ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հունիսի 30-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ արդեն մի քանի ամիս է, ինչ մենք բոլորս մասնակից ենք մի կոնկրետ քաղաքական գործընթացի, ես առանց նախաբանի կանգ կառնեմ երկու հարցի վրա, որոնցից առաջինը վերաբերում է մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին, իսկ մյուսը՝ Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսության հեռանկարին։ Բնականաբար, ես ծրագրել էի անդրադառնալ նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպմանը, բայց քանի որ, իմ տպավորությամբ, նրա մանրամասները գաղտնի են պահվում, ապա առայժմ զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից։ Բավարարվեմ միայն հիշեցնելով, որ Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման ցանկացած ծրագրի վերաբերյալ, կախված է բացառապես նրանից, թե որքանով է այն ընդունելի Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության համար։ Իսկ այժմ անցնեմ ելույթիս բուն նյութին։

* * *

Քաղբանտարկյալների եւ Ազատության հրապարակի հետ կապված խնդիրները վերջնականապես լուծված համարելով, այսուհետեւ մենք մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վրա։ Թեեւ իրավապահ մարմինները, կարծես-թե, փութաջանորեն լծվել են Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականի (20.04.2011) կատարման գործին, բայց տպավորություն է ստեղծվում, որ մենք կրկին ականատես ենք դառնում նիկոյանական տիպի մի նոր խեղկատակության։ Պատճառներից մեկը թերեւս տվյալ հանձնարարականի անորոշությունն է, քանի որ նրանում ընդամենը «թափ եւ ընդգծված ակտիվացում է ակնկալվում մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում»։ Մինչդեռ խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակությունը եւ միջազգային հանրությունը հստակորեն պահանջում են ոչ թե մարտի 1-ի դեպքերի, այլ կոնկրետ տասը սպանությունների բացահայտում՝ դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով, առաջին հերթին, ոճրագործության պատասխանատուների նկատմամբ ուշացած արդարադատության իրականացմամբ։ Ի շարս բազմաթիվ միջազգային փաստաթղթերի, այդ պահանջն ամենայն մանրամասնությամբ ձեւակերպված է, մասնավորապես, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի ս.թ. ապրիլի 14-ի եւ Եւրոխորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի մայիսի 9-ի զեկույցներում։ Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ նշված պահանջը չի կատարվել, միջազգային հանրությունը եւս, Հայաստանի հասարակության նման, մարտի 1-ի էջը փակված չի համարելու։ Ի դեպ, հիշյալ զեկույցներում արված են նաեւ մի շարք արժեքավոր մասնագիտական դիտողություններ ու առաջարկներ, որոնք, հաշվի առնվելու պարագայում, կարող են մեծապես նպաստել սպանությունների բացահայտման եւ նրանց պատասխանատուների ինքնության ճշտման գործին։ Ավելին, նրանցում տրված է անգամ սպանությունների բացահայտման բանալին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունները կարգավորող հրամանների համակարգի վերհանումը, ինչը թույլ կտա պարզել, թե վերից-վար ինչպես են իջեցվել հրազենի եւ հատուկ միջոցների կիրառման հրամանները, եւ հետեւաբար ովքեր են մահվան դեպքերի կոնկրետ պատասխանատուները։

Խնդիրն աղճատելու մյուս պատճառը մարտի 1-ի իրադարձությունների վերաքննության հանձնարարումն է այն նույն մարմնին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որը երեք տարի շարունակ զբաղված է եղել ոճրագործության բացահայտ պարտակմամբ, եւ ընդհուպ, այն ընդդիմության վրա բարդելու հանցավոր ջանադրությամբ։ Շինծու գործերով բանտերը նետելով ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների, քննչական ծառայությունն այդպես էլ նրանցից ոչ ոքի մարտի 1-ին զենք կրելու, հրազեն օգտագործելու, նռնակ նետելու, մեքենա հրկիզելու կամ խանութ թալանելու մեղադրանք չառաջադրեց եւ վերջիվերջո ստիպված եղավ հրաժարվել նաեւ ընդդիմությանը վերագրվող իշխանության յուրացման նախնական մեղադրանքից, որը կազմում էր իշխանության ձեռնարկած ուժային գործողությունների արդարացման հիմքն ու իրադարձությունների պաշտոնական վարկածը։ Ուշագրավ է, որ վերջերս ընդդիմության կապը մեքենաների հրկիզումների, խանութների թալանի եւ բուն սպանությունների հետ, ըստ էության, բացառեց նաեւ ոչ այլ ոք, քան ինքը Ռոբերտ Քոչարյանը, հայտարարելով, կամ ավելի ճիշտ, խոստովանելով բառացիորեն հետեւյալը. «Ակներեւ է, որ մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա՝ ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում եւ խանութներ թալանում» («Մեդիամաքս». 10.05.2011)։

Այսպիսով, չանտեսելով հանդերձ Հանրային խորհրդի նախագահի այն հանճարեղ եւ ֆորմալ տրամաբանության տեսակետից անթերի միտքը, որ «եթե հանրահավաք չլիներ, մարդիկ չէին գնդակահարվի», պետք է վերջնականապես արձանագրել, որ զանգվածային անկարգություններն ու սպանությունները ընդդիմության գործողությունների հետ կապելու բոլոր փորձերն իսպառ ձախողվել ու ի դերեւ են ելել, ինչը նշանակում է, որ դրանց իրագործողներին ու կազմակերպիչներին հետաքննությունը պարտավոր էր, ու եթե մինչ օրս թերացել է, ապա գոնե այժմ պարտավոր է փնտրել բոլորովին այլ տեղ։ Դրա համար, ինչպես արդեն նշվեց, նախեւառաջ անհրաժեշտ է վերհանել ոստիկանության գործողությունները կարգավորող հրամանների համակարգը, եւ ապա՝ վերականգնել մարտիմեկյան ոճրագործությանը հանգեցրած պետական միջոցառումների ու պաշտոնական հայտարարությունների շղթան, որի գլխավոր օղակներն են.

- Ռոբերտ Քոչարյանի 2008 թ. փետրվարի 23-ի հայտարարությունը ընդդիմության բողոքի ցույցերը «իշխանության ապօրինի զավթման փորձ» որակելու եւ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մտադրության մասին.

- ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի փետրվարի 23-ի հրամանը ապօրինի զինվորական կառավարման մարմնի ձեւավորման եւ Երեւան քաղաքում բանակի զորամիավորումների կենտրոնացման վերաբերյալ.

- Փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Մ. Մարուքյանի՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» հարուցած Թ. 58200608 քրեական գործը.

- Փետրվարի 29-ին ԵՊՀ ուսանողության հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությունը, որ «իրավապահ մարմինները բավական ուժ եւ հնարավորություն ունեն սահմանադրական կարգը պահպանելու համար, եւ որ հարթակում կանգնած շատ շատերը երկար տարիներ անց են կացնելու բանտերում».

- Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից Ազատության հրապարակում իրականացված վայրագ գործողությունը, որը պատճառ դարձավ մի քանի ժամ անց Մյասնիկյանի արձանի մոտ առաջացած տարերային ցույցի՝ ասպարեզ բացելով իշխանական սադրիչների սանձարձակ գործունեության համար.

- Մարտի 1-ին պաշտպանության նախարարության մի պահեստից իշխանությունների հրահանգով հավաքագրված 950 սադրիչների միատեսակ համազգեստի տրամադրումը՝ նրանց սովորական ցուցարարներից տարբերելու համար.

- Եւ վերջապես, մարտի 1-ի ցերեկվա իրադարձությունների ընթացքում, Արտակարգ դրության հայտարարումից ժամեր առաջ, ցուցարարների դեմ բանակի ստորաբաժանումների կիրառումը։

Ահա, իշխանությունների հրապարակային սպառնալիքների եւ գաղտնի միջոցառումների այն չարաբաստիկ շղթան, որի մեթոդիկ գործադրումն էր, որ նախնական ծրագրի համաձայն, հանգեցրեց մարտի 1-ի դիվային սպանդին, նպատակ հետապնդելով մեկընդմիշտ ահաբեկել ժողովրդին եւ կոտրել նրա պայքարի ոգին՝ ավազակապետության գոյությունը հավերժացնելու եւ երկրի անխնա թալանը շարունակելու համար։ Ուստի եթե քննչական ծառայությունն իսկապես հետամուտ է սպանությունների բացահայտման գործին, ապա պարտավոր է դրվագ առ դրվագ հետաքննել այդ շղթայի բոլոր օղակները, որից հետո ոճրագործության հեղինակների ինքնության ճշտումը կդառնա պարզ խնդիր։ Քանի դեռ այդ սպանությունները չեն բացահայտվել, զոհերի ընտանիքներն ու վիրավորները բավականաչափ նյութական փոխհատուցում չեն ստացել եւ ոճրագործները չեն կանգնել դատարանի առջեւ, արդարադատության նկատմամբ հասարակության վստահության վերականգնման եւ ներազգային համերաշխության մթնոլորտի հաստատման մասին անիմաստ է խոսել՝ հանգամանք, որն իրենց վերոհիշյալ զեկույցներում հարկ են համարել հատուկ ընդգծել նաեւ Պրեսկոտը, Ֆիշերն ու Համմարբերգը։ Ավելացնենք, սակայն, որ մարտի 1-ի սպանությունների բացահայտումն ու դրանց իրականացնողների դատական հետապնդումը ոչ միայն կամ ոչ այնքան արդարադատության, որքան քաղաքական խնդիր է՝ նման ոճրագործության կրկնությունը հիմնովին բացառելու նկատառումով։ Հակառակ դեպքում մենք որեւէ կերպ ապահովագրված չենք ապագայում նույնպիսի ողբերգության կամ ազգային խայտառակության առջեւ կանգնելու հավանականությունից։

* * *

Հայաստանի ներքաղաղաքական կյանքի ամենակարեւոր իրադարձությունն, անշուշտ, Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ հնարավոր երկխոսության հարցի քննարկումն է։ Ինչպես ձեզ հայտնի է, ս.թ. հունիսի 17-ին այդ հարցին ընդարձակ հայտարարությամբ անդրադարձել է Սերժ Սարգսյանը։ Ամենեւին մտադրություն չունենալով հանգամանորեն վերլուծելու այդ հայտարարությունը, ես ուզում եմ միայն զուտ փաստական բնույթի մեկ-երկու դիտարկում կատարել։ Հայտարարության սկզբնամասում Սարգսյանը պնդում է. «Երկխոսության մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ եւ այսուհետ եւս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը։ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը՝ բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել։ Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը»։ Չգիտեմ, թե ինչպես է իշխանությունը երկխոսել կամ համագործակցել ժամանակին իր կողմից հաճախորդ, դհոլ եւ իդիոտ հորջորջված ուժերի հետ, բայց Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի հետ, ավելի քան երեք տարի, նա խոսել է բացառապես գեբելսյան քարոզչության, գնդակոծության, բանտերի, ոստիկանական ու հարկային տեռորի լեզվով։ Սարգսյանը նաեւ ավելացնում է. «Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է։ Մենք ենք սկսել այդ գործընթացը, եւ դա... ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի»։ Չեմ առարկում, միայն հարց եմ տալիս. եթե իսկապես այդպես է, ապա ինչո՞ւ նման նախաձեռնությամբ հանդես չեկաք երեք տարի առաջ, երկու տարի առաջ, կամ թեկուզ մեկ տարի առաջ, այլ միայն այն բանից հետո, երբ Կոնգրեսը ներկայացրեց երկխոսության համար անհրաժեշտ երեք նվազագույն պայմանները եւ սահմանեց դրանց կատարման կոնկրետ ժամկետներ։ Մի՞թե պարզ չէ, որ իշխանությունը երբեք Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսելու մտադրություն չի ունեցել, այլ իսկզբանե իր առջեւ բոլորովին այլ խնդիր է դրել, այն է՝ ճզմել, ոչնչացնել, արմատախիլ անել իր գոյությանը կամ հանգիստ կյանքին սպառնացող այդ հզոր քաղաքական ուժը, եւ միայն այդ ուղղությամբ ձեռնարկված բոլոր փորձերի ձախողումից հետո է, որ վերջերս ստիպված է եղել տեղի տալ ու փոխել իր վարքագիծը։ Այսքանն իմիջիայլոց՝ պատմական ճշմարտությունն արձանագրելու համար։ Իսկ այժմ՝ ըստ էության։

Կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել Սերժ Սարգսյանի մի այլ բնորոշ մտքի վրա. «Ես դրական եմ գնահատում,- գրում է նա,- Հայ Ազգային Կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը եւ հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել։ Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ»։ Մի կողմից՝ գնահատելի է, իհարկե, որ Սարգսյանը գիտակցում է գործընթացի կարեւորությունը, բայց մյուս կողմից՝ տարակուսանք է առաջացնում նրա կողմից երկրորդական, զուտ արարողակարգային խնդիրների հարուցումը, ինչն ինքնին այդ գործընթացը խափանելու վտանգ է պարունակում։ Խոստովանում եմ, հակառակ գործադրածս բոլոր ջանքերին, իմ ակադեմիական պատրաստությունը չի բավարարում հասկանալ, օրինակ, «երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են» նախադասությունը։ Իմ համեստ կարծիքով՝ այդ բառերը գրեթե հոմանիշներ են, իսկ եթե պահանջվում է դրանք անպայման միմյանցից տարբերել, ապա ամենահարմար բացատրությունը թերեւս հետեւյալն է. երկխոսությունը երեւույթի բովանդակությունն է, իսկ բանակցությունը նրա ձեւը։ Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ ընդգծելով հանդերձ գործընթացի կարեւորությունը, Սերժ Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով առայժմ չի կարողանում կողմնորոշվել երկխոսության կամ, նույնն է թե, բանակցության ձեւաչափի հարցում։ Վստահ եմ, սակայն, որ դա ընդամենը նրա շրջապատի անհասկացողությամբ կամ իրավիճակի անսովորությամբ պայմանավորված ժամանակավոր անորոշություն է, որը շուտով կհաղթահարվի։ Մենք խնդրարկու չենք, որ, ինչպես մեզ առաջարկվում է, դռնեդուռ ընկած, հարցեր բարձրացնենք տարբեր իշխանավորների առջեւ։ Այդպիսի երկխոսություն չի լինում, որովհետեւ ցանկացած երկխոսություն կողմերի հավասարություն է ենթադրում։ Հետեւաբար, որքան էլ իշխանությունը համառի, միեւնույն է, վերջիվերջո մեզ հետ խոսելու է պատշաճ, այսինքն՝ պատվիրակության մակարդակով։

Ավելորդ չեմ համարում ձեզ հիշեցնել խնդրի առնչությամբ օրեր առաջ իմ արած հետեւյալ կարճառոտ հայտարարությունը. «Երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ։ Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի։ Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը։ Իսկ մեծ հաշվով՝ մենք բոլորս, այսինքն երկիրն ու ժողովուրդը» («ՀԺ». 10.06.2011)։ Կարծում եմ, ասվածը հիմնավորելու կարիք չկա, քանի որ այդ մասին ես հանգամանորեն խոսել եմ մայիսի 31-ի հանրահավաքում։ Խնդիրը Հայ Ազգային Կոնգրեսի կամ իշխանության ամբիցիաների ու նեղկուսակցական շահերի բախումը չէ, այլ ներքաղաքական խոր ճգնաժամի հաղթահարումն ու երկրի առջեւ կանգնած գերվտանգավոր մարտահրավերների դիմագրավումը, որի միակ միջոցը, առ ի չգոյե ուրիշ ելքերի, ինստիտուցիոնալիզացված երկխոսությունն է։ Երկխոսություն՝ այո՛, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ, որոնցից գլխավորը արտահերթ ընտրությունների անցկացումն ու սահմանադրական կարգի վերականգնումն է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նպատակը ոչ թե անպայման իշխանության հասնելն է, այլ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումը։ Եթե արդար ընտրությունների արդյունքում հաղթի որեւէ այլ քաղաքական ուժ, այդ թվում ներկա իշխանությունը, մենք առաջինը կշնորհավորենք նրան։ Սկզբունքի տեսակետից՝ դա Կոնգրեսի եւ անձամբ ինձ համար գուցե ավելի մեծ հաղթանակ լինի, քան իշխանական աթոռներին բազմելը։

Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները թութակի պես աջուձախ կրկնում են, թե իբր Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան։ Այսինքն՝ 2008թ. կեղծված նախագահական ընտրությունը հիմք չէ, մարտի 1-ի սպանդը հիմք չէ, հարյուրավոր քաղաքական գործիչների զնդանումը հիմք չէ, հիմք չեն նաեւ՝ Ազգային Ժողովի զրոյական վարկանիշը, սոցիալ-տնտեսական խորագույն ճգնաժամը, համատարած կոռուպցիան, աղետալի չափերի հասած արտագաղթը, խելահեղ գնաճը, Ղարաբաղյան խնդրի բարդացումը եւ այլն։ Ուրիշ ի՞նչ հիմք է պետք արտահերթ ընտրությունների եւ իշխանափոխության համար, երբ քաղաքակիրթ երկրներում դրանք տեղի են ունենում թվարկվածների համեմատ շատ ավելի երկրորդական խնդիրների պատճառով։ Համաշխարհային վերջին տնտեսական ճգնաժամի առաջացրած սոցիալական դժգոհությունների հետեւանքով եւրոպական յոթ երկրներում արտահերթ ընտրությունների միջոցով կառավարություններ փոխվեցին։ Դա է ներքաղաքական լարվածության թուլացման միակ քաղաքակիրթ մեխանիզմը, որովհետեւ իշխանության հանդեպ ժողովրդի անվստահության դրսեւորումը պետք է անպայման իրավական ելք ունենա։ Այլապես, ամենուրեք տեղի կունենար այն, ինչ տեղի է ունենում արաբական երկրներում, եւ ինչի առթիվ դիպուկ կերպով արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը. «Պարոնայք իշխանավորներ,- գրում է նա,- եթե, օրինակ, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կամ Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիին հարցնեք՝ համոզված եղեք, նրանք ձեզ խորհուրդ կտան միանշանակորեն կառչել ընդդիմության առաջարկից։ Բեն Ալին եւ Մուբարաքը ցավով կարձանգրեն, որ իրենք կամ չեն ունեցել երկխոսությամբ իշխանությունից հեռանալու հնարավորություն, կամ չեն օգտվել դրանից» («ՀԺ». 21.06.2011)։

Ժողովրդավարական երկրներում, ինչպես արդեն նշվեց, արտահերթ ընտրությունները ներքաղաքական ճգնաժամերի լուծման կամ սոցիալական լարվածության թուլացման սովորական ընթացակարգ են, իսկ ցինիկների տեսակետից՝ գոլորշի բաց թողնելու միջոց։ Մինչդեռ մեր իշխանությունները դրանից վախենում են, ասես, ժանտախտից։ Եւ դա բնական է, քանի որ բռնապետություններն ընդհանրապես, եթե հնարավորություն ունենային, ո՛չ արտահերթ եւ ո՛չ իսկ հերթական ընտրություն չէին անցկացնի։ Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ չէ, որ կախված է նրանց կամքից, եւ գալիս է մի պահ, ինչպես, օրինակ, դա եղավ արաբական երկրներում, երբ բռնապետությունները հարկադրված են լինում գնալ արտահերթ ընտրությունների։ Հայաստանն այժմ գտնվում է այդպիսի վիճակում։ Ուստի որքան էլ մեր իշխանավորները համառեն ու փորձեն ժամանակ ձգել, միեւնույն է, նրանք վաղ թե ուշ կանգնելու են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրանքի առջեւ։ Իշխող վարչախումբը մինչ այժմ կորցրել է Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացման, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեփական դիրքերի ամրապնդման երկու պատեհություն՝ մեկը 2008թ. ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, մյուսը՝ 2009թ. մարտի 3-ին, տնտեսական ճգնաժամի կիզակետը խորհրդանշող դրամի փոխարժեքի գահավիժման պահին։ Կորցնել նաեւ ներկա պատեհությունը, կնշանակի սպառել մեր երկրի արժանապատիվ ապագայի կերտման վերջին հույսը։ Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։

30 Հունիս 2011


2011-11-25Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ իրադարձությունը աղմկոտ հրաժարականներն ու որոշ պետական պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն են, որոնք արդեն իսկ պատկառելի ցանկ են կազմում՝ սկսած Գագիկ Բեգլարյանից, Հովիկ Թամամյանից ու Մարգար Օհանյանից, ավարտած Ալիկ Սարգսյանով, զույգ Կարեն Կարապետյաններով, Հովիկ Աբրահամյանով եւ Միքայել Մինասյանով։ Ակնհայտ է, որ ռեժիմի ներսում լուրջ վերադասավորումներ են կատարվում, որոնք միտված են ազատվելու նրա գծից շեղվող կամ անհավատարմության նշաններ դրսեւորող տարրերից եւ առաջիկա ընտրություններից առաջ ապահովելու իշխող քաղաքական ուժի միասնությունը, որը նրա գոյատեւման ամենահուսալի, եթե ոչ միակ, գրավականն է։

2011-10-28Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 28-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-10-28Ելույթներ ՀԱԿ հանրահավաքում. 28.10.2011

2011-10-08Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 8-ի հանրահավաքում (հատված, տեսանյութ)

2011-10-06Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 6-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-10-05Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 5-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-09-30Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 30-ի հանրահավաքում (տեսանյութ)

Սիրելի հայրենակիցներ,

Ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետության լուծը թոթափելու խնդիրը՝ ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչեւ խաղաղ ցուցարարների գնդակոծում եւ հարյուրավոր մարդկանց բանտարկություն։ Թեեւ նշված խնդիրը մինչ օրս էլ դեռեւս լուծված չէ, բայց միեւնույն է, այդ քառամյա պայքարը պետք է համարել հայ ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական հասունության, կամ ավելին, ազգային արժանապատվության ամենանշանակալի դրսեւորումը, որը վերջիվերջո չի կարող չտալ իր պտուղները։ Մեկանգամյա պոռթկումների ու ընդվզումների ընդունակ են բոլոր ժողովուրդները, բայց, որպես կանոն, հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր տեւական համառություն, տոկունություն ու վճռականություն են ցուցաբերում։ Քառամյա հետեւողական պայքարով, զրկանքների դիմանալու ունակությամբ, դուք ապացուցեցիք, որ ձեր համառությունը, տոկունությունն ու վճռականությունը սահման չունեն։ Ուստի բոլորովին մի՛ կասկածեք, որ հակառակ ավազակապետության կատաղի դիմադրությանը, հակառակ միջազգային հանրության կողմից նրան ցուցաբերված անվերապահ աջակցությանը, հակառակ հասարակության մի մասի կրավորականությանն ու հարմարվողականությանը, եւ հակառակ ձեր առջեւ ծառացած բոլոր մնացյալ դժվարություններին, դուք վաղ թե ուշ հաղթելու եք։ Ավելին, դուք արդեն իսկ հաղթած եք, քանի որ չեք հաշտվել ձեր դեմ կատարված սոսկալի անիրավության հետ եւ մտադիր չեք համակերպվել բռնատիրության, տգիտության ու գավառամտության առջեւ գլուխ խոնարհելու եւ ճակատագրի անելանելիությանը ենթարկվելու մտքին։

2011-09-23Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 23-ի հանրահավաքում

_MG_6262.jpgԹվում էր, թե Հայաստանի իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթի մասին ասված է ամեն ինչ, եւ դժվար կամ գրեթե անհնար է դրան որեւէ բան ավելացնել։ Սակայն մի ցնցող նորություն ցրում է այս տպավորությունը եւ հնարավորություն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկյունից, լիարժեք դարձնելով իրականության մինչ այժմ ձեւավորված հասարակական ընկալումը։ Ես նկատի ունեմ Wikileaks-ի աղմկահարույց հրապարակումները, որոնցից պարզվում է, որ Հայաստանի իշխանական համակարգի էությունը մեզանից շատ ավելի լավ հայտնի է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այսինքն՝ Երեւանում հավատարմագրված ամերիկյան դիվանագետների կանոնավոր, բարեխիղճ ու մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կատարելապես տեղյակ է եղել, որ...

2011-09-09Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 9-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Ս.թ. օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը, Կոնգրես-իշխանություն բանակցությունների շրջանակում, ներկայացրեց «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» վերնագիրը կրող ընդարձակ փաստաթուղթը։

2011-08-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. օգոստոսի 2-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Անառարկելի է, որ ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է։ Անկախ այն բանից, թե որոշ քաղաքական ուժեր, լրագրողներ ու վերլուծաբաններ ինչպես են գնահատում այդ գործընթացը, ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է խնդիրների խաղաղ, անցնցում կարգավորմանը, մանավանդ, երբ դա տեղի է ունենում ոչ թե փակ դռների ետեւում, այլ բաց, թափանցիկ բանակցությունների միջոցով։

2011-05-31Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. մայիսի 31-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Նախ և առաջ, ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիդ՝ իշխանության առջև մեր դրած երեք կարևորագույն պահանջների կատարման առթիվ, ինչը պետք է համարել համաժողովրդական եռամյա պայքարի մինչ այժմ արձանագրված ամենամեծ հաղթանակը։ Դա ոչ թե ընդդիմության, ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, եթե կուզեք, ողջ հայ ժողովրդի, իսկ վերջին հաշվով, մեր երկրի ու պետության հաղթանակն է, որի կերտման գործում իրենց լուման են ներդրել ե՛ւ համաժողովրդական շարժման նվիրյալները, ե՛ւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ե՛ւ անկախ մամուլի ներկայացուցիչները, ե՛ւ սոցիալական բողոքի տարերային ցույցերի հազարավոր մասնակիցները։

2011-05-20ՀԱԿ թռուցիկ. մայիս 2011

Լույս տեսավ Հայ ազգային կոնգրեսի Թռուցիկի 2011 թ. մայիսի թողարկումը:

Ներբեռնեք այն, կարդացեք եւ փոխանցեք այլոց:

PDFlogo25.jpg

2011-04-28Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. ապրիլի 28-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթս ես ուզում եմ սկսել Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 18-ին հրապարակված հայտարարության մեկնաբանությամբ։ «Վերջին մի քանի օրերին,- ասվում է այդ հայտարարության մեջ,- վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված.

ա. Վերջնականապես դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների շարքում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար։ Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ, ինչպես ժողովրդավարության, այնպես էլ ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ, այդպես էլ որևէ առաջընթաց չի գրանցվում։ Դրա հետևանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը, արդեն հաստատված, պետք է ներդրվեր 350 կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա։

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Լեւոն Զուրաբյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Արամ Սարգսյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Աշոտ Ադամյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Հրանտ Բագրատյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Սամսոն Խաչատրյանի ելույթը

2011-04-08Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ․ապրիլի 8-ի հանրահավաքում. Ազատության հրապարակ

Սիրելի հայրենակիցներ,

Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր։ Մարտի 17 ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք անհրաժեշտ են իշխանության հետ ֆորմալ երկխոսություն սկսելու եւ հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար։ Պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, եւ մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։ Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից։ >> Կարդալ ելույթի շարունակությունը >>

2011-03-21Լ. Տեր-Պետրոսյանի 2-րդ ելույթը 2011 թ․ մարտի 17-ի հանրահավաքում. Ազատության հրապարակ

2011-03-17Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ․ մարտի 17-ի հանրահավաքում. Մատենադարան

Սիրելի հայրենակիցներ,

 Ինչպես պայմանավորվել էինք, այսօր մենք ձեզ հետ միասին քննարկելու ենք ս.թ. մարտի 1-ին ընդունած մեր հայտարարության կատարման ընթացքը եւ համապատասխան եզրակացություններ անելու դրա հանդեպ իշխանությունների ցուցաբերած արձագանքից, ինչն անհրաժեշտ է ոչ այնքան գնահատականներ տալու, որքան մեր հետագա անելիքները ճշտելու համար։ Սակայն նախքան բուն նյութին անցնելը, սովորականի պես, ստիպված եմ անդրադառնալ այդ հայտարարության հետ կապված որոշ թյուրըմբռնումների, որոնք մասամբ արդյունք են անուշադրության, մասամբ էլ դիտավորության։ Պարզաբանումների կարիքն զգացվում է ոչ թե հակաճառելու կամ արդարանալու նկատառումով, այլ սոսկ փաստերը ճշգրտելու նպատակով, որովհետեւ հայտարարությունից արվում են հեռուն գնացող եզրակացություններ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, չխոսած այլեւս անհիմն մեղադրանքների ու վերագրումների մասին։ Արդ, որո՞նք են այդ թյուրըմբռնումները.

2011-03-01Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ելույթի փոխարեն ես առաջարկում եմ այսօրվա հանրահավաքի անունից ընդունել հետեւյալ հայտարարությունը.

«Արձանագրելով, որ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախումբը իշխանությունը բռնազավթել է կեղծված խորհրդարանական ու նախագահական ընտրությունների եւ 2008թ. մարտի 1-ի արյունոտ ոճրագործության միջոցով.
Որ անցած երեք տարիների ընթացքում երկիրը կառավարել է բացահայտ բռնապետական մեթոդներով՝ սիստեմատիկաբար սահմանափակելով խոսքի, մամուլի, հավաքների ազատությունն ու կոպտորեն ոտնահարելով մարդու եւ քաղաքացու իրավունքները.

2011-02-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` 2011 թ. փետրվարի 18-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-ՊետրոսյանԵթե փորձելու լինենք գնահատել նախորդ հանրահավաքից հետո ընկած շուրջ եռամսյա ժամանակահատվածը, ապա հազիվ թե այն կարելի է բուռն իրադարձություններով հարուստ շրջան համարել։ Բայց միաժամանակ սխալ կլինի նաեւ դա անդորրի կամ դադարի շրջան դիտել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող խորքային երեւույթները։ Ես նկատի ունեմ սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության այն ուշագրավ դրսեւորումները, որոնց ականատեսն ենք խնդրո առարկա ժամանակահատվածում։