ՀԱՅ | ENG | RSS
ANC



Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 2

Ներբեռնել ելույթը PDF ֆորմատով

Լեռնային Ղարաբաղ

Եթե հայ-թուրքական հարաբերություններում, ինչպես ասվեց, ամեն ինչ պարզ է, ապա շատ ավելի բարդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող վիճակը: Պնդումներ են շրջանառվում, թե իբր Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ (17/18.07.2009) ստորագրվել է, այսպես կոչված, շրջանակային համաձայնագիրը: Թե ինչ հիմքեր ունեն այդ պնդումները, ես չգիտեմ. հավանաբար, նախնական ինչ-որ արձանագրություն ստորագրվել է: Բայց սա չէ կարեւորը: Ամբողջ խնդիրն այն է, որ անկախ ստորագրված լինելու կամ չլինելու հանգամանքից, կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի:

Ի՞նչն է ինձ հիմք տալիս նման կտրուկ եզրակացություն կատարելու: Առաջին հերթին, անշուշտ, նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հուլիսի 10-ի աննախադեպ հայտարարությունը, որով նրանք փաստորեն ազդարարում են իրենց անձնական ներգրավվածությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ու դրանով նշանակալիորեն բարձրացնում սեփական երկրների միջնորդական առաքելության մակարդակը: Նման բան, սովորաբար տեղի է ունենում հակամարտությունների կարգավորման ավարտական փուլում, ինչը նշանակում է, որ հեռու չէ նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավարտը:

Նույնքան նշանակալի է նաեւ հայտարարության բուն բովանդակությունը, որում բացահայտված են կարգավորման հիմնական սկզբունքներից հետեւյալ վեցը.

- Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
- Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ.
- Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք.
- Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով.
- Բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք.
- Անվտանգության միջազգային երաշխիքներ՝ խաղաղապահ գործողության ներառմամբ:

Քանի որ հայտարարությունն արվել է նախագահների մակարդակով, ապա պետք է ենթադրել, որ սրանք այն սկզբունքներն են, որոնք այլեւս բանակցելի ու փոփոխության ենթակա չեն: Ալիեւն ու Սարգսյանը հո չեն նստի-վիճի Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հետ, ինչպես կարող էին վարվել Բրայզայի, Մերզլյակովի եւ Ֆասիեի պարագայում: Վիճելն անիմաստ է, որովհետեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված երեք գերտերությունների նախագահներն արդեն կայացրել ու ազդարարել են իրենց վերջնական վճիռը: Դատելով պաշտոնական արձագանքից, Ադրբեջանը կարծես‑թե վիճելու խնդիր էլ չունի, քանի որ անթաքույց ցնծությամբ է ընդունել կարգավորման առկա ծրագիրը, միաժամանակ կատարելով որոշ այլ մանրամասների բացահայտումներ, որոնցից գլխավորն այն է, որ հինգ շրջաններ վերադարձվելու են անմիջապես, իսկ Քելբաջարը եւ Լաչինը՝ հինգ-վեց տարի հետո:

Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա պաշտոնական քարոզչամեքենան զերծ է մնում մանրամասների բացահայտումից եւ առանց որեւէ խանդավառության թութակի պես շարունակ կրկնում, որ խնդրո առարկա ծրագիրը լիովին բավարարում է հայկական կողմի երեք հիմնական պահանջները՝ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի հաստատում, եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում: Այժմ տեսնենք՝ երեք նախագահների հայտարարության պարունակած սկզբունքները հաստատո՞ւմ են այս պնդումները, թե ոչ: Սակայն մինչ այդ նշենք, որ հայտարարությունը շարադրված է եզովպոսյան լեզվով, այլաբանությունների եւ եւֆիմիզմների առատ գործածությամբ, ինչը նպատակ է հետապնդում հեշտացնել հակամարտող կողմերի պատասխանատուների գործը, այսինքն նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն տալ իր ուզածի պես մեկնաբանելու վերոհիշյալ սկզբունքները եւ դրանք մատուցելու սեփական հասարակություններին: Դիվանագիտության մեջ այսպիսի հոգեբանական հնարքների կիրառումն ամենեւին հազվադեպ չէ:

Ինչեւէ, ինչպես նշեցինք, Հայաստանի իշխանությունների պնդումներից մեկի համաձայն՝ կարգավորման առկա ծրագիրը Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է ապահովում, նկատի ունենալով, անկասկած, տարածքների վերադարձից հետո Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանների երկայնքով բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումը: Թվում է, գերտերությունների նախագահների հայտարարությունը հաստատում է այս իրողությունը, քանի որ նրա 6-րդ կետում նշված է. «Անվտանգության միջազգային երաշխիքներ՝ խաղաղապահ գործողության ներառմամբ»: Սակայն հարց է ծագում, թե ինչու է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դեռեւս 1990-ական թվականների կեսերից շրջանառության մեջ գտնվող «խաղաղապահ ուժերի տեղակայում» հասկացությունը հանկարծ վերածվել «խաղաղապահ գործողություն» անորոշ արտահայտության: Արդյոք սա պատահական վրիպո՞ւմ կամ մանրո՞ւք է. չեմ կարծում: Ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել հետեւյալը: Հանդիպելով բարդությունների եւ համաձայնության չգալով խաղաղապահ ուժերի ազգային կազմի ու թվաքանակի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որոշել է շրջանցել այդ հարցը եւ ներկա պահին գտնել մի ձեւակերպում, որը կքողարկի խնդրի էությունը, իսկ ապագայում կարող է հիմք դառնալ տարբեր մեկնաբանությունների: Չեմ բացառում, որ «խաղաղապահ գործողություն» կոչեցյալը վերջիվերջո ավարտվի ոչ թե խաղաղապահ ուժերի, այլ մեկ-երկու հազար միջազգային դիտորդների տեղակայմամբ, ինչը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է Ղարաբաղի անվտանգության երաշխիք համարել: Ի դեպ, որ բանը կարող է վերջանալ դրանով, բխում է ոչ միայն վերը բերված փաստարկներից, այլեւ կողմնակիորեն հաստատվում Մինսկի խմբի համանախագահների թափանցիկ ակնարկներով:

Նույնքան կասկածելի ու երերուն է «Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի հաստատման» մասին արվող պնդումը: Թեեւ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հայտարարության մեջ ամրագրված է «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի» ստեղծման գաղափարը, սակայն հայտնի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միջանցքը: Մասնավորապես պարզ չեն հետեւյալ հարցերը. ե՞րբ է որոշվելու միջանցքի կարգավիճակը; ի՞նչ լայնություն է ունենալու այն; եւ վերջապես, ո՞ւմ վերահսկողության տակ է գտնվելու նրա տարածքը: Հինգ շրջանների վերադարձի դիմաց հայկական կողմը պետք է ստանար գոնե տվյալ հարցերի սպառիչ պատասխանը: Կամ ավելին՝ միջանցքի կարգավիճակի հարցը ոչ թե պետք է թողնվեր ապագային, այլ լուծվեր կարգավորման ներկա փուլում: Ժամանակին Մինսկի խմբի համանախագահները շրջանառության մեջ էին դրել Լաչինի միջանցքի հարցի լուծման երեք տարբերակ. - այն փոխանակել Մարդակերտի եւ Մարտունու շրջանների Ադրբեջանի կողմից գրավված տարածքների հետ, շուրջ 400 քառ. կմ. մակերեսով. - միջանցքի տարածքը 99 տարվա ժամկետով վարձակալության հանձնել Հայաստանին. - նույն ժամկետով միջանցքը դնել միջազգային վերահսկողության տակ: Խնդիրն այն չէ, թե որքան ընդունելի էին նշված առաջարկները, այլ այն, որ միջանցքի կարգավիճակի սահմանումը օրակարգի հարց էր դեռեւս տարածքների վերադարձին նախորդող փուլում: Մինչդեռ այսօր այդ հարցում կատարյալ անորոշություն է տիրում, ինչը մտավախություն է առաջացնում, որ տարածքները վերադարձնելուց հետո միջանցքի գաղափարն ինչ-որ պահի պարզապես կարող է հանգեցվել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ազատ տրանզիտի ապահովման գաղափարին: Եւս մի մտավախության տեղիք է տալիս այն, որ եթե միջանցքի հարցը չկապակցվի տարածքների վերադարձի հետ եւ նրա կարգավիճակն այս փուլում չսահմանվի, ապա Ադրբեջանը, օգտագործելով Լաչինի եւ Մեղրու շրջանների փոխանակման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ առաջարկի նախադեպը, մի օր կվերարծարծի դեպի Նախիջեւան համարժեք միջանցքի տրամադրման կամ ազատ տրանզիտային ճանապարհի ապահովման պահանջը:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների երրորդ պնդմանը, ըստ որի, կարգավորման քննարկվող ծրագիրը «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում» է նախատեսում կամ պաշտոնական քարոզչության մի այլ ձեւակերպմամբ՝ այդ ծրագրում «Ղարաբաղը ճանաչվում է որպես ինքնորոշման իրավունքի սուբյեկտ», ապա այն ավելի հանգամանալից բացատրության կարիք է զգում: Այս պնդման հիմքն, ակնհայտորեն, միջնորդ երկրների երեք նախագահների հուլիսի 10-ի հայտարարության հետեւյալ կետերն են - ա. «Հիմնական սկզբունքներն արտացոլում են բանական փոխզիջում, հիմնված Հելսինկյան վերջնական ակտի՝ Ուժի չկիրառման, Տարածքային ամբողջականության եւ Ժողովուրդների հավասար իրավունքների ու Ինքնորոշման սկզբունքների հիման վրա» - բ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»: Քանի որ տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներն ի բնե հակասում են միմյանց, ապա առաջին կետն ունի զուտ հոգեբանական նշանակություն, հետեւաբար, անիմաստ է նրանից քաղաքական եզրակացություններ կատարել: Փաստաթղթում այդ կետը տեղ է գտել միայն այն նպատակով, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունը տվյալ փուլում սեփական հասարակություններին կարողանա համոզել, թե իբր Ղարաբաղի կարգավիճակի հարցն ապագայում լուծվելու է կողմերից յուրաքանչյուրի ակնկալած սկզբունքի հիման վրա:

Առաջին հայացքից ավելի առարկայական է թվում մյուս կետը, որը Հայաստանի պաշտոնական քարոզչությունը ներկայացնում է որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման որոշման ամրագրում: Սակայն անհասկանալի է մնում, որ եթե խոսքն իսկապես վերաբերում է հանրաքվեին, ապա ինչու այդ բառի փոխարեն հայտարարության բնագրում տեղ է գտել «կամարտահայտություն» բառը: Հանրաքվե նշանակելու համար պետք է օգտագործվեր գոնե «ժողովրդի կամարտահայտություն» կապակցությունը: Ըստ այդմ, ակնհայտ է, որ ամեն ինչ արվել է «հանրաքվե» բառից խուսափելու համար: Ինչո՞ւ:

Հիշեցնեմ, հանրաքվեի գաղափարը շրջանառության մեջ է դրվել, այսպես կոչված, Պրահյան գործընթացում եւ ապա տեղ գտել Մադրիդյան առաջարկներում: Այնուհետեւ հանդիպելով ադրբեջանական կողմի դիմադրությանը, համանախագահներն ստիպված եղան այդ բառը փոխարինել «պլեբիսցիտ» կամ «ժողովրդական հարցում» բառերով: Երբ դա էլ չգոհացրեց ադրբեջանցիներին, հայտնվեց, ահա, «կամարտահայտություն» անորոշ ձեւակերպումը, ինչը հակամարտության կողմերին հնարավորություն է տալիս այն մեկնաբանել ու իրենց հասարակություններին մատուցել սեփական հայեցողությամբ: «Կամարտահայտությունն», այո՛, կարող է մեկնաբանվել որպես հանրաքվե, սակայն ցանկության դեպքում «կամարտահայտություն» կարող է համարվել նաեւ Ղարաբաղի նախագահի ստորագրությունը կամ Ազգային Ժողովի որոշումը: Դատելով զարգացումներից, պետք է արձանագրել, որ խնդիրը, դժբախտաբար, վերջիվերջո հանգելու է նման իրողության:

Այդուհանդերձ, նույնիսկ սա չէ էականը: Եթե կարգավորման սկզբունքներում թեկուզ հստակորեն նշված լիներ «հանրաքվե» բառը, ապա դա դեռեւս ոչինչ չէր նշանակի, որովհետեւ առանց որոշակի պայմանների հստակեցման, այն կմնար որպես դատարկ հնչյուն: Այդ պայմանները, որոնք ես ներկայացրել եմ իմ նախորդ ելույթներից մեկում, հետեւյալն են. - ո՞վ է կազմակերպելու հանրաքվեն՝ ՄԱ՞Կ-ը, ԵԱ՞ՀԿ-ը, Ադրբեջա՞նը, թե՞ Ղարաբաղը. - ե՞րբ է տեղի ունենալու հանրաքվեն. - ո՞ր տարածքում է անցկացվելու հանրաքվեն. - ովքե՞ր են մասնակցելու հանրաքվեին. - ինչպե՞ս է ձեւակերպվելու հանրաքվեի դրված հարցը. - ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է ունենալու հանրաքվեն: Որքան էլ տհաճ, անհնար է չնկատել, որ նորացված Մադրիդյան առաջարկներում ո՛չ այս հարցերն են հստակեցված, ո՛չ իսկ «հանրաքվե» բառն է օգտագործված:
Այսպիսով, Հայաստանի պաշտոնական քարոզչության երեք հիմնական պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը. կարգավորման ներկա ծրագիրը ո՛չ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է պարունակում, ո՛չ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ ապահովում, ո՛չ էլ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորություն նախատեսում: Այս էական տարրերի բացակայությունը նշանակում է, որ սկզբնապես որպես կարգավորման փաթեթային տարբերակ մտահղացված Մադրիդյան առաջարկը վերածվել է զուտ փուլային տարբերակի: Այսինքն, Հայաստանի իշխանությունները, երկար դեգերումներից ու խարխափումներից հետո, վերադարձել են տասը տարի առաջ իրենց կողմից կտրականապես մերժված եւ պարտվողական համարված տարբերակին, ինչը խոստովանելու քաջություն նրանք, բնականաբար, չունեն:

Հարց է առաջանում. եթե պիտի վերադառնայիք փուլային տարբերակին, ապա ինչի՞ համար էր այս տասը տարվա կորուստը, իր բոլոր բացասական հետեւանքներով՝ Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության նվազում, ուժերի հարաբերակցության փոփոխություն հօգուտ Ադրբեջանի, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի թուլացում եւ այլն: Բայց սա հարցի միայն մի կողմն է: Մյուս, ավելի ցավալի կողմն այն է, որ 1997թ. փուլային տարբերակը հայկական կողմի համար շատ ավելի նպաստավոր էր, քան այսօրվա լուծումը, թեկուզ միայն շնորհիվ այն բանի, որ նրանում հստակորեն երաշխավորված էր միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը եւ խոսք չկար ադրբեջանցի փախստականների բուն Ղարաբաղ վերադառնալու մասին:

Ի՞նչ պատճառով է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հասել այսօրվա անմխիթար վիճակին: Առաջին եւ գլխավոր պատճառն, անշուշտ, Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի դուրսմղումն է այդ գործընթացից: Քաղաքական գործիչներից ու իշխանամետ քաղաքագետներից շատերը թերագնահատում են այս փաստի նշանակությունը, իսկ ոմանք՝ նաեւ աղավաղում նրա էությունը, այն հանգեցնելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցելու կամ չմասնակցելու հարցին: Այնինչ հակամարտության կողմ լինելու իրողության էությունը ոչ թե այդ ֆորմալ հանգամանքն է, այլ այն, որ մինչեւ 1998 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց մշակած գրավոր առաջարկները, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, ներկայացրել են նաեւ Ղարաբաղին, ինչը նշանակում է, որ վերջինիս համաձայնությունը պարտադիր էր կարգավորման որեւէ տարբերակի իրագործման համար: Այլ կերպ ասած, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը լիովին իրավահավասար սուբյեկտներ էին՝ օժտված վետոյի իրավունքով: Երբ այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացից հեռու մարդիկ, ներելի է, իսկ երբ չի հասկանում կամ ձեւացնում է, թե չի հասկանում Վարդան Օսկանյանը, դա արդեն տարօրինակ է, եթե չասենք՝ անբարոյական:

Վերջին գրավոր առաջարկը, որ ներկայացվել է Ղարաբաղին, այսպես կոչված, «Ընդհանուր պետության» տարբերակն է: Դրանից հետո մշակված առաջարկները՝ Քի-Վեստյան եւ Մադրիդյան տարբերակները, ներկայացվել են միայն Ադրբեջանին եւ Հայաստանին: Այսինքն, 1999 թվականից սկսած, Ղարաբաղը դե ֆակտո դադարել է հակամարտության կողմ լինելուց, թեեւ դե յուրե պահպանում է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովում ձեռքբերված այդ կարգավիճակը: Ողջ դժբախտությունն այն է, որ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որը թերեւս Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը կարելի է համարել, ոտնատակ է արվել ոչ թե համանախագահների կամ Ադրբեջանի, այլ հայկական կողմի, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի եւ Արկադի Ղուկասյանի ջանքերով: Նրանք գործել են բանական հիմնավորում եւ արդարացում չունեցող ճակատագրական սխալ, որի հետեւանքները ծանր են նստելու Հայաստանի եւ Ղարաբաղի վրա:
Ղարաբաղյան հակամարտության մեզ համար ոչ նպաստավոր մոտալուտ հանգուցալուծման մյուս պատճառը, որքան էլ պարադոքսալ թվա, ավազակապետության կողմից Հայաստանի ազգային հարստության սանձարձակ կողոպուտն է, որի մեջ ներքաշված են ինչպես ողջ պետական համակարգը, այնպես էլ քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավը: Ես առիթներ ունեցել եմ կոնկրետ փաստերի հիման վրա հայտարարելու, որ վերջին տասը տարիների ընթացքում բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ իշխանությունների հովանավորությունը վայելող խոշոր ձեռնարկատերերի կողմից հափշտակվել է Հայաստանի ազգային հարստության կեսից ավելին, միլիարդավոր դոլարների հասնող մի գումար, որը մեր հայրենասեր «ընտրյալների» ձեռքով կա՛մ ծախսվել է վայելքների, ցոփությունների ու շքեղությունների վրա, կա՛մ էլ արտահանվել օտար երկրներ: Կարելի է տարակուսել, թե ինչ կապ կա այդ երեւույթի եւ Ղարաբաղի հարցի միջեւ: Կապն ուղղակի եւ ակնհայտ է: Դա ես բացահայտել եմ դեռեւս 2007թ. հոկտեմբերի 26-ի իմ ելույթում, նշելով հետեւյալ պարզ ճշմարտությունը. «Եթե այդ գումարը ներդրվեր Արցախում, ապա վերջինս արդեն անկախ կլիներ»: Անկախության մասին ասվածը թերեւս չափազանցություն է, բայց որ այդ պարագայում Արցախն այսօր բազմամարդ ու ծաղկուն երկիր կլիներ, հետեւաբար, իրադարձությունների վրա ազդող լուրջ քաղաքական գործոն կհանդիսանար, կասկածից վեր է:

Իսկ երրորդ պատճառը, թերեւս կարիք էլ չկա հիշեցնելու, Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելու իրողությունն է, ինչը նրան ստիպում է միջազգային հանրությանը հաճոյանալու եւ դրա շնորհիվ որոշ լեգիտիմություն ձեռքբերելու նպատակով անհարկի զիջումներ կատարել թե՛ հայ-թուրքական հարաբերությունների, եւ թե՛ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Որքան էլ փորձենք, այս հարցերում նրա դրսեւորած տարօրինակ վարքագծի այլ բացատրություն դժվար է գտնել: Լեգիտիմության խնդիր չունենալու պարագայում նրան ոչինչ չէր ստիպում հայտարարել, որ սահմանի բացման դիմաց պատրաստ է համաձայնել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը կամ խիստ զիջողական դիրք գրավել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Տպավորություն է ստեղծվում, որ հանուն իր բռնազավթած իշխանության լեգիտիմացման, նա պատանդ է դարձել այնպիսի անխախտելի պայմանավորվածությունների, որոնցից ետ կանգնելու որեւէ հնարավորություն չունի: Ընդ որում, այդ պայմանավորվածություններն, ըստ երեւույթին, ձեռք են բերվել դեռեւս նախագահական ընտրություններից առաջ: Այլապես անհնար է բացատրել միջազգային հանրության ընդգծված հանդուրժողական վերաբերմունքը ինչպես կեղծված ընտրությունների, այնպես էլ մարտի 1-ի ոճրագործության եւ ընդդիմության ու ժողովրդի դեմ կիրառված բռնությունների նկատմամբ:

Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող որոշ ուժերի, մշտապես հայտարարել է, որ կողմ է փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, որպես գլխավոր սկզբունք դիտելով վերջինիս հավասարակշռվածությունը: Փաստերի վերը կատարված վերլուծությունը ցույց է տալիս, սակայն, որ կարգավորման ներկա ծրագրում խախտված է հենց այդ սկզբունքը. Ադրբեջանը ստանում է շատ ավելին, քան Ղարաբաղը եւ Հայաստանը: Այլ կերպ արտահայտված, Սերժ Սարգսյանը, անընդունելի նկատառումներով, գնում է մի լուծման, որը, մեղմ ասած, նպաստավոր չէ հայկական կողմի համար, իսկ ավելի խիստ՝ վտանգի է ենթարկում Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Հնարավո՞ր է, արդյոք, շրջել իրադարձությունների զարգացման ընթացքը կամ ինչ-որ կերպ ազդել նրա վրա: Այս հարցերի քննությանն է նվիրված, ահա, ելույթիս վերջավորությունը:

Իրավիճակից դուրս գալու ելքը

Իրադարձությունների ընթացքն, իհարկե, բոլորովին այլ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, արձագանքելով Կոնգրեսի՝ ժամանակին հնչեցրած ահազանգին, տեր կանգներ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված հակամարտության կողմի իր կարգավիճակին եւ Հայաստանի իշխանություններին արգելեր հանդես գալու իր անունից: Դա չարվեց, եւ, անհարմար վիճակից դուրս գալու համար, Ղարաբաղի ղեկավարությունը բավարարվեց հակամարտության կարգավորման գործընթացում իր մասնակցության անհրաժեշտության մասին արված արտաքուստ սկզբունքային, բայց իրականում դատարկ հայտարարություններով: Ղարաբաղի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները սիրում են տեղի-անտեղի կրկնել, որ հավատում են Սերժ Սարգսյանին եւ համոզված են, որ նա փաստաթուղթ չի ստորագրի կամ, իրենց խոսքով ասած, Ղարաբաղը չի տա: Հավատն, անշուշտ, հարգանքի արժանի զգացում է, բայց, դժբախտաբար, ո՛չ քաղաքական կատեգորիա: Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, հավատաց թուրքերին, բայց դա չխանգարեց, որ վերջիններս հուսախաբ անեն նրան: Ուստի, թող ներվի ասել, ղարաբաղցիների հավատն այս հարցում հավատ չի ներշնչում:

Բանականությունը հուշում է, որ Ղարաբաղի ղեկավարների վարքագծի հիմքում բոլորովին այլ դրդապատճառներ են թաքնված: Սերժ Սարգսյանը չէր կարող ամենայն մանրամասնությամբ նրանց ներկայացրած չլինել կարգավորման ծրագրի ողջ բովանդակությունը: Հետեւաբար, եթե տեղեկացված լինելու պարագայում անգամ, ղարաբաղցիները որեւէ շոշափելի քայլ չեն ձեռնարկում սեփական խնդրի անցանկալի լուծումը կանխելու ուղղությամբ, ապա դա նշանակում է, նրանք համաձայն են այդ լուծմանը: Իսկ եթե, համաձայն չլինելով հանդերձ, չեն ուզում հակադրվել Սերժ Սարգսյանին, ապա դա է՛լ ավելի վատ բան է նշանակում, այն է՝ նրանց համար ավելի կարեւոր է ոչ թե Ղարաբաղի ճակատագիրը, այլ Հայաստանում ղարաբաղյան կլանի իշխանության պահպանումը:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առումով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումը: Եթե անգամ իշխանափոխությունը չհանգեցներ Ղարաբաղյան կարգավորման տրամաբանության արմատական փոփոխությանը, ապա առնվազն նախադրյալներ կստեղծեր էապես բարելավելու ներկայումս քննարկվող ծրագիրը: Լեգիտիմ իշխանությունը հարկադրված չէր լինի անհարկի զիջումներ կատարելու եւ նահանջելու հայկական կողմի երբեմնի ուժեղ դիրքերից, որքան էլ դրանք խարխլված լինեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ապաշնորհ ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով: Իշխանափոխությունն, ըստ այդմ, Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն գործելու եւ նրա վտանգավոր հետեւանքները կանխելու միակ միջոցն է:

Իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով: Առաջին եւ ամենամեղմ ճանապարհը Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականն է: Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանամերձ շրջանակներում շշուկներ են պտտվում, թե անկախ իր պահվածքից ու կատարած հայտարարություններից, միեւնույն է, Սարգսյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, իսկ եթե այնուամենայնիվ հարկադրված լինի ստորագրել, ապա հրաժարական կտա: Պնդողներ կան, որ վերջինս ինքն էլ անձնական զրույցներում բազմիցս հաստատել է Ղարաբաղի խնդրի անընդունելի լուծման պարտադրանքի պարագայում հրաժարական տալու իր մտադրությունը: Այդուհանդերձ, այդ շշուկներն, իմ կարծիքով, հիմքեր չունեն եւ տարածվում են ընդամենը Ղարաբաղի ճակատագրով մտահոգվածների մտավախությունները թեկուզ ժամանակավորապես փարատելու նպատակով: Սերժ Սարգսյանն այնքան է խճճվել իր լեգիտիմության ճանաչման դիմաց միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների ցանցում, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող չստորագրել իրեն առաջարկված վերջնական համաձայնագիրը: Միջազգային հանրությունը բազմաթիվ լծակներ ունի այդ բանը Սարգսյանին թույլ չտալու համար՝ սկսած նրա լեգիտիմության խնդրի եւ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստի արծարծումից, ավարտած նրա դեմ կուտակած վարկաբեկիչ նյութերով, այլ կերպ ասած, կոմպրոմատներով:

Իշխանափոխության մյուս ճանապարհը Սերժ Սարգսյանի հարկադրական հրաժարականն է, որը կարող է տեղի ունենալ համաժողովրդական դժգոհության հզոր ու տեւական ալիքի բարձրացման միջոցով: Ինչպես հանգամանալից քննությամբ փորձել եմ հիմնավորել 2008թ. դեկտեմբերի 21-ի իմ ելույթում, Հայ Ազգային Կոնգրեսը միայնակ ի զորու չէ լուծելու այդ խնդիրը: Ժամանակն ու տեղը չեն ներում կրկնել այդ ելույթի բոլոր փաստարկները: Ցանկացողները կարող են դրանց ծանոթանալ «Վերադարձ» վերնագիրը կրող վերջերս հրատարակված իմ գրքում: Փաստ է, որ Կոնգրեսը Հայաստանի միակ քաղաքական կազմակերպությունն է, որ հստակորեն դրել եւ հետեւողականորեն հետապնդում է Սարգսյանի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման պահանջը: Ուրիշ ոչ ոք առայժմ նման պահանջով հանդես չի եկել: Դա ինչ‑որ կերպ կարելի էր հասկանալ, քանի դեռ իշխանափոխությունը դիտվում էր սոսկ որպես սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված ներքաղաքական խնդիր, որի հետ շատերը կարող էին չհամաձայնել, բայց բոլորովին անհասկանալի է այն պարագայում, երբ ակնհայտորեն դրանից է կախված Լեռնային Ղարաբաղի բախտը:

Ուրեմն, մնում է եզրակացնել, որ ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ էլ Ղարաբաղը մնացյալ քաղաքական ուժերին պետք չեն: Ընդ որում, պետք չեն ոչ միայն իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին, այլեւ համակարգի բարիքներից օգտվող գրպանային քաղաքական կազմակերպություններին, քրեաօլիգարխիկ տնտեսական վերնախավին, հայրենասիրությամբ զբաղվող նոմենկլատուրային մտավորականությանը, գիտությունների ակադեմիայի նախագահությանն ու ակադեմիական ինստիտուտների տնօրեններին, պետական բուհերի ռեկտորներին, ինչպես նաեւ բազմաթիվ լրագրողների ու քաղաքագետների: Ես չեմ ուզում անուններ տալ. դրանք հայտնի են բոլորիդ: Ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ աղաղակ չեն բարձրացնում: Եթե նրանց իսկապես մտահոգում է Ղարաբաղի ապագան, ապա ի՞նչն է խանգարում, որ մի անգամ էլ իրենք փողոց դուրս գան, վրաններ խփեն, շուրջօրյա հանրահավաքներ ու երթեր կազմակերպեն, բանտեր ընկնեն, կանգնեն Հայոց փառապանծ բանակի ու Ղարաբաղից բերված զորքերի արձակած գնդակների առջեւ: Թե՞ կարծում են, որ զրկանքներն ու զոհողություններն ուրիշների բաժինն են, իսկ իրենք կոչված են միայն հայրենասիրություն խաղալու եւ փափուկ կյանք վայելելու:

Հայ Ազգային Կոնգրեսն ապացուցելու կարիք չունի, որ հանուն ժողովրդի իղձերի իրականացման պատրաստ է ցանկացած զոհողության ու զրկանքի: Սակայն դժբախտաբար, մինչեւ բոլոր նշածս ուժերը ոտքի չկանգնեն եւ բացահայտ կերպով Սերժ Սարգսյանից հաշիվ չպահանջեն Ղարաբաղյան կարգավորման բնագավառում վարած կործանարար քաղաքականության համար, Կոնգրեսն իր ջանքերի առավելագույն մոբիլիզացման պարագայում անգամ չի կարող միայնակ կանխել Ղարաբաղին սպառնացող վտանգը: Այս դառը ճշմարտությունը ոմանց կասկածելի է թվում, եւ Կոնգրեսին երբեմն մեղադրում են, թե խուսափելով վճռական գործողություններից, նա սպասում է Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի ձախողմանը, որպեսզի դրանից հետո, ժողովրդական ընդվզման անխուսափելի ալիքի վրա, տիրի Հայաստանի իշխանությանը:

Մի կողմ թողնելով այն հարցը, թե ինչու նման պարագայում Կոնգրեսի քննադատներն իրենք ոտքի չեն հանում ժողովրդին, այդ կասկածներին մեկընդմիշտ վերջ դնելու նպատակով հայտարարում եմ.

ա. Հայ Ազգային Կոնգրեսին Ղարաբաղի կորստյան գնով ձեռքբերված իշխանություն պետք չէ.

բ. Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի.

գ. Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործում ես ինձ համարել եմ ընդամենը գործիք, եւ պատրաստ եմ մինչեւ վերջ կատարել այդ դերը:

Սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց, Կոնգրեսն այսօր չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը, որի մասին ձեզ կտեղեկացվի լրացուցիչ: Կախված այդ ուժերի արձագանքից, մենք ձեզ հետ միասին կորոշենք մեր հետագա անելիքը: Ես ընդհանրապես չեմ սիրում խնդիրներն անձնավորել, բայց երբ անուններ չեն հնչում, բոլորը ձեւացնում են, թե խոսքն իրենց չի վերաբերում: Ուստի եթե արձագանք չլինի, ապա հաջորդ հանրահավաքում, թերեւս, ստիպված լինեմ նաեւ անուններ տալ: Հարկ եմ համարում ավելացնել, որ հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարելու որոշումը պայմանավորված է նաեւ մի այլ ծանրակշիռ հանգամանքով: Ի զարմանս ողջ հասարակության, վերջին մեկուկես տարվա ընթացքում շուրջ հարյուր անգամ մերժելով հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Կոնգրեսի ներկայացրած դիմումները, իշխանությունները հանկարծ մեզ թույլատրել են անցկացնել միանգամից վեց, այն էլ անընդմեջ հանրահավաք: Ի՞նչ կարող է սա նշանակել: Ըստ երեւույթին երկու բան. կա՛մ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի առաջիկա նիստից առաջ, իշխանություններն ուզում են ցույց տալ, թե Հայաստանում վերացված են հանրահավաքների, երթերի ու ցույցերի անցկացման սահմանափակումները, կա՛մ էլ, որ ավելի հավանական է, Սերժ Սարգսյանը ծրագրել է Կոնգրեսին ներքաշել ինչ-որ ստոր խաղի մեջ, որին մենք, բնականաբար, տուրք տալու իրավունք չունենք:

Իսկ այժմ՝ բարի երթ եւ մինչ նոր հանդիպում:

Դիտել լուսանկարներ հանրահավաքից եւ երթից

18 Սեպտեմբեր 2009


2010-07-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում. հուլիսի 17, 2010 թ.

Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,

Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում (լուսանկարը` Գ. Շամշյանի)Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննադատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմնախնդիրների պարզաբանմանը։

Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից։

2010-04-06Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. ապրիլի 6-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱյսօր ես կարճ եմ խոսելու, որովհետեւ իմ ընկերները հանգամանորեն ներկա յացրին սույն հանրահավաքի հետապնդած նպատակը, այն է՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում ընթացող համաժողովի ուշադրության հրավի րումը Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբան տարկյալների առկայության աղաղակող փաստի, ինչպես նաեւ ընդհանրապես ժողո վրդա վարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։

Այնուամենայնիվ, չեմ կարող շրջանցել որոշ ուշագրավ զարգացումներ, որոնց ակա նատեսն ենք վերջին շրջանում։ Դրանցից առաջինը միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, կամ ավելի ճիշտ, արտահայտ չաոճի փոփոխությունն է քաղբանտարկյալների հարցում։ Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտա գործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը։ Անշուշտ, սա մի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ–թուրքական հարաբե րու թյունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով։ Այս վերջին նպատակին են ծառայում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների 2009թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության նախորդ տարվա համեմատ բավականին խստաց ված զեկույցի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մար դու իրավունքների գրասենյակի եւ Եւրոխորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները։

2010-03-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,
 
2010-03-01. Լեւոն Տեր-ՊետրոսյանՕրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցու­թյունը վայելող նրանց հարազատներին ու մերձավոր­ներին։ Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար։ Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը։ Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերա­կանգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով։
 
Այնուամենայնիվ, չնայած համապարփակ ուսումնասիրության պահան­ջին, առիթը հարմար չէ ձեզ ներկայացնելու ո՛չ Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների մանրամասն վերլուծությունը, ո՛չ էլ կատարելու դրանց հետեւանքների, մասնավորապես, իշխանությունների կողմից սանձազերծ­ված լայնամասշտաբ քաղաքական հալածանք­ների եւ դատական խեղկատակությունների քննությունը։ Այդ գործը բավարար չափով արվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Փաստահավաք խմբի, իրավապաշտպան կազմակերպությունների, անկախ քաղաքագետների եւ լրագրողների ջանքերով։ Պա­տա­հական չէ, որ այս շարքում ես չեմ նշում խնդրի առիթով ստեղծված Խոր­հրդա­րանական հանձնաժողովի աշխատանքը, որի նպատակը ճիշտ հակառակն էր, այն է՝ իրականության աղավաղումն ու հանցագործության կոծ­կու­մը։ Հատկանշական է, որ հանձնաժողովի զեկույցն, ըստ էության, այդպես էլ գնահատվեց ոչ միայն մեր հասարակության, այլեւ Եւրոխորհրդի Խորհրդա­րանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից։

2009-11-11Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. նոյեմբերի 11-ի ՀԱԿ ՔաղԽորհրդի ընդլայնված նիստում

Լեւոն Տեր-Պետրոսյան. 2009 թ. նոյեմբերի 11Իմ նախորդ ելույթում (18.09.2009) ես խոստացել էի մի այլ առիթով ավելի հանգամանորեն անդրադառնալ հայ-թուրքական արձանագրություններին։ Կարծում եմ, դրանց ստորագրման արդյունքում հստակեցված ներկա իրավիճակը հարմարագույն առիթն է այդ խոստումը կատարելու համար։ Ես կաշխատեմ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից եւ կատարվածն ու դրա հետեւանքները վերլուծել բացառապես քաղաքական տեսակետից։ Ստիպված եմ միայն զգուշացնել, որ ի հեճուկս մամուլի սպասումների, ելույթս ոչ թե ծրագրային է, այլ բացատրական, թեեւ չեմ ժխտում նաեւ ծրագրային ելույթի անհրաժեշտությունը։

* * *

Եւ այսպես, հակառակ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված բողոքի տպավորիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռքբերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում նրա դրսեւորած անհարկի զիջումը բավական է այս պնդումը անառարկելի համարելու համար, քանի որ որեւէ այլ նկատառումով դա ուղղակի անհնար է բացատրել։ Զարմանալու ոչինչ չկա. կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակ՝ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արեւմուտքից։

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 1

Սիրելի հայրենակիցներ,

2009-09-18_LTerPetrossian.jpgՈւղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի: Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման:

2009-07-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հուլիսի 2-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ անգամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։

2009-06-12Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 12-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։

Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։

2009-06-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

2009-06-01_miting_zhoghovurd.jpgԱյն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին։ Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար։ Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու։ Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում։

2009-05-15Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 15-ի հանրահավաքում

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

2009-05-15_miting_LTP.jpgԹվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում` Երևանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին և արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացքող մտահոգիչ զարգացումներով։

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 1)

«... ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆ ԵՄ ...»

Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

հանդիպում  երիտասարդների հետ. 03.11.2007Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի բացման խոսքով:

Սիրելիներս.

Ինձ համար շատ հաճելի է մասնակցել այս հանդիպմանը: Վաղուց այսքան գեղեցիկ երիտասարդություն չէի տեսել: Հոկտեմբերի 26-ին ես ձեզ տեսա Ազատության հրապարակի հարթակից: Այսօր դուք այստեղ եք` բարեկամական զրույցի համար:

Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում սկսվում է մի նոր շարժում, նոր սերնդի շարժում: 19-17 տարի է անցել 88-90 թվականների մեր առաջին համազգային շարժումից: Փոխվել է սերունդ. նրանք, ովքեր 88 թվականին 10-15 տարեկան էին, այսօր արդեն 30-35 տարեկան են: Ես ընդամենը այդ առաջին շարժման եւ ձեր նոր ձեւավորվող շարժման միջեւ կամուրջ եմ: Նոր շարժումը բոլորովին այլ բովանդակություն ունի, այլ նպատակներ, այլ խնդիրներ: Եւ կարծում եմ` ձեզ պիտի առաջնորդի նախեւառաջ այն, որ սա ձեր շարժումն է: Ես ընդամենը ձեր գործիքն եմ` արտահայտելու համար ձեր կամքը:

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 2)

Սկիզբը` այստեղ

- Պարոն նախագահ, ուզում եմ հարցնել հետագա քայլերի մասին մի քիչ: Ասենք հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ ներկա Սահմանադրությամբ նախագահը իր լիազորությունների մեջ բավականին սահմանափակ է: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը արդեն ընտրված Ազգային Ժողովի հետ, որ դեռ հինգ տարի պետք է գործի:

- Սա լավ հարց է, իսկապես կարեւորագույն հարց, որովհետեւ, ինչպես ասացի` այսօր ավազակապետական իշխանությունը որեւէ հակակշիռ չունի: Եւ օրենսդիր իշխանությունը, եւ դատական իշխանությունը ամբողջությամբ ենթարկված են այդ համակարգի տրամաբանությանը: Սա, ըստ երեւույթին, մեր առջեւ կանգնած ամենակարեւոր հարցն է` իշխանությունների բաժանման, հակակշիռների ստեղծման հարցը: Բայց մենք ունենք ռեալ իրականություն, ունենք այն խորհրդարանը, ինչ ունենք: Ի՞նչ պետք է անի նոր նախագահը: Ինձ թվում է ոչինչ չպետք է անի` պետք է աշխատի այդ խորհրդարանի հետ, քանի որ, ըստ էության, նրա լուծարման մեխանիզմ չկա: Պիտի համոզմունքով, իր խոսքով, իր ծրագրերով կարողանա այնպես անել, որ այդ խորհրդարանը չխանգարի գործադիր իշխանության ներկայացրած օրենքները ընդունելուն: Ես չեմ ասում` նույն ձեւով պիտի կոճակներ սեղմեն եւ ընդունեն այդ օրենքները: Վստահ եղեք, նույնիսկ այդ մարդիկ, որոնք, թվում է, չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, այսօր չեն ուզում օգտագործել իրենց բանականության ռեզերվները, պոտենցիալը, վաղը, ուրիշ պայմանների մեջ լինելով՝ ինձնից ու ձեզնից շատ ավելի շնորքով ելույթներ կունենան եւ շնորքով հարցեր կդնեն` նույն այդ մարդիկ: Ի դեպ, ես գրագողություն եմ անում, այս գաղափարը փոխառել եմ Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածից: Բայց չեմ ուզում ծավալվել: Ինչո՞ւ` որովհետեւ, սա շատ կարեւոր հարց է, եւ դառնալու է ապագա, գուցե ոչ առաջիկա հանրահավաքի` ելույթում իմ մեկնաբանելիք կարեւորագույն հարցերից մեկը: Նոր նախագահը պիտի աշխատի այս խորհրդարանի հետ, որովհետեւ ինչպես ասացի, չկա խորհրդարանը ցրելու մեխանիզմ: Նոր նախագահը պիտի ելնի նրանից, որ խորհրդարանում կա մեծամասնություն եւ այդ մեծամասնության կարծիքի հետ պիտի հաշվի նստի: Ավելին ասեմ, եթե այդ մեծամասնությունն առաջարկի իր վարչապետին` նախագահը այլ բան չի կարող անել, քան համաձայնել դրա հետ: Այսպես է իրականում: Իհարկե, ոչ այն վարչապետին, որ այսօր կա. դրա մասին չէ խոսքը: