ՀԱՅ | ENG | RSS
ANC



Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 1

Ներբեռնել ելույթը PDF ֆորմատով

Սիրելի հայրենակիցներ,

2009-09-18_LTerPetrossian.jpgՈւղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ ազգային կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի: Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման:

Տնտեսություն

Թե ինչ է կատարվում տնտեսության բնագավառում, հայտնի է բոլորին: Չնայած Հայաստանին տրամադրված հսկայական միջազգային վարկերին ու կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին, տնտեսությունը ինչպես գահավիժում էր, այնպես էլ շարունակում է գահավիժել, այն էլ՝ ավելի արագացված տեմպերով: Դրա ամենապերճախոս վկայությունն է նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ ընթացիկ տարվա տնտեսական անկման դինամիկան. հունվար-ապրիլ՝ 9.3%, հունվար-մայիս՝ 15.7%, հունվար-հունիս՝ 16.3%, հունվար-հուլիս՝ 18.5%: Եթե սրան գումարենք նաեւ արտաքին առեւտրի, մանավանդ արտահանման ծավալների շարունակվող կրճատումը, կապիտալի չդադարող արտահանումը, արտասահմանյան ներդրումների եւ բյուջեի հարկային եկամուտների անընդհատ նվազումը, ապա Հայաստանի տնտեսական վիճակի գնահատման այլ չափանիշ փնտրելու կարիք չի լինի:

Էլ որտե՞ղ, եթե ոչ նշված մակրոտնտեսական ցուցանիշներում պետք է արտացոլվեր միջազգային վարկերի եւ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը, ինչը, սակայն, իսպառ բացակայում է: Իսկ սա նշանակում է, որ կա՛մ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները իրավիճակին համարժեք չեն, կա՛մ արտերկրից փոխառված ֆինանսական միջոցները ճիշտ չեն օգտագործվում, կա՛մ էլ՝ դրանք պարզապես մսխվում են: Մի բան ակնհայտ է, որ այդ միջոցներից համարյա ոչինչ չի հասնում արդյունաբերողներին, մանր ու միջին բիզնեսին եւ գյուղատնտեսությանը, որոնց խթանման հետ է կապված, առաջին հերթին, երկրի տնտեսության վերականգնման ու զարգացման հույսը: Ամենաողբալի վիճակում են հայտնվել մանավանդ մանր ու միջին ձեռնարկատերերը, որոնք մի կողմից ենթարկվում են անխնա հարկային կամայականությունների, մյուս կողմից՝ բարձր տոկոսադրույքների պատճառով զրկված են վարկեր ձեռքբերելու հնարավորությունից, իսկ երրորդ կողմից՝ խեղդվում են ապօրինի մաքսային արտոնություններով օժտված մենաշնորհային ընկերությունների մրցակցությունից: Հրատապ միջոցներ ձեռք չառնելու պարագայում մանր ու միջին ձեռնարկատիրությունը մեկ տարի հետո պարզապես կդադարի գոյություն ունենալ, եւ երկրի ողջ տնտեսությունը կհայտնվի մոնոպոլիաների, իսկ ավելի ճիշտ, քրեաօլիգարխիկ համակարգի ձեռքում:

Իսկ ճգնաժամի խորացմանն ու սոցիալական դրության վատթարացմանը զուգընթաց, առաջիկա ձմռանը ժողովուրդը կզգա նաեւ գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով իր վրա ընկած լրացուցիչ բեռի ծանրությունը: Հետեւաբար, ստեղծված իրավիճակում կառավարության գործունեությունն այլ կերպ, քան ոչ արհեստավարժ, կամ հանցավոր, կամ էլ՝ անմեղսունակ, չի կարելի համարել: Ընդ որում, խնդիրն ամենեւին անձերին չի վերաբերում, որովհետեւ նրանց փոփոխությունն անզոր է որեւէ կերպ ազդելու իրականության վրա: Քոչարյանի եւ Սարգսյանի ձեւավորած ավազակապետական համակարգում այլ տիպի ու որակի կառավարություն չի կարող գոյություն ունենալ: Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարություններն էությամբ իրարից ոչնչով չեն տարբերվում: Եթե Սերժ Սարգսյանը շարունակի զբաղեցնել նախագահի աթոռը, հաջորդ կառավարությունը եւս նրանցից ոչնչով չի տարբերվելու: Այնպես որ, անիմաստ է որեւէ հույս կապել վարչապետի եւ կառավարության հնարավոր փոփոխության հետ, ինչի մասին խոսակցությունները վերջերս հաճախակի են դարձել: Դա, իհարկե, բացառված չէ, քանի որ Սերժ Սարգսյանին ինչ-որ պահի անպայման քավության նոխազ պետք է գալու: Բայց այդ առթիվ ո՛չ պետք է ուրախանալ, ո՛չ էլ տխրել, քանի որ, ինչպես ասացի, դրանից ոչինչ չի փոխվելու:

Կարող է թվալ, թե ես մռայլ գույներով եմ ներկայացնում Հայաստանի տնտեսական վիճակը: Հավատացնում եմ՝ իրականությունը շատ ավելի մռայլ է, քան իմ ներկայացրածը: Պատահական չէ, որ Ա1+ գործակալության անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հարցվածների 83%-ը դժգոհ է Հայաստանի իշխանություններից, իսկ 58%-ը պատրաստ է մշտական բնակություն հաստատել արտասահմանում: Ես ո՛չ աղետ եմ գուժում, ո՛չ էլ ուզում եմ հուսահատություն սերմանել: Բայց չեմ կարող նաեւ ճշմարտությունը թաքցնել, քանի որ դա անհարիր է թե՛ իմ, թե՛ Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքներին: Մեր ուժը եւ միակ զենքը ճշմարտությունն է, այլապես ժողովուրդը շուրջ երկու տարի չէր գա մեր ետեւից: Որեւէ շեղում այս ճանապարհից՝ մեզ չի ներվի, եւ ժողովուրդը երես կթեքի մեզանից: Բարոյական լինելուց բացի, ճշմարտությունը նաեւ քաղաքական կատեգորիա է, որովհետեւ այն չի կարող վերջիվերջո չհաղթանակել:

Ժողովրդավարություն եւ օրինականություն

Տնտեսականից ավելի անմխիթար վիճակում է շարունակում մնալ ժողովրդավարության եւ օրինականության բնագավառը՝ ավելի անմխիթար բացառապես այն պատճառով, որ վերջինս, ի տարբերություն տնտեսության, կախված է միայնումիայն իշխանությունների կամքից: Ոչ թե օբյեկտիվ հանգամանքները, այլ իշխանություններն իրենք են որոշել, որ Հայաստանում օրինական ընտրություններ չպետք է անցկացվեն, որ ընդդիմություն չպետք է գոյություն ունենա, որ այլախոհությունը տեղ չպետք է գտնի տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում, որ ոչ ոք չպետք է համարձակվի մասնակցել հանրահավաքների, երթերի ու բողոքի ցույցերի, որ այս երեւույթները չհանդուրժողներն ու դրանց դեմ ըմբոստացողները պետք է ենթարկվեն հարկային ու ոստիկանական տեռորի, հեռացվեն աշխատանքից կամ հայտնվեն զնդաններում, իսկ իրական հանցագործները՝ ավազակապետության հենարանը հանդիսացող քրեական հեղինակությունները, կաշառակեր պաշտոնյաները, հարկերից խուսափող խոշոր ձեռնարկատերերը, պաշտոնատար անձանց եւ օլիգարխների ձեռքի տակ գործող զինված բանդաները, մարդասպաններն ու խուլիգանները պետք է զերծ մնան պատասխանատվությունից, ինչի վկայությունն են համարյա բոլոր աղմկոտ սպանությունների, կողոպուտների, ներիշխանական հաշվեհարդարների կանոնավոր պարտակումները:

Այս ամենի մասին այնքան է խոսվել ու գրվել, որ չարժե դրա վրա առանձնապես ծանրանալ: Սակայն չեմ կարող շրջանցել հետեւյալ երկու կոնկրետ իրողությունները, որոնք էական նշանակություն ունեն երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի պայմանավորման, հետեւաբար, հույժ հրատապ քաղաքական բովանդակության առումով.

1. Հայ ժողովրդի ամենաարժանավոր զավակներից 19-ը դեռեւս շարունակում է մնալ բանտերում: Նրանց ներկայացված են նույն շինծու մեղադրանքները, որոնցով դատապարտված էին համաներմամբ ազատ արձակված մնացյալ քաղբանտարկյալները: Ի՞նչն է, արդ, պատճառը, որ նույն մեղադրանքներով ամբաստանված մարդկանցից ոմանց վրա տարածվեց համաներումը, իսկ մյուսների վրա՝ ոչ: Պատճառներից մեկը ես նշել եմ իմ նախորդ ելույթներից մեկում. դա Սերժ Սարգսյանի քինախնդրությունն է, իշխանություն բանեցնելուց ու ցավ պատճառելուց ստացած հաճույքը, մեծահոգի գործ կատարելու անընդունակությունը, եթե կուզեք՝ սադիզմը:

Սակայն եթե այս պատճառը նողկալի է մարդկային առումով, մանավանդ պետական այրի պարագայում, ապա մյուսն ավելի նենգ ու դավադրական է քաղաքական տեսակետից: Տասնինը հոգին պատանդ են պահվում Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման առթիվ սպասվող ժողովրդական հուզումները զսպելու կամ նվազեցնելու նկատառումով: Վարչախմբին թվում է, թե եթե վերջիններս մնան բանտերում, մարդիկ կզգուշանան մասնակցել բողոքի ցույցերին՝ նրանց բախտին չարժանանալու համար: Ավելորդ է նշել, իհարկե, որ սա սին հույս է, քանի որ, երբ քաղբանտարկյալներն անգամ շատ ավելի բազմաթիվ էին, միեւնույն է, այդ հանգամանքը չվախեցրեց մարդկանց, որոնք մեկուկես տարի շարունակ չլքեցին պայքարի առաջին գիծը:

Ինքնըստինքյան հասկանալի է, որ քանի դեռ վերջին քաղբանտարկյալը տուն չի վերադարձել, խնդիրը, ինչպես նախկինում, մնալու է Կոնգրեսի եւ Համաժողովրդական շարժման գլխավոր առաջնահերթություններից մեկը: Քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը բխում է թե՛ հասարակության, թե՛ պետության, եւ թե՛ Ղարաբաղի շահերից՝ մանավանդ եթե նկատի ունենանք, որ նրանցից շատերը Ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներ ու հերոսներ են: Ուստի իշխանությունների հապաղումն այս հարցում ոչ միայն հակարդյունավետ է, այլեւ քաղաքականապես անհեռատես ու վտանգավոր, եթե չասենք՝ դավաճանական:

2. Մյուս ցավոտ, բայց չլուծված խնդիրը մնում է մարտի 1-ի ոճրագործության լիակատար բացահայտումը եւ նրա բուն պատասխանատուների նկատմամբ արդարադատության իրականացումը: Պատրանքներ չպետք է փայփայել. հակառակ հասարակական պահանջին ու միջազգային հանրության ճնշումներին, ներկա իշխանությունների օրոք, ինչպես հոկտեմբերի 27-ի պարագայում, այս ոճրագործությունը չի բացահայտվելու եւ իրական հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվելու: Դա ապացուցելն առանձնապես մեծ ջանք չի պահանջում, որովհետեւ բոլորիս աչքի առջեւ, մեկուկես տարի շարունակ, Հայաստանի ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Դատախազությունը եւ դատարանները ցինիկաբար զբաղված են կատարված հանցագործությունները կոծկելու, հետաքննության ընթացքը շեղելու, վկաներին ահաբեկելու կամ կաշառելու, իրեղեն ապացույցները կեղծելու կամ ոչնչացնելու գործով:

Սակայն ինչ էլ անեն, միեւնույն է, կեղծիքի այս հանցավոր մեքենան մշտապես կանգնած է լինելու հետեւյալ կոնկրետ հարցերին պատասխանելու հարկադրանքի առջեւ. ովքե՞ր են սպանությունների հեղինակները եւ ի՞նչ պատժի են ենթարկվել նրանք: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագայում, գոնե բուն կատարողներին դատելով, իշխանությունները կարողացան, թեկուզ ժամանակավորապես, իրենց զերծ պահել պատասխանատվությունից: Մարտի 1-ի դեպքում դա շատ ավելի դժվար, գրեթե անհնար է լինելու: Ուստի կարծում եմ, սպանությունների գծով իշխանությունները վերջիվերջո դատելու են մեկ-երկու ցածրաստիճան ոստիկանի, եւ դրանով խնդիրը փակված համարելու: Արդյոք դա կբավարարի միջազգային հանրությանը, թե՞ ոչ՝ չգիտեմ: Բայց որ Հայաստանի հասարակությունը այդ դեղահաբը կուլ չի տա՝ չեմ կասկածում:
Համենայն դեպս, Հայ Ազգային Կոնգրեսը վճռականորեն է տրամադրված ինչպես ոճրագործության ամբողջական բացահայտման, այնպես էլ նրա բոլոր դերակատարներին՝ սադրիչներին, կազմակերպիչներին ու մարդասպաններին համարժեք իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում՝ ընդհուպ մինչեւ Հաագայի դատարան: Կոնգրեսին, Ժառանգություն կուսակցության համագործակցությամբ, արդեն իսկ հաջողվել է Փաստահավաք խմբի միջոցով ապշեցուցիչ ու անհերքելի բացահայտումներ կատարել, որոնք շուտով կհասցվեն ավարտի, եւ մարտի 1-ի եղկելի ոճրագործության ողջ պատկերը պարզ կդառնա յուրաքանչյուր բանական մարդու համար: Եթե Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին թվում է, թե իրենք մարտի 1-ը մարսելու են, ապա նրանք չարաչար սխալվում են:

Հայ-թուրքական հարաբերություններ

Անցնելով Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների քննությանը, բնականաբար, մենք պետք է կանգ առնենք հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրների վրա: Հայ-թուրքական հարաբերություններում ամեն ինչ պարզ է: Սերժ Սարգսյանից կորզելով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնությունը, Թուրքիան կարողացավ հմտորեն կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը եւ սահմանի բացումը հետաձգել մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը կամ, առնվազն, լուծման գործընթացում նշանակալի առաջընթացի արձանագրումը: Հայաստանն, ըստ այդմ, մինչեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը Թուրքիայի հարցում անելիք չունի եւ դատապարտված է կրավորական դերակատարության:

Ներկայումս մեր երկրում քննարկվող ամենագլխավոր թեման Ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել-չմեկնելու հարցն է դարձել, կարծես ավելի կարեւոր հարց գոյություն չունի կամ դրանից ինչ-որ բան է կախված: Հայ Ազգային Կոնգրեսն, ի դեմս Լեւոն Զուրաբյանի եւ Աշոտ Սարգսյանի, արդեն տվել է այս հարցի սպառիչ պատասխանը, որը, մասնակի լրացումներով, հարկ եմ համարում կրկնել ավելի լայն լսարանի առջեւ, որպիսին սույն հանրահավաքն է: Սերժ Սարգսյանի Թուրքիա մեկնել-չմեկնելն այլեւս որեւէ նշանակություն չունի, քանի որ Հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում նա ինչ սխալ, որ կարող էր գործել, արդեն իսկ գործել է, մանավանդ Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու եւ այն սակարկության առարկա դարձնելու հարցում: Ուստի ո՛չ մեկնելով, ո՛չ էլ չմեկնելով վիճակը շտկել հնարավոր չէ:

Ինչպես ձեզ հայտնի է, վերջերս Սերժ Սարգսյանը կտրուկ հայտարարել է, որ Թուրքիա կմեկնի միայն մի պարագայում՝ այն է, եթե սահմանը մինչ այդ բացված լինի: Վերջնագիր թվացող այս հայտարարությունը երկու իրողություն է բացահայտում: Առաջին, որ, այսպես կոչված, «Ճանապարհային քարտեզը» ստորագրելու դիմաց ապրիլի 22-ին Թուրքիան Սերժ Սարգսյանին խոստացել է բացել սահմանը: Եւ երկրորդ, որ Սարգսյանը նեղացած է թուրքերից՝ այդ խոստումը դրժելու պատճառով: Այնուամենայնիվ, տվյալ հայտարարությունը վերջնագիր համարել չի կարելի, քանի որ Սարգսյանը նույն հայտարարության մեջ հարկ է համարել անմիջապես ավելացնել, որ պատրաստ է Թուրքիա մեկնել նաեւ այն դեպքում, եթե դրությունը մոտ լինի սահմանի բացման շեմին: Սույն լրացմամբ նա կամա թե ակամա մատնում է, որ արդեն կայացրել է մեկնելու վճիռը, քանի որ «շեմ» բառն այնքան առաձգական է, որ ինչ ասես կարելի է դրա տակ հասկանալ:

Սակայն սա չէ էականը, այլ այն, թե ինչու է, այնուամենայնիվ, Սարգսյանը նեղացել թուրքերից: Որ քեզ խաբե՞լ են: Է՛հ, թող չխաբվեիր: Մի՞թե պարզ չէ, որ եթե ոչ մարդկային հարաբերություններում, ապա քաղաքականության մեջ, որքան էլ բարոյական առումով մերժելի, մեղավորը ոչ թե խաբողն է, այլ խաբվողը: Ուստի եթե խաբվել ես, ապա պիտի նեղանաս, առաջին հերթին, քեզանից: Կամ էլ, եթե Թուրքիան իսկապես խախտել է պայմանավորվածությունները, ապա քաջություն ունեցիր բացեիբաց հայտարարել այդ մասին եւ ճշգրտումներ մտցրու քո քաղաքականության մեջ: Ինչեւէ, սրանք զուտ հռետորական հարցեր ու բացականչություններ են, քանի որ միեւնույն է, Սերժ Սարգսյանը ուզի-չուզի գնալու է Թուրքիա՝ նախ, որովհետեւ հակառակը նրան թույլ չեն տա, եւ երկրորդ, նա չի կարող խափանել Ֆուտբոլային դիվանագիտությունը, քանի որ այն ինքն է նախաձեռնել: Իսկ չմեկնելու պարագայում, որը քիչ հավանական է, Սարգսյանը ավելի մեծ վնաս կպատճառի մեր երկրին եւ ավելի նվաստացուցիչ ու ծիծաղելի վիճակի մեջ կդնի իրեն: Ինչ վերաբերում է օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական արձանագրություններին, ապա առայժմ բավարար համարելով Հայ Ազգային Կոնգրեսի ձեզ ծանոթ պաշտոնական գնահատականը, չեմ բացառում, որ մի այլ առիթով դրանց անդրադառնամ ավելի հանգամանորեն:

Այս պահին հարկ եմ համարում շեշտել միայն հետեւյալը. նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանությունը զոհաբերելու դիմաց, Թուրքիան այդ արձանագրությունները չի վավերացնելու եւ Հայաստանի հետ սահմանը չի բացելու մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը: Ինչ վերաբերում է Կոնգրեսի հայտարարության առթիվ արտահայտված որոշ դժգոհություններին, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այն ամենի մասին, որոնց շուրջ այսօր աղաղակում են մնացյալ քաղաքական ուժերը, մենք բազմիցս ահազանգել ենք վերջին երկու տարիների ընթացքում, բայց մեր ահազանգերին ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Մենք մեր խոսքն ասել ենք ժամանակին, այլ ոչ թե ուրիշների պես սպասել հանգուցալուծման փաստի առաջ կանգնելուն, որպեսզի դրանից հետո վայնասուն բարձրացնենք: Ո՞ւմ է պետք ուշացած վայնասունը, երբ այլեւս գործընթացի վրա գրեթե անհնար է ազդել: Ես մեծ մտավախություն ունեմ, որ հակառակ Կոնգրեսի հնչեցրած մշտական ահազանգերին, նույնը տեղի է ունենալու նաեւ Ղարաբաղի պարագայում. մի օր արթնանալու են, տեսնեն ամեն ինչ ստորագրված-վերջացած է, ու դրանից հետո սուգուշիվան անեն:

Կարդալ ելույթի շարունակությունը

Դիտել լուսանկարներ հանրահավաքից եւ երթից

18 Սեպտեմբեր 2009


2010-07-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում. հուլիսի 17, 2010 թ.

Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,

Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում (լուսանկարը` Գ. Շամշյանի)Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննադատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմնախնդիրների պարզաբանմանը։

Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից։

2010-04-06Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. ապրիլի 6-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱյսօր ես կարճ եմ խոսելու, որովհետեւ իմ ընկերները հանգամանորեն ներկա յացրին սույն հանրահավաքի հետապնդած նպատակը, այն է՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում ընթացող համաժողովի ուշադրության հրավի րումը Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբան տարկյալների առկայության աղաղակող փաստի, ինչպես նաեւ ընդհանրապես ժողո վրդա վարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։

Այնուամենայնիվ, չեմ կարող շրջանցել որոշ ուշագրավ զարգացումներ, որոնց ակա նատեսն ենք վերջին շրջանում։ Դրանցից առաջինը միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, կամ ավելի ճիշտ, արտահայտ չաոճի փոփոխությունն է քաղբանտարկյալների հարցում։ Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտա գործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը։ Անշուշտ, սա մի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ–թուրքական հարաբե րու թյունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով։ Այս վերջին նպատակին են ծառայում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների 2009թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության նախորդ տարվա համեմատ բավականին խստաց ված զեկույցի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մար դու իրավունքների գրասենյակի եւ Եւրոխորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները։

2010-03-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,
 
2010-03-01. Լեւոն Տեր-ՊետրոսյանՕրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցու­թյունը վայելող նրանց հարազատներին ու մերձավոր­ներին։ Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար։ Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը։ Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերա­կանգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով։
 
Այնուամենայնիվ, չնայած համապարփակ ուսումնասիրության պահան­ջին, առիթը հարմար չէ ձեզ ներկայացնելու ո՛չ Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների մանրամասն վերլուծությունը, ո՛չ էլ կատարելու դրանց հետեւանքների, մասնավորապես, իշխանությունների կողմից սանձազերծ­ված լայնամասշտաբ քաղաքական հալածանք­ների եւ դատական խեղկատակությունների քննությունը։ Այդ գործը բավարար չափով արվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Փաստահավաք խմբի, իրավապաշտպան կազմակերպությունների, անկախ քաղաքագետների եւ լրագրողների ջանքերով։ Պա­տա­հական չէ, որ այս շարքում ես չեմ նշում խնդրի առիթով ստեղծված Խոր­հրդա­րանական հանձնաժողովի աշխատանքը, որի նպատակը ճիշտ հակառակն էր, այն է՝ իրականության աղավաղումն ու հանցագործության կոծ­կու­մը։ Հատկանշական է, որ հանձնաժողովի զեկույցն, ըստ էության, այդպես էլ գնահատվեց ոչ միայն մեր հասարակության, այլեւ Եւրոխորհրդի Խորհրդա­րանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից։

2009-11-11Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. նոյեմբերի 11-ի ՀԱԿ ՔաղԽորհրդի ընդլայնված նիստում

Լեւոն Տեր-Պետրոսյան. 2009 թ. նոյեմբերի 11Իմ նախորդ ելույթում (18.09.2009) ես խոստացել էի մի այլ առիթով ավելի հանգամանորեն անդրադառնալ հայ-թուրքական արձանագրություններին։ Կարծում եմ, դրանց ստորագրման արդյունքում հստակեցված ներկա իրավիճակը հարմարագույն առիթն է այդ խոստումը կատարելու համար։ Ես կաշխատեմ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից եւ կատարվածն ու դրա հետեւանքները վերլուծել բացառապես քաղաքական տեսակետից։ Ստիպված եմ միայն զգուշացնել, որ ի հեճուկս մամուլի սպասումների, ելույթս ոչ թե ծրագրային է, այլ բացատրական, թեեւ չեմ ժխտում նաեւ ծրագրային ելույթի անհրաժեշտությունը։

* * *

Եւ այսպես, հակառակ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված բողոքի տպավորիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռքբերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում նրա դրսեւորած անհարկի զիջումը բավական է այս պնդումը անառարկելի համարելու համար, քանի որ որեւէ այլ նկատառումով դա ուղղակի անհնար է բացատրել։ Զարմանալու ոչինչ չկա. կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակ՝ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արեւմուտքից։

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 2

Լեռնային Ղարաբաղ

Եթե հայ-թուրքական հարաբերություններում, ինչպես ասվեց, ամեն ինչ պարզ է, ապա շատ ավելի բարդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող վիճակը: Պնդումներ են շրջանառվում, թե իբր Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ (17/18.07.2009) ստորագրվել է, այսպես կոչված, շրջանակային համաձայնագիրը: Թե ինչ հիմքեր ունեն այդ պնդումները, ես չգիտեմ. հավանաբար, նախնական ինչ-որ արձանագրություն ստորագրվել է: Բայց սա չէ կարեւորը: Ամբողջ խնդիրն այն է, որ անկախ ստորագրված լինելու կամ չլինելու հանգամանքից, կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի:

2009-07-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հուլիսի 2-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ անգամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։

2009-06-12Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 12-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։

Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։

2009-06-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

2009-06-01_miting_zhoghovurd.jpgԱյն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին։ Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար։ Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու։ Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում։

2009-05-15Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 15-ի հանրահավաքում

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

2009-05-15_miting_LTP.jpgԹվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում` Երևանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին և արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացքող մտահոգիչ զարգացումներով։

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 1)

«... ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆ ԵՄ ...»

Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

հանդիպում  երիտասարդների հետ. 03.11.2007Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի բացման խոսքով:

Սիրելիներս.

Ինձ համար շատ հաճելի է մասնակցել այս հանդիպմանը: Վաղուց այսքան գեղեցիկ երիտասարդություն չէի տեսել: Հոկտեմբերի 26-ին ես ձեզ տեսա Ազատության հրապարակի հարթակից: Այսօր դուք այստեղ եք` բարեկամական զրույցի համար:

Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում սկսվում է մի նոր շարժում, նոր սերնդի շարժում: 19-17 տարի է անցել 88-90 թվականների մեր առաջին համազգային շարժումից: Փոխվել է սերունդ. նրանք, ովքեր 88 թվականին 10-15 տարեկան էին, այսօր արդեն 30-35 տարեկան են: Ես ընդամենը այդ առաջին շարժման եւ ձեր նոր ձեւավորվող շարժման միջեւ կամուրջ եմ: Նոր շարժումը բոլորովին այլ բովանդակություն ունի, այլ նպատակներ, այլ խնդիրներ: Եւ կարծում եմ` ձեզ պիտի առաջնորդի նախեւառաջ այն, որ սա ձեր շարժումն է: Ես ընդամենը ձեր գործիքն եմ` արտահայտելու համար ձեր կամքը:

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 2)

Սկիզբը` այստեղ

- Պարոն նախագահ, ուզում եմ հարցնել հետագա քայլերի մասին մի քիչ: Ասենք հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ ներկա Սահմանադրությամբ նախագահը իր լիազորությունների մեջ բավականին սահմանափակ է: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը արդեն ընտրված Ազգային Ժողովի հետ, որ դեռ հինգ տարի պետք է գործի:

- Սա լավ հարց է, իսկապես կարեւորագույն հարց, որովհետեւ, ինչպես ասացի` այսօր ավազակապետական իշխանությունը որեւէ հակակշիռ չունի: Եւ օրենսդիր իշխանությունը, եւ դատական իշխանությունը ամբողջությամբ ենթարկված են այդ համակարգի տրամաբանությանը: Սա, ըստ երեւույթին, մեր առջեւ կանգնած ամենակարեւոր հարցն է` իշխանությունների բաժանման, հակակշիռների ստեղծման հարցը: Բայց մենք ունենք ռեալ իրականություն, ունենք այն խորհրդարանը, ինչ ունենք: Ի՞նչ պետք է անի նոր նախագահը: Ինձ թվում է ոչինչ չպետք է անի` պետք է աշխատի այդ խորհրդարանի հետ, քանի որ, ըստ էության, նրա լուծարման մեխանիզմ չկա: Պիտի համոզմունքով, իր խոսքով, իր ծրագրերով կարողանա այնպես անել, որ այդ խորհրդարանը չխանգարի գործադիր իշխանության ներկայացրած օրենքները ընդունելուն: Ես չեմ ասում` նույն ձեւով պիտի կոճակներ սեղմեն եւ ընդունեն այդ օրենքները: Վստահ եղեք, նույնիսկ այդ մարդիկ, որոնք, թվում է, չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, այսօր չեն ուզում օգտագործել իրենց բանականության ռեզերվները, պոտենցիալը, վաղը, ուրիշ պայմանների մեջ լինելով՝ ինձնից ու ձեզնից շատ ավելի շնորքով ելույթներ կունենան եւ շնորքով հարցեր կդնեն` նույն այդ մարդիկ: Ի դեպ, ես գրագողություն եմ անում, այս գաղափարը փոխառել եմ Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածից: Բայց չեմ ուզում ծավալվել: Ինչո՞ւ` որովհետեւ, սա շատ կարեւոր հարց է, եւ դառնալու է ապագա, գուցե ոչ առաջիկա հանրահավաքի` ելույթում իմ մեկնաբանելիք կարեւորագույն հարցերից մեկը: Նոր նախագահը պիտի աշխատի այս խորհրդարանի հետ, որովհետեւ ինչպես ասացի, չկա խորհրդարանը ցրելու մեխանիզմ: Նոր նախագահը պիտի ելնի նրանից, որ խորհրդարանում կա մեծամասնություն եւ այդ մեծամասնության կարծիքի հետ պիտի հաշվի նստի: Ավելին ասեմ, եթե այդ մեծամասնությունն առաջարկի իր վարչապետին` նախագահը այլ բան չի կարող անել, քան համաձայնել դրա հետ: Այսպես է իրականում: Իհարկե, ոչ այն վարչապետին, որ այսօր կա. դրա մասին չէ խոսքը: