ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,
 
2010-03-01. Լեւոն  Տեր-ՊետրոսյանՕրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցու­թյունը վայելող նրանց հարազատներին ու մերձավոր­ներին։ Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար։ Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը։ Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերա­կանգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով։
 
Այնուամենայնիվ, չնայած համապարփակ ուսումնասիրության պահան­ջին, առիթը հարմար չէ ձեզ ներկայացնելու ո՛չ Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների մանրամասն վերլուծությունը, ո՛չ էլ կատարելու դրանց հետեւանքների, մասնավորապես, իշխանությունների կողմից սանձազերծ­ված լայնամասշտաբ քաղաքական հալածանք­ների եւ դատական խեղկատակությունների քննությունը։ Այդ գործը բավարար չափով արվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Փաստահավաք խմբի, իրավապաշտպան կազմակերպությունների, անկախ քաղաքագետների եւ լրագրողների ջանքերով։ Պա­տա­հական չէ, որ այս շարքում ես չեմ նշում խնդրի առիթով ստեղծված Խոր­հրդա­րանական հանձնաժողովի աշխատանքը, որի նպատակը ճիշտ հակառակն էր, այն է՝ իրականության աղավաղումն ու հանցագործության կոծ­կու­մը։ Հատկանշական է, որ հանձնաժողովի զեկույցն, ըստ էության, այդպես էլ գնահատվեց ոչ միայն մեր հասարակության, այլեւ Եւրոխորհրդի Խորհրդա­րանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից։
 
Զերծ մնալով հանդերձ հարցի հանգամանալից արծարծումից, ձեր ուշա­դրությունն եմ ուզում հրավիրել, սակայն, երկու առանցքային հանգամանքի վրա, որոնցից մեկը վերաբերում է ոճրագործության սկզբնապատճառին, իսկ մյուսը՝ Մարտի 1-ի էջի փակ­ված լինելու մասին պնդմանը։
 
Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի մի զգալի մասը նվիրված է ապացու­ցելու, որ մարտի 1-ի ողբերգությունն արդյունք էր երկրում կուտակ­ված սոցիալ-տնտե­սական խնդիրների, օրենսդրության անկատարության եւ մա­նավանդ ընդդիմության կողմից ստեղծված անհանդուրժողականության մթնո­լորտի։ Այսինքն, երկարբարակ խոսվում է ամեն ինչի մասին, բացի բուն պատճառից, այն է՝ ընտրությունների կեղծման իրողությունից։ Ավելի ողոր­մե­լի դատարկաբանություն կամ անսքող ամբար­տա­վանություն դժվար է պատ­կերացնել։
 
Հանձնաժողովի մտքով անգամ չի անցել պարզելու, թե ինչն էր հարյուրհազարավոր մարդկանց ստիպում տաս օր շարունակ հավաքվել Ազատության հրապարակում, եթե ոչ ընտրությունների կեղծված լինելու գի­տակցությունը։ Մի՞թե ակնհայտ չէ, որ ընտրությունների օրինական լինելու պարագայում հնարավոր չէր լինի անգամ հինգ հազար մարդ հավաքել։ Ոչ մի հոգեխանգարմունք կամ նեյրոլինգվիստիկա չէր օգնի, եւ ընդդիմությունը, որ­քան էլ ճարտար, որեւէ այլ փաստարկով չէր կարող ժողովրդին ոտքի հանել։
 
Հետեւաբար, եթե ընտրությունները կեղծված չլինեին, իշխանություն­նե­րը մարտի 1-ին բռնության դիմելու կարիք չէին ունենա։ Թեեւ, ինչպես պարզ­վեց պաշտպանության նախարարի վերջերս հրապարակված գաղտնի հրա­մա­նից, բողոքի համաժողովրդական ալիքը ճզմելու ծրագիրը մտահղացված էր դեռեւս փետրվարի 23-ին, բայց իշխանություններն այդ մասին վերջնական որոշում կայացրին միայն այն բանից հետո, երբ սարսափով նկատեցին պե­տական համակարգում առաջացող ճաքերը, եւ մանավանդ, երբ ի պաշտ­պանություն Սերժ Սարգսյանի կազմակերպված բազմամարդ հանրահավա­քի մասնակիցները փետրվարի 26-ին լքեցին իրենց առաջնորդին եւ համարյա ամբող­ջությամբ միացան Ազատության հրապարակի ցուցարարներին։ Ըստ այդմ, ժողովրդի սառնասիրտ գնդակոծումը՝ ընտրագողությամբ նվաճված իշխանությունը պահպանելու վերջին եւ միակ միջոցն էր, որից եւ, միջազգային հանրության անտարբերության շնորհիվ, չխորշեց օգտվել Հայաստանի ավա­զա­կապետական վարչախումբը։ Մարտի 1‑ի սպանդի այլ պատճառների որոնումը հավասարազոր է անբարոյականության կամ նույնիսկ մեղսակցության։
 
ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23-ի ապօրինի հրամանի հրապարակումը վերջնականորեն ապացուցում է, որ այդ սպանդը սկզբից մինչեւ վերջ ծրագրել, կազմակերպել ու իրագործել են իշխա­նություն­ները, ինչն այլ բան, քան Ռո­բերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից իրականացված պետական հեղաշրջում չի կարելի անվանել։ Պատահական չէ, որ այդ հրամանն արդեն իսկ հատուկ ուշադրու­թյան է արժանացել Եւրո­խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում եւ, վստահ եմ, դեռ ունենալու է շատ լուրջ հետեւանքներ։ Գալու է մի պահ, երբ միջազգային հան­րության ձեռքում այն դառնալու է Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու ամենածանրակշիռ փաստարկը, իսկ Հաագայի դատարանում՝ Ռոբերտ Քոչար­յանի դեմ հարուցվելիք քրեական գործի գլխավոր իրեղեն ապացույցը։
 
Ինչ վերաբերում է հաջորդ խնդրին, այն է՝ Մարտի 1-ի էջը փակված տեսնելու ցանկությանը, ապա դա, անշուշտ, իշխանությունների մեծագույն երա­զանքն է, որով­հետեւ դրանով թե՛ վերջնականապես լուծված կլիներ Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը, եւ թե՛ ոճրագործության իրական պա­տաս­խանատուները իսպառ կխուսափեին արդարադատությունից։ Բարե­բախ­տաբար, այդ սեւ էջը ո՛չ դեկրետով, ո՛չ էլ իշխանու­թյան անմեղսունակ սպասարկուների մերկապարանոց հայտարարություններով հնարավոր չէ փակել։ Որեւէ բանական մարդու եւ առողջ հասարակության համար այն չի կարող փակված համարվել,
 
- քանի դեռ պետական հոգացողության չեն արժանացել ու անհրաժեշտ կերպով չեն փոխհատուցվել մարտի 1-ի զոհերի ընտանիքները,
- քանի դեռ իրենց ազատությունը չեն գտել դեռեւս զնդաններում տա­ռապող մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալները,
- քանի դեռ դատական կարգով չեն արդարացվել ու կրած նյութական վնասների հատուցում չեն ստացել բացառապես քաղաքական գործունեու­թյան համար ապօրինա­բար դատապարտված բոլոր անմեղ քաղաքացիները,
- քանի դեռ չեն բացահայտվել եւ արդարադատության առջեւ չեն կանգնել ոճրագործության բուն կատարողները, սադրիչներն ու կազմա­կեր­պիչները,
- քանի դեռ քրեական կամ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր անպարկեշտ եւ իրավախախտ դատախազներն ու դատավորները,
- եւ վերջապես, քանի դեռ կեղծված ընտրությունների ու սվինների միջոցով իշխանությունը զավթած ավազակախումբը չի հեռացել ասպարեզից։
 
Հայ Ազգային Կոնգրեսի տասնյակ հազարավոր նվիրյալ անդամների եւ անհամար թվով համակիրների անունից հավաստիացնում եմ. որքան էլ պայքարը երկար տեւի, մենք անդադրում հետամուտ ենք լինելու նշված բոլոր խնդիրների լուծմանը։ Մարտի 1-ի էջը դուք եք բացել, պարոնայք բռնազավ­թիչներ, բայց այդ էջը վերջիվերջո ժողովուրդն է փակելու։ Ամենեւին չկաս­կածեք. երբ էլ լինի, ժողովուրդն է փակելու նաեւ հոկտեմբերի 27-ի ձեր բացած էջը։ Եթե այս ամենը անհանդուրժողակա­նություն եք համարում, ձեր գործն է՝ համարեք։ Դուք գնդակահարեք – իսկ մենք հանդուրժենք. դուք երկիրը թալանեք – մենք չտեսնելու տանք. դուք անմեղ մարդկանց բանտերը լցնեք – մենք չբողոքենք. դուք ընտրությունները կեղծեք – մենք հաշտվենք դրա հետ։ Անտարակույս, սա է հանդուրժողա­կա­նու­թյան մասին ձեր պատկերացումը եւ, անշուշտ, սա է ձեր երազած իդեա­լական պետությունը, բայց այդ երազը մի գեղեցիկ օր անխուսա­փելիո­րեն փշրվելու է։ Իսկ մենք ձեր անկիրթ ու բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու, քանզի անիրավությունը, բռնությունը, տգիտությունն ու գավառամտությունը հանդուրժող ժողովուրդը ապագա չունի։
 
* * *
 
Անցնելով ընթացիկ քաղաքական իրավիճակի գնահատմանը, հարկ եմ համարում նախեւառաջ կանգ առնել մի տարօրինակ, եթե ոչ մտահոգիչ երե­ւույթի վրա։ Մինչ Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր միջոցներով (հանրա­հավաք­ներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ, պաշտոնական հայտարարու­թյուն­ներ եւ այլն) հետեւողականորեն ձգտում է հստակեցնել հարցերը եւ դրանք մատչելի դարձնել հասարակությանը, լրագրողների ու քաղաքագետների մի զգալի մասը, կարծես-թե, իր առջեւ ճիշտ հակառակ խնդիրն է դրել, այն է՝ խճճել ու մշուշապատել ոչ միայն մշտապես ծագող, այլեւ նույնիսկ վաղուց հստակեցված ու պարզաբանված հարցերը։ Խոսքը չի վերաբերում պաշտոնական քարոզչության սպասարկուներին, որոնց գոյության իմաստը հենց հարցերի խճճումն ու փաստերի աղավաղումն է, որովհետեւ այլ կերպ նրանք չեն կարող իրականացնել ժողովրդին մոլորության մեջ պահելու իրենց սուրբ առաքելությունը։ Խոսքը, ցավոք, վերաբերում է անկախ կամ ընդդիմադիր լրագրողներին ու քաղաքագետներին, որոնց ազնվությանը թեեւ ոչ ոք չի կասկածում, բայց որոնք, իմ կարծիքով, տարերային լրահոսի ու պատա­հա­կան քաղաքական հայտարարությունների ազդեցության տակ, հաճախ կորց­նում են գործընթացների զգացողությունը։ Քավ լիցի, սա չպետք է կշտամբանք համարել. իրականությունն այնքան դինամիկ է, տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունն այնքան առատ, որ օբյեկտիվորեն իսկ չափազանց դժվար է հետեւել իրադարձությունների զարգացման ընթացքին։
 
Ավելի վտանգավոր է wishful thinking կոչեցյալ հասկացությունը, այլ կերպ ասած, ցանկալին իրականության տեղ դնելու հակումը, քանի որ այն, սին հույսեր արթնացնելով, բթացնում է հասարակության զգոնությունը։ Իսկ երբ նման հակում դրսեւորվում է պետության պատասխանատուների մոտ, դա արդեն հավասարազոր է աղետի։ Ցանկալին իրականության տեղ դնելու տիպական դրսեւորումներ են, մասնավորապես, վերջին շրջանում որոշ արեւմտյան գործիչների ու քաղաքագետների հայտարարությունների կամ ակնարկների հիման վրա հայկական մամուլում շրջանառության մեջ դրված այն առասպելները, թե իբր միջազգային հանրությունը լուրջ ճնշումներ է բանեցնում Թուրքիայի վրա՝ վավերացնե­լու հայ-թուրքական արձանագրու­թյունները, թե վերջինիս համառելու պարագայում ԱՄՆ-ի կառավարությունն սպառնում է ապրիլ ամսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե Ռուսաս­տանն ու Իրանը փորձում են վիժեցնել Ղարաբաղյան կարգավորման գործըն­թացը, թե այդ գործընթացը կրկին փակուղի է մտնում եւ հետաձգվում անորոշ ժամանակով, թե Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունն աստիճա­նա­բար հակվում է ազգերի ինքնորոշման սկզբունքի կողմը, թե տարածքների վերադարձի դիմաց Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստանալու կամ միավորվելու Հայաստանի հետ, թե Սերժ Սարգսյանը, հմուտ դիվանա­գիտու­թյամբ, խաբում է բոլորին ու ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու, թե եթե նա որոշի էլ տարածքները վերադարձ­նել, Ղարաբաղի ժողովուրդն ու բանակը դա թույլ չեն տա, թե Սոչիի հանդիպման ժամանակ որոշվել է, որ այսուհետեւ Ղարաբաղը որպես հակամարտության կողմ մասնակցելու է բանակցություններին եւ այլն։
 
Ես չեմ պատրաստվում լրջորեն քննարկել, առավել եւս, մեկ առ մեկ հերքել այս հեքիաթները, քանի որ դրանք գործընթացների տրամաբանության հետ որեւէ կապ չունեն եւ, ինչպես ասվեց, ցանկալին իրականություն համա­րելու սովորական դրսեւո­րումներ են։ Փոխարենը, ավելորդ չեմ համարում պարզ, մարդկային լեզվով եւս մեկ անգամ փորձել հստակեցնել, թե ինչ է իրա­կանում տեղի ունենում մեր երկրում, եւ ինչ քաղաքական զարգացումներ են ընթանում նրա շուրջ։
 
Հայաստանն այսօր կանգնած է հինգ կարեւորագույն մարտահրա­վեր­ների առջեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, Ղարաբաղ­յան հակամարտության կարգավորում, ժողովրդավարության վերականգնում, օրինականության հաստատում եւ կոռուպցիայի հաղթահարում։ Բոլոր այս խնդիրները մեզ համար հավասարարժեք ու կենսական են, քանի որ նրանց համալիր լուծումից է կախված Հայաստանը բարգավաճ, ապահով ու ժա­մանակակից երկիր դարձնելու հեռանկարը։ Մինչդեռ միջազգային հանրու­թյանը հետաքրքրում են միայն առաջին երկու խնդիրները, այն է՝ հայ–թուր­քա­կան հարաբերությունների բարելավումը եւ Ղարաբաղյան հակամար­տու­թյան կարգա­վորումը, իսկ մյուսները կա՛մ ստորադասվում են այս երկուսին, կա՛մ ընդհանրապես անուշադրության մատնվում։ Նման մոտեցումը, որքան էլ մեզ համար տհաճ ու բարոյապես խոցելի, քաղաքական տեսակետից միանգամայն հասկանալի է։ Մենք պարզապես գործ ունենք Realpolitik կոչված տխրահռչակ երեւույթի հետ, որի էությունը սկզբունքների զոհա­բե­րումն է քաղաքական նպատակահարմարությանը։
 
Չեմ ուզում ասել, թե դրանով միջազգային հանրությունը Հայաստանի վատն է ցանկանում կամ նրա դեմ դավ նյութում։ Պետք է ընդունել, որ գերտերությունների վարքը թելադրվում է առաջնահերթություններով, իսկ մնացյալ խնդիրներն ստորադաս­վում են այդ առաջնահերթություններին։ Այդ­պիսի առաջնահերթությունների թվին են պատկանում այն հակամար­տու­թյուն­ները, որոնք սպառնում են, եթե ոչ միջազգային, ապա առնվազն տա­րածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Ուստի բնական է, որ աշխարհն այդքան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերություննե­րի եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ (ինչն, ի դեպ, բխում է նաեւ հայ ժողովրդի շահերից), եւ այդքան բացահայտորեն աչքաթող է անում ժողովրդավարու­թյան, օրինականության ու մարդու իրավունքների հետ կապված Հայաստանում առկա խնդիրները, որոնք այս պահին երկրորդական են նրա համար։ Այս իրողության արձանագրումն ամենեւին չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման հույսը մենք կապում ենք միջազգային հանրության կամ, ավելի կոնկրետ, Արեւ­մուտ­քի հետ։ Դրսից հաստատված ժողովրդավարությունը մեզ պետք չէ, եւ այդ­պիսի բան իրականում չի էլ լինում։ Մենք երբեւէ չենք ակնկալել, առավել եւս պահանջել, որ աշխարհը միջամտի մեր ներքին գործերին կամ ճնշումներ բանեցնի Հայաստանի վրա։ Միակ ակնկալիքը եղել է այն, որ միջազգային հանրու­թյունը, հավատարիմ մնալով իր դավանած սկզբունքներին, բարձրա­ձայնի ճշմարտու­թյունը։ Այսինքն, բացեիբաց հայտարարի, որ նախագա­հա­կան ընտրությունները կեղծվել են, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն առնվազն կասկածելի է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որ Հա­յաս­տանում ծաղկում է կոռուպցիան։ Եթե այս ամենի մասին խոսում էլ են, ապա խոսում են եւֆիմիզմներով՝ «նշանակալիորեն կեղծված ընտրու­թյուն­ներ», «կասկածելիորեն մեծ թիվ կազմող քվեարկության մասնակիցներ», «խոս­քի եւ հավաքների ազատության սահմանափակումներ», «քաղաքական դրդապատ­ճառներով կամ քաղաքական գործունեության համար դատա­պարտ­ված քաղաքացիներ» եւ այլն։
 
Սա նշելով հանդերձ, մենք հասկանում ենք, որ միջազգային հան­րու­թյունն այլ կերպ չէր կարող վարվել, քանի որ դրանով կվտանգեր իր համար առաջնային նշանա­կություն ունեցող խնդիրների լուծումը։ Եթե, ասենք, կասկածի տակ դներ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, ապա վերջինիս կայացրած համաձայնությունները հայ-թուրքական հաշտեցման եւ Ղարա­բաղ­յան կարգավորման հարցերում օրինական չէին կարող համարվել։ Ուստի պետք է հաշտվել այն մտքի հետ, որ քանի դեռ այդ հարցերը չեն լուծվել, միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնելու ժողովրդավարության, օրինականության եւ մարդու իրավունքների բնագա­վառ­ներում Հայաստանում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։ Դրանից շուտ շահագրգիռ տերությունների ու միջազգային կազմակերպությունների վե­րաբերմունքը կարող է փոխվել միայն այն պարագայում, եթե կասկածներ առաջանան, որ Սարգսյանն, իր նախորդի օրինակով, փորձում է արհես­տա­կան պատճառաբանությունների ու խոչըն­դոտների հարուցմամբ ձգձգել հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կար­գավորման գործընթացները։ Թեեւ, մյուս կողմից, Սարգսյանի լեգիտիմու­թյունն այնքան խոցելի է, որ նա ձգձգելու ռեսուրս չունի։
 
Շատերին թվում է, թե իբր հայ–թուրքական հարաբերությունների կար­գա­վորումը փակուղի է մտել, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Հայաստանը չեն շտապում վավերացնել ցյուրիխյան արձանագրությունները։
 
Իրականում, սա­կայն, փակուղու մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ կողմերից մեկը՝ Թուր­քիան, ինչ որ ցանկանում էր ստանալ այդ արձանագրություններից, արդեն ստացել է։ Այն է՝ անշրջելիորեն կասեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որը վերջին տասնամյակներին նրա ամենամեծ գլխացավանքներից մեկն էր։ Այնպես որ, Թուրքիան բոլորովին շտա­պելու կարիք չունի, եւ արձանագրությունների վավերացմանը կանդրա­դառնա միայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո, ինչն ակնհայտ էր ի սկզբանե։ Ընդ որում, այդ հարցում ճնշումները չեն օգնի, քանի որ Թուրքիան, առնվազն «Ծոցի պատերազմից» ի վեր, ապացուցել է, որ ճնշումների չի ենթարկվում։
 
Հետեւաբար, ավելի տեղին է խոսել ոչ թե փակուղու, այլ Սերժ Սարգս­յա­նի հռչա­կած նախաձեռնողական արտաքին քաղաքականության խայտառակ ձախողման մա­սին։ Այդ կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հատուկ հայտարա­րությամբ («Հայք», 3.02.2010թ.), որի բովանդակության առանցքը կազմում է հետեւյալ անհերքելի իրողությունը։ Թեեւ Ցեղասպանու­թյան ուրացման դիմաց Սարգսյանն ակնկալում էր՝ ա. բացել հայ–թուրքական սահմանը եւ բ. թուլացնել արտաքին ճնշում­ները Ղարաբաղի հարցում, փաս­տորեն ստացավ իր ակնկալածի ճիշտ հակառակը՝ սահմանը չբացվեց, իսկ ճնշումներն ավելի սաստկացան։ Ձախողումը ցցուն է դառնում մանավանդ այս տխուր արդյունքը Թուրքիայի նշանակալի ձեռքբերման հետ համե­մա­տելու պարագայում։ Եւս մի այսպիսի նախաձեռնողական քաղաքա­կանու­թյուն, եւ Ղարաբաղից ու Հայաստանից բան չի մնա։ Անհնար է չանդրա­դառ­նալ նաեւ հայ–թուր­քական արձանագրությունների վերաբերյալ Սահմանա­դրա­կան դատարանի կայացրած նույնքան նախաձեռնողական, բայց չարա­բաստիկ որոշմանը, որը հիանալի նվեր եղավ «եղբայրական թուրք ժո­ղովրդին»։
 
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ապա որ այն մտել է հանգուցալուծման փուլ, կասկածից վեր է։ Ըստ էության վերջ­նականապես համաձայնեցված է ներկա հանգրվանում միջազգային հան­րությանը հետաքրքրող գլխավոր հարցը՝ հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին։ Առայժմ վիճահարույց են մնում ապագայում լուծվելիք հար­ցե­րը, մասնավորապես, խաղաղապահ ուժերին, Լեռ­նային Ղարաբաղի կարգավիճակին եւ Լաչինի միջանցքի իրավական ռեժիմին վերաբե­րող ձեւակեր­պում­ները։ Հիմքեր կան պնդելու, սակայն, որ Սոչիի հանդիպման ժամանակ գտնվել է նաեւ այս հարցերի շուրջ առկա տարաձայնությունների հաղթահարման բանալին։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն ուշագրավ հայտարարությունը, որ կողմերին առա­ջարկ­վել է ներկայացնել վիճահարույց հարցերի վերաբերյալ իրենց ձեւակերպում­ները՝ դրանք շրջանակային համաձայնագրի բնագրում ընդգրկելու նպատա­կով։ Գաղափարի էությունն, ակնհայտորեն, հետեւյալն է. շրջանակային համաձայնագրում ամրագրվում են ոչ միայն համաձայնեցված դրույթնե­րը, այլեւ վիճահարույց հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունները։ Ասենք, Ադրբեջանի անունից նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղին տրվելու է ինքնա­վարության կարգավիճակ» կամ «Լաչինի միջանցքը գտնվելու է ադրբեջանա­կան ուժերի վերահսկո­ղության տակ», իսկ Հայաստանի անունից՝ որ «Ղա­րա­բաղը հռչակվելու է անկախ պետություն» կամ «Լաչինի միջանցքի վերահսկո­ղությունն իրականացվելու է հայկա­կան ուժերի կողմից»։ Հասկանալի է, որ նման նորարարական մեթոդաբանության կիրառումը միտված է, առաջին հերթին, կողմերի դեմքը փրկելուն, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հնարավորություն ունենան իրենց հասարակություննե­րին ներկայանալ որպես սեփական ազգային շահերին չդավաճանած պետական այրեր ու դրա շնորհիվ չեզոքացնել կամ գոնե մեղմացնել կարգավորման հա­կառակորդների հակազդեցությունը։ Տեսնում ենք, արդեն, թե կողմերն ինչպես են մեկնաբանում եւ իրենց հասարակություններին մատուցում զանազան փաստաթղթերում կողք-կողքի նշված տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները։ Այդուհան­դերձ, հարկ է խոստովանել, սակայն, որ Սոչիում մտահղացվածը չափազանց սրամիտ գաղափար է, որի իրականացումն, իսկապես, կարող է վճռական տեղաշարժ ապահովել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Դա այդպես է, թե ոչ, կերեւա շատ մոտ ապագայում։
 
* * *
 
Իսկ այժմ, բնականաբար, մի քանի խոսք Հայ Ազգային Կոնգրեսի գոր­ծունեության եւ առաջիկա անելիքների մասին։ Բուն ասելիքին անցնելուց առաջ, սակայն, ես կխնդրեի իմ ընկերներին՝ հանդարտ վերաբերվել մեր հաս­ցեին հնչող քննադատություններին, ուշադիր լինել հիմնավորված դիտողու­թյուն­ների նկատմամբ, չանհանգստանալ անար­դար թվացող մեղադրանք­նե­րից ու Կոնգրեսին ներկայացվող անտեղի պահանջներից, իսկ բանավիճելիս էլ՝ դուրս չգալ փաստերի եւ փաստարկների շրջանակից։ Չեմ կար­ծում նաեւ, թե հարկ է անպայման արձագանքել բոլոր վիճելի հրապարակումներին, դա անհրաժեշտ է անել միայն այն ժամանակ, երբ այդ հրապարակումները վտանգ են ստեղծում մոլորեցնելու ժողովրդին։ Իսկ ընդհանրապես, քննադատությունից ու մանա­վանդ մեզ ներկայացվող անսպառ պահանջներից ոչ թե պետք է վշտանալ, այլ, ընդհակառակը, ուրախանալ։ Թեեւ կամավորության ու անձնվիրության հիմունքներով գործող հասարակական կամ քաղաքական կազմակերպություններից որեւէ բան պահանջելն անհեթեթություն է, քանի որ պահանջել կարելի է միայն հարկատուների հաշվին ապրող հաստատություններից, այսինքն պետությունից, եւ թեկուզ մեզ ներկայացվող պահանջ­նե­րը հաճախ «Բա խի գլխարկ չես դրել» սինդրոմի տպավորություն են թողնում, բայց կարեւորը դա չէ, այլ այն, որ իշխանու­թյուններից ու քաղա­քական մյուս ուժերից վաղուց ի վեր ոչինչ չեն պահանջում, ինչը նշանակում է, որ նրանցից այլեւս սպասելիք չունեն։
 
Բողոքում, դժգոհում ու պահանջում են միայն մեզանից, ինչն, իր հերթին, նշանակում է, որ փոփոխությունների հույսը հասարակությունը բացառապես Հայ Ազգային Կոնգրեսի հետ է կա­պում։ Սա, թերեւս, Կոնգրեսի գործունեության ամենաանկողմնակալ ու խո­սուն գնահատականն է, որը, սակայն, մեզ համար ոչ թե ինքնագոհության, այլ մեր պատասխանատվությունն առավել հստակ գիտակցելու խթան պիտի հանդիսանա։
 
Կարծում եմ, Կոնգրեսը կարիք չունի ապացուցելու ո՛չ իր հետեւողա­կա­նությունը, ո՛չ զոհողությունների գնալու պատրաստակամությունը, ո՛չ մար­տավարելու ու խուսանավելու կարողությունը, ո՛չ կազմակերպական ունակությունները, ո՛չ էլ քարոզչական հմտությունն ու քաղաքական հասու­նու­թյունը, այլապես նրան որեւէ կերպ չէր հաջողվի, տեղեկատվական շրջա­փակման, ամենօրյա հալածանքների ու ոստիկանական տեռորի պայման­ներում, երկու տարուց ավելի առաջնորդել ժողովրդին եւ շարունակել վայելել նրա վստահությունը, ինչի վկայություններից մեկն է, թեկուզ, այսօրվա բազ­մամարդ հանրահավաքը։ Սովորաբար, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվու­թյան մասին դատում են հանրահավաքների եւ զանգվածային այլ միջոցա­ռում­ների հաճախականությունից, մոռանալով այն ճշմարտությունը, որ հրա­պարակային ակցիաները քաղաքական ուժի գործունեության սոսկ մեկ, այն էլ՝ ոչ ամենակարեւոր կողմն են։ Բազմիցս բացատրվել է, որ հանրահա­վաքներն ինքնանպատակ չեն, որ ամենուրեք դրանք, որպես կանոն, տեղի են ունենում ընտրությունների ընթացքում կամ բացառիկ սոցիալ-քաղաքական իրավի­ճակներում, եւ որ հաճախակիությունը ոչ թե ուժեղացնում, այլ նվազեցնում է դրանց ազդեցությունը։ Բայց միեւնույն է, շատերը համառորեն չեն ընդունում այս բացատրու­թյունը եւ անտեսում կամ երկրորդական են համարում այն ամենօրյա հսկայական աշ­խատանքը, որ Կոնգրեսը կատարել ու կատարում է իր ձեւավորումից ի վեր։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ.
 
Ոչ ոք առայժմ չի անդրադարձել այն հարցին, թե այդ ինչպես պատահեց, որ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածը երկու տարվա ընթաց­քում պարզապես փուլ եկավ եւ վերջնականապես ապացուցվեց, որ սադրիչ գործողու­թյունները, մեքենաների հրկիզումները, խանութների թալանն ու սպանությունները նախօրոք ծրագրվել, կազմա­կերպ­վել ու իրագործվել են իշխանությունների կողմից, եւ որ իրականում ոչ թե ընդդիմությունն է իշխանության յուրացման փորձ կատարել, այլ ավազա­կապետական վարչախումբն է բանակի օգտագործմամբ պետական հեղա­շրջում իրականացրել, ինչն այսօր ընդունվում է նաեւ միջազգային հան­րության կողմից։ Այս կարեւորագույն, բայց բարդ խնդիրը լուծվեց, առաջին հերթին, Հայ Ազգային Կոնգրեսի համառ ջանքերի ու տքնաջան աշխատանքի գնով ձեռքբերված հազարավոր տեսանյու­թերի, լուսանկարների, ականատես­ների վկայությունների եւ մանավանդ գաղտնի կամ կիսագաղտնի այն փաստաթղթերի հրապարակման շնորհիվ, որոնք լիովին պարզեցին թե՛ բուն ոճրագործության, թե՛ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի կամ, Թոմաս Համմարբերգի խոսքերով, քաղաքական վենդետայի ողջ էությու­նը։ Ավելորդ չեմ համարում թվարկել այդ փաստաթղթերը, որոնցից յուրա­քանչյուրի հրապարակումը ժամանակին ուղղակի սենսացիա առաջացրեց.
 
- 2008թ. փետրվարի 19-ին, այսինքն՝ քվեարկության օրը, իմ նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խո­սակ­ցությունների վերահսկ­ման եւ նրա նկատմամբ օպերատիվ այլ գոր­ծողությունների իրականացման վերաբերյալ դատավոր Ժ. Վարդանյանի կայացրած որոշումը, որը հրապարակումից հետո անմիջա­պես որակվեց որպես «Հայկական Ուոթերգեյթ».
- 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի արձակած հրամանը ապօրինի զինվորական կառավարման մարմնի ձեւավորման եւ Երեւան քաղաքում բանակի զորամիավորումների կենտրոնացման մասին, որի գաղտ­նազերծումը լիովին բացահայտեց իշխանությունների կողմից իրականացված պետա­կան հեղաշրջման փաստը.
- 2008թ. փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի կողմից «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետա­կան իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» քրեական գործ հարուցելու վերաբեր­յալ կայացված որոշումը, որը փաստորեն դարձավ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի հիմքը.
- 2008թ. մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վ. Հարու­թյունյանի նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադար­ձությունների առթիվ քրեական գործ հարուցելու մասին կայացրած որոշումը, որից աներկբայորեն պարզվում են ոստիկանական գործողությունների բուն նպատակն ու ճշգրիտ ժամանակը.
- 2008թ. մարտի 1-ին պաշտպանության նախարարության մի պահես­տից իշխա­նությունների հրահանգով հավաքագրված 950 ոճրագործների զինվորական համազգեստ տրամադրելու մասին կազմված գրությունը, որը միանգամայն բացահայտում է վար­չախմբի քրեական էությունը.
- 2008թ. մարտի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հեղինակած շրջաբերական հրահանգը կամ «քննչական հանձնարարականը» մարզային դատախազներին, որն անհերքելիորեն պարզում է ընդդիմության դեմ հարուցված քրեական գործի քաղաքական բնույթը, ինչի շնորհիվ արժանացավ թե՛ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, թե՛ Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համ­մարբերգի առանձնահատուկ ուշադրությանը.
- Եւ վերջապես, Փաստահավաք խմբի երկու հիմնավոր զեկույցները ոստիկաններ Տիգրան Աբգարյանի եւ Համլետ Թադեւոսյանի սպանության հանգամանքների մասին, որոնց բացահայտումները գլխիվայր շրջեցին քննչական մարմինների կատարած հետաքննության արդյունքները։

Եթե Հայ Ազգային Կոնգրեսը ոչ մի այլ բան արած չլիներ, ապա նույնիսկ այսքանը բավական էր պատկերացնելու եւ ըստ արժանվույն գնահատելու նրա գործունեության հսկայական ընդգրկումը։ Իսկ եթե սրան գումարենք Կոնգրեսի անդամկուսակցությունների ինքնուրույն ձեռնարկումները եւ նրա կառույցների՝ քաղաքական խորհրդի, կենտ­րոնական գրասենյակի, մամլո ծա­ռայության, տարածքային ստորաբաժանումների եւ մասնագիտական հանձնաժողովների ամենօրյա գործերը, միջազգա­յին կազմակերպություննե­րի ու օտարերկրյա դիվանագետների հետ տարվող մշտական աշխա­տանքը, քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերվող իրավաբա­նա­կան աջակցությունը, պարբերաբար անցկացվող ոչ զանգվածային միջո­ցառումների կազմակերպումը, անխտիր բոլոր կարեւոր իրադարձություն­ներին արձագանքող պաշ­տոնական հայտարարությունները, ինչպես նաեւ տնտեսության առողջացմանն ուղղված լուրջ առաջարկներն ու քաղաքական զարգացումներին վերաբերող ճշգրիտ կանխատե­սումները, ապա Կոնգրեսի գործունեության պատկերը լիարժեք կդառնա։ Ի դեպ, այդ առթիվ ուզում եմ կարեւորել նաեւ Կոնգրեսի մշակած Հայաստանի տնտեսական զարգացման, կամ ավելի ճիշտ, համակարգային տնտեսական վերափոխման ծրագիրը, որն օրերս ներկայացվել է հանրային քննարկման։ Կարծում եմ, ինձ հետ կհամաձայնեք, որ վերջին երկու տարիներին որեւէ այլ քաղաքական ուժ կամ նույնիսկ պետական կառույց այսքան գործ չի կատարել։
 
Առավել պարզեցնելու եւ հասկանալի դարձնելու համար Հայ Ազգային Կոնգրեսի կոչումն ու դերակատարությունը Հայաստանի քաղաքական կյանքում, անհրաժեշտ եմ համարում առանձնացնել եւ ձեր ուշադրությանը ներկայացնել այն գլխավոր խնդիրնե­րը, որոնք նա դրել է իր առջեւ։ Դրանք են.
 
- Ազգային, համամարդկային եւ բարոյական այն արժեքների պահպա­նումն ու հաստատումը, որոնք անխնա ոչնչացվում են ավազակապետության կողմից.
- Ներքաղաքական իրավիճակի առողջացմանն ուղղված ջանքերի գործադրումով Հայաստանին սպառնացող արտաքին վտանգների նվազեցումը.
- Ավազակապետական վարչախմբի արատավոր ու հանցավոր էության հիմնավորված, հետեւողական եւ լիակատար մերկացումը.
- Նոր քաղաքական մշակույթի ձեւավորումը՝ հիմնված ոչ թե կուսակցական մտայնության ու անպարկեշտ գործարքների, այլ բացառապես ազգային շահերի եւ հրապարակային երկխոսության վրա.
- Հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացումն ու քաղաքա­կան հասունացումը.
- Արմատական վերափոխումների համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածի ձեւավորումը.
- Եւ հարմարագույն պահին մեր հռչակած գլխավոր նպատակի՝ իշխանափոխու­թյան իրականացումն ու սահմանադրական կարգի վերականգնումը։
 
Դժվար է չնկատել, որ բոլոր այս խնդիրների իրականացման ուղղու­թյամբ Հայ Ազգային Կոնգրեսը մինչ այժմ արել է հնարավոր առավելագույնը, ինչը հիմք է տալիս պնդելու, որ այսուհետեւ եւս այդ առումով որեւէ հնարա­վո­րություն բաց չի թողնի։ Մանրամասների մեջ չեմ խորանում։ Հավաստիացնում եմ միայն, որ ընտրված ճանապարհից մենք երբեւէ չենք շեղվելու եւ պայքա­րելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջվի։ Թեեւ, ինչպես աս­վում է հայիթյան մի ցնցող ասացվածքում, «Լեռներից այն կողմ, նորից լեռներ են», այսինքն գոյություն ունեցող խնդիրների լուծումից հետո մեր առջեւ ծագելու են նոր խնդիրներ, մենք պարտավոր ենք հաղթահարելու ցանկացած արգելք եւ մագլցելու թեկուզ հազար լեռ։
 
Ինչ վերաբերում է իշխանություննե­րին, ապա նրանք թե՛ իրենց հան­ցա­վոր բնույթի, թե՛ արհեստավարժության ու տարրական գրագիտության բացա­կայության պատճառով, ի վիճակի չեն լուծելու երկրի առջեւ կանգնած որեւէ խնդիր, կատարելու իրավիճակի բարե­լավմանը միտված որեւէ դրական քայլ կամ արձանագրելու թեկուզ չնչին հաջողություն որեւէ ոլորտում։ Դրանում համոզվելու համար բավական է հիշել, թե ինչ են նրանք ժողովրդին տվել իրենց գոյության անցած երկու տա­րիների ընթացքում. միայն բանտ ու արյուն, ոստիկանական ու հարկային տեռոր, տնտեսական գահավիժում ու գործա­զրկություն, մանր ու միջին գործարարու­թյան ոչնչացում, թանկացումներ ու դրամի արժեզրկում, արտա­գաղթ ու կա­պի­տալի արտահանում, իսկ արտա­քին քաղաքականության բնա­գավառում՝ Ցեղասպանության ուրացում, հայ-թուրքական հարաբերությունների կարգա­վորման նվաստացուցիչ գործըն­թաց, Ղարաբաղի խնդրի խայտառակ հանգուցալուծման հեռանկար։
 
Հետեւաբար, որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա եւ որքան էլ ինքնավստահ ձեւանա, միեւնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակ­վող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո, մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշա­տիչները։ Մեր պարտքն է, արդ, պատրաստ լինել այդ օրվան՝ երկրի կորուստ­ները նվազագույնի հասցնելու եւ պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար։ Քանի որ վարչախումբն այդպես էլ չգիտակցեց առկա մարտահրավերների դիմակայման համար ազնիվ երկ­խոսության ու ազգային համերաշխության հաստատման անհրաժեշտու­թյու­նը, ուստի սոցիալական պայթյունից խուսափելու եւ զարգացումները սահմանադրական հուն տեղա­փոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհր­դա­րանական եւ նախա­գահական ընտրությունները։ Կոնգրեսի հրապարա­կած տնտեսական վերա­փո­խումների ծրագիրն, ըստ այդմ, կարող եք այդ ընտրություններին մաս­նակցելու եւ հաղթելու հայտ համարել։

01 Մարտ 2010


2011-11-25Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ իրադարձությունը աղմկոտ հրաժարականներն ու որոշ պետական պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն են, որոնք արդեն իսկ պատկառելի ցանկ են կազմում՝ սկսած Գագիկ Բեգլարյանից, Հովիկ Թամամյանից ու Մարգար Օհանյանից, ավարտած Ալիկ Սարգսյանով, զույգ Կարեն Կարապետյաններով, Հովիկ Աբրահամյանով եւ Միքայել Մինասյանով։ Ակնհայտ է, որ ռեժիմի ներսում լուրջ վերադասավորումներ են կատարվում, որոնք միտված են ազատվելու նրա գծից շեղվող կամ անհավատարմության նշաններ դրսեւորող տարրերից եւ առաջիկա ընտրություններից առաջ ապահովելու իշխող քաղաքական ուժի միասնությունը, որը նրա գոյատեւման ամենահուսալի, եթե ոչ միակ, գրավականն է։

2011-10-28Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 28-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-10-28Ելույթներ ՀԱԿ հանրահավաքում. 28.10.2011

2011-10-08Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 8-ի հանրահավաքում (հատված, տեսանյութ)

2011-10-06Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 6-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-10-05Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 5-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-09-30Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 30-ի հանրահավաքում (տեսանյութ)

Սիրելի հայրենակիցներ,

Ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետության լուծը թոթափելու խնդիրը՝ ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչեւ խաղաղ ցուցարարների գնդակոծում եւ հարյուրավոր մարդկանց բանտարկություն։ Թեեւ նշված խնդիրը մինչ օրս էլ դեռեւս լուծված չէ, բայց միեւնույն է, այդ քառամյա պայքարը պետք է համարել հայ ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական հասունության, կամ ավելին, ազգային արժանապատվության ամենանշանակալի դրսեւորումը, որը վերջիվերջո չի կարող չտալ իր պտուղները։ Մեկանգամյա պոռթկումների ու ընդվզումների ընդունակ են բոլոր ժողովուրդները, բայց, որպես կանոն, հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր տեւական համառություն, տոկունություն ու վճռականություն են ցուցաբերում։ Քառամյա հետեւողական պայքարով, զրկանքների դիմանալու ունակությամբ, դուք ապացուցեցիք, որ ձեր համառությունը, տոկունությունն ու վճռականությունը սահման չունեն։ Ուստի բոլորովին մի՛ կասկածեք, որ հակառակ ավազակապետության կատաղի դիմադրությանը, հակառակ միջազգային հանրության կողմից նրան ցուցաբերված անվերապահ աջակցությանը, հակառակ հասարակության մի մասի կրավորականությանն ու հարմարվողականությանը, եւ հակառակ ձեր առջեւ ծառացած բոլոր մնացյալ դժվարություններին, դուք վաղ թե ուշ հաղթելու եք։ Ավելին, դուք արդեն իսկ հաղթած եք, քանի որ չեք հաշտվել ձեր դեմ կատարված սոսկալի անիրավության հետ եւ մտադիր չեք համակերպվել բռնատիրության, տգիտության ու գավառամտության առջեւ գլուխ խոնարհելու եւ ճակատագրի անելանելիությանը ենթարկվելու մտքին։

2011-09-23Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 23-ի հանրահավաքում

_MG_6262.jpgԹվում էր, թե Հայաստանի իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթի մասին ասված է ամեն ինչ, եւ դժվար կամ գրեթե անհնար է դրան որեւէ բան ավելացնել։ Սակայն մի ցնցող նորություն ցրում է այս տպավորությունը եւ հնարավորություն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկյունից, լիարժեք դարձնելով իրականության մինչ այժմ ձեւավորված հասարակական ընկալումը։ Ես նկատի ունեմ Wikileaks-ի աղմկահարույց հրապարակումները, որոնցից պարզվում է, որ Հայաստանի իշխանական համակարգի էությունը մեզանից շատ ավելի լավ հայտնի է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այսինքն՝ Երեւանում հավատարմագրված ամերիկյան դիվանագետների կանոնավոր, բարեխիղճ ու մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կատարելապես տեղյակ է եղել, որ...

2011-09-09Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 9-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Ս.թ. օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը, Կոնգրես-իշխանություն բանակցությունների շրջանակում, ներկայացրեց «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» վերնագիրը կրող ընդարձակ փաստաթուղթը։

2011-08-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. օգոստոսի 2-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Անառարկելի է, որ ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է։ Անկախ այն բանից, թե որոշ քաղաքական ուժեր, լրագրողներ ու վերլուծաբաններ ինչպես են գնահատում այդ գործընթացը, ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է խնդիրների խաղաղ, անցնցում կարգավորմանը, մանավանդ, երբ դա տեղի է ունենում ոչ թե փակ դռների ետեւում, այլ բաց, թափանցիկ բանակցությունների միջոցով։

2011-06-30Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հունիսի 30-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ արդեն մի քանի ամիս է, ինչ մենք բոլորս մասնակից ենք մի կոնկրետ քաղաքական գործընթացի, ես առանց նախաբանի կանգ կառնեմ երկու հարցի վրա, որոնցից առաջինը վերաբերում է մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին, իսկ մյուսը՝ Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսության հեռանկարին։ Բնականաբար, ես ծրագրել էի անդրադառնալ նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպմանը, բայց քանի որ, իմ տպավորությամբ, նրա մանրամասները գաղտնի են պահվում, ապա առայժմ զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից։ Բավարարվեմ միայն հիշեցնելով, որ Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման ցանկացած ծրագրի վերաբերյալ, կախված է բացառապես նրանից, թե որքանով է այն ընդունելի Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության համար։ Իսկ այժմ անցնեմ ելույթիս բուն նյութին։

2011-05-31Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. մայիսի 31-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Նախ և առաջ, ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիդ՝ իշխանության առջև մեր դրած երեք կարևորագույն պահանջների կատարման առթիվ, ինչը պետք է համարել համաժողովրդական եռամյա պայքարի մինչ այժմ արձանագրված ամենամեծ հաղթանակը։ Դա ոչ թե ընդդիմության, ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, եթե կուզեք, ողջ հայ ժողովրդի, իսկ վերջին հաշվով, մեր երկրի ու պետության հաղթանակն է, որի կերտման գործում իրենց լուման են ներդրել ե՛ւ համաժողովրդական շարժման նվիրյալները, ե՛ւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ե՛ւ անկախ մամուլի ներկայացուցիչները, ե՛ւ սոցիալական բողոքի տարերային ցույցերի հազարավոր մասնակիցները։

2011-04-28Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. ապրիլի 28-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթս ես ուզում եմ սկսել Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 18-ին հրապարակված հայտարարության մեկնաբանությամբ։ «Վերջին մի քանի օրերին,- ասվում է այդ հայտարարության մեջ,- վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված.

ա. Վերջնականապես դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների շարքում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար։ Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ, ինչպես ժողովրդավարության, այնպես էլ ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ, այդպես էլ որևէ առաջընթաց չի գրանցվում։ Դրա հետևանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը, արդեն հաստատված, պետք է ներդրվեր 350 կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա։

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Լեւոն Զուրաբյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Արամ Սարգսյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Աշոտ Ադամյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Հրանտ Բագրատյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Սամսոն Խաչատրյանի ելույթը

2011-04-08Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ․ապրիլի 8-ի հանրահավաքում. Ազատության հրապարակ

Սիրելի հայրենակիցներ,

Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր։ Մարտի 17 ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք անհրաժեշտ են իշխանության հետ ֆորմալ երկխոսություն սկսելու եւ հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար։ Պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, եւ մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։ Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից։ >> Կարդալ ելույթի շարունակությունը >>

2011-03-21Լ. Տեր-Պետրոսյանի 2-րդ ելույթը 2011 թ․ մարտի 17-ի հանրահավաքում. Ազատության հրապարակ

2011-03-17Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ․ մարտի 17-ի հանրահավաքում. Մատենադարան

Սիրելի հայրենակիցներ,

 Ինչպես պայմանավորվել էինք, այսօր մենք ձեզ հետ միասին քննարկելու ենք ս.թ. մարտի 1-ին ընդունած մեր հայտարարության կատարման ընթացքը եւ համապատասխան եզրակացություններ անելու դրա հանդեպ իշխանությունների ցուցաբերած արձագանքից, ինչն անհրաժեշտ է ոչ այնքան գնահատականներ տալու, որքան մեր հետագա անելիքները ճշտելու համար։ Սակայն նախքան բուն նյութին անցնելը, սովորականի պես, ստիպված եմ անդրադառնալ այդ հայտարարության հետ կապված որոշ թյուրըմբռնումների, որոնք մասամբ արդյունք են անուշադրության, մասամբ էլ դիտավորության։ Պարզաբանումների կարիքն զգացվում է ոչ թե հակաճառելու կամ արդարանալու նկատառումով, այլ սոսկ փաստերը ճշգրտելու նպատակով, որովհետեւ հայտարարությունից արվում են հեռուն գնացող եզրակացություններ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, չխոսած այլեւս անհիմն մեղադրանքների ու վերագրումների մասին։ Արդ, որո՞նք են այդ թյուրըմբռնումները.

2011-03-01Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ելույթի փոխարեն ես առաջարկում եմ այսօրվա հանրահավաքի անունից ընդունել հետեւյալ հայտարարությունը.

«Արձանագրելով, որ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախումբը իշխանությունը բռնազավթել է կեղծված խորհրդարանական ու նախագահական ընտրությունների եւ 2008թ. մարտի 1-ի արյունոտ ոճրագործության միջոցով.
Որ անցած երեք տարիների ընթացքում երկիրը կառավարել է բացահայտ բռնապետական մեթոդներով՝ սիստեմատիկաբար սահմանափակելով խոսքի, մամուլի, հավաքների ազատությունն ու կոպտորեն ոտնահարելով մարդու եւ քաղաքացու իրավունքները.

2011-02-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` 2011 թ. փետրվարի 18-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-ՊետրոսյանԵթե փորձելու լինենք գնահատել նախորդ հանրահավաքից հետո ընկած շուրջ եռամսյա ժամանակահատվածը, ապա հազիվ թե այն կարելի է բուռն իրադարձություններով հարուստ շրջան համարել։ Բայց միաժամանակ սխալ կլինի նաեւ դա անդորրի կամ դադարի շրջան դիտել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող խորքային երեւույթները։ Ես նկատի ունեմ սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության այն ուշագրավ դրսեւորումները, որոնց ականատեսն ենք խնդրո առարկա ժամանակահատվածում։

2010-10-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. հոկտեմբերի 19-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ձեզ համար իսկզբանե պիտի պարզ լիներ, որ այսօրվա միջոցառումը ոչ այնքան հանրահավաք, որքան ցույց է, ինչի պատճառով երկարաշունչ ելույթներն ավելորդ են։ Հայտնի է նաեւ ցույցի առիթը՝ Եւրոխորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը, որն այս պահին ընթանում է Երեւանում։
Արդ, ինչո՞ւ ենք մենք օգտագործում այս առիթը՝ եւս մեկ անգամ մեր ընդդիմախոսներին հիմք տալով չարաբանելու, թե մենք կրկին փորձում ենք Հայաստանի ներքին խնդիրները լուծել օտարների օգնությամբ, այսինքն՝ դրսից տղա ենք բերում։ Քավ լիցի, նախ՝ այդ տղաներին ոչ թե մենք, այլ Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանն են բերել, եւ երկրորդ, ինչպես մի առիթով նշել եմ, Եւրոխորհուրդը, Եւրոդատարանը, ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ը ամենեւին օտարներ չեն, այլ մեր սեփական կազմակերպությունները։ Հայաստանը կամովին անդամագրվել է բոլոր այդ միջազգային կառույցներին եւ համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջեւ։ Հետեւաբար, մենք մեր իսկ կազմակերպություններից ընդամենը պահանջում ենք վերահսկել այդ պարտավորությունների կատարումը։ Եւ այդ պահանջը միանգամայն արդար ու օրինական է, քանի որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել նշված կազմակերպությունների առջեւ, ապա դա նշանակում է, որ վերջիններս էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ։

2010-10-15Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. հոկտեմբերի 15-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Անցյալ հանրահավաքում ես ձեզ խոստացել էի, որ այսօրվա ելույթս հիմնականում նվիրված է լինելու Հայաստանում մոլեգնող ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին՝ անհավատալի չափերի հասնող կոռուպցիային։ Սակայն մինչեւ բուն նյութին անցնելը, ստիպված եմ անդրադառնալ մի անհեթեթության, որը մեկ տարուց ավելի է, ինչ օրուգիշեր մատուցվում է մեր ժողովրդին։ Մեզ մեղադրում են, թե իբր մենք կենտրոնանում ենք արտաքին քաղաքականության վրա եւ անտեսում ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները, ավելին, ասվում է նույնիսկ, որ իշխանություններին հաջողվել է ընդդիմությանը պարտադրել իր քաղաքական օրակարգը, նրան շեղելով երկրի ներքին կյանքի վերափոխման նպատակից։ Գեղեցիկ ձեւակերպված ու առաջին հայացքից համոզիչ թվացող այս պնդումները, սակայն, կապ չունեն ո՛չ իրականության, ո՛չ էլ տարրական քաղաքագիտության հետ։ Մի կողմ դրած «արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է» տրիվիալ միտքը, նշենք, որ արտաքին եւ ներքին քաղաքականության տարանջատումը զուտ պայմանական է՝ թելադրված պարզ մեթոդաբանական անհրաժեշտությամբ։ Ցանկացած պետության արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրներն իրականում կազմում են մեկ ամբողջություն եւ որպես այդպիսին հանդիսանում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության օրակարգը։ Որքան արտաքին քաղաքականությունն է կախված ներքինից, նույնքան ներքին  քաղաքականությունն արտաքինից։ Որեւէ բանական մարդ, օրինակ չի կարող առարկել եւ, ըստ էության, չի էլ առարկում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակական ձախողումները պայմանավորված են բացառապես երկրի ներսում տիրող անառողջ իրադրությամբ, մասնավորաբար, իշխանությունների ոչ լեգիտիմ եւ կոռումպացված լինելու հանգամանքով։ Նունքան ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի ներքին կյանքի բացասական երեւույթներից շատերը պայմանավորված են արտաքին հանգամանքներով։ Մի՞թե պարզ չէ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ, խայտառակ ընտրություններ, ժողովրդավարության սահմանափակումներ, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ եւ կոռուպցիայի համատարած դրսեւորումներ չէին լինի, եթե այդ ամենը չհանդուրժվեր արտաքին աշխարհի կողմից եւ չօգտագործվեր գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի սպասարկման նպատակով։ Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությունն, արդ, հիմնված է արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների օրգանական փոխկապակցության գիտակցության վրա, ուստի թող ոչ ոք մութ սենյակում սեւ կատու չփնտրի, որովհետեւ այնտեղ կատու չկա։

2010-09-17Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Թեեւ ես սովորություն չունեմ մեկնաբանելու նախկինում արտահայտած իմ մտքերը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀՇ համագումարում ունեցած ելույթս (17.07.2010) միանշանակ չընդունվեց քաղաքական շրջանակների կողմից եւ առիթ հանդիսացավ որոշ թյուրընկալումների ու նենգափոխումների, ստիպված եմ լրացուցիչ պարզաբանումներ տալ այդ առթիվ։ Հիշատակված ելույթում ես ընդամենը կատարել եմ օբյեկտիվ իրականությունից բխող ու միմյանցից անկախ երեք հիմնական արձանագրում՝ կոնստատացիա։
Առաջին. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի»։ Միանգամայն աներկիմաստ այս պնդումն իշխանական քարոզչամեքենայի կողմից վերածվել է իր ինտելեկտուալ մակարդակին համարժեք մի պարզունակ մտքի, թե իբր ես առաջարկում եմ հանուն Հայաստանի զարգացման, զիջել Ղարաբաղը։ Մինչդեռ կարիք չկա ապացուցելու, որ ես շեշտել եմ ոչ թե զիջման, այլ Ղարաբաղի խնդրի (ու նրանից կախված հայ-թուրքական հարաբերությունների) կարգավորման կամ լուծման անհրաժեշտությունը։ Մի բան է լուծումը, եւ բոլորովին մի այլ բան՝ զիջումը։ Ո՞վ է ձեզ ստիպում որեւէ բան զիջել, ո՞վ է պահանջում տարածքներ վերադարձնել։ Դեմ եք զիջմանը կամ փոխզիջմանը, անզիջողական կամ հաղթողական լուծում ապահովեք, ո՞վ ուրախ չի լինի։ Միայն թե՝ ինչ ճանապարհ էլ ընտրեք, պետք է գիտակցեք, որ Ղարաբաղի խնդիրը լուծել, կրկնում եմ լուծել եւ ոչ թե զիջել, դուք պարտավոր եք, որովհետեւ...

2010-07-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում. հուլիսի 17, 2010 թ.

Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,

Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում (լուսանկարը` Գ. Շամշյանի)Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննադատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմնախնդիրների պարզաբանմանը։

Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից։

2010-04-06Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. ապրիլի 6-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱյսօր ես կարճ եմ խոսելու, որովհետեւ իմ ընկերները հանգամանորեն ներկա յացրին սույն հանրահավաքի հետապնդած նպատակը, այն է՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում ընթացող համաժողովի ուշադրության հրավի րումը Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբան տարկյալների առկայության աղաղակող փաստի, ինչպես նաեւ ընդհանրապես ժողո վրդա վարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։

Այնուամենայնիվ, չեմ կարող շրջանցել որոշ ուշագրավ զարգացումներ, որոնց ակա նատեսն ենք վերջին շրջանում։ Դրանցից առաջինը միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, կամ ավելի ճիշտ, արտահայտ չաոճի փոփոխությունն է քաղբանտարկյալների հարցում։ Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտա գործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը։ Անշուշտ, սա մի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ–թուրքական հարաբե րու թյունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով։ Այս վերջին նպատակին են ծառայում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների 2009թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության նախորդ տարվա համեմատ բավականին խստաց ված զեկույցի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մար դու իրավունքների գրասենյակի եւ Եւրոխորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները։

2009-11-11Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. նոյեմբերի 11-ի ՀԱԿ ՔաղԽորհրդի ընդլայնված նիստում

Լեւոն Տեր-Պետրոսյան. 2009 թ. նոյեմբերի 11Իմ նախորդ ելույթում (18.09.2009) ես խոստացել էի մի այլ առիթով ավելի հանգամանորեն անդրադառնալ հայ-թուրքական արձանագրություններին։ Կարծում եմ, դրանց ստորագրման արդյունքում հստակեցված ներկա իրավիճակը հարմարագույն առիթն է այդ խոստումը կատարելու համար։ Ես կաշխատեմ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից եւ կատարվածն ու դրա հետեւանքները վերլուծել բացառապես քաղաքական տեսակետից։ Ստիպված եմ միայն զգուշացնել, որ ի հեճուկս մամուլի սպասումների, ելույթս ոչ թե ծրագրային է, այլ բացատրական, թեեւ չեմ ժխտում նաեւ ծրագրային ելույթի անհրաժեշտությունը։

* * *

Եւ այսպես, հակառակ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված բողոքի տպավորիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռքբերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում նրա դրսեւորած անհարկի զիջումը բավական է այս պնդումը անառարկելի համարելու համար, քանի որ որեւէ այլ նկատառումով դա ուղղակի անհնար է բացատրել։ Զարմանալու ոչինչ չկա. կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակ՝ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արեւմուտքից։

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 1

Սիրելի հայրենակիցներ,

2009-09-18_LTerPetrossian.jpgՈւղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի: Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման:

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 2

Լեռնային Ղարաբաղ

Եթե հայ-թուրքական հարաբերություններում, ինչպես ասվեց, ամեն ինչ պարզ է, ապա շատ ավելի բարդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող վիճակը: Պնդումներ են շրջանառվում, թե իբր Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ (17/18.07.2009) ստորագրվել է, այսպես կոչված, շրջանակային համաձայնագիրը: Թե ինչ հիմքեր ունեն այդ պնդումները, ես չգիտեմ. հավանաբար, նախնական ինչ-որ արձանագրություն ստորագրվել է: Բայց սա չէ կարեւորը: Ամբողջ խնդիրն այն է, որ անկախ ստորագրված լինելու կամ չլինելու հանգամանքից, կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի:

2009-07-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հուլիսի 2-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ անգամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։

2009-06-12Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 12-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։

Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։

2009-06-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

2009-06-01_miting_zhoghovurd.jpgԱյն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին։ Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար։ Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու։ Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում։

2009-05-15Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 15-ի հանրահավաքում

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

2009-05-15_miting_LTP.jpgԹվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում` Երևանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին և արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացքող մտահոգիչ զարգացումներով։

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 1)

«... ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆ ԵՄ ...»

Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

հանդիպում  երիտասարդների հետ. 03.11.2007Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի բացման խոսքով:

Սիրելիներս.

Ինձ համար շատ հաճելի է մասնակցել այս հանդիպմանը: Վաղուց այսքան գեղեցիկ երիտասարդություն չէի տեսել: Հոկտեմբերի 26-ին ես ձեզ տեսա Ազատության հրապարակի հարթակից: Այսօր դուք այստեղ եք` բարեկամական զրույցի համար:

Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում սկսվում է մի նոր շարժում, նոր սերնդի շարժում: 19-17 տարի է անցել 88-90 թվականների մեր առաջին համազգային շարժումից: Փոխվել է սերունդ. նրանք, ովքեր 88 թվականին 10-15 տարեկան էին, այսօր արդեն 30-35 տարեկան են: Ես ընդամենը այդ առաջին շարժման եւ ձեր նոր ձեւավորվող շարժման միջեւ կամուրջ եմ: Նոր շարժումը բոլորովին այլ բովանդակություն ունի, այլ նպատակներ, այլ խնդիրներ: Եւ կարծում եմ` ձեզ պիտի առաջնորդի նախեւառաջ այն, որ սա ձեր շարժումն է: Ես ընդամենը ձեր գործիքն եմ` արտահայտելու համար ձեր կամքը:

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 2)

Սկիզբը` այստեղ

- Պարոն նախագահ, ուզում եմ հարցնել հետագա քայլերի մասին մի քիչ: Ասենք հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ ներկա Սահմանադրությամբ նախագահը իր լիազորությունների մեջ բավականին սահմանափակ է: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը արդեն ընտրված Ազգային Ժողովի հետ, որ դեռ հինգ տարի պետք է գործի:

- Սա լավ հարց է, իսկապես կարեւորագույն հարց, որովհետեւ, ինչպես ասացի` այսօր ավազակապետական իշխանությունը որեւէ հակակշիռ չունի: Եւ օրենսդիր իշխանությունը, եւ դատական իշխանությունը ամբողջությամբ ենթարկված են այդ համակարգի տրամաբանությանը: Սա, ըստ երեւույթին, մեր առջեւ կանգնած ամենակարեւոր հարցն է` իշխանությունների բաժանման, հակակշիռների ստեղծման հարցը: Բայց մենք ունենք ռեալ իրականություն, ունենք այն խորհրդարանը, ինչ ունենք: Ի՞նչ պետք է անի նոր նախագահը: Ինձ թվում է ոչինչ չպետք է անի` պետք է աշխատի այդ խորհրդարանի հետ, քանի որ, ըստ էության, նրա լուծարման մեխանիզմ չկա: Պիտի համոզմունքով, իր խոսքով, իր ծրագրերով կարողանա այնպես անել, որ այդ խորհրդարանը չխանգարի գործադիր իշխանության ներկայացրած օրենքները ընդունելուն: Ես չեմ ասում` նույն ձեւով պիտի կոճակներ սեղմեն եւ ընդունեն այդ օրենքները: Վստահ եղեք, նույնիսկ այդ մարդիկ, որոնք, թվում է, չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, այսօր չեն ուզում օգտագործել իրենց բանականության ռեզերվները, պոտենցիալը, վաղը, ուրիշ պայմանների մեջ լինելով՝ ինձնից ու ձեզնից շատ ավելի շնորքով ելույթներ կունենան եւ շնորքով հարցեր կդնեն` նույն այդ մարդիկ: Ի դեպ, ես գրագողություն եմ անում, այս գաղափարը փոխառել եմ Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածից: Բայց չեմ ուզում ծավալվել: Ինչո՞ւ` որովհետեւ, սա շատ կարեւոր հարց է, եւ դառնալու է ապագա, գուցե ոչ առաջիկա հանրահավաքի` ելույթում իմ մեկնաբանելիք կարեւորագույն հարցերից մեկը: Նոր նախագահը պիտի աշխատի այս խորհրդարանի հետ, որովհետեւ ինչպես ասացի, չկա խորհրդարանը ցրելու մեխանիզմ: Նոր նախագահը պիտի ելնի նրանից, որ խորհրդարանում կա մեծամասնություն եւ այդ մեծամասնության կարծիքի հետ պիտի հաշվի նստի: Ավելին ասեմ, եթե այդ մեծամասնությունն առաջարկի իր վարչապետին` նախագահը այլ բան չի կարող անել, քան համաձայնել դրա հետ: Այսպես է իրականում: Իհարկե, ոչ այն վարչապետին, որ այսօր կա. դրա մասին չէ խոսքը: