ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում


LZ.jpgՀարգելի
խորհրդարան,

Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի, ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի` ներում շնորհելու որոշմամբ, Հայ Ազգային Կոնգրեսը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Այդ հայտարարության մեջ մենք դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները: Այս քայլով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի նորմերը, ստանձնեց Ռամիլ Սաֆարովի կոմից կատարված հանցագործության ամբողջ բարոյական պատասխանատվությունը, միջազգային հանրությանը ցույց տվեց, որ պատրաստ է խրախուսել եւ փառաբանել ազգայնականության ու ցեղապաշտության հիմքի վրա մարդասպանությունը, վտանգելով տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցությունները:

 

Պարզ է նաեւ Հունգարիայի իշխանությունների պատասխանատվության հարցը: Ակնհայտ է, որ Հունգարիայի իշխանությունները կարող էին հեշտությամբ հաշվարկել Ադրբեջանի գործողությունները էքստրադիցիայից հետո, սակայն ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին այս պահին կարող ենք միայն ենթադրություններ անել, գերադասել են Ադրբեջանի դիմումի վերաբերյալ ցուցաբերել զուտ ֆորմալ մոտեցում եւ բավարարվել Ադրբեջանի` Սաֆարովին բանտում պահելու ակնհայտորեն հեղհեղուկ երաշխիքներով: Այդ է պատճառը , որ մենք ընդունում ենք այն գնահատականները, որ տրված են հայտարարության նախագծի մեջ նաեւ Հունգարիայի մասով:

 

Հայ Ազգային Կոնգրեսը, ունենալով կոշտ հակասություններ իշխող քաղաքական ուժի հետ, այնուամենայնիվ գիտակցում է ստեղծված իրավիճակում Հայաստանի քաղաքական ուժերի միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը: Ուստի մենք որոշել ենք առանց այլեւայլ բարդություններ ստեղծելու միանալ ներկայացված հայտարարության նախագծին:

 

Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում այս բարձր ամբիոնից կրկնել Հայ Ազգային Կոնգրեսի` օգոստոսի 31-ի հայատարարության գնահատականները առ այն, որ Հայաստանի իշխանությունները նույնպես պատասխանատվություն են կրում կատարվածի համար, քանի որ ժամանակին համարժեք կանխարգելիչ քայլեր չեն կատարել, ոչհետախուզության, ոչէլ դիվանագիտության ասպարեզներում

 

Հասկանալով Հայոց բանակի սպայի դեմ կատարված ոճրագործության դիմաց արժանի հատուցումը ապահովելու քաղաքական կարեւորությունը, Հայաստանի պատկան մարմինները, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարոuթյունը, Ազգային անվտանգությունը, Պաշտպանության նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահեին բոլոր զարգացումները եւ տիրապետեին այդ գործարքի նախապատրաստմանը վերաբերող ողջ տեղեկատվությանը։

Տիրապետելով այդ տեղեկատվությունը, օգտագործելով բոլոր դիվանագիտական լծակները, նրանք կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկեին՝ խնդիրը հրապարակավ բարձրացնելով ինչպես Հունգարիայի իշխանությունների, այնպես էլ  Մինսկի խմբի համանախագահ եկրների, Եվրոպական Միության եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ՆԱՏՕ եւ այլնառջեւ։ Հանցագործի էքստրադիցիայի կանխարգելման համար պետք էր մոբիլիզացվեին նաեւ հայկական սփյուռքի, ժողովրդավարական հասարակայնության ուժերը։

 

Հայաստանի իշխանությունները իրենք ընդունում են, որ էքստրադիցիայից առնվազն երկու շաբաթ առաջ տեղյակ են եղել պատրաստվող գործարքի մասին: Եթե այսօրվա բարձրացրած բողոքի կեսը բարձրացվեր այն ժամանակ, եթե հրապարակային հայտարարություններով հարցը դրվեր այն պետությունների եւ միջազգային կազմակերպությունների առջեւ, որոնք այսօր իրենց մտահոգություներն են հայտնում փաստի վերաբերյալ եւ քննադատում են Ադրբեջանին, վստահ եմ, Սաֆարովը դեռ նստած կլիներ հունգարական բանտում

 

Ամեն դեպքում, այսօր բոլորիս առաջնային գործը պետք է լինի սթափ գնահատել ստեղծված իրավիճակը: Այն պայթյունավտանգ է, հղի բազմաթիվ սպառնալիքներով մեր ազգային անվտանգության համար, ներառյալ հնարավոր պատերազմական էսկալացիան

 

Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, ինչքան էլ դա դժվար է, զերծ մնալ էմոցիոնալ, քաղաքականապես չհաշվարկված քայլերից: Հայաստանը պետք է կտրուկ եւ կոշտ քայլեր ձեռնարկի, բայց պետք է զերծ մնա որեւէ քայլից, որը կվնասի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի

Հանրապետությունների անվտանգությանը եւ միջազգային վարկին: Ադրջբեջանը քայլ է կատարել, որն ամբողջ աշխարհին ցույց տվեց ռազմաշունչ հակահայկական հիսթերիան խորացնելու, Ղարաբաղյան հակամարտությունը սրելու եւ բանակցային գործընթացը վտանգելու իր մտադրությունը: Դա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը պետք է նույնքան ապակառուցողական քայլերով պատասխանի, ինչը կլինի հենց Ադրբեջանի ուզածը: Եթե Ադրբեջանը ընտրել է բանակցային գոծընթացի տապալման ճանապարհը, ապա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերը պահանջում են ամեն բան անելու, որ միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահ երկրների համար դրա միակ պատասխանատուն լինի Ադրբեջանը: Ուստի Հայաստանը պետք է զերծ մնալ որեւէ քայլից, որն ուղղակիորեն վնասում է բանակցային գործընթացին

 

 

09 Սեպտեմբեր 2012


2012-06-26Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012 թ. հունիսի 26-ի հանրահավաքում

LevonTerPetrosyan.jpg

Այսպիսով, անուրանալի փաստ է, որ 1999 թվականից հետո առաջին անգամ այսօր մենք ունենք որակապես բոլորովին նոր խորհրդարան, որում ընդդիմության չորս խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» ներկայացված են 54 պատգամավորով։ Փաստ է նաեւ, որ խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ինչն իր հեռավոր նախադեպն անգամ չունի Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի ողջ գոյության ընթացքում։ Բավական է նշել, որ 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել է 0, իսկ 2008-ին՝ ընդամենը 3 «դեմ»։ Պետք է հուսալ, որ ընդդիմադիր ուժերի համերաշխ քվեարկությունը կշարունակվի նաեւ այսուհետեւ։ Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը։ Ոչ ոք ընդդիմությանը չի կարող մեղադրել խորհրդարանի օրենսդիր գործունեությունը խափանելու մեջ, որովհետեւ կառավարությունն Ազգային Ժողովում մեծամասնություն ունենալով, պարտավոր է ապահովել օրենքների ընդունումը։ Ժողովրդի սոցիալական վիճակի կամ հարկային բեռի թեթեւացմանը վերաբերող օրինագծերի պարագայում ընդդիմությունը պետք է պահանջի ավելի զգալի թեթեւացում, ասենք, կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման կառավարության առաջարկած 5%-ի փոխարեն պահանջի 10%-ի բարձրացում, իսկ այդ պահանջի չընդունվելու պարագայում կրկին դեմ պետք է քվեարկի համապատասխան օրինագծին։ Իշխող մեծամասնության հետ համերաշխ քվեարկություն հնարավոր է միայն ազգային անվտանգությանը եւ արտաքին մարտահրավերներին վերաբերող օրենքների ընդունման դեպքում։ Ընդդիմությունը սիստեմատիկաբար պետք է օգտագործի նաեւ Սահմանադրական դատարանում՝ խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման մեխանիզմը։ Այս ամենի հետեւանքով թեկուզ իշխանությունների կողմից բարբարոսաբար կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորված ներկա խորհրդարանը իրապես կարող է վերածվել քաղաքական բանավեճի լուրջ թատերաբեմի եւ իշխանության իրական հակակշռի, ինչը ժողովրդավարական եւ իրավական պետության կայացման միակ գրավականն է։

 

 

2012-05-29Լեւոն Զուրաբյանի ելույթը Սահմանադրական դատարանում

LZ2.jpg

Դատարանը իրավունք չունի, եթե այն իհարկե, այդ հանցագործությունները կատարած գործադիր իշխանության պարզ կցորդը չէ, զուտ ֆորմալիստական մոտեցում ցուցադրել շարադրված իրողությունների վերաբերյալ: Ի վերջո, այդ հանցագործությունները կրել են իսկապես զանգվածային բնույթ եւ տեղի են ունեցել մեր հասարակության աչքի առաջ: Եւ ես հայցում եմ Դատարանինց, համապատասխան իր բարձր կոչմանը, ամենայն լրջությամբ ուսումնասիրել ներկայացված փաստերը եւ տալ գործին այնպիսի թնթացքը, որ կնպաստի ժողովրդավարությայնը եւ մարդու հիմանարար ազատությունների եւ իրավունքների պաշտպանությանը: Հաշվի առնելով, որ խոսք է գնում հարյուր հազարավոր ձայների կեղծման մասին, ինչպես նաեւ ընտրական գործընթացը արժեզրկող ապացուցված փաստերի մասին, ինչպիսին է, օրինակ, դրոշմակնքման դրույթի համատարած խախտումը, հայցում ենք անվավեր ճանաչել 2012 թվականի մասյիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքները:

2012-05-08Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մայիսի 8-ի հանրահավաքում

LTP-May8.jpg

Թեեւ, գուցե անհամեստաբար, ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի թշվառ վիճակում։ Ուստի Կոնգրեսի կազմում ես շարունակելու եմ անել ամեն ինչ՝ հայ ժողովրդին քոչարյանա-սերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար։ Եւ պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից։
Հակառակ կյանքի դժվարություններին, հակառակ ձեր դեմ կատարված խայտառակ ապօրինություններին, հակառակ ձեր կրած նվաստացումներին եւ ձեր մարդկային ու ազգային արժանապատվության ամենօրյա ոտնահարմանը, ես ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն եւ սեփական իրավունքներին մինչեւ վերջ տեր կանգնելու երկաթյա կամք։ Ես լիովին հասկանում եմ ձեր զայրույթը անարդար իրականության դեմ, բայց երբեք չէի ցանկանա, որ այդ զայրույթը վերածվեր մաղձի ու չարացածության։

2012-05-03Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մայիսի 3-ի հանրահավաքում

AKA_3095.jpg

Սիրելի հայրենակիցներ, դուք սխալվելու իրավունք չունեք։ Պատշաճ քաղաքացիական գիտակցություն դրսեւորելու եւ ճիշտ ընտրություն կատարելու դեպքում դուք ի զորու եք մայիսի 6-ը դարձնել բեկումնային օր՝ երկրում սահմանադրական կարգի վերականգնման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման եւ արժանապատիվ կյանքի վերահաստատման համար։ Ուրիշ այսպիսի պատեհություն կամ շանս գուցե այլեւս չլինի։ Ձեզանից որեւէ զոհողություն չի պահանջվում, այլ ընդամենը ազատ ու անկաշկանդ քվեարկություն։ Մի՛ հավատացեք այն ստաբանություններին, թե իբր քվեախցիկներում ձեր գործողություններին կարող են հետեւել։ Նման բան երբեք չի եղել ու չի էլ կարող լինել։ Հաղթանակը մոտ է, եւ այն չի կարելի ձեռքից բաց թողնել։ Հավատացեք, դա ոչ թե մեր, այսինքն ընդդիմության հաղթանակն է լինելու, այլ ձեր հաղթանակը, սեփական արժանապատվությունը վերագտած Հայաստանի քաղաքացիների հաղթանակը, համայն հայության հաղթանակը։

2012-04-20Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2012 թ. ապրիլի 20-ի հանրահավաքում

LevonTerPetrosyan6.jpg

Հիմա ընտրապայքարի մեջ ենք, եւ ընտրապայքարը թելադրում է վարքի իր կանոնները: Քանի մոտենում են ընտրությունները, ելույթներն ավել կտրուկ, ավելի խիստ եւ ավելի էմոցիոնալ են դառնում: Դա անհրաժեշտ է եւ անխուսափելի։ Բայց, միեւնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ ընտրարշավը լուրջ աշխատանք է եւ հետեւաբար՝ կարիք ունի նաեւ մեկնաբանվելու, բացատրվելու, հանդարտ վերլուծությունների ենթարկվելու:
Հիմա կփորձեմ դա անել:

2012-03-30Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2012 թ. մարտի 30-ի հանրահավաքում

LevonTerPetrosyan1.jpg

Հայ Ազգային Կոնգրեսը, թերեւս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի։ Քառամյա հետեւողական հրապարակային գործունեության ընթացքում Կոնգրեսը թե՛ տեսական, թե՛ գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իշխանության իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն, որն իր առջեւ դրել ու հաջողությամբ լուծել է երկու գլխավոր խնդիր. առաջին՝ ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար բացահայտումը, եւ երկրորդ՝ սահմանադրական կարգի վերականգնմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հիմնավոր այլընտրանքների առաջադրումը։

2012-03-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2012 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-Պետրոսյան

Քանի որ այսօր մարտի 1-ն է, բնականաբար հարկ է սկսել այդ չարաբաստիկ օրվան պատշաճող թեմայից։ Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սեփական ինտերնետային կայքում ընդարձակ տեղեկատվական հաղորդում հրապարակեց 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ իր վարույթում գտնվող քրեական գործի ընթացքի մասին։ Կրկնությունից խուսափելու համար զերծ մնալով այդ խայտառակ փաստաթղթի մանրակրկիտ իրավական գնահատականից, որը տրված է Հայ Ազգային Կոնգրեսի իրավական հանձնաժողովի կողմից («ՀԺ». 25.01.2012), ես կբավարարվեմ սոսկ հետեւյալ կարճառոտ արձանագրումով։ Նշված հրապարակմամբ ՀՔԾ-ն ֆորմալ առումով կատարված ազդարարեց Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականը եւ ԵԽԽՎ 1837 բանաձեւի պահանջը, իսկ ըստ էության, փակված համարեց մարտի 1-ի պետական ոճրագործության արյունալի էջը։ Այսինքն, իշխող վարչախումբը, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, իր վրա վերցրեց այդ ոճրագործության ողջ պատասխանատվությունը եւ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ ցինիկաբար հայտարարեց, որ խաղաղ ցուցարարներին գնդակոծած, հարյուրավոր մարդկանց հրազենային ու բեկորային վերքեր պատճառած եւ տասը անմեղ քաղաքացու կյանքը խլած մարդասպաններն անպատիժ են մնալու։ Անշուշտ, ժողովրդի պատվախնդրության ու իրավագիտակցության աստիճանից է կախված, թե այդ ցինիզմն ինչպիսի հակազդեցության կարժանանա առաջիկա ընտրություններում։ Բայց անգամ դրանից անկախ, պարզ է մեկ բան. որքան էլ մղձավանջը շարունակվի, որքան էլ բռնապետությունը երկարաձգվի, սեփական ժողովրդի արյունը թափած ոճրագործները, երբ էլ լինի, կանգնելու են արդար դատաստանի առջեւ։ Նիկոլաե Չաուշեսկուի, Էրիխ Հոնեկերի, Սադդամ Հուսեյնի, Մուամմար Կադաֆիի եւ Հոսնի Մուբարաքի թշվառ վախճանը ձեզ օրինակ։