ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



2012-ը 2008-ի համեմատ լրիվ նոր «դարաշրջան» է. Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը ՉԻ-ին

levon-zurabyan.jpg- Պարոն Զուրաբյան, Դուք նախօրեին հայտարարել էիք, թե փետրվար-մարտին «պլանավորել եք մարդկանց նոր ալիք բարձրացնել, զանգվածային լուրջ միջոցառումներ անցկացնել, որոնց շնորհիվ ճնշում կգործադրեք իշխանությունների վրա»։ Արդյո՞ք այդ ալիքը կապված կլինի սպասվող ԱԺ ընտրությունների հետ, թե՞ խոսքը նաեւ Հրազդանում սպասվող քաղաքապետի ընտրությունների մասին է, որտեղ առաջադրվել է նաեւ Սասուն Միքայելյանը։


- Մենք չենք գործում դեմոկրատական երկրում, մենք գործում ենք մի բռնապետության ռեժիմի պայմաններում, որը կառուցել է դեմոկրատական ֆասադ, որում կարծես` կարող են ազատորեն գործել կուսակցությունները, անցկացվել ընտրություններ, բայց, իհարկե, մենք հասկանում ենք, որ այդ ամենը այդպես չէ, եւ որ ստեղծվել է ահաբեկման, ժողովրդի կամքի աղավաղման, ընտրությունների կեղծման մի հսկայական մեխանիզմ, ինչի պատճառով էլ մենք սա համարում ենք բռնապետություն դեմոկրատական ֆասադով։ Նման վիճակում ընտրությունները դառնում են ընդամենը գործիք` ժողովրդի ակտիվացման, մոբիլիզացիայի համար` հանուն ժողովրդավարության մղվող համաժողովրդական շարժման հաղթանակի արձանագրման։ Եւ մենք, ցանկացած գործիք` լինի դա հանրահավաք, ցույց, երթ, քաղաքապետի ընտրություններ, ԱԺ ընտրություններ, պետք է օգտագործենք հենց այդ նպատակով, որպեսզի լայնացնենք ազատության սահմանները երկրում, սասանենք ռեժիմի դիրքերը եւ հասնենք ժողովրդավարության լիակատար հաղթանակին։ Այս առումով շատ կարեւոր է նաեւ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, որը կծառայի, այսպես ասենք, մեր հիմնական ճակատամարտից առաջ տաքացման համար, որը հնարավորություն կստեղծի կամ արձանագրել ոգեւորիչ հաղթանակ (Հրազդանում), կամ եւս մեկ անգամ բացահայտել կեղծարար բռնապետական ռեժիմի դեմքը հենց Աժ ընտրություններից առաջ։ Սա նաեւ թույլ կտա նեղացնել ռեժիմի մանյովրի ազատությունը` ԱԺ ընտրությունների ժամանակ։

Իսկ ԱԺ ընտրությունները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի պահանջով իշխանությունները պարտավոր են տրամադրել ընդդիմությանը եթերային ժամանակ, հաշվի առնելով դռնեդուռ քարոզչության հնարավորությունները, այն հանգամանքները, որ ընդհանրապես, նման համապետական ընտրությունների անցկացումը շեշտակիորեն նպաստում է ժողովրդի ակտիվացմանն ու քաղաքականացմանը, ուստի մենք այս ամբողջ գործընթացը` եւ նախընտրական, եւ ընտրությունների օրը, եւ հետընտրական շրջանում, օգտագործելու ենք գլխավոր նպատակի իրականացման համար` Հայաստանում լեգիտիմ, ժողովրդի առջեւ հաշվետու իշխանության ձեւավորման համար։ Ինչքան էլ փորձեն կեղծել ընտրությունները, այնուամենայնիվ, շնորհիվ մեր հզոր, այս 4 տարի չդադարող համաժողովրդական շարժման, մենք գրանցելու ենք ԱԺ-ում այնպիսի նշանակալից ներկայություն, որը թույլ կտա արդեն նոր դիրքերից, շատ ավելի նպաստավոր դիրքերից գրոհել այս ավազակապետական ռեժիմի դեմ։

- Ասում եք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում օգտագործելու եք հնարավոր բոլոր գործիքները. կմանրամասնե՞ք` ինչի մասին է խոսքը, Կոնգրեսի ներգրավվածությունն ինչպիսի՞ն կլինի, ի՞նչ մակարդակով է լինելու Կոնգրեսի մասնակցությունը։

- Սասուն Միքայելյանը ժողովրդի մեջ մեծագույն հեղինակություն ունեցող մարդ է, եւ լինելով այս Շարժան, Կոնգրեսի ամենահավատավոր, աննկուն անդամներից մեկը` նա ստանալու է Կոնգրեսի անվերապահ աջակցությունը այս ընտրություններում։ Դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք իր նախընտրական շտաբի կողմից նախագծված բոլոր միջոցառումներին մասնակցել, տրամադրել նրան խորհրդակցական օգնություն, մարդկային ռեսուրսներ` հանրահավաքներ, երթեր կազմակերպելու, ինչպես նաեւ ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքը վերահսկելու գործում։ Մենք պատրաստ ենք նաեւ համագործակցելով իր կողմից ստեղծված նախընտրական շտաբի հետ` իրականացնել դռնեդուռ քարոզչություն Հրազդանում։ Մենք պատրաստ ենք տրամադրել նաեւ իրավական աջակցություն։ Մենք կոչ ենք անում նաեւ մեր համակիրներին ԶԼՄ-ներով եւս նպաստել նրա հաղթանակին։ Սասուն Միքայելյանի հաղթանակը Հրազդանում մենք բոլորս պետք է դիտարկենք որպես ժողովրդավարության հաղթանակ եւ կարեւորագույն գործ ամբողջ Հայաստանի մասշտաբով։

- Իսկ մտավախություն չունե՞ք, որ եթե ԱԺ ընտրություններից առաջ Հրազդանում ընտրությունները կեղծվեն, ապա դա կհիասթափեցնի ժողովրդին հետագա ընտրություններին մասնակցելու եւ ակտիվանալու համատեքստում։

- Նախ, Սասուն Միքայելյանի դեպքում իշխանությունները դրան կարող են հասնել միայն ծայրահեղ ապօրինություններով։ Բայց անգամ եթե դա լինի, այս շարժման մեջ ոչ հուսահատվող կա, ոչ` կոտրվող, ոչ` վհատվող։ Իրականում դա միայն ավելի մեծ վճռականություն կսերմանի մարդկանց մեջ` այս ռեժիմի դեմ ընդվզելու առումով։ Թող մեզ մարտահրավեր չնետեն։ Թող հասկանան, որ իրենց ապօրինի գործողությունները առաջացնում են միայն վճռականություն, ցասում եւ պատրաստակամություն` գնալու մինչեւ վերջ։

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում իշխանությունների ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե 2012-ի ԱԺ ընտրությունները իրենց որակով լիովին ուրիշ ընտրություններ են լինելու։

- Լիովին համաձայն եմ, որ այս ԱԺ ընտրությունները լինելու են ուրիշ ընտրություններ։ Բայց ոչ թե այն պատճառով, որ նրանք կոկորդիլոսի արցունքներ են թափում, իսկ մենք էլ հավատում ենք նրանց, այլ որովհետեւ դա մենք ենք, մեր Շարժումն է, որը այս ընթացքում իրավիճակ է փոխել Հայաստանում։ Մենք ստեղծել ենք ավելի պահանջատեր քաղաքացիական հասարակություն, ապացուցել ենք, որ նրանք չեն կարող մարսել մարտի մեկի սպանդը, մենք կայացել ենք, միջազգային ճանաչում ենք ստացել ամբողջ աշխարհում, եւ այսօր իշխանությունները չեն կարող նույնպիսի ապօրինություններ եւ լկտիություններ թույլ տալ, ինչը որ արել են 2007-2009 թվականներին անցկացված ընտրություններում։

- Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ չնայած Ձեր թվարկածին, իշխանությունները նորից չեն անի նույն բանը։

- Մենք դա պարզ տեսնում ենք. այն, ինչ նրանք կարող էին անպատժելիորեն, լկտիաբար արգելել 2008-ին, օրինակ` արգելել ընդհանրապես հանրահավաքները, երթերը, Ազատության հրապարակը պահել օկուպացիայի տակ, այսօր ի վիճակի չեն անել։ Եթե 2008-2009-ին կարող էին անպատիժ մասսայաբար քաղբանտարկյալներ պահել բանտերում, ապա այսօր ի վիճակի չեն անել։ Նույնը վերաբերում է եւ ընտրություններին. մենք ստեղծել ենք նոր` եւ ներպետական, եւ միջազգային միջավայր, որում նրանք չեն համարձակվի կատարել կամ անկարող են կատարել նույն ծավալի կեղծիքներ։

- Պարոն Զուրաբյան, անընդհատ խոսվում է այն մասին, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում 2012-ի ընտրություններին, իսկ ընդդիմությունն ինչպե՞ս է պատրաստվում` հաշվի առնելով հենց 2007-2009 թվականների կեղծված ընտրությունների փորձը։

- Այս չորս տարվա մեջ մենք արդեն շատ բան փոխել ենք, ինչի մասին արդեն խոսեցի։ Հասարակությունը նույնպես փոխվել է. չմոռանանք, որ զուտ ինֆորմացիոն, կոմունիկացիոն տեխնոլոգիաների առումով մենք հիմա ապրում ենք լրիվ այլ «դարաշրջանում»։ Ի դեպ, դա է, որ չկարողացան հասկանալ արաբական դիկտատորները եւ ոչ դեմոկրատական ռեժիմները այլ երկրներում։ Ինտերնետը, սոցիալական ցանցերը, սմարտֆոնները եւ նրանց թափանցումը բնակչության մշակույթի, կենցաղի մեջ, ստեղծել է լիովին նոր իրավիճակ։ 2012-ը 2008-ի համեմատ լրիվ նոր «դարաշրջան» է. իշխանությունների կարողությունը` ինֆորմացիան թաքցնել մարդկանցից, միջազգային հանրությունից, գնալով ավելի է սահմանափակ դառնում, եւ այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ Հայաստանի ապօրինությունները ամբողջ աշխարհի եւ մեր հասարակության կողմից դիտվելու են խոշորացույցի տակ` օնլայն ռեժիմով։ Մենք էլ սա պետք է հասկանանք եւ համապատասխանաբար պատրաստվենք այս նոր իրողությանը։

- Իսկ այդ առումով ինչպե՞ս եք տեսնում համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ` մասնավորապես ընտրություններում հավանական կեղծիքների դեմ պայքարելու համատեքստում։

- Մենք մեր քայլերն այս ուղղությամբ արել ենք. լինելով ամենաառաջատար եւ ազդեցիկ քաղաքական ուժը Հայաստանում` Կոնգրեսն, այնուամենայնիվ, շեշտեց ընտրությունների օրինականության ապահովման գործընթացում, այդ ընդհանուր ջանքերի մշակման գործում ոչ առաջատար դիրքերում լինելու եւ բոլորի հետ հավասարապես համագործակցելու պատրաստակամությունը։ Մենք սա հայտարարեցինք, մեր աջակցությունը հայտնեցինք խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը եւ պատրաստ ենք խորացնել այս համագործակցությունը` հանուն ժողովրդավարության։ Ամեն ինչ կախված է նրանից, թե բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերը ինչքանով են իրականում շահագրգիռ, որպեսզի գործը առաջ շարժվի։ Մենք տրամադրված ենք լավատեսորեն։

- ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնությանը աջակցող Ձեր հայտարարությունից բավականին ժամանակ է անցել, Դուք պատասխան մեսիջներ` հրապարակային կամ ոչ հրապարակային, տեսնո՞ւմ եք այդ ուժերից։

- Վստահ եմ, որ հենց որ մենք հասարակությանը ինչ-որ բան ունենանք հայտնելու, մենք դա անմիջապես կանենք։

- Բայց Դուք այդ ուժերի մեջ համագործակցելու տրամադրվածություն տեսնո՞ւմ եք։

- Մեզ չեն հետաքրքրում ոչ նրանց տրամադրվածությունը, ոչ տրամադրվածության նշանները, մեզ հետաքրքրում է միայն արդյունքը։ Իսկ եթե այն լինի, բոլորը դա կտեսնեն։

- Այդուհանդերձ, ընտրություններից առաջ Կոնգրեսը ընտրակեղծիքների դեմ պայքարելու, օրինական ընտրություններ անցկացնելու համար այլ ուժերի հետ համագործակցության անհրաժեշտությունը տեսնո՞ւմ է, թե՞ Կոնգրեսն ընդունակ է միայնակ էլ այդ խնդիրները լուծել։

- Մեր Շարժումը, անկախ նրանից, թե ով է մեզ դաշնակցել, կամ ով է պայքարել մեր դեմ, միշտ արել է իր գործը։ Մենք դա անելու ենք ցանկացած պարագայում, բայց որպես արդյունքի միտված քաղաքական ուժ, մենք պարտավոր ենք ապահովել առավելագույն չափով դաշնակիցներ։ Այս գործում պատրաստ ենք նախաձեռնել առավելագույն չափով քաղաքական գործընթացներ, որոնք նպաստավոր կլինեն ավազակապետության կազմաքանդման, ռեժիմի դիրքերի սասանման համար։

Որեւէ քաղաքական ուժ, որը պատրաստ է այս ուղղությամբ իր նպաստը բերել, լինի դա խորհրդարանական ընդդիմությունը, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ի հատվածներ, մենք պարտավոր ենք այդ հնարավորությունն օգտագործել։ Մենք այդ բանը պատրաստ էինք անել անգամ բանակցելով ռեժիմի, Սերժ Սարգսյանին ներկայացնող պատվիրակության հետ։ Այսինքն, մենք իրավունք չունեք որեւէ շանս բաց թողնել` երկիրը ճիշտ ուղղությամբ տանելու հարցում։ Մենք բոլոր շանսերը օգտագործում ենք. որոշ դեպքերում այդ շանսերից որոշները կստացվի օգտագործել, որոշները` ոչ, բայց դա որեւէ կերպ չի փոխելու մեր վճռականությունը` շարունակելու մեր գործը։

- Պարոն Զուրաբյան, ներկա փուլում կոնկրետ ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցում համագործակցության ձեւերը, եզրերը։

- Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցությանը, ապա մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել ընդհանուր ընտրական գործընթացի վերափոխման պլատֆորմի եւ այն առաջ տանելու գործընթացի շուրջ։ Եթե երկրում ժողովրդավարացման հաստատմանը պատրաստ լիներ նպաստել ինքը` ռեժիմը, ինչի պատմական օրինակները մենք ունենք Լեհաստանում, Չիլիում, ապա մենք պատրաստ էինք գնալ նաեւ այդ ճանապարհով եւ համատեղ ջանքերով անցնել օրինական, ազատ եւ արդար ընտրությունների ժամկետների եւ պայմանների մշակմանը։ Որեւէ քաղաքական ուժ չի կարող քարացած լինել իր մեթոդների եւ ռազմավարության մեջ. պետք է փորձել բոլոր ուղղությունները` բեկման նպատակով եւ սլանալ այն ուղղություներով, որտեղ այդ բեկումը հնարավոր է դառնում։

- Այժմ Դուք այլ ուժերից սպասո՞ւմ եք արձագանքի։

- Մենք ոչ մի բան չենք սպասում ոչ մեկից։ Մենք շատ լավ գիտենք մեր գործը, մշակել ենք մեր ծրագրերը ե՛ւ մեր քաղաքական պայքարի կազմակերպման, ե՛ւ ընտրությունների մասնակցության գործընթացում։ Բայց դաշնակիցների, համագործակցողների եւ լրացուցիչ հնարավորությունների փնտրտուքը ցանկացած լուրջ քաղաքական ուժի գործունեության բաղադրիչներից մեկը պետք է լինի։ Որեւէ ուժ, որը չի մտածում իր գործին աջակցության ընդլայնման մասին` թե հասարակական, թե քաղաքական ուժերի, թե միջազգային ասպարեզում գործող խաղացողների շրջանում, դատապարտված է անհաջողության։ Այդուհանդերձ, բնականաբար, մեր գործի հաջողության վճռորոշ պաշարը, աղբյուրը մեր հասարակության, մեր ժողովրդի աջակցությունն է։

 

15 Հունվար 2012


2011-12-28Հ. Բագրատյանը՝ առաջիկա ընտրությունների և տնտեսության միտումների մասին

2011-12-15Վ. Կարապետյանի մեկնաբանությունը ՉԻ-ին` Շառլ Ազնավուրի հայտարարության վերաբերյալ

Վլադիմիր Կարապետյան

Ակնհայտ է, որ մեր հակառակորդները կօգտագործեն ՀՀ դեսպանի ասածները` իրենց շահերի համար, հատկապես այնպիսի նշանավոր գործչի ասածները, որի պարագայում խոսքը եռապատիկ մեծ կշիռ է ստանում:

Այսինքն, այլեւս Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի դիվանգետները կարիք չեն ունենա իրենց ասածները հիմնավորելու համար ապացույցներ գտնել: Իրենք պարզապես կվկայակոչեն Հայաստանի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանի եւ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի լռությունը հանցավոր երանգներ է ստանում, որովհետեւ այստեղ պատասխանատվություն կա Հայաստանի իմիջի եւ Հայաստանի ներկայանալի լինելու խնդրումԱկնհայտ է, որ մեր հակառակորդները կօգտագործեն ՀՀ դեսպանի ասածները` իրենց շահերի համար, հատկապես այնպիսի նշանավոր գործչի ասածները, որի պարագայում խոսքը եռապատիկ մեծ կշիռ է ստանում:

2011-12-15Լ. Զուրաբյանի մեկնաբանությունը «Ազատություն» ռ/կ-ին` ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ

Լեւոն Զուրաբյան

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակել:

«Կան ակնհայտ փոփոխություններ, որոնք կիսում են բոլոր ուժերը: Օրինակ, ես վստահ եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ մեծամասնական համակարգը դա մի ահավոր մաֆիոզ, կոռուպցիոն տարր է բերում մեր ընտրություններին: Վստահ եմ, որ, օրինակ, պառլամենտում ներկայացված ե'ւ «Ժառանգություն»-ը, ե'ւ Դաշնակցությունը նույնպես այդ դիրքորոշման են, որ այդ մեծամասնական համակարգը պետք է չեղյալ համարվի, եւ ընտրությունները այսօրվա Հայաստանում պետք է անցկացվեն բացառապես համամասնական տարբերակով», - նշեց Զուրաբյանը:

2011-12-14Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությունը «Ա1+»-ին` ներկայացվելիք պլատֆորմի վերաբերյալ

Լեւոն ԶուրաբյանՀԱԿ-ը մոտ օրերս կներկայացնի նոր պլատֆորմ։ «Բոլոր այն ուժերը, որոնք կընդունեն այդ պլատֆորմը կամ դրա առանցքային կետերը այդ ուժերի հետ հնարավոր է համագործակցել»,- այսօր «Ա1+»-ին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա չի բացառում, որ նույն պլատֆորմի շրջանակներում ՀԱԿ-ը համագործակցի նաեւ ՀՅԴ-ի հետ: Վերջին շրջանում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ընտրությունները վերահսկելու համար Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել նաեւ ՀԱԿ-ի հետ:

Ամփոփելով 2011 թվականը՝ Լեւոն Զուրաբյանն այն գնահատեց բեկումնային եւ նվաճումների տարի:

2011-12-12Վ. Կարապետյանի մեկնաբանությունը Tert.am-ին` Մարտի 1-ի թեմայով

Վլադիմիր Կարապետյան

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ իրենք մարտի 1-ի մահվան դեպքերի վերաբերյալ փաստական տվյալներ չունեն:

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում նախ և առաջ անընդունելի է համարեց այն, որ այս հայտարարությունը արել է մի մարդ, որը արդեն այդ խմբի ներկայացուցիչը չէ: Այս պահին Վահագն Հարությունյանը զբաղեցնում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության պետի պաշտոնը։

«Ոչ մի նորմալ երկրում չի կարող նման բան լինել, երբ մի գերատեսչության ներկայացուցիչը հայտարարություն է անում մեկ այլ խմբի անունից: Նա արդեն մի քանի շաբաթ է չի զբաղվում այդ հարցերով»,-ասաց Վլադիմիր Կարապետյանը: