ՀԱՅ | ENG | RSS
ANC



"Ջահել Ազատության երգը" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Մենք ժպտում ենք" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

"Երգ հոգեխանգարմունքի" (հեղինակ` Մհեր Մանուկյան)

Հայտարարություն Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ

Արամ Մանուկյան«Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որ ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին, մեր երկրի անկախության հիմնադիր փաստաթուղթն է։ Դրանով սկիզբ դրվեց իր ազատության գրավականը՝ անկախ պետականությունը կորցրած հայ ժողովրդի հազարամյա երազանքի իրականացմանը։ Հռչակագիրն ընդունեց կոմունիստական ամբողջատիրության դեմ հաղթանակ տարած ժողովրդավարական ուժերի խորհրդարանը՝ վստահ արձանագրելով լիակատար անկախության հասնելու իր վճռականությունն ու հաստատակամությունը։ Դեռ Խորհրդային Միության գոյության պամաններում այն ըստ էության ընդունվեց ընդհանուր համաձայնությամբ՝ դառնալով անկախության գաղափարի շուրջ հասարակության համախմբման առանցքը։

Անկախության հռչակագիրը կարեւորագույն քաղաքական փաստաթուղթ է։ Դրանով ըստ էության ամբողջությամբ մերժվում են ինչպես երրորդ մի ուժի ապավինելու, այնպես էլ կեղծ-հայրենասիրության ու առավելապաշտության վրա հենված հայ ավանդական քաղաքական մտքի ժամանակավրեպ ու վնասակար պատկերացումները եւ առաջին անգամ պետականորեն որդեգրվում սեփական ուժերի վրա հենվելու իրատես-քաղաքականության սկզբունքը։ Ինքը փաստաթուղթը հենց այդ սկզբունքի առաջին մարմնավորումն է։ Նկատի ունենալով Խորհրդային Միության դեռեւս գոյության փաստը՝ այն ոչ թե լիակատար անկախություն հռչակեց, այլ Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը՝ մնալով գործող օրենքների տառին հավատարիմ։ Դրանով ապահովվում էր վերջնական անկախության հասնելու ճանապարհի անվտանգությունը։ Մյուս կողմից Հռչակագիրն իր մեջ ներառավ պետականության հիմնադրույթներ, որոնցով առաջնորդվող ու դրանք կյանքի կոչող երկիրը ոչնչով չէր զիջելու որեւէ անկախ պետության։ Դրանով էլ ապահովվեց անհրաժեշտ պետական շինարարությունը ու ներքաղական կյանքում լիակատար անկախության անցնելու համար ապահով հիմքերի ստեղծումը։

Անկախության հռչակագիրը իրավական ուժ ունեցող փաստաթուղթ էր։ Դրանով դադարեցվում էր ԽՍՀՄ Սահմանադրության գործողությունը Հայաստանում։ Հետ էին վերցվում Կենտրոնին պատվիրակված լիազորությունները եւ իրավունքները։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը վերապահվում էր բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։ Հայաստանն իրեն հայտարարում էր միջազգային իրավունքի սուբյեկտ, իրավունք վերապահում այլ պետությունների հետ մտնել անմիջական հարաբերությունների մեջ, վարել անկախ արտաքին քաղաքականություն, ինքնուրույն եւ անմիջապես մասնակցել միջազգային կազմակերպությունների գործունեությանը։ Երկրի անվտանգությունը եւ նրա սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք էր վերապահում ստեղծել Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ։

Անկախության հռչակագրի հիման վրա կատարվեցին փոփոխություններ Սահմանադրության մեջ, այն հիմք դարձավ նոր օրենսդրության մշակման, անկախ պետականության կառույցների ստեղծման, տնտեսական արմատական վերափոխումների, ժողովրդավարության հաստատման կարեւորագույն քայլերի համար։ Կարեւորագույն այս փաստաթուղթն ընկավ նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմքում։ Հռչակագրի դրույթների իրականացմամբ 1991թ. Անկախության հանրաքվեից, իսկ քիչ անց ԽՍՀՄ փլուզումից առաջ Հայաստանն արդեն իր գործառույթներով կայացած անկախ պետություն էր՝ պատրաստ դիմագրավելու դրա հետ կապված անխուսափելի մարտահրավերները։

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին մեր պետականության հիմնադիր փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ։ Համաժողովրդական մեր շարժումը պայքարելու է՝ վերադառնալու համար հայկական պետականության ակունքներում դրված հիմնարար փաստաթղթերի դրույթներին, ինչի հակոտնյան, այլասերումն ու ոչնչացումն է Հայաստանում հաստատված պետականամերժ ու ազգակործան ռեժիմը։

23 Օգոստոս 2009


2010-07-29Մամուլի հաղորդագրություն ՀԱԿ քաղխորհուրդի նիստի վերաբերյալ

Հուլիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Քաղխորհրդում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը և Կոնգրեսի հետագա անելիքները:

2010-07-03ԵԽԽՎ-ին ուղարկված հայտարարություն

Ուղիղ մեկ տարի առաջ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց 1677 բանաձեւը, որը բավականին հստակ նկարագրում էր Հայաստանի` Եվրոպայի Խորհրդին տրված խոստումների և իրականության միջև գոյություն ունեցող հսկայական ճեղքը։ Բանաձեւը նաև նշում էր մի շարք միջոցառումներ և բարեփոխումներ, որոնք Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեին նշված խնդիրները լուծելու համար։ Այս բանաձեւի ընդունմանը զուգահեռ, ԵԽԽՎ-որոշեց հանել Հայաստանը հատուկ մոնիտորինգի ռեժիմից, որը սահմանվել էր 2008 թվականի փետրվարի 19-ի կեղծված ընտրություններից և ընդդիմության վրա իշխանությունների ձեռնարկած մարտիմեկյան հարձակումից հետո։ Հայ Ազգային Կոնգրեսը ժամանակին վերապահումներ արտահայտեց այդ որոշման կապակցությամբ, համարելով, որ Հայաստանում չի արձանագրվել բավարար առաջընթաց` նման որոշումն կայացնելու համար և որ ավելի կարևոր է, Կոնգրեսը հիմնավոր մտավախություն ուներ, որ նման որոշումը մի կողմից կնվազեցներ Հայաստանի խնդիրերի կարևորությունը ԵԽԽՎ-ի առաջնահերթությունների ցանկում, իսկ մյուս կողմից կքաջալերեր Հայաստանի իշխանություններին` արհամարհելու վերոնշյալ բանաձեւում տեղ գտած պահանջները։

2010-07-01Առողջության պահպանման քաղաքականություն. հիմնադրույթներ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

ՆԱԽԱԲԱՆ

Վերլուծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ներկա վիճակը և արձանագրելով այս բնագավառում անհետաձգելի ու արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը հանրային քննարկման է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում առողջության պահպանման քաղաքականության վերափոխումների վերաբերյալ հիմնադրույթները:

Ներկայումս արձանագրվող ինչպես ժողովրդագրական, այնպես էլ առողջապահական ոլորտի վիճակը բնութագրող ցուցանիշները մտահոգիչ են, իսկ առաջիկա միտումները` տագնապահարույց: Սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շարունակում են առաջնային տեղեր զբաղեցնել ընդհանուր մահացության կառուցվածքում, ընդ որում` տարեցտարի նկատվում է դրանց շարունակական աճի միտում: Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակը ոչ միայն պատշաճ մակարդակի վրա չէ, այլև առկա առողջապահական համակարգը, լինելով ծախսատար և միևնույն ժամանակ անարդյունավետ ու կոռումպացված, չի վայելում բավարար հանրային վստահություն: Առողջապահության ֆինանսավորումն իրականացվում է բացառապես պետական բյուջեի եւ ուղղակի վճարումների միջոցով, իսկ պետության կողմից առողջապահության համակարգին ուղղվող ֆինանսական միջոցները անբավարար են: Մինչդեռ ժամանակակից առողջապահական համակարգերի ֆինանսավորման բազմաձեւությունը ենթադրում է մասնավորապես պարտադիր բժշկական ապահովագրության առկայություն: Անհանգստացնող են առողջապահության բնագավառում առկա մեծածավալ կոռուպցիան և ստվերային շրջանառությունը: Հասարակությունը, ի դեմս առողջապահության համակարգի, չի տեսնում քաղաքացու առողջության պահպանման հարցում պետության երաշխավորին` անկախ նրա սոցիալական կարգավիճա կից:

2010-06-30ՀԱԿ քաղաքական խորհուրդի հանդիպում

LTP.jpgՀունիսի 30-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նիստում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին և Կոնգրեսի առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը:

2010-06-29ՀԱԿ մամլո հաղորդագրություն Հաագայի միջազգային քրեական դատարանի նամակի վերաբերյալ

Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը: Հաագայի ՄՔԴ Դատախազի գրասենյակից ստացված նամակ/ծանուցման մեջ մասնավորապես նշված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի Հաղորդումների Ռեգիստրում:

2010-06-21ՀԱԿ հայտարարություն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ

Հունիսի լույս 19-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խումբը Մարտակերտի ուղղությամբ մտել է ղարաբաղյան պաշտպանական դիրքեր, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, զոհվել է չորս զինծառայող, եւս չորսը՝ վիրավորվել։ Հարձակվողները տվել են մեկ զոհ։ Իսկ հունիսի 20-ին, դարձյալ ըստ պաշտոնական հաղորդագրության, հրադադարի ռեժիմը ողջ սահմանի երկայնքով խախտվել է 284 անգամ։

2010-06-21Հանդիպում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

2010-06-16Հանդիպում

Հունիսի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի հետ:

2010-06-14Մամուլի ասուլիս

Հունիսի 15-ին, ժամը 14.30-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի կունենա Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի և Արարատ Մկրտչյանի համատեղ մամուլի ասուլիսը:

2010-06-09ՀԱԿ քաղխորհուրդի ընդունած որոշման մասին մամուլի հաղորդագրություն

Հունիսի 9-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը` Կոնգրեսի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

2010-06-05Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություն

Ս.թ. մայիսի 28-ից ի վեր ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր քաղաքացիների մուտքը նորաբաց Ազատության հրապարակ՝ ոչ միայն անհատական կամ խմբային քաղաքացիական ու քաղաքական ակցիաներ անցկացնելու, այլեւ զբոսնելու համար։ Նրանք իրենց գործողությունների համար որեւէ օրինական հիմք չեն վկայակոչել։

2010-06-04ՀԱԿ ակտիվիստների` վերջերս կատարված ձերբակալությունների մասին հայտարարություն

arrest.jpgՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակեց Անի եւ Սարգիս Գեւորգյաններին, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ 

2010-06-04Կոնգրեսի հայտարարությունը աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ

ԱԺԱզգային ժողովի օրակարգում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Գործող իշխանությունը ժողովրդի նկատմամբ ցանկանում է իրականացնել նոր սադրանք: Անտեսելով միջազգային օրենսդրության և ՀՀ սահմանադրության դրույթները, նպատակ ունենալով մեծացնել աշխատողների սոցիալական կախվածությունը, նրանց զրկել իրավական պաշտպանության որեւէ հնարավորությունից, ամրապնդել կոռուպցիոն տնտեսական համակարգը, կատարելագործել աշխատողների անսահմանափակ շահագործման մեխանիզմները, առաջարկում են ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.

2010-06-02Հայտարարություն Ազատության հրապարակում բողոքի ակցիաների եւ ձերբակալությունների մասին

Վերջին օրերին անհատ քաղաքացիներ բողոքի քաղաքացիական ակցաներ են փորձում կազմակերպել նորաբաց Ազատության հրապարակում, ինչը ապօրինաբար խոչընդոտվում է ոստիկանության կողմից։ Մարդկանց նկատմամբ բռնություն է գործադրվում, նրանց ապօրինաբար տանում են ոստականական բաժանմունք։ Մայիսի 31-ին ոստիկանական բաժանմունք տարված 17 քաղաքացիներից 3-ին, այդ թվում նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանին ձերբակալել են շինծու մեղադրանքներով, ինչպես միշտ՝ բացառապես ոստիկանների տված ցուցմունքի հիման վրա։

2010-06-02Շարունակում են խոչընդոտել

a1plus«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխություններով Հայաստանի իշխանությունները միայն մեկ նպատակ են հետապնդում` թվայնացման գործնթացը ծառայեցնել ՝ խոչընդոտելու անկախ որեւէ հեռուստատեսության մուտքը եթեր, մասնավորապես՝ արգելելու 2002 թ. ապօրինաբար փակված "Ա1+" վերաբացումը:

2010-05-20Հայտարարություն ՄԻՄՖ-ի 2010 թ. մայիսի 19-ի հայտարարության վերաբերյալ

FIDHՍ/թ մայիսի 19-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի քննարկման առիթով։ ՄԻՄՖ-ը միացել է մի շարք արձանագրումների ու գնահատականների, մասնավորապես՝ Մարտի 1-2-ին իշխանությունների կազմակերպած՝ սպանություններով ուղեկցված բռնարարքներին ու առ այսօր դրանց պատշաճ քննության բացակայությանը, արդարադատության համակարգի անկախության բացակայությանը, խոսքի եւ մամուլի, հավաքների ազատության դեմ հարուցված խոչընդոտներին ու սահմանափակումներին, անկախ հեռուստաընկերությունների ապօրինի եթերեզրկմանը, լրագրողների եւ այլոց նկատմամբ բռնություններին, իրավապաշտպանների ոչ նորմալ աշխատանքային պայմաններին, ընդհուպ մինչեւ գենդերային խտրականության խնդիրներին։

Տարակուսանքն է հարուցում այն փաստը, որ իրոք գոյություն ունեցող հիմնախնդիրների այս ցանկում տեղ չի գտել ամենակարեւորներից մեկը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, մանավանդ, որ այդ հարցի շուրջ նույնպես լուրջ քննարկում է եղել ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի քննարկման ժամանակ։ Համոզված ենք, որ ՄԻՄՖ-ը կգտնի սույն վրիպումը շտկելու ձեւ, մանավանդ, որ ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկած իր համաժողովում, իսկ համաժողովի տասնյակ պատվիրակներ նաեւ բազմահազարանոց հանրահավաքում, բազմիցս շեշտեցին քաղբանտարկյալների առկայության խայտառակ փաստը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը։

2010-05-14Հայտարարություն Եվրոմիության կողմից ուշացված հայտարարության վերաբերյալ

EUԻնչպես հայտնի է, մարտի 2-ին, երբ Հայաստանում էր գտնվում Եվրոպական Միության նախարարական պատվիրակությունը /"Տրոյկա"-ն/ Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, կայացավ այդ պատվիրակության հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման հետ կապված հարցեր, փոխանցվեցին ` պարոն Մորատինոսին, ինչպես նաեւ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայայցուցիչ Կատրին Էշթոնին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակները, որոնցում ընգծվել է քաղբանտարկյալների առկայության հետ կապված անհանդուրժելի իրավիճակը եւ կարեւորվել է Եվրոպական Միության հրապարակային դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարության վերականգնման հարցում: Արտգործնախարար Մորատինոսը ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների հետ զրույցում, այնպես էլ Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ Եվրոպական Միությունը հետամուտ է լինելու բարձրացված հարցերի լուծմանը:

2010-04-27Հայտարարություն հայ-թուրքական հարաբերություններում Ս. Սարգսյանի քաղաքականության մասին

Ս.  Սարգսյան, Ն. ՍարկոզիՀայ-թուրքական արձանագրությունների վավերացման «ընթացակարգի կասեցման» մասին Սերժ Սարգսյանի որոշումը, ըստ էության, փոփոխություն չի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կագավիճակի մեջ: Ուստի, այն ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում «կասեցման» մասին, այլ որոշում «ուղերձի» մասին, որով նա արտահայտում է իր խորը ֆրուստրացիան (հուսախաբությունը) այսպես կոչված հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքների վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ունի բոլոր հիմքերը նման ֆրուստրացիայի համար: Դրանք հետեւյալն են.

1. Նրա վարած քաղաքականության ամենակարեւոր ձախողումն այն է, որ հակառակ հռչակված մտադրությունների եւ խոստումների չհաջողվեց անջատել հայ-թուրքական գործընթացը ղարաբաղյան կարգավորումից:

2. Այդ անհաջողության հետեւանքով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները այլեւս միջազգային հանրության կողմից դիտարկվում են որպես փաթեթով լուծվելիք միասնական խնդիր:

>> Կարդալ ամբողջությամբ >>

2010-04-23Հայտարարություն Եղեռնի օրվա կապակցությամբ

Ապրիլի 241915 թ. Արեւմտյան Հայաստանում եւ ողջ Օսմանյան Թուրքիայում սկսվեց եւ ի կատար ածվեց մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ իր հազարամյա բնօրրանում ապրող հայության պետականորեն կազմակերպված ոչնչացումն ու արտաքսումը։

1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաեւ Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։

Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի ու փաստաթղերի, հայ եւ օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա Ցեղասպանության արդյունք սփյուշքահայության եւ հայ ժողովրդի հաղթարշավն էր անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական քարոզչամեքենայի դեմ։

2010-04-12Հայտարարություն օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ

ԱԺՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է "Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու", ինչպես նաեւ "Հայաստանի Հանրապետության Քրեական եւ Քրեական Դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Տեղի տալով եվրոպական կառույցների համառ պահանջներին'վերջապես վերացվում է քրեական հետապնդումը վիրավորանքի եւ զրպարտության համար, ինչն անշուշտ դրական երեւույթ է, սակայն, բարեփոխման անվան տակ փորձ է արվում սահմանել այնպիսի նորմեր, որոնք իմաստազրկում են ողջ բարեփոխումը:

2010-04-12ՀԱԿ հայտարարություն 2004 թ. ապրիլի 12-ի դեպքերի վերաբերյալ

12.04.2004 Բաղրամյան պողոտա2004 թ. ապրիլի 12-ին քոչարյանական վարչախումբը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բռնի ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների դեմ։ Ցույցը վարչախմբից ընդամենը պահանջում էր կատարել Սահմանադրական դատարանի մեկ տարի առաջ ընդունած որոշումը։ Բաղրամյան պողոտայում անզեն ու խաղաղ ցուցարարների վրա հարձակվեցին հատուկ միջոցներով զինված ոստիկաններ՝ որպես բազա ունենալով Ազգային ժողովի բակը։ Տեղի ունեցավ դաժան ջարդ։ Բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաեւ կանայք եւ տարեց մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ, շուրջ 200 հոգի ձերբակալվեցին։ Ջարդից հետո անմեղ մարդիկ ենթարկվեցին դատական պատասխանատվության, հանցագործները մնացին անպատիժ։

2010-04-07Հայտարարություն ոստիկանության մասին

ոստիկանությունԱպրիլի 6-ին Երեւանում տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքը և երթը, ինչպես նաև մի շարք այլ հանրային միջոցառումներ, որոնք անցել են անսովոր մթնոլորտում: Ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ դրանք չեն ուղեկցվել բազմաքանակ ոստիկանության ներկայությամբ, ոստիկանության կողմից սպառնալիքներով, ցուցարարների նկատմամբ ճնշումներով եւ սադրանքներով, ինչպես նաեւ քաղաքացիների ազատ կամքի նկատմամբ ապօրինի միջամտություններով: Արդյունքում բոլոր միջոցառումները անցել են առանց առճակատման մթնոլորտի, կազմակերպված, հասարակական կարգի բացառիկ պահպանումով:

2010-04-07Հանդիպեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն

Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերություններն և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առչվող հարցեր:

2010-04-04Հանդիպում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱպրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասսենին:

Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար վիճակը, դատական համակարգի լիակատար կախվածությունն ու իշխանությունների պատժիչ գործիքի վերածվելու հանգամանքը և մասնավորապես քաղբանտարկյալների առկայության փաստը:

2010-03-12Հայտարարություն «Դատավարությունների մոնիտորինգ» զեկույցի վերաբերյալ

Մարտի 8-ին ԵԱՀԿ-ն հրապարակել է "Դատավարությունների մոնիտորինգ" զեկույցը, որը հիմնականում նվիրված է մարտի 1-ից հետո ընդդիմության ակտիվիստների նկատմամբ դատավարությունների ուսումնասիրմանը:

Զեկույցում արձանագրված են այնպիսի իրողություններ, որոնք ցույց են տալիս , որ դատավարություններն անցել բազմաթիվ աղաղակող անօրինականություններով, ժողովրդավարական հիմնարար սկզբունքների եւ մարդու իրավունքների խախտումներով: Մասնավորապես.

1/ Ազատության իրավունք խախտման վերաբերյալ զեկույցը արձանագրում է. "Ձերբակալման որոշումները հիմնավորված չեն եղել և անհատական գործերի փաստերին չեն վերաբերվել, այլ ավելի շատ պարունակել են ընդհանուր դրույթներ: Չնայած այն սկզբունքին, որ նախաքննական կալանքը պետք է կիրառվի ավելի շատ որպես բացառություն, քան որպես կանոն, կալանքը սովորաբար երկարացվել է մինչև հնարավոր առավելագույն ժամկետը, և խափանման այլընտրանքային ձևերը հազվադեպ են դիտարկվել` հաճախ անպատասխան թողնելով պաշտպանող կողմի համապատասխան միջնորդությունները: Ոստիկանության կողմից ձերբակալությունները հաճախ ոչ պատշաճ և անփույթ են ձևակերպվել, որոնք կասկածներ են հարուցում ոստիկանության կողմից ձերբակալությունների և կալանքների օրինականության մասին": Կարդալ շարունակությունը

2010-03-09Հայտարարություն գազի գնի չհիմնավորված բարձրացման մասին

Գազի գնի չհիմնավորված բարձրացումը դիտելով որպես զուտ կոռուպցիոն երեւույթ, Հայաստանի ժողովրդի նկատմամբ վարչախմի կողմից կատարվող կողոպուտ ու հանցագործություն՝ Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է դատական հայց՝ կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։

Համահայցվոր կարող են լինել բոլոր այն քաղաքացիները, ում անունով կազմված է գազի օգտագործման պայմանագիրը։ Դրա համար անհրաժեշտ է ներկայանալ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներ՝ ձեռքին ունենալով.

(Կարդալ հայտարարությունն ամբողջությամբ)

2010-03-09Հայտարարություն Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի դատավճռի կապակցությամբ

2010-03-09. Նիկոլ Փաշինյանը Վերաքննիչ դատարանում (լուսանկարը` Գագիկ Շամշյանի)Վերաքննիչ դատարանում ավարտվեց քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Մեղադրող կողմը չկարողացավ բերել մեղադրական որեւէ հիմնավոր ապացույց։ Դատավորը գործեց մեղադրողի հետ բացահայտ դաշնակցած, ապօրինաբար մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունները, անտեսեց բերված փաստերը։ Դատարանը հերթական անգամ կատարեց անձամբ Սերժիկ Սարգսյանի պատվերը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը։

Կատարվածը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոչ թե արադարադատության իրականացում էի, այլ քաղաքական հաշվեհարդար ու անձնական վրեժխնդրության դրսեւորում։ Իսկ դրա հիմքում ընկած է երկու իրաղություն. թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքական գործիչ՝ «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի կազմում, նա ավելի քան 10 տարի եղել է ավազակապետության ամենասկզբունքային քննադատն ու դրա դեմ պայքարող աննկուն մարտիկը։ >>>

2010-02-26Հայտարարություն Անահիտ Սարգսյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ

2010 թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրություններում «Հայաստանի պառլամենտական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանի դեմ զենքի սպառնալիքով իրականացվել է ահաբեկչություն։ Մինչ այդ էլ, 2008 թվականից ի վեր, նրա եւ ընտանիքի անդամների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ ու սպառնալիքներ են իրականացվել՝ կապված տարբեր ընտրություններում նրա իրականացրած դիտորդական գործունեության հետ, որոնց իրավապահ մարմինները որեւէ կերպ չեն արձագանքել։ Վերջին ահաբեկչական ակտից հետո Անահիտ Սարգսյանը դստեր հետ ստիպված է եղել հեռանալ հանրապետությունից։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության այս վարքագիծը, ինչը վկայում է, որ վարչախումբը, բացի քաղաքական ընդդիմությունից, նույն կերպ պայքարում է նաեւ անկախ դիտորդների դեմ, ովքեր իրականությունն արձանագրելով, խոչընդոտում են նրա ապօրինությունները։

Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակ

2010-02-03Սահմանադրականն ընդդեմ Սահմանադրության

picresize.php.jpgԻնչպես հայտնի է, ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրության արդյունքները պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքարկվել է Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը որոշել է սույն հայցի քննարկումը նշանակել մարտի 5-ին։ Դրանով նա կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 74-րդ հոդվածի 18-րդ կետը, որը մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով բողոքների քննության համար սահմանում է առավելագույնը 30-օրյա ժամկետ։ Վկայակոչված նորմը իմպերատիվ բնույթ ունի եւ բացառում է որեւէ այլ մեկնաբանություն։ Հաջորդ՝ 19-րդ կետը, որը հնարավորություն է տալիս այդ գործերի քննությունը հետաձգել մինչեւ 50-րդ օրը, հղում կատարելով նախորդ՝ 18-րդ կետին՝ հստակ արձանագրում է, որ դա կարելի է միմիայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը ծանրաբեռնված է նույնաբնույթ բողոքներով, ինչը հնարավոր է միայն համապետական կամ մի քանի ընտրատարծաքներում միաժամանակ կայացած ընտրությունների պարագայում, երբ բողոքները կարող են լինել մի շարք ընտրատարածքներից։ Մեկ ընտրատարածքում կատարված ընտրության ժամանակ, բնականաբար, դա բացառվում է։

2009-12-28Հերթական անգամ բիրտ ուժով

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել բանդիտական հարձակում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության նյութերը բաժանող երիտասարդների խմբի վրա։ Որեւէ կերպ չկարողանալով հակազդել Նիկոլ Փաշինյանի հաղթական քարոզարշավին եւ հասկանալով, որ դրանով ընտրության ելքը կարող է կանխորոշված լինել, վարչախումբը ընտրությունից դեռ 15 օր առաջ արդեն իսկ աշխատեցնում է բռնության, քրեական տարրերի օգտագործման եւ ապօրինությունների իր մեքենան։ Իրականում, ի դեմս իշխանության, մեր դեմ ոչ թե քաղաքական ուժ է գործում, այլ քրեական հիմքի վրա համախմբված բանդա՝ ընդունակ սահմանելու լկտիության ու բարբարոսության նորանոր ռեկորդներ։

2009-12-03Հայտարարություն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հայտարարության վերաբերյալ

Հինգ նախարարների (ներառյալ` ՀՀ արտգործնախարարի) դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությամբ, իսկ այնուհետեւ Աթենքում կայացած ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 56 երկրների կողմից որպես պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հայտարարությամբ` Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որում հանձն է առել արագորեն հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, որը հիմնված կլինի Հելսինկիի Վերջնական փաստաթղթի երեք սկզբունքի վրա՝

- ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործում,

- տարածքային ամբողջականություն,

- ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։

2009-11-20Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի հայցով ՀՀ Վարչական դատարանի վճռի վերաբերյալ

Հայաստանի վարչական դատարանը բավարարեց «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության եւ պարտադրեց վերջինիս տալ համապատասխան տեղեկանք։

Մենք մոլորություն չունենք մտածելու, թե Հայաստանում արդարադատությունն սկսել է աշխատել։ Կասկած չունենք, որ իշխանությունը հաջորդ փուլերում ամեն ինչ անելու է, փորձելու է դիմել այլ ապօրինությունների՝ կանխելու համար Նիկոլ Փաշինյանի գրանցումը կամ հաղթանակը թիվ 10 ընտրատարածքում։ Տվյալ դեպքում վարչախումբը տեղի է տվել Կոնգրեսի ղեկավարության եւ հարցի պատասխանատուների գրագետ, ծավալուն ու բազմակողմանի աշխատանքի, մասնագետ իրավաբանների ճշգրիտ մարտավարության, միջազգային հանրության, ինչպես նաեւ հասարակական բուռն աջակցության առջեւ։ Մենք շարունակելու ենք այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում եւ, մոբիլիզացնելով հասարակության ուժերը, ապահովելով դրա հնչեղությունը միջազգային ասպարեզում, հաղթահարելու ենք նմանօրինակ հնարավոր մյուս խոչընդոտները։

2009-10-30Հայտարարություն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանելու մասին

Նիկոլ ՓաշինյանՀայ ազգային կոնգրեսը, երկրում իրավիճակը շտկելու միակ ձեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Ըստ այդմ՝ Կոնգրեսը որոշում էր կայացրել չմասնակցել ԱԺ թափուր մնացած մեծամասնական տեղերի համար մասնական ընտրություններին եւ չպաշտպանել որեւէ թեկնածուի՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ կերպ հնարավոր է վերականգնել քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները։

Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։

2009-10-27Հայտարարություն «Հոկտեմբերի 27-ի» 10-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի 10 ՏԱՐԻՆ

Oct271999_Operayishenqydrsic.jpgՏասը տարի առաջ, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանում տեղի ունեցավ իր ցինիզմով աննախադեպ ու սահմռկեցուցիչ մի ոճիր, ինչի նույնարժեք զուգահեռները դժվար է գտնել ոչ միայն Հայոց, այլեւ համաշխարհային պատմության մեջ։ Խորհրդարանում նիստի ժամանակ գնդակահարվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը եւ Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը։

2009-10-26Հայտարարություն խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման վերաբերյալ

Սարգիս Գեւորգյան, Սարգիս ՂազարյանՀոկտեմբերի 26-ին, Նիկոլ Փաշինյանի դատավարության ընթացքում Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը թույլ է տվել բռնարարքներ։ Սադրանք կազմակերպելով, նրանք հարձակվել են հավաքված մարդկանց վրա, քաշքշել, ծեծել, ապա նրանց դուրս քշել դատարանի բակից։ Ոստիկանություն են տարվել երկու երիտասարդներ՝ Սարգիս Խաչատրյանը եւ Սարգիս Գեւորգյանը, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել, իսկ ակտիվիստ կանանցից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է ոստիկանական վայրագությունները եւ հավաստիացնում, որ նմանօրինակ դեպքերը ամենեւին չեն ազդելու մեր վճռականության վրա, ընդհակառակը՝ բազմապատկելու են մեր շարքերը եւ ավելի հաստատակամ են դարձնելու մեր պայքարը ապօրինի վարչախմբի դեմ։

2009-10-22Հայտարարություն ոստիկանական կամայականությունների վերաբերյալ

Հոկտեմբերի 20-ից Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը։ Ապօրինի ու կեղծ մեղադրանքներով այս դատավարության քաղաքական հնչեղությունը դատարանի առջեւ է բերում հարյուրավոր մարդկանց՝ բողոքելու վարչախմբի հերթական կամայականության դեմ։

Դատավարական կամայականությանը գումարվում ոստիկանական կամայականությունը։ Վերջիններս, իրենց «բակային հրամանատարների» գլխավորությամբ փորձում են իրենք որեշել, թե ինչ ցուցապաստառներ պետք է բռնեն ցուցարարները կամ ինչ վանկարկումներ պետք է անեն։ Մասնավորապես ակնհայտ է, որ նրանք հրահանգ ունեն Սերժ Սարգսյանից, որ որեւէ կերպ չհնչի նրա անունը, իսկ ցուցապաստառներում չնկատվի ոստիկաններին ուղղված որեւէ կոչ։ Նման դեպքերում նրանք խլում են ցուցապաստառները կամ քաշքշում մարդկանց։

2009-09-21Հայտարարություն Հայաստանի անկախության 18-րդ տարեդարձի առիթով

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ։ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը գործնականում միաձայն «ԱՅ՛Ո» ասաց երկրի լիակատար անկախացմանը՝ մեծագույն եռանդով շարունակելով անկախ պետականության կառուցման այն գործը, որ սկսել էր 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրից ի վեր։

Անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության, նրա դարավոր պայքարի հաղթական գագաթնակետն է առանց չափազանցության, բազմաթիվ սերունդների ամենահեռավոր ու ամենալուսավոր երազանքի իրականացումը։

2009-09-17Հայտարարություն ԱԺ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ

Marti12008_aravot_Azatutyanhraparak.jpgԱնտեսելով ԵԽԽՎ բանաձեւերի եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցների պահանջներն ու հորդորները, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմավորման հիմքում ի սկզբանե դրվեց ոչ թե հավասարակշիռ, այլ իշխանական ուժերի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունն ապահովելու սկզբունքը։ Դրանով իսկ ակնհայտ էր, որ այն նախատեսված է իրողությունները կոծկելու, պարտակելու հանցավոր հրահանգը կատարելու նպատակով։ Սույն հանձնաժողովի նկատմամբ անվստահությունը առավել խորացավ նրա առաջին մի քանի ամսվա ուղղորդվող ու ճապաղ աշխատանքի հետեւանքով։ Ուստիեւ, նույն միջազգային կառույցների պարտադրանքով, Մարտի 1-ի իրողությունների վստահություն ներշնչող բացահայտման նպատակով, զուգահեռ ստեղծվեց նաեւ Փորձագետների փաստահավաք խումբը՝ այս անգամ իշխանության եւ ընդդիմության հավասարակշիռ մասնակցությամբ։ Վերջինիս աշխատանքի առաջին՝ վարչախմբի համար աննպաստ արդյունքները, մասնավորապես սպանությունների բացահայտումները, ստիպեցին Սերժ Սարգսյանին դադարեցնել Փաստահավաք խմբի գործունեությունը։

2009-09-01Հայտարարություն հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների մասին

1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից։

2. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։

3. Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։

4. Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը։

2009-08-31ՀԱԿ հայտարարությունը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին

Ս.թ. օգոստոսի 29-ին Հայ ազգային կոնգրեսը նամակ է ստացել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից, որում խնդրվում է ներկայացուցիչ նշանակել` Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջի զեկույցի քննարկմանը մասնակցեու համար:

2009-08-21Հայտարարություն. կոչ Փաստահավաք խմբին

Մարտի 1, 2008. Ազատության հրապարակ2008 թ. մարտի 1-ին սեփական ժողովրդի դեմ վարչախմբի հանցագործությանը` խաղաղ ցուցարարների ջարդին ու իրականացված սպանդին հետեւեց Հայաստանի հասարակության եւ միջազգային հանրության, մասնավորապես Եւրոպայի Խորհրդիª կատարվածը հետաքննելու համար անկախ մի հանձնաժողովի ստեղծման պահանջը: Սա դիտարկվեց որպես առանցքային պահանջ, քանի որ բոլորին հասկանալի է, որ առանց մարտի 1-ի սպանդի հանգամանքները ճշտելու եւ մեղավորների պատժելու հնարավոր չէ քաղաքական ճգնաժամի հաղթահարումը Հայաստանում: Վարչախումբը ձեւականորեն տեղի տվեց այդ պահանջինª ստեղծելով Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր մի հանձնաժողով: Ի սկզբանե, սակայն, դատելով հանձնաժողովի կազմավորման սկզբունքներից ու կազմից, ակնհայտ էր, որ այն ընդամենը հիշյալ պահանջի կատարման իմիտացիա էր եւ ոչ ավելին:

2009-07-13ՀԱԿ հայտարարությունը ԼՂ շուրջ զարգացումների վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։ Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

2009-07-06Հայտարարություն Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին

Հայաստանում Հանրապետությունում հաստատված հանցավոր ռեժիմը շարունակում է իր ապօրինությունների շարքը: Երեկ ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը:

2008-05-08Հայտարարություն Երկրապահի օրվա առթիվ

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է։ Այսինքն՝ երկիր պահող-պաշտպանողի։ Դա աշխարհազորայինը չէ, ոչ էլ կամավորը։ Դա պարտավորություն է, որ մարդու վրա դրվում է ոչ թե օրենքով, պարտադրանքով, այլ սեփական խղճի թելադրանքով։ Պարտավորություն, որ իր վրա կարող է դնել միայն ԱԶԱՏ ՄԱՐԴԸ՝ բառիս ամենալայն ու բազմակողմանի նշանակությամբ։ Մայիսի 8-ը Հայաստանի այն քաղաքացիների օրն է, որոնք 1988-ի համաժողովրդական շարժմամբ եւ անկախ պետականության հաստատմամբ ազատագրված, ազատ մարդ դարձած, սեփական խղճի թելադրանքով գնացին պաշտպանելու Հայաստանի վտանգված սահմանները եւ ազատագրելու Արցախը։ Եւ դրանով իսկ՝ գնացին պաշտպանելու իրենց եւ ուրիշների ազատ ապրելու իրավունքն ու երաշխիքը։