ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
03/03/08
1. Դեռևս նախընտրական քարոզչության ընթացքում, տարբեր քաղաքական ուժերի հրապարակային գործունեությունը հանգեցրեց հասարակությունում անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանի հանդուրժողականության կոչերը, ցավոք սրտի, մնացին անարձագանք։ Ավելին, անհանդուրժողականության մթնոլորտը մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո վերաճեց փոխադարձ ատելության։
2. Մարտի 1-ի իրադարձությունները սկսեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց։ Ըստ պաշտոնական մոտեցման` Ազատության հրապարակում զենքի կուտակում է եղել, իսկ ոստիկանները փորձել են ընդամենը խուզարկել և կատաղի դիմադրություն են ստացել։
Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ իշխանությունները պետք է պատասխանեն որոշակի հարցերի։ Մասնավորապես, ո՞վ, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է որոշում կայացրել խաղաղ նստացույցը մարտի 1-ի վաղ առավոտյան ուժի գործադրմամբ հարկադիր դադարեցնելու վերաբերյալ, արդյոք նստացույցի մասնակիցներին ներկայացվել է խուզարկություն իրականացնելու հրապարակային պահանջ և արդյոք քաղաքացիները հրաժարվել կամ դիմադրություն են ցուցաբերել, արդյոք ուժի կիրառումը համարժեք է եղել ստեղծված իրավիճակին։
Վերոհիշյալ հարցադրումները պայմանավորված են ցուցարարների այն հայտարարությամբ, որ վաղ առավոտյան առանց նախազգուշացման նրանք ենթարկվել են հարձակման և դաժան ծեծի։ Մեզ համար դժվար է իրականությունը բացահայտել, բայց մեկ հարց մնում է անպատասխան։ Ինչն էր պատճառը, որ Ոստիկանությունը խոչընդոտեց լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը, ինչը հնարավորություն կընձեռեր ստանալ լիարժեք և անաչառ տեղեկատվություն։ Իսկ այն, որ իրենց լրագրողական գործունեությանը խոչընդոտել են, պաշտոնապես հայտարարել են "Երկիր Մեդիա" և "ԱԼՄ" հեռուստաընկերությունները։
3. Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդիկ մեր հասարակության մի մասն են, նրանք ավազակներ և թալանչիներ չեն, այլ` իրավապահ մարմինների կողմից, իրենց պատկերացմամբ, ապօրինաբար բռնության ենթարկված ՀՀ քաղաքացիներ։
Ոստիկանությունը առաջարկել է երթ կազմակերպել և Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնել։ Ինչն էր պատճառը, որ մարդիկ, ովքեր կարող էին ուղղորդել ցուցարարներին, չարեցին դա, այլ վերջին պահին հայտարարեցին, որ ցուցարարները իրենց չեն ենթարկվում։ Վերջին հաշվով ինչով էր պայմանավորված ցուցարարների անհամաձայնությունը թե իրավապահների, թե Լեվոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչներ հետ։ Գուցե, դրա պատճառը հենց առավոտյան տեղի ունեցած իրադարձություններն էին։ Թերևս այդ անհամաձայնության հետևանքն էր, որ եղան բազմաթիվ վիրավորներ և 8 զոհեր։
Պաշտպանն իր խորը վշտակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին։
4. Ներկայումս առնվազն տարակուսանք է առաջացնում որոշ ԶԼՄ-ների, առավելապես հեռուստաընկերությունների` ատելության մթնոլորտի շիկացմանն ուղղված գործունեությունը։ Մասնավոապես, հեռուստատեսության եթերից շարունակաբար հնչում են իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները բացառապես ցուցարարների շարքից մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, պատժելու վերաբերյալ։ Ինչու չի քննարկվում իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հնարավոր ապօրինությունների և նրանց պատասխանության ենթարկելու հարցը։
5. ՀՀ Նախագահի "Արտակարգ դրություն հայտարարելու մասին" 01.03.2008թ. հրամանագրով սահմանվել են Երևան քաղաքում մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների մի շարք ահմանափակումներ։
Այսպես, Հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում։ Մինչդեռ Պաշտպանի կողմից ստացված տեղեկատվության համաձայն` "Ա1+", "Պանարամա", "Լրագիր" տեղեկատվական ինտերնետային կայքերի գործունեությունը դադարեցվել է։ Այս կապակցությամբ, ԱԱԾ ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ այդպիսի ծայրահեղ միջոց ձեռնարկելու պատճառը` համապատասխան տեղեկատվական ինտերնետային կայքերի պրովայդերների հանրապետությունից դուրս գտնվելն է։ Վերջիններս, ըստ ԱԱԾ ղեկավարի հայտնած տվյալների, զգուշացվել են Նախագահի հրամանագրով նախատեսված սահմանափակումների մասին, սակայն հրաժարվել են պահպանել դրանք` պատճառաբանելով, որ իրենք գտնվում են սեփական պետության օրենսդրության գործողության ներքո։
ՀՀ Նախագահի վերոնշյալ հրամանագրի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսվել է իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակման և զննության իրականացման հնարավորություն։ Պաշտպանի կողմից ստացված դիմում-բողոքները վկայում են այն մասին, որ մեջբերված դրույթին տարածական մեկնաբանություն տալու հետևանքով անհամաչափ սահմանափակվում է, մասնավորապես, Երևան քաղաք մուտք գործելու քաղաքացիների իրավունքը։
Բացի այդ, Պաշտպանի գրասենյակ ստացվում են հաղորդումներ քաղաքացիների զանգվածային ձերբակալումների և ոստիկանության բաժանմունքներ նրանց բերման ենթարկելու վերաբերյալ, ինչը, ըստ դիմումատուների, զուգորդվում է քրեադատավարական նորմերի խախտումներով։ Այս հարցի կապակցությամբ Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի հետ, որը պատրաստակամություն է հայտնել Պաշտպանի գրասենյակ ներկայացնել բոլոր ձերբակալված անձանց ցուցակը։
Այդուհանդերձ, իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ խոչընդոտներ են ստեղծում Պաշտպանի կողմից իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար։ Այսպես, նման դեպք է տեղի ունեցել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքում։
6. Մեր կարծիքով, ստեղծված իրավիճակը պայմանավորված է կոշտ կառավարման համակարգով, իշխանության գերկենտրոնացմամբ, հակակշիռների ձեվական բնույթով, սոցիալական և տնտեսական բևեռացմամբ, բիզնեսի և իշխանության միահյուսմամբ, իշխանության նկատմամբ հասարակության վերահսկողության բացակայությամբ, քաղաքացիական ազատությունների ոչ լիարժեք լինելով։ Այսինքն, սա այն իրավիճակն է, որի կապակցությամբ ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, բազմաթիվ անգամ նշել եմ` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ունենք համակարգային խնդիրներ։ Այս ամենը բերել է նրան, որ հասարակության մի ստվար զանգված իրեն օտարված է զգում իշխանությունից, տոտալ անվստահություն ունի հանրային ինստիտուտների, ընտրական մեխանիզմների, արդարադատության և ԶԼՄ-ների նկատմամբ։
Քաղաքական ուժերի մի հատված փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից և այն օգտագործել իր նեղ քաղաքական շահերի համար` գնալով ոչ թե երկխոսության, այլ` առճակատման ճանապարհով։ Ձևավորված իրավիճակում, իհարկե, մեղքի իրենց բաժինն ունեն նաև իշխանությունները։
Այս իրավիճակի լուծման երկու ճանապարհ կա` ոչ իրավական` փակուղային և իրավական։ Փակուղայինը կլինի, եթե քաղաքական դաշտը ամայացվի և տոտալ վախի մթնոլորտ ձևավորվի։ Մյուս ճանապարհը` իրոք հիմնվել ժողովրդավարության մեխանիզմների վրա, անկյունաքար վերցնել մարդու իրավունքները` որպես բարձրագույն արժեք և գնալ երկխոսության և համագործակցության ճանապարհով։
Հուսադրող է, որ հենց այս ճանապարհին է նախապատվություն տվել նորընտիր նախագահը։ Դա ցույց է տալիս, որ նոր ձևավորվող իշխանությունը փորձում է գնալ իրավական ճանապարհով։ Հատկանշական է, որ համագործակցության առաջարկ է անում մի քաղաքական առաջնորդ, որի գլխավորած քաղաքական ուժը Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում։
Համոզված եմ, որ նույնիսկ այս իրավիճակում դեռևս չեն սպառվել երկխոսության և խնդրի քաղաքական ճանապարհով խաղաղ լուծման հնարավորությունները։
22 Մայիս 2009