգրեսին չափազանց կարևոր է, քանի որ միայն ժողովրդական լայն և հետևողական աջակցությունն է, որ թույլ կտա ՀԱԿ-ի մաս կազմող քաղաքական ուժերին շարունակել ավազակապետության դեմ պայքարը և այն հասցնել իր հաղթական ավարտին:
• Անդամագրվելով Կոնգրեսին՝ քաղաքացիները ինֆորմացիա են տրամադրում իրենց մասնագիտության, գործունեության ոլորտի կամ զբաղմունքի վերաբերյալ՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով առավել լիարժեք օգտագործել յուրաքանչյուրի ներուժը շարժման նպատակների համար:
• Անդամակցումը Կոնգրեսին նաև նշանակում է ավելի մեծ տեղեկացվածություն և ակտիվ ներգրավվածություն Կոնգրեսի ամենօրյա գործունեության՝ ծրագրերի մշակման, քարոզչական, կազմակերպչական և այլ տիպի գործողությունների իրականացման մեջ:
8. Որո՞նք են Հայ ազգային կոնգրեսի հիմնական առանձնահատկությունները:
Հայ ազգային կոնգրեսը, իր մեջ ներառելով գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, ունենալով հզոր առաջնորդ, հմուտ քաղաքական, պետական գործիչներից, բարձրակարգ մասնագետներից ու իրենց երկրի ապագայով մտահոգ անհատներից բաղկացած մեծ թիմ, հարյուրհազարավոր աջակիցներ և որդեգրելով ժամանակի հրամայական հանդիսացող նպատակներ, ըստ էության հանդիսանում է միակ իրական այլընտրանքը ներկայիս իշխանություններին: ՀՀ քաղաքացու ընտրությունը այժմ սահմանափակվում է մեկ պարզ բանաձևով՝ կամ ավազակապետությունը կամ Կոնգրեսը: