ՀԱՅ | ENG | RSS
ANC



Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 12-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։

Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։

Որ մենք գործ ունենք ոչ թե պատահական երեւույթի, այլ հատուկ գործադրվող ծրագրի հետ, ապացուցվում է նրանով, որ քրեական տարրերն աստիճանաբար թափանցում են նաեւ բուն պետական համակարգեր։ Այսպես, գաղտնիք չէ, որ նոր օրենքի համաձայն պայմանագրային հիմունքների անցած ոստիկանության պարեկա-պահակային ծառայությունը համալրվում է հիմնականում այդպիսի տարրերով։ Բացի այդ, տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ քրեական համբավ ունեցող բազմաթիվ անձնավորություններ, մասնավորապես Արտաշատի շրջանից, վերջերս ընդունվել են Ազգային անվտանգության ծառայության շարքերը։ Խոսքն, այսպիսով, վերաբերում է վարչախմբի գլխավոր հենարանի վերածվող փողոցային բանդաների օրինականացմանը, ինչը նրանց հնարավորություն կտա գործելու ավելի սանձարձակ եւ օրենքի լիակատար պաշտպանության տակ։ Խոսքն, ավելի կարճ, վերաբերում է համազգեստավոր քիլերների ինստիտուտի ձեւավորմանը, որը վարչախմբին անհրաժեշտ է ոչ միայն ընդդիմության դեմ օգտագործելու, այլեւ սեփական ճամբարում ժամանակ առ ժամանակ հայտնվող անհնազանդներին պատժելու համար։ Այնպես որ, գալու է մի պահ, երբ նույնիսկ ավազակապետություն բառը եւֆիմիզմ է թվալու, քանի որ երկիրը կամաց-կամաց վերածվում է խուժանապետության։

* * *

Սերժ Սարգսյանի մտածելակերպի մասին ձեզ ամբողջական ու լիարժեք պատկերացում տալու համար ես ուզում եմ որոշ մեջբերումներ կատարել Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի առթիվ մայիսի 27-ին հրապարակած նրա շնորհավորական ուղերձից. «Մենք որպես ազգ ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջեւ եւ ազգովին լուծել, իսկ դրա համար անհրաժեշտ են հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն։ ...Մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում։ Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում եւս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուրժողականությունը, տիրապետում են կրքերը»։

Այս հուզիչ տողերն ընթերցելիս, իմ առաջին տպավորությունն այն էր, որ լսում եմ Ձիթենյաց լեռան քարոզը, բայց դժբախտաբար ոչ թե Քրիստոսի, այլ Հուդայի շուրթերից։ Ներքին համաձայնության, փոխադարձ հարգանքի, մեծահոգության, ներողամտության, բարության եւ հանդուրժողականության մասին խոսում է մի մարդ, որը նախագահի գահին բազմել է ժողովրդի կամքի բռնի ոտնահարմամբ, սառնասրտորեն գնդակահարել տասը խաղաղ ցուցարարի, հարյուրավոր ազնիվ քաղաքացիների շինծու քրեական գործերով բանտ նետել՝ միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բողոքել վարչախմբի եւ անձամբ իր ապօրինությունների դեմ։

Իսկ երբ վերը նշված գեղեցիկ խոսքերն արտասանելուց ընդամենը չորս օր անց Սերժ Սարգսյանը կազմակերպեց Հայաստանի պատմության մեջ արձանագրված, թերեւս, ամենախայտառակ ընտրությունները, ապա հուդայականության մասին ակնարկն ամենեւին չափազանցություն չպետք է թվա։ Հատուկ ուշադրության է արժանի նաեւ «անհանդուրժողականություն» եւ «չարացածություն» բառերի սարգսյանական ընկալումը։ Ըստ նրա՝ իշխանություններն իրավունք ունեն կեղծել ընտրությունները, գնդակահարել խաղաղ ցուցարարներին, զնդանել անմեղ մարդկանց, թալանել երկիրը, ոչնչացնել ժողովրդավարական ազատությունները, իսկ երբ դրանց դեմ բողոքում են, ահա, դա համարել «անհանդուրժողականություն» եւ «չարացածություն»։ Էլ ի՞նչ անուն նա կարող էր տալ ճորտի բողոքի արտահայտություններին՝ ճորտի կամ ստրուկի, որպիսին նա համարում է մեր ժողովրդին։

Սարգսյանի ուղերձին կսազեր նաեւ «արդարամտություն» բառը, որը սխալմամբ նա չի օգտագործել, բայց որն իր լիարժեք մարմնավորումը պիտի ստանար Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու մասին նրա կարգադրության մեջ՝ կարգադրություն, որն, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարտի 1-ի ոճրագործության կոծկման բարձրագույն հրահանգ։ Զարմանալի հատկություն է դրսեւորում նրա «արդարամտությունը». այն տարածվում է միայն դահիճների, մարդասպանների, ընտրակեղծարարների, ավազակների ու կաշառակերների վրա։ Ի դեպ, ձեռքի հետ Սերժ Սարգսյանը ոչնչացրեց կամ հիմնովին փչացրեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը՝ Փաստահավաք խմբի լուծարման տխրահռչակ գործն իրականացնելով վերջինիս միջոցով։

«Ազգընտիրը» մոռացել է իր ուղերձում հիշատակել նաեւ «վեհանձնություն» բառը։ Բայց այս անգամ դա տեղի է ունեցել ոչ պատահաբար, ինչի գաղտնիքը բացահայտվում է համաներման հարցում նրա դրսեւորած անվայել պահվածքով։ Մարդը, կարծես-թե, բոլորովին անընդունակ է զգալու իր զբաղեցրած պաշտոնի վեհությունը, եւ ի վիճակի չէ կատարելու որեւէ լավ գործ, առանց դրա մեջ, իր լեզվով ասած, «մունդառություն» խառնելու։ Ավելի պատկերավոր, քան Պարսից շահերից մեկի հետ կապված հետեւյալ ավանդությունը, չի կարող լուսաբանել տվյալ երեւույթը։ Երբ շահը շրջագայում է իր երկրում, մի գյուղացի մոտենում է նրան ու խնդրում. «Փադիշահ, խեղճ, անտուն, տասներկու երեխայի տեր մարդ եմ, ինձ մի տուն նվիրիր»։ Շահը, ձիու վրայից նայելով ծնկաչոք գյուղացուն, ասում է. «Այս ամբողջ գյուղը քեզ»։ Այնժամ վեզիրը դառնում է շահին ու բողոքում. «Բայց, փադիշահ, նա ընդամենը մի տուն ուզեց»։ Շահը պատասխանում է. «Մարդն իր խեղճության գյորա խնդրեց, իսկ ես պարտավոր եմ իմ վեհության գյորա շնորհ անել»։ Ինչեւէ, Սերժ Սարգսյանի մտածելակերպի, կամ իր սիրած բառով՝ մենթալիտետի, քննությունը թողնենք հոգեվերլուծաբաններին ու առաջ անցնենք։

* * *

Իսկ այժմ դառնանք Սերժ Սարգսյանի հզոր հովանավորին կամ «կռիշային»՝ մեր սիրելի Արեւմուտքին։ Բայց մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ ձեզ ներկայացնել մի հետաքրքիր դրվագ՝ եւրոպացի դիվանագետներից մեկի հետ վերջերս ունեցած իմ զրույցից։ Երբ դիվանագետը բազմիցս հավաստիացրեց, թե իր երկիրն անկեղծորեն շահագրգռված է օգնած լինել Հայաստանին, ես փորձեցի ճշտել՝ Հայաստան ասելով, նկատի ունի մեր երկրի իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին։ Նա, անշուշտ, հասկացավ իմ ակնարկը, բայց դիվանագիտորեն ու մի փոքր նյարդայնացած կրկնեց, որ իր երկրին ուզում է օգնած լինել Հայաստանին։

Ամբողջ խնդիրն այն է, որ երրորդ աշխարհի երկրներին Արեւմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ հռետորական դատարկաբանություններին, Արեւմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացությունները գոյություն չունեն։ Ամեն ինչ ենթարկվում է գեոպոլիտիկայի եւ տնտեսական շահերի տրամաբանությանը։ Երբ ռեժիմներն սպասարկում են այդ տրամաբանությանը, նրանք ստանում են Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, անկախ այն բանից, թե ինչպիսի չարիքներ են գործում սեփական երկրներում։ Իսկ երբ այդ ռեժիմները խախտում են նշված տրամաբանությունը, նրանք Արեւմուտքի կողմից ենթարկվում են խստագույն պատիժների։ Դժբախտությունն այն է, սակայն, որ երկու դեպքում էլ գլխավորապես տուժում են ժողովուրդները։

Այն ամենն, ինչ ասվեց երրորդ աշխարհի երկրների ռեժիմների եւ ժողովուրդների մասին, հավասարապես տարածվում է նաեւ Հայաստանի վրա։ Արեւմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն՝ մարդասպանների, ավազակների եւ ընտրակեղծարարների բարեկամն է, եւ որպես այդպիսին, ուղղակի մեղսակցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման երեւույթների արմատավորման գործում։ Դա ապացուցելու համար հեռուն գնալու կարիք չկա։ Բավական է հիշել վերջին մեկուկես տարվա ընթացքում Արեւմուտքի դրսեւորած վրդովեցուցիչ անտարբերությունը Հայաստանում տեղի ունեցող անօրինական ընտրությունների, ոստիկանական ու հարկային բռնությունների, քաղբանտարկյալների առկայության, ժողովրդավարական ազատությունների ոչնչացման աղաղակող փաստերի նկատմամբ, եւ դրա կողքին՝ նրա գորովալից ու հովանավորչական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հանդեպ։

Դա ի հայտ եկավ նաեւ վերջին, քաղաքապետարանական ընտրություններում։ Եւրոխորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի 15 հոգուց բաղկացած խղճուկ առաքելությունը, քվեարկության օրը ժամերով կերուխում անելուց հետո, այդ ընտրությունները գնահատեց որպես եւրոպական չափանիշներին համապատասխան, եւ իր պարտքը կատարածի գոհունակությամբ հեռացավ Հայաստանից։ Քվեարկության ընթացքը շատ ավելի ուշադիր դիտեցին Արեւմտյան երկրների երեւանյան դեսպանատների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք, սակայն, ի տարբերություն վերը նշված առաքելության, առայժմ չեն հրապարակել իրենց կարծիքը։ Տեղյակ ենք, որ վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր մոտ է հրավիրել Եւրոմիության երկրների դեսպաններին ու հորդորել, որ նրանք զերծ մնան ընտրությունների մասին բացասական գնահատական տալուց, որովհետեւ դա կապակայունացնի մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եւ կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղության գործընթացին։ Նալբանդյանը միամիտ է, քանի որ առանց նրա հորդորի էլ դեսպանները խոհեմաբար լռելու էին՝ դա պատճառաբանելով Հայաստանի ներքին գործերին չխառնվելու իրենց պարտավորությամբ եւ տարածաշրջանային կայունության ու անվտանգության «վեհ» նկատառումներով։ Իսկ այդ «վեհ» նկատառումներն էլ, հասկանալի է, ոչ այլ ինչ են, եթե ոչ Ցեղասպանության ուրացման գնով ձեռքբերվելիք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Ղարաբաղի հարցում Հայաստանից նոր զիջումներ կորզելու ակնկալիքը։ Հենց դա է, որ թափանցիկ կերպով ակնարկել է Նալբանդյանը, հերթական անգամ բացահայտելով Հայաստանի հանցավոր վարչախմբի դավաճանական մտադրությունները։

Որոշ արեւմտյան դիվանագետներ ու քաղաքական գործիչներ երբեմն մեր երեսով են տալիս, որ խստորեն քննադատելով Արեւմուտքին, մենք ոչ մի կծու խոսք չենք ասում Ռուսաստանի մասին։ Բացատրեմ, թե ինչու։ Թե՛ նախագահական, թե՛ քաղաքապետարանական ընտրությունների ընթացքում Ռուսաստանը բացարձակապես չի խառնվել մեր երկրի ներքին գործերին. Ռուսաստանն, ի տարբերություն Արեւմուտքի, երբեւէ չի ասել, որ Հայաստանն արժանի է Սերժ Սարգսյանի պես նախագահի. եւ վերջապես, Ռուսաստանը ոչ մի անգամ մեր երկրում ժողովրդավարության հաստատմանն աջակցելու փարիսեցիական հավաստիացումներ չի տվել եւ իր մտադրությունները չի քողարկել «վեհ» նկատառումներով։ Հետեւաբար, մենք Ռուսաստանին չենք քննադատում ոչ թե նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու, այլ այն պատճառով, որ Հայաստանի պարագայում նրա խոսքի ու գործի միջեւ տարբերություն չենք նկատում։

Ոմանք նաեւ դժգոհում են, որ մենք երբեմն քննադատությունը տեղափոխում ենք բարոյական հարթություն եւ ժողովրդի մեջ կասկածներ սերմանում արեւմտյան երկրների քաղաքական գործիչների ազնվության նկատմամբ։ Բացատրեմ նաեւ սա։ Վերջերս պատահաբար Եւրոնյուզից տեղեկացա, որ սոցիոլոգիական հարցումներից մեկի համաձայն՝ հարցվածների 86%-ը չի հավատում Եւրոմիության երկրների քաղաքական գործիչների ազնվությանը։ Է՛հ, եթե իրենց ժողովուրդները չեն հավատում, մենք ինչու պիտի հավատանք։

Այս ամենն ասվում է ոչ թե Արեւմուտքի վարքագծի վրա ազդելու հավակնությամբ կամ նրանից ակնկալիքներ ունենալու մտքով։ Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ Արեւմուտքի հասցեին հնչող քննադատության զորությանը՝ մի ասպարեզ, որում ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։ Միեւնույն է, այդ քննադատությունից Արեւմուտքի վարքագիծը մազաչափ անգամ չի փոխվելու, եւ նա շարունակելու է անել այն, ինչը մինչեւ հիմա արել է։ Արեւմուտքի մասին իմ դատողությունները նորություն կամ հայտնագործություն չեն։ Վերը նշված իրողություններին շատ ավելի հիմնավոր կերպով անդրադարձել են թե՛ երրորդ աշխարհի երկրների հազարավոր ներկայացուցիչներ, թե՛ նաեւ եւրոպացի ու ամերիկացի բազմաթիվ անաչառ քաղաքագետներ, պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ։

Մեկ տարուց ավելի անդադար խոսելով Արեւմուտքի մասին, ես իմ առջեւ ոչ թե նրան դատապարտելու կամ խրատելու, այլ բոլորովին այլ խնդիրներ էի դրել, այն է՝

1. որ հայ ժողովուրդը վերջնականապես թոթափի Արեւմուտքի «արդարամտության» հետ կապված սին պատրանքները.

2. որ Արեւմուտքը հայ ժողովրդին ցածր ռասայի կամ ապուշի տեղ չդնի, ու իմանա, որ մենք ամեն ինչ հասկանում ենք.

3. որ Արեւմուտքի հանդեպ թերահավատությունը չտարածվի արեւմտյան կամ համամարդկային արժեքների վրա, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը հավաստել է իր անսասան հավատարմությունը։

Ուստի ես ձեզ կառաջարկեի ո՛չ ակնկալիքներ ունենալ, ո՛չ էլ նեղանալ Արեւմուտքից, այլ ընդունել այն, ինչպես որ կա, եւ նույնիսկ հումորով վերաբերվել նրան։ Մխիթարվենք, թերեւս, այն իրականությամբ, որ իշխանությունների հանդեպ վստահության ճգնաժամը գուցե ավելի խորն է Եւրոպայում, քան Հայաստանում, եւ դրանով ընդհանրապես փակենք Արեւմուտքի թեման։ Իմ կողմից խոստանում եմ՝ այլեւս երբեք չանդրադառնալ այդ անհետաքրքիր թեմային։

* * *

Քաղաքապետի ընտրություններից հետո բավականին մոդայիկ են դարձել այն խոսակցությունները, որ Հայ Ազգային Կոնգրեսին անհրաժեշտ է ընդլայնել իր դաշնակիցների շրջանակը եւ համագործակցության եզրեր որոնել մնացյալ ընդդիմադիր ուժերի հետ։ Գաղափարը միանգամայն ճիշտ է եւ վիճարկման ենթակա չէ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, այն որոշ պարզաբանումների կարիք ունի։

Նախ եւ առաջ, Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ ընդդիմադիր դաշտում ամբողջատիրություն հաստատելու կամ մյուս քաղաքական ուժերին իր մեջ ձուլելու մտադրություն չի ունեցել եւ այսօր էլ չունի։ Գլխավորը մեզ համար եղել եւ մնում է ոչ թե կառուցվածքային միատարրությունը, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից երկրի եւ ազգի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծման անհրաժեշտության ընդհանուր գիտակցությունը։
Կոնգրեսը կամ նրան նախորդած Համաժողովրդական շարժումը երբեւէ չի հրաժարվել ընդդիմադիր որեւէ ուժի հետ համագործակցությունից։ Ավելին, որպես կանոն, ինքն է եղել համագործակցության համարյա բոլոր փորձերի նախաձեռնողը։ Հիշենք, թեկուզ, նախագահական ընտրությունների նախօրյակին մեր վարած բանակցությունները Դաշնակցության, Օրինաց երկրի, Ազգային միաբանության, Ժառանգության, Նոր ժամանակների, ԱԺՄ-ի եւ քաղաքական այլ ուժերի հետ։ Անկախ արդյունքից, անժխտելի է, որ բանակցությունների փաստն ինքնին երկխոսության որոշ մթնոլորտ ստեղծեց եւ քաղաքական մշակույթի նոր տարրեր մտցրեց երկրի կյանքում։

Թվարկված կուսակցություններից երկուսը՝ Ժառանգությունը եւ Նոր ժամանակները միացան Համաժողովրդական շարժմանը եւ նախագահական ընտրություններում սատարեցին նրա առաջադրած թեկնածուին։ Մնացյալները նախընտրեցին լքել ընդդիմադիր դաշտը եւ ապաստանել իշխանական ճամբարում։ Հետագայում, երբ ձեւավորվեց Հայ Ազգային Կոնգրեսը, Ժառանգությունը եւ Նոր ժամանակները հարմար չգտան ընդգրկվել նրա կազմում՝ շարունակելով իրենց անկախ ընդդիմադիր գործունեությունը։ Դրանով հանդերձ, Կոնգրեսի եւ Ժառանգության համագործակցությունն ամենեւին չդադարեց, ինչի ցայտուն վկայությունն են մասնավորապես նրանց բազմաթիվ համատեղ հայտարարությունները եւ Փաստահավաք խմբում ծավալած արդյունավետ գործունեությունը։

Իսկ ընդհանրապես ամենեւին կարեւորություն չպետք է տալ համագործակցության ձեւական կողմին։ Երբ տարբեր ընդդիմադիր կուսակցություններ կամ քաղաքական ուժեր, ընդհանուր շահի գիտակցությամբ, թեկուզ իրարից անկախ, պայքարում են իշխանությունների դեմ, նրանք ինքնաբերաբար դառնում են բնական դաշնակիցներ եւ ուժեղացնում միմյանց։ Այդպես է, ահա, Հայ Ազգային Կոնգրեսի եւ Ժառանգության պարագայում։ Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, մասնավորապես Դաշնակցությանը եւ Բարգավաճ Հայաստանին, ապա նրանք դեռ ընդդիմություն պիտի դառնան, որպեսզի նրանց հետ համագործակցելու անհրաժեշտությունից խոսվի։ Թեեւ հարկ է ճշտել, որ Դաշնակցությունը, կարծես-թե, արդեն բռնել է այդպիսին դառնալու ճանապարհը, ինչն, անշուշտ, երկխոսության դուռ կարող է բացել։

Ինձ համար անհասկանալի է ընդդիմության դաշտում առաջացած հրմշտոցը։ Այդ դաշտն այնքան ընդարձակ է, որ կարող է տեղավորել բոլորին։

Վերջին հաշվով, քաղաքական որեւէ ուժի ետեւից գնալու որոշումը պատկանում է ժողովրդին։ Հայ Ազգային Կոնգրեսը, կայացած փաստ լինելով, ինքնահաստատման խնդիր չունի։ Մենք պատրաստ ենք ընդդիմության դաշտում գրկաբաց ընդունել ցանկացած կուսակցություն՝ չվախենալով մրցակցությունից եւ բաց չթողնելով համագործակցության որեւէ առիթ։ Հասարակության մեջ վհատություն ու հուսահատություն սերմանողները կամ ընդդիմության դաշտը պառակտել փորձողները՝ մի կողմից ակամա (չեմ ուզում կարծել՝ թե դիտավորյալ) ծառայություն են մատուցում իշխանություններին, մյուս կողմից՝ իրենց դատապարտում են մարգինալացման։ Կոնգրեսն իր պարտքն է համարում ամեն ինչ անել այդ պառակտումը թույլ չտալու համար եւ համագործակցության ձեռք է մեկնում բոլոր ընդդիմադիր ուժերին։

* * *

Ի՞նչ կարելի է ասել մայիսի 31-ին կայացած Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին։ Այսօր որոշ լրագրողներ, քաղաքագետներ ու նույնիսկ քաղաքական գործիչներ լուրջ ջանքեր են գործադրում հանգամանալից վերլուծության ենթարկելու այդ ընտրությունների հրապարակված արդյունքները եւ հեռուն գնացող եզրակացություններ կատարելու քաղաքական դաշտի վերադասավորումների վերաբերյալ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե իշխանական եւ իշխանամետ ճամբարից հնչող անհեթեթություններին, որոնք կարելի է ընդհանրապես հաշվի չառնել, այլ անկախ եւ ընդդիմադիր շրջանակներում արտահայտվող տրամադրություններին։ Ամենազավեշտականն այն է, որ փորձ է արվում բացահայտել ու մատնանշել տասնյակ պատճառներ, որոնք հանգեցրել են ընտրությունների պաշտոնական արդյունքներին։

Իսկ դա զավեշտական ու միաժամանակ անիմաստ զբաղմունք է, առաջին հերթին, այն պատճառով, որ անհնար է տեղի ունեցածը որեւէ չափանիշով ընտրություն համարել։ Իրականությունը հիշեցնում է հայտնի միջնադարյան անեկդոտի բովանդակած իմաստությունը։ Երբ մի գյուղ այցելած եպիսկոպոսին հավուր պատշաճի, այսինքն՝ եկեղեցու զանգերի ղողանջյունով չեն դիմավորում, տեղի քահանան արդարանում է, ասելով, որ դրա համար քառասուն պատճառ կա։ Եպիսկոպոսի խնդրանքին՝ թվարկելու դրանք, քահանան պատասխանում է. «Նախ եւ առաջ զանգ չունենք»։ «Բավ է, որդյակս»,- ասում է եպիսկոպոսն ու անցնում առաջ։

Ըստ այդմ, ավելորդ է խոսել ընտրությունների արդյունքների, դրանց հանգեցրած պատճառների ու քաղաքական հետեւանքների մասին, քանի որ, ինչպես հիշված անեկդոտում, «Նախ եւ առաջ ընտրություն չի եղել»։ Ընտրությունը ոչ թե միջոցառում է, այլ ժողովրդի կամքի ազատ արտահայտություն։ Իսկ միայն խելագարը կամ բարոյազուրկ մարդը կարող է տեղի ունեցածը ընտրություն կամ ժողովրդի կամքի արտահայտություն համարել։ Տեղի ունեցածը Հայաստանի ավազակապետական վարչախմբի ձեռքով եւ Արեւմուտքի թողտվությամբ իրականացած կատարյալ բանդիտիզմ էր, որը եթե եւրոպական չափանիշներով մի քայլ առաջ էր նախագահական ընտրությունների համեմատ, ապա միայն նրանով, որ այս անգամ իշխանությունները տասը մարդ չգնդակահարեցին։

Հետեւաբար, չլինելով ժողովրդի կամքի ազատ արտահայտությունը, քաղաքապետի ընտրությունները չեն կարող հիմք տալ որեւէ եզրակացություն անելու ինչպես քաղաքական ուժերի իրական հարաբերակցության, այնպես էլ քաղաքական դաշտում սպասվող վերադասավորումների մասին։ Հապշտապ, հախուռն եզրակացություններն ու գնահատականները, բախվելով իրականությանը, կարող են անհարմար վիճակի մեջ դնել դրանց հեղինակներին ու վտանգել նրանց հեղինակությունը։ Ուստի մեր բոլոր համակիրներին ու ընդդիմադիր դաշտի գործիչներին ես կհորդորեի, շարունակելով հանդերձ ընտրությունների կեղծման եւ բռնությունների կիրառման փաստերի բացահայտումը, զերծ մնալ անիմաստ վերլուծություններից եւ չներքաշվել ավելորդ բանավեճերի մեջ, քանի որ դրանով նրանք կարող են կողմնակիորեն նպաստել այդ խայտառակ ընտրությունները լեգիտիմացնելու գործին։

Ընդդիմությունը, ի մասնավորի Հայ Ազգային Կոնգրեսը, անհանգստանալու կամ մտահոգվելու տեղիք կունենար, եթե ընտրությունների արդյունքները որեւէ կապ ունենային իրականության հետ։ Թող պարադոքսալ չհնչի, մենք այս ընտրություններից դուրս ենք եկել ավելի զորացած, քանի որ մեկամսյա քարոզարշավի ընթացքում մեզ հաջողվել է Շարժման գաղափարները տարածել հասարակության նորանոր շերտերում եւ ստեղծել նվիրյալ ակտիվիստների ավելի հզոր մի բանակ։ Առիթից օգտվելով, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոնգրեսը ներկայացնող բոլոր վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների անդամներին եւ հասարակական կազմակերպությունների դիտորդներին ու լրագրողներին՝ անհավասար պայքարում դրսեւորած գրագետ, սկզբունքային, մինչեւ իսկ հերոսական կեցվածքի համար։

Ավազակախումբը կարող է խրախճանքներ կազմակերպել ու տոնել սեփական ժողովրդի դեմ տարած իր հերթական հաղթանակը։ Իսկ հասարակությունը պարտավոր է գիտակցել, որ այդ հաղթանակը ձեռք է բերվել երկիրը հիմնովին քրեականացնելու, ժողովրդի զգալի մասին վերջնականապես ճորտացնելու եւ արտաքին մարտահրավերների հանդեպ Հայաստանն ավելի խոցելի դարձնելու գնով։ Եւ շատ շուտով գալու է այդ գինը վճարելու ժամանակը, որից տուժելու է ոչ այնքան իշխանությունը, որքան նույն ինքը ժողովուրդը։

* * *

Ասվածից հետեւում է, որ չկայացած ընտրությունների պատճառով Հայ Ազգային Կոնգրեսն իր ծրագրերը, մեթոդները եւ գործելակերպը վերանայելու կամ էապես փոխելու կարիք չունի։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ քաղաքական պայքարի սահմանադրական ուղուն, որն իրեն լրիվ արդարացրել է՝ մեկուկես տարվա ընթացքում Կոնգրեսը վերածելով լիովին կայացած, ինստիտուցիոնալ քաղաքական ուժի։ Եւ դա՝ հակառակ մարտի 1-ի ահավոր սպանդի, Համաժողովրդական շարժման դեմ կիրառված լայնածավալ բռնությունների ու մեր բազմաթիվ ընկերների բանտարկության։

Թե՛ Հայաստանի քրեական իշխանությունները, թե՛ ընդդիմության անհեռատես տարրերը, եւ թե՛ արեւմտյան որոշ շրջանակներ երջանիկ կլինեին, եթե մենք շեղվեինք պայքարի սահմանադրական եղանակներից ու բռնեինք բռնության եւ ապօրինի գործողությունների ճանապարհը։ Դա ոչ միայն չէր նպաստի քաղբանտարկյալների խնդրի լուծմանը, այլեւ կարդարացներ նրանց նկատմամբ գործվող ապօրինություններն ու կերկարաձգեր նրանց ազատազրկումը։ Դա նաեւ մեզ ամենեւին չէր մոտեցնի մեր գլխավոր նպատակի՝ ավազակապետության տապալման եւ սահմանադրական կարգի վերականգնման իրականացմանը։ Եւ վերջապես, դա կլիներ ընդդիմությունը ջախջախելու ամենակարճ ճանապարհը։

Այսպես կոչված վճռական գործողությունների, գրոհի կամ ապստամբության մասին մեր տեսակետը ես մանրամասն ներկայացրել եմ մարտի 1-ի հանրահավաքում ունեցած իմ ելույթում, որին ավելացնելու բան չունեմ։ Հոգեբանական ճնշումներով, անվճռականության մեջ մեղադրանքներով Կոնգրեսին հավասարակշռությունից հանել հնարավոր չէ։ Այլ կերպ մտածողները թող բարի լինեն՝ իրենք ցույց տան սեփական վճռականությունը եւ փորձեն ժողովրդին առաջնորդել իրենց նախընտրած ճանապարհով։ Որեւէ մտավախություն չունեմ, որ ժողովուրդը կգնա արկածախնդիրների ետեւից, իսկ Կոնգրեսը կկորցնի զանգվածների վրա ունեցած իր ազդեցությունը։

Ավելի վճռական գործունեություն, քան օրինականության շրջանակներում մեկուկես տարի շարունակ Կոնգրեսի մղած հետեւողական պայքարը, դժվար է պատկերացնել։ Եւ այդ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացել մեր բոլոր նպատակները, քանի դեռ ավազակապետությունը չի կազմաքանդվել, եւ քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հեռացել Հայաստանից։ Քաղաքապետի ընտրությունների առթիվ իշխանությունների խրախճանքներն ու տոնախմբությունները շուտով կավարտվեն, եւ նրանք իրենց կգտնեն երկրի առջեւ ծառացած անլուծելի խնդիրների դառը իրականության առջեւ։ Ընտրագողությունից ու բռնությունից բացի, նրանք չունեն իրենց դիրքերն ամրապնդելու որեւէ այլ ռեսուրս եւ ի վիճակի չեն լուծելու առկա խնդիրներից ոչ մեկը՝ լինի դա տնտեսության, թե արտաքին քաղաքականության բնագավառում։ Որ ներկա իշխանությունը տապալվելու է եւ Սերժ Սարգսյանը չի դիմանալու մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, կասկածից վեր է։ Այնպես որ, մենք շտապելու տեղ չունենք, քանի որ ժամանակն աշխատում է մեր օգտին։ Ուստի մեր հաջորդ հանրահավաքը մենք նախատեսում ենք անցկացնել սեպտեմբերի 18-ին, չբացառելով անշուշտ, անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։

* * *

Ձեզ հրաժեշտ տալուց առաջ, սակայն, ուզում եմ եւս մեկ անգամ կարեւորել քաղաքական կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը եւ անառարկայական չթվալու համար՝ ընդդիմադիր ուժերին առաջարկում եմ միավորվել հետեւյալ պլատֆորմի շուրջ.

1. Վիժեցնել Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման դավադիր ծրագրի իրականացումը.

2. Իշխանություններին թույլ չտալ անհարկի զիջումների գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում.

3. Վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի սահմանած կարգավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.

4. Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ հարկային տեռորի զոհ դարձած գործարարներին.

5. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով, կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով.

6. Լիովին բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին.7. Արմատապես վերափոխել ընտրական համակարգը՝ մասնավորապես, վերացնել բազմակուսակցական ընտրական հանձնաժողովները եւ ընտրությունների անցկացման պատասխանատվությունը դնել Ոստիկանության կամ Արդարադատության նախարարության վրա. կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով այսուհետեւ բոլոր ընտրություններում կիրառել մատների թանաքոտման պրակտիկան.

8. Վերացնել տնտեսական մոնոպոլիաները եւ հարկային դաշտ բերել բոլոր խոշոր ձեռնարկատերերին.

9. Կատարել Եվրոդատարանի վճիռն ու ԵԽԽՎ բանաձեւերի պահանջը, եւ անհապաղ վերաբացել Ա1+ հեռուստակայանը.

10. Դադարեցնել երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ապօրինի խոչընդոտման հանցավոր պրակտիկան.

11. Անցկացնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ.

12. Պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։

Ահա այն պլատֆորմը, որի շուրջ Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Թյուրիմացություններից խուսափելու համար ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի, այլ քաղաքական պլատֆորմի կամ գործողությունների ծրագրի շուրջ միավորվելուն։ Ավելորդ է նշել, իհարկե, որ այս պլատֆորմը նախնական ու զուտ աշխատանքային է, որը, շահագրգիռ ուժերի հետ քննարկումների արդյունքում, ենթակա է փոփոխությունների ու լրացումների։ Կարծում եմ, ամառը լիովին բավարար ժամանակ է այդ հույժ անհրաժեշտ աշխատանքը կատարելու համար։

Մինչ նոր հանդիպում։

12 Հունիս 2009


2010-07-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում. հուլիսի 17, 2010 թ.

Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,

Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում (լուսանկարը` Գ. Շամշյանի)Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննադատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմնախնդիրների պարզաբանմանը։

Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից։

2010-04-06Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. ապրիլի 6-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱյսօր ես կարճ եմ խոսելու, որովհետեւ իմ ընկերները հանգամանորեն ներկա յացրին սույն հանրահավաքի հետապնդած նպատակը, այն է՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում ընթացող համաժողովի ուշադրության հրավի րումը Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբան տարկյալների առկայության աղաղակող փաստի, ինչպես նաեւ ընդհանրապես ժողո վրդա վարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։

Այնուամենայնիվ, չեմ կարող շրջանցել որոշ ուշագրավ զարգացումներ, որոնց ակա նատեսն ենք վերջին շրջանում։ Դրանցից առաջինը միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, կամ ավելի ճիշտ, արտահայտ չաոճի փոփոխությունն է քաղբանտարկյալների հարցում։ Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտա գործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը։ Անշուշտ, սա մի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ–թուրքական հարաբե րու թյունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով։ Այս վերջին նպատակին են ծառայում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների 2009թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության նախորդ տարվա համեմատ բավականին խստաց ված զեկույցի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մար դու իրավունքների գրասենյակի եւ Եւրոխորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները։

2010-03-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,
 
2010-03-01. Լեւոն Տեր-ՊետրոսյանՕրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցու­թյունը վայելող նրանց հարազատներին ու մերձավոր­ներին։ Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար։ Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը։ Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերա­կանգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով։
 
Այնուամենայնիվ, չնայած համապարփակ ուսումնասիրության պահան­ջին, առիթը հարմար չէ ձեզ ներկայացնելու ո՛չ Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների մանրամասն վերլուծությունը, ո՛չ էլ կատարելու դրանց հետեւանքների, մասնավորապես, իշխանությունների կողմից սանձազերծ­ված լայնամասշտաբ քաղաքական հալածանք­ների եւ դատական խեղկատակությունների քննությունը։ Այդ գործը բավարար չափով արվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Փաստահավաք խմբի, իրավապաշտպան կազմակերպությունների, անկախ քաղաքագետների եւ լրագրողների ջանքերով։ Պա­տա­հական չէ, որ այս շարքում ես չեմ նշում խնդրի առիթով ստեղծված Խոր­հրդա­րանական հանձնաժողովի աշխատանքը, որի նպատակը ճիշտ հակառակն էր, այն է՝ իրականության աղավաղումն ու հանցագործության կոծ­կու­մը։ Հատկանշական է, որ հանձնաժողովի զեկույցն, ըստ էության, այդպես էլ գնահատվեց ոչ միայն մեր հասարակության, այլեւ Եւրոխորհրդի Խորհրդա­րանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից։

2009-11-11Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. նոյեմբերի 11-ի ՀԱԿ ՔաղԽորհրդի ընդլայնված նիստում

Լեւոն Տեր-Պետրոսյան. 2009 թ. նոյեմբերի 11Իմ նախորդ ելույթում (18.09.2009) ես խոստացել էի մի այլ առիթով ավելի հանգամանորեն անդրադառնալ հայ-թուրքական արձանագրություններին։ Կարծում եմ, դրանց ստորագրման արդյունքում հստակեցված ներկա իրավիճակը հարմարագույն առիթն է այդ խոստումը կատարելու համար։ Ես կաշխատեմ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից եւ կատարվածն ու դրա հետեւանքները վերլուծել բացառապես քաղաքական տեսակետից։ Ստիպված եմ միայն զգուշացնել, որ ի հեճուկս մամուլի սպասումների, ելույթս ոչ թե ծրագրային է, այլ բացատրական, թեեւ չեմ ժխտում նաեւ ծրագրային ելույթի անհրաժեշտությունը։

* * *

Եւ այսպես, հակառակ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված բողոքի տպավորիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռքբերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում նրա դրսեւորած անհարկի զիջումը բավական է այս պնդումը անառարկելի համարելու համար, քանի որ որեւէ այլ նկատառումով դա ուղղակի անհնար է բացատրել։ Զարմանալու ոչինչ չկա. կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակ՝ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արեւմուտքից։

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 1

Սիրելի հայրենակիցներ,

2009-09-18_LTerPetrossian.jpgՈւղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի: Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման:

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 2

Լեռնային Ղարաբաղ

Եթե հայ-թուրքական հարաբերություններում, ինչպես ասվեց, ամեն ինչ պարզ է, ապա շատ ավելի բարդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող վիճակը: Պնդումներ են շրջանառվում, թե իբր Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ (17/18.07.2009) ստորագրվել է, այսպես կոչված, շրջանակային համաձայնագիրը: Թե ինչ հիմքեր ունեն այդ պնդումները, ես չգիտեմ. հավանաբար, նախնական ինչ-որ արձանագրություն ստորագրվել է: Բայց սա չէ կարեւորը: Ամբողջ խնդիրն այն է, որ անկախ ստորագրված լինելու կամ չլինելու հանգամանքից, կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի:

2009-07-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հուլիսի 2-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ անգամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։

2009-06-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

2009-06-01_miting_zhoghovurd.jpgԱյն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին։ Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար։ Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու։ Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում։

2009-05-15Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 15-ի հանրահավաքում

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

2009-05-15_miting_LTP.jpgԹվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում` Երևանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին և արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացքող մտահոգիչ զարգացումներով։

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 1)

«... ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆ ԵՄ ...»

Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

հանդիպում  երիտասարդների հետ. 03.11.2007Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի բացման խոսքով:

Սիրելիներս.

Ինձ համար շատ հաճելի է մասնակցել այս հանդիպմանը: Վաղուց այսքան գեղեցիկ երիտասարդություն չէի տեսել: Հոկտեմբերի 26-ին ես ձեզ տեսա Ազատության հրապարակի հարթակից: Այսօր դուք այստեղ եք` բարեկամական զրույցի համար:

Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում սկսվում է մի նոր շարժում, նոր սերնդի շարժում: 19-17 տարի է անցել 88-90 թվականների մեր առաջին համազգային շարժումից: Փոխվել է սերունդ. նրանք, ովքեր 88 թվականին 10-15 տարեկան էին, այսօր արդեն 30-35 տարեկան են: Ես ընդամենը այդ առաջին շարժման եւ ձեր նոր ձեւավորվող շարժման միջեւ կամուրջ եմ: Նոր շարժումը բոլորովին այլ բովանդակություն ունի, այլ նպատակներ, այլ խնդիրներ: Եւ կարծում եմ` ձեզ պիտի առաջնորդի նախեւառաջ այն, որ սա ձեր շարժումն է: Ես ընդամենը ձեր գործիքն եմ` արտահայտելու համար ձեր կամքը:

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 2)

Սկիզբը` այստեղ

- Պարոն նախագահ, ուզում եմ հարցնել հետագա քայլերի մասին մի քիչ: Ասենք հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ ներկա Սահմանադրությամբ նախագահը իր լիազորությունների մեջ բավականին սահմանափակ է: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը արդեն ընտրված Ազգային Ժողովի հետ, որ դեռ հինգ տարի պետք է գործի:

- Սա լավ հարց է, իսկապես կարեւորագույն հարց, որովհետեւ, ինչպես ասացի` այսօր ավազակապետական իշխանությունը որեւէ հակակշիռ չունի: Եւ օրենսդիր իշխանությունը, եւ դատական իշխանությունը ամբողջությամբ ենթարկված են այդ համակարգի տրամաբանությանը: Սա, ըստ երեւույթին, մեր առջեւ կանգնած ամենակարեւոր հարցն է` իշխանությունների բաժանման, հակակշիռների ստեղծման հարցը: Բայց մենք ունենք ռեալ իրականություն, ունենք այն խորհրդարանը, ինչ ունենք: Ի՞նչ պետք է անի նոր նախագահը: Ինձ թվում է ոչինչ չպետք է անի` պետք է աշխատի այդ խորհրդարանի հետ, քանի որ, ըստ էության, նրա լուծարման մեխանիզմ չկա: Պիտի համոզմունքով, իր խոսքով, իր ծրագրերով կարողանա այնպես անել, որ այդ խորհրդարանը չխանգարի գործադիր իշխանության ներկայացրած օրենքները ընդունելուն: Ես չեմ ասում` նույն ձեւով պիտի կոճակներ սեղմեն եւ ընդունեն այդ օրենքները: Վստահ եղեք, նույնիսկ այդ մարդիկ, որոնք, թվում է, չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, այսօր չեն ուզում օգտագործել իրենց բանականության ռեզերվները, պոտենցիալը, վաղը, ուրիշ պայմանների մեջ լինելով՝ ինձնից ու ձեզնից շատ ավելի շնորքով ելույթներ կունենան եւ շնորքով հարցեր կդնեն` նույն այդ մարդիկ: Ի դեպ, ես գրագողություն եմ անում, այս գաղափարը փոխառել եմ Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածից: Բայց չեմ ուզում ծավալվել: Ինչո՞ւ` որովհետեւ, սա շատ կարեւոր հարց է, եւ դառնալու է ապագա, գուցե ոչ առաջիկա հանրահավաքի` ելույթում իմ մեկնաբանելիք կարեւորագույն հարցերից մեկը: Նոր նախագահը պիտի աշխատի այս խորհրդարանի հետ, որովհետեւ ինչպես ասացի, չկա խորհրդարանը ցրելու մեխանիզմ: Նոր նախագահը պիտի ելնի նրանից, որ խորհրդարանում կա մեծամասնություն եւ այդ մեծամասնության կարծիքի հետ պիտի հաշվի նստի: Ավելին ասեմ, եթե այդ մեծամասնությունն առաջարկի իր վարչապետին` նախագահը այլ բան չի կարող անել, քան համաձայնել դրա հետ: Այսպես է իրականում: Իհարկե, ոչ այն վարչապետին, որ այսօր կա. դրա մասին չէ խոսքը: