ՀԱՅ | ENG | РУС | RSS
ANC



Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 15-ի հանրահավաքում

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ,

2009-05-15_miting_LTP.jpgԹվում էր, թե տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ պարագայում` Երևանի ավագանու ընտրությունները առիթ չպիտի տային առանձնապես ծանրանալու արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Սակայն Հայաստանի յուրահատուկ իրավիճակը, որը բնութագրվում է ներքին և արտաքին քաղաքականության բացառիկ փոխկապվածությամբ, ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ այդ խնդիրներին։ Ներկա պահին դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային ասպարեզում Հայաստանի շուրջ ընթացքող մտահոգիչ զարգացումներով։


Իրադարձությունների զարգացումը


Հայ-թուրքական հաշտության անհաջող փորձի և Սերժ Սարգսյանի կողմից Ցեղասպանության ուրացման փաստի շուրջ դեռ կրքերը չհանդարտված, վերջին շաբաթների ընթացքում, նախորդ հանրահավաքից հետո, մենք ականատեսը եղանք երեք անսպասելի և ուշագրավ իրադարձությունների, որոնք անհնար է շրջանցել։

1. Հայաստանը սեփական նախաձեռնությամբ կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ճնշման տակ, անակնկալ կերպով վերջին պահին հրաժարվեց մասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին։

2. Լեռնային Ղարաբաղում, ամենավերին մակարդակով, և անշուշտ Հայաստանի իշխանությունների հավանությամբ, սկսվեց լուրջ թվացող շարժում` ԼՂՀ-ն հակամարտության լիիրավ կողմ ճանաչելու, այսինքն ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակը վերականգնելու ուղղությամբ։

3. Մայիսի 7-ին Պրահայում, Ադրբեջանի նախագահի հետ լարված մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը կոշտացրեց իր դիրքրոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, ինչի մասին, հակառակ Մինսկի խմբի համանախագահների հերթապահ լավատեսական հայտարարությունների, ընդհանուր առմամբ վկայում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ավելի հստակորեն` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները («Հայկական ժամանակ» 09.05.2009)։

Ի՞նչ է սա նշանակում

Կամ ինչո՞վ բացատրել Հայաստանի, ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի, այս կտրուկ քայլերը, որոնք ոչ այնքան ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված գործողություններ, որքան ջղաձգություններ են հիշեցնում կամ քաղաքական դեմարշի տպավորություն թողնում։

Դրա պատճառն անտարակույս այն է, որ Սարգսյանն, ակնհայտորեն, իրեն Ամերիկայի և Թուրքիայի կողմից խաբված է զգում, քանի որ նույնիսկ Ցեղասպանությունն ուրանալու դիմաց հայ-թուրքական սահմանը չբացվեց, և Թուրքիան, ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը կանխելու իր անմիջական խնդիրը լուծելուց հետո, կրկին վերադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու իր նախկին դիրքորոշմանը։ Սարգսյանն իրեն խաբված է զգում երեխայի պես։ Նրան ասացին` Ցեղասպանությունը տուր, այսինքն համաձայնիր հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, և մենք կբացենք սահմանը։ Ցեղասպանությունը ստացան, բայց սահմանը չբացեցին։ Իսկ այժմ ասում են` Ղարաբաղը տուր, և մենք կբացենք սահմանը։ Այսքան ողորմելի վիճակում պետության որևէ ղեկավար դեռ չի հայտնվել։

Սարգսյանի հուսախաբությունն ու զայրույթը միանգամայն հասկանալի մարդկային զգացումներ են. թե Հայաստանում, և թե մանավանդ Սփյուռքում, վտանգելով իր հեղինակությունն ու նույնիսկ դավաճանի պիտակ վաստակելով, նա ոչ միայն դույզն-իսկ չավելացրեց իր լեգիտիմությունն ու չամրապնդեց իր երերացող իշխանությունը, այլև չբավարարեց անգամ հայ-թուրքական սահմանի միջոցով երկրի առջև կանգնած սուր տնտեսական խնդիրների հաղթահարման իր ակնկալիքը, ինչի իրականացման պարագայում նա, թերևս, կարողանար որոշ չափով արդարացնել Թուրքիայի նկատմամբ վարած իր ձախորդ քաղաքականությունը։ Մարդկային զգացումներ լինելով հանդերձ, հուսախաբությունն ու զայրույթը պետության ղեկավարին անհարիր ու հակացուցված հոգեկան վիճակներ են, որոնք կարող են որևէ երկրի ու ժողովրդի համար աղետալի հետևանքների պատճառ դառնալ, ինչի վկան, օրինակ, անցյալ տարվա օգոստոսին, մենք դարձանք հարևան Վրաստանում։ Ցանկացած իրավիճակում պետության ղեկավարից պահանջվում է լիակատար սառնասրտություն և պահի թելադրանքին չենթարկվելու կամ հապշտապ ու չհաշվարկված որոշումներ չկայացնելու անհրաժեշտ կարողություն։ Հուսախաբությունը, զայրույթը և նմանատիպ այլ զգացմունքային հակազդեցությունները ոչ միայն ամենևին չեն նպաստում արդեն գործված սխալների շտկմանը, այլև նորանոր սխալների պատճառ են դառնում։

Արևմուտքի պատասխանները Սերժ Սարգսյանի դեմարշին

Միամիտ պետք է լինել` կարծելու համար, թե Արևմուտքն անպատասխան է թողնելու Սերժ Սարգսյանի դեմարշը։ Եւ պատասխանը չուշացավ։

1. Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) անսպասելիորեն որոշեց իր հունիսյան նստաշրջանում կրկին քննարկման դնել ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը։
2. Պարզվեց, որ ԱՄՆ-ի կառավարության 2010թ. բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 40%-ով կրճատել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը, դադարեցնել ԼՂՀ-ին հատկացվող հումանիտար օգնությունը, և ընդհակառակը` ավելացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը («Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն» 09.05.2009թ.)։
3. Եւ վերջապես, Թուրքիայի վարչապետ Ռեյեփ Էրդողանը սպառնաց, օգտվելով իր երկրի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ լինելու հանգամանքից, ջանքեր գործադրել` այդ ատյանում Հայաստանը օկուպանտ-երկիր ճանաչելու ուղղությամբ («Ժամանակ» 08.05.2009թ.)։

Այս քայլերն անպայման չեն նշանակում, որ Արևմուտքը որոշել է պատժել Սերժ Սարգսյանին։ Նա չափազանց թանկ և գնահատված գործընկեր է։ Պատահական չէ, որ Սարգսյանն ինքն էլ օրերս հայտարարել է, թե որքան իրեն շատ են հայհոյում Հայաստանում, այնքան Եւրոպայում իրեն գովում են։ Նշված խստություններն, ըստ այդմ, ուղղված են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի ու նրա ժողովրդի դեմ։ Ինչ վերաբերում է Սարգսյանի հուսախաբությանն ու վիրավորվածությանը, ապա Արևմուտքն ունի դրանք փոխհատուցելու միջոցը, այն է` աչք փակել վերջինիս ոչ լեգիտիմ լինելու փաստի վրա և հանդուրժել սեփական երկրում նրա գործած բռնությունները։

Բոլոր դեպքերում` Արևմուտքի և Թուրքիայի հակազդեցությունը, եթե ոչ անձամբ Սերժ Սարգսյանի, ապա երկրի համար բավականին լուրջ է, ինչը մտահոգվելու և իրավիճակից համապատասխան ելք գտնելու պահանջ է դնում Հայաստանի իշխանությունների և ողջ հասարակության առջև։

Ո՞րն է ելքը

Սերժ Սարգսյանն ունի երկրի ներկա փակուղային վիճակից դուրս գալու երկու ճանապարհ.

1. Կոնսոլիդացնել ազգը, որի համար անհրաժեշտ է` անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երկխոսություն սկսել Հայ Ազգային Կոնգրեսի ու ընդդիմության մյուս ուժերի հետ, իսկ նկատի ունենալով ներքաղաքական ընթացիկ օրակարգը, նաև ապահովել Երևանի ավագանու ընտրությունների բացարձակ օրինականությունը։

2. Խոստովանելով երկրի առջև կանգնած խնդիրների հաղթահարման գործում դրսևորած սեփական ապիկարությունը, պատվով հրաժարական տալ ու հեռանալ քաղաքականությունից, քանի որ ինչպես ցույց տվեց վերջին մեկ տարվա մղձավանջը, քաղաքականությունը նրա համար ոչ թե պատասխանատվություն է, այլ շահավետ զբաղմունք կամ իշխանատենչության միջոց։

Որքան նա ուշացնի ընտրել այս երկու ճանապարհներից մեկը, այնքան կնպաստի Հայաստանի վրա արտաքին ճնշումների ուժեղացմանը և ավելի կծանրացնի երկրի, առանց այդ էլ, չափազանց անմխիթար վիճակը։ Համառելու և հապաղելու պարագայում Սերժ Սարգսյանն ստիպված է լինելու նորանոր զիջումներ կատարել արտաքին աշխարհին` բացառապես ի հաշիվ ազգային շահերի, ինչպես վարվել է իր իշխանավարության անցած մեկ տարվա ընթացքում։

* * *

2009-05-15_yert.jpgԴե հիմա դուք ասեք` արդյոք կապ կա՞ արտաքին և ներքին քաղաքականությունների միջև։ Մի՞թե վերոշարադրյալից հետո պարզ չպետք է լինի, որ ընտրությունների կեղծման, քաղաքական հալածանքների, ժողովրդավարության սահմանափակման, մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի դրսևորման ցանկացած փաստ վերջին հաշվով երկրի վրա անդրադառնում է դիվանագիտական ճակատում կրած անխուսափելի պարտություններով։ Քոչարյանա-սերժական վարչախմբի արտաքին քաղաքականությունն, ահա, դիվանագիտական պարտությունների մի անընդհատ շղթա է ներկայացնում, և բոլոր այդ պարտությունները բացատրվում են միայն ու միայն Հայաստանի ներքին կյանքում այդ վարչախմբի վարած բռնատիրական քաղաքականությամբ։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ջատագովներն ու պաշտպաններն, ի պատասխան նրանց հասցեին հնչող քննադատությունների, մինչ այժմ ասում էին` լավ, թեկուզ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ժողովրդավարությունը բռնաբարվում է, մարդու իրավունքները ոտնահարվում են, օրենքները խախտվում են, կոռուպցիան ծաղկում է, բայց գոնե ազգային հարցերում (Ցեղասպանության ճանաչում, Ղարաբաղյան կարգավորում և այլն), Քոչարյանն ու Սարգսյանը անզիջում են և չեն դավաճանի հայ ժողովրդի շահերին։ Կյանքը ցույց տվեց, որ այս առասպելն էլ հօդս ցնդեց, և քոչարյանա-սերժական վարչախումբն այլևս գոյության որևէ իմաստ չունի։ Հիշյալ ջատագովներն ու պալատական ներբողագիրներն, անհարմար վիճակից դուրս գալու համար, այժմ փորձում են մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների հարցում հավասարության նշան դնել իմ և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության միջև, կամ մինչև իսկ նույնացնել դրանք։ Ավելորդ եմ համարում պատասխանել այդ անհեթեթություններին։ Մի քանի օրից լույս կտեսնի հայ-թուրքական հարաբերություններին նվիրված իմ ելույթների ժողովածուն, և դուք հնարավորություն կունենաք համեմատելու ու տեսնելու, թե որքանով են նույնական իմ և Սարգսյանի վարած քաղաքականությունները։

* * *

Ծանրանալով արտաքին քաղաքականության վրա, կարող է թվալ, թե մենք խուսափում ենք Երևանի ավագանու ընտրություններին առնչվող հարցերի և մայրաքաղաքի կենսագործունեությանն ու զարգացմանը վերաբերող խնդիրների քննարկումից։ Դա ամենևին այդպես չէ, քանի որ այդ խնդիրներն ամենայն մանրամասնությամբ արտացոլված են Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրում, որ տպագրված է շուրջ 100.000 տպաքանակով, իսկ բացի այդ, դրանք մենք մշտապես արծարծում ենք Երևանի համայնքներում անցկացվող հանրահավաքներում։ Համաժողովրդական հանրահավաքը, ինչպիսին մեր այսօրվա հանրահավաքն է, հնարավորություն է տալիս և միաժամանակ պահանջում է` խնդրո առարկա հարցերը տեղադրել համապետական հիմնախնդիրների համատեքստում։

Ըստ այդմ, Հայաստանի արտաքին քաղաքականության լիակատար կախվածությունը ներքին քաղաքականությունից, ինքնըստինքյան ենթադրելու հիմք է տալիս, որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է դիտել ոչ թե սոսկ որպես տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման սովորական միջոց, այլ երկիրը վտանգավոր քաղաքական հորձանուտից դուրս բերելու բացառիկ հնարավորություն։ Այդ ընտրություններով որոշվելու է ոչ միայն և ոչ այնքան Երևան քաղաքի, որքան Հայոց պետականության, Լեռնային Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման, եթե կուզեք` ողջ ազգի բախտը։ Ընտրություններին, հետևաբար, պետք է մասնակցել այս բանի հստակ գիտակցությամբ։ Ովքեր կնախընտրեն մի կողմ քաշվել ու լռել, ովքեր կվաճառեն իրենց քվեն, ովքեր ձայն կտան իշխանության թեկնածուներին և վերջապես, ովքեր, անտարբերություն ցուցաբերելով, չեն մասնակցի ընտրություններին, նրանք ոչ միայն իրենց զավակներին կզրկեն նորմալ, քաղաքակիրթ, ապահով երկրում ապրելու հնարավորությունից, այլև կամա թե ակամա մեղսակիցը կդառնան չարագործ իշխանությունների, որոնք ամեն ինչից բացի, բռնել են նաև ազգային դավաճանության ճանապարհը։

* * *

2009-05-15_yert_LTP-1.jpgՔաղաքապետի ընտրությունը մեզ համար ամենևին ինքնանպատակ չէ և իշխանատենչությունից չի բխում։ Եթե ոչ այլ բան, ապա մեր հաղթանակը գոնե թույլ կտա հզոր հակակշիռ ստեղծել ներկա ավազակապետական համակարգին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի որոշ չափով զսպել վերջինիս` կանխելով նրա հետագա չարագործություններն ու, առավել ևս, դավաճանական մտադրությունները։ Դա կնպաստի նաև ազգային կոնսոլիդացիային և պետականության ամրապնդմանը։

Ո՞վ է բռնելու, վերջապես, չարագործի ձեռքը, եթե ոչ դուք, ձեզանից յուրաքանչյուրը։ Եթե այս անգամ էլ չխրատվեք, և ձեր անտարբերությամբ կամ կրավորականությամբ քոչարյանա-սերժական ավազակապետությանը թույլ տաք հերթական անգամ կեղծել ընտրությունները, ապա ձեր դժբախտությունների համար այլևս ուրիշին պատճառ չբռնեք։ Հուսով եմ, սակայն, որ այս պատգամը «ձայն բարբառոյ յանապատի» չի մնա, և դուք մեկ մարդու նման կկատարեք ձեր քաղաքացիական և հայրենասիրական պարտքը։ Սակայն դա քիչ է։ Այստեղ հավաքվածներդ հանրապետության ամենաակտիվ զանգվածն եք. ձեր պարտքը կատարելուց բացի, դուք պարտավոր եք նաև արթնացնել ու ընտրությունների մասնակից դարձնել հասարակության անտարբեր շերտերին։ Արեք այդ ամենը, և դուք կհասնեք ձեր բոլոր նպատակներին։

15 Մայիս 2009


2011-11-25Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ իրադարձությունը աղմկոտ հրաժարականներն ու որոշ պետական պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն են, որոնք արդեն իսկ պատկառելի ցանկ են կազմում՝ սկսած Գագիկ Բեգլարյանից, Հովիկ Թամամյանից ու Մարգար Օհանյանից, ավարտած Ալիկ Սարգսյանով, զույգ Կարեն Կարապետյաններով, Հովիկ Աբրահամյանով եւ Միքայել Մինասյանով։ Ակնհայտ է, որ ռեժիմի ներսում լուրջ վերադասավորումներ են կատարվում, որոնք միտված են ազատվելու նրա գծից շեղվող կամ անհավատարմության նշաններ դրսեւորող տարրերից եւ առաջիկա ընտրություններից առաջ ապահովելու իշխող քաղաքական ուժի միասնությունը, որը նրա գոյատեւման ամենահուսալի, եթե ոչ միակ, գրավականն է։

2011-10-28Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 28-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-10-28Ելույթներ ՀԱԿ հանրահավաքում. 28.10.2011

2011-10-08Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 8-ի հանրահավաքում (հատված, տեսանյութ)

2011-10-06Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 6-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-10-05Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հոկտեմբերի 5-ի հանրահավաքում (տեսանյութ)

2011-09-30Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 30-ի հանրահավաքում (տեսանյութ)

Սիրելի հայրենակիցներ,

Ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետության լուծը թոթափելու խնդիրը՝ ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչեւ խաղաղ ցուցարարների գնդակոծում եւ հարյուրավոր մարդկանց բանտարկություն։ Թեեւ նշված խնդիրը մինչ օրս էլ դեռեւս լուծված չէ, բայց միեւնույն է, այդ քառամյա պայքարը պետք է համարել հայ ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական հասունության, կամ ավելին, ազգային արժանապատվության ամենանշանակալի դրսեւորումը, որը վերջիվերջո չի կարող չտալ իր պտուղները։ Մեկանգամյա պոռթկումների ու ընդվզումների ընդունակ են բոլոր ժողովուրդները, բայց, որպես կանոն, հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր տեւական համառություն, տոկունություն ու վճռականություն են ցուցաբերում։ Քառամյա հետեւողական պայքարով, զրկանքների դիմանալու ունակությամբ, դուք ապացուցեցիք, որ ձեր համառությունը, տոկունությունն ու վճռականությունը սահման չունեն։ Ուստի բոլորովին մի՛ կասկածեք, որ հակառակ ավազակապետության կատաղի դիմադրությանը, հակառակ միջազգային հանրության կողմից նրան ցուցաբերված անվերապահ աջակցությանը, հակառակ հասարակության մի մասի կրավորականությանն ու հարմարվողականությանը, եւ հակառակ ձեր առջեւ ծառացած բոլոր մնացյալ դժվարություններին, դուք վաղ թե ուշ հաղթելու եք։ Ավելին, դուք արդեն իսկ հաղթած եք, քանի որ չեք հաշտվել ձեր դեմ կատարված սոսկալի անիրավության հետ եւ մտադիր չեք համակերպվել բռնատիրության, տգիտության ու գավառամտության առջեւ գլուխ խոնարհելու եւ ճակատագրի անելանելիությանը ենթարկվելու մտքին։

2011-09-23Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. սեպտեմբերի 23-ի հանրահավաքում

_MG_6262.jpgԹվում էր, թե Հայաստանի իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթի մասին ասված է ամեն ինչ, եւ դժվար կամ գրեթե անհնար է դրան որեւէ բան ավելացնել։ Սակայն մի ցնցող նորություն ցրում է այս տպավորությունը եւ հնարավորություն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկյունից, լիարժեք դարձնելով իրականության մինչ այժմ ձեւավորված հասարակական ընկալումը։ Ես նկատի ունեմ Wikileaks-ի աղմկահարույց հրապարակումները, որոնցից պարզվում է, որ Հայաստանի իշխանական համակարգի էությունը մեզանից շատ ավելի լավ հայտնի է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այսինքն՝ Երեւանում հավատարմագրված ամերիկյան դիվանագետների կանոնավոր, բարեխիղճ ու մանրակրկիտ զեկուցագրերի շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կատարելապես տեղյակ է եղել, որ...

2011-09-09Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 9-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Ս.թ. օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը, Կոնգրես-իշխանություն բանակցությունների շրջանակում, ներկայացրեց «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» վերնագիրը կրող ընդարձակ փաստաթուղթը։

2011-08-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. օգոստոսի 2-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Անառարկելի է, որ ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված ֆորմալ երկխոսությունն է։ Անկախ այն բանից, թե որոշ քաղաքական ուժեր, լրագրողներ ու վերլուծաբաններ ինչպես են գնահատում այդ գործընթացը, ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է խնդիրների խաղաղ, անցնցում կարգավորմանը, մանավանդ, երբ դա տեղի է ունենում ոչ թե փակ դռների ետեւում, այլ բաց, թափանցիկ բանակցությունների միջոցով։

2011-06-30Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. հունիսի 30-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ արդեն մի քանի ամիս է, ինչ մենք բոլորս մասնակից ենք մի կոնկրետ քաղաքական գործընթացի, ես առանց նախաբանի կանգ կառնեմ երկու հարցի վրա, որոնցից առաջինը վերաբերում է մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին, իսկ մյուսը՝ Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսության հեռանկարին։ Բնականաբար, ես ծրագրել էի անդրադառնալ նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպմանը, բայց քանի որ, իմ տպավորությամբ, նրա մանրամասները գաղտնի են պահվում, ապա առայժմ զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից։ Բավարարվեմ միայն հիշեցնելով, որ Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման ցանկացած ծրագրի վերաբերյալ, կախված է բացառապես նրանից, թե որքանով է այն ընդունելի Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության համար։ Իսկ այժմ անցնեմ ելույթիս բուն նյութին։

2011-05-31Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. մայիսի 31-ի հանրահավաքում (տեսագրություն)

Սիրելի հայրենակիցներ,

Նախ և առաջ, ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիդ՝ իշխանության առջև մեր դրած երեք կարևորագույն պահանջների կատարման առթիվ, ինչը պետք է համարել համաժողովրդական եռամյա պայքարի մինչ այժմ արձանագրված ամենամեծ հաղթանակը։ Դա ոչ թե ընդդիմության, ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, եթե կուզեք, ողջ հայ ժողովրդի, իսկ վերջին հաշվով, մեր երկրի ու պետության հաղթանակն է, որի կերտման գործում իրենց լուման են ներդրել ե՛ւ համաժողովրդական շարժման նվիրյալները, ե՛ւ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ե՛ւ անկախ մամուլի ներկայացուցիչները, ե՛ւ սոցիալական բողոքի տարերային ցույցերի հազարավոր մասնակիցները։

2011-04-28Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011թ. ապրիլի 28-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթս ես ուզում եմ սկսել Հայ Ազգային Կոնգրեսի ս.թ. ապրիլի 18-ին հրապարակված հայտարարության մեկնաբանությամբ։ «Վերջին մի քանի օրերին,- ասվում է այդ հայտարարության մեջ,- վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված.

ա. Վերջնականապես դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների շարքում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար։ Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ, ինչպես ժողովրդավարության, այնպես էլ ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ, այդպես էլ որևէ առաջընթաց չի գրանցվում։ Դրա հետևանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը, արդեն հաստատված, պետք է ներդրվեր 350 կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա։

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Լեւոն Զուրաբյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Արամ Սարգսյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Աշոտ Ադամյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Հրանտ Բագրատյանի ելույթը

2011-04-28Հանրահավաք. 28.04.2011. Սամսոն Խաչատրյանի ելույթը

2011-04-08Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ․ապրիլի 8-ի հանրահավաքում. Ազատության հրապարակ

Սիրելի հայրենակիցներ,

Ս.թ. մարտի 1-ի հանրահավաքում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք 15 կետից բաղկացած պահանջների ու գործողությունների մի իրավիճակային ծրագիր։ Մարտի 17 ի հանրահավաքում առանձնացրինք այդ ծրագրի իրականացման առաջին փուլի այն երեք հրատապ խնդիրները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը, որոնք անհրաժեշտ են իշխանության հետ ֆորմալ երկխոսություն սկսելու եւ հասարակության կողմից առաջ քաշված մյուս խնդիրները լուծելու համար։ Պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու, գործելու ենք Սահմանադրության ու օրենքների շրջանակում, եւ մեր պահանջների իրականացմանը հասնելու ենք քայլ առ քայլ, սահուն ընթացքով՝ երկիրը զերծ պահելով սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից, ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով։ Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից։ >> Կարդալ ելույթի շարունակությունը >>

2011-03-21Լ. Տեր-Պետրոսյանի 2-րդ ելույթը 2011 թ․ մարտի 17-ի հանրահավաքում. Ազատության հրապարակ

2011-03-17Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ․ մարտի 17-ի հանրահավաքում. Մատենադարան

Սիրելի հայրենակիցներ,

 Ինչպես պայմանավորվել էինք, այսօր մենք ձեզ հետ միասին քննարկելու ենք ս.թ. մարտի 1-ին ընդունած մեր հայտարարության կատարման ընթացքը եւ համապատասխան եզրակացություններ անելու դրա հանդեպ իշխանությունների ցուցաբերած արձագանքից, ինչն անհրաժեշտ է ոչ այնքան գնահատականներ տալու, որքան մեր հետագա անելիքները ճշտելու համար։ Սակայն նախքան բուն նյութին անցնելը, սովորականի պես, ստիպված եմ անդրադառնալ այդ հայտարարության հետ կապված որոշ թյուրըմբռնումների, որոնք մասամբ արդյունք են անուշադրության, մասամբ էլ դիտավորության։ Պարզաբանումների կարիքն զգացվում է ոչ թե հակաճառելու կամ արդարանալու նկատառումով, այլ սոսկ փաստերը ճշգրտելու նպատակով, որովհետեւ հայտարարությունից արվում են հեռուն գնացող եզրակացություններ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, չխոսած այլեւս անհիմն մեղադրանքների ու վերագրումների մասին։ Արդ, որո՞նք են այդ թյուրըմբռնումները.

2011-03-01Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2011 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ելույթի փոխարեն ես առաջարկում եմ այսօրվա հանրահավաքի անունից ընդունել հետեւյալ հայտարարությունը.

«Արձանագրելով, որ Հայաստանի ներկա ավազակապետական վարչախումբը իշխանությունը բռնազավթել է կեղծված խորհրդարանական ու նախագահական ընտրությունների եւ 2008թ. մարտի 1-ի արյունոտ ոճրագործության միջոցով.
Որ անցած երեք տարիների ընթացքում երկիրը կառավարել է բացահայտ բռնապետական մեթոդներով՝ սիստեմատիկաբար սահմանափակելով խոսքի, մամուլի, հավաքների ազատությունն ու կոպտորեն ոտնահարելով մարդու եւ քաղաքացու իրավունքները.

2011-02-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` 2011 թ. փետրվարի 18-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Լեւոն Տեր-ՊետրոսյանԵթե փորձելու լինենք գնահատել նախորդ հանրահավաքից հետո ընկած շուրջ եռամսյա ժամանակահատվածը, ապա հազիվ թե այն կարելի է բուռն իրադարձություններով հարուստ շրջան համարել։ Բայց միաժամանակ սխալ կլինի նաեւ դա անդորրի կամ դադարի շրջան դիտել, եթե հաշվի առնենք Հայաստանի ներքին կյանքում ընթացող խորքային երեւույթները։ Ես նկատի ունեմ սոցիալական բողոքի եւ քաղաքացիական ակտիվության այն ուշագրավ դրսեւորումները, որոնց ականատեսն ենք խնդրո առարկա ժամանակահատվածում։

2010-10-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. հոկտեմբերի 19-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ձեզ համար իսկզբանե պիտի պարզ լիներ, որ այսօրվա միջոցառումը ոչ այնքան հանրահավաք, որքան ցույց է, ինչի պատճառով երկարաշունչ ելույթներն ավելորդ են։ Հայտնի է նաեւ ցույցի առիթը՝ Եւրոխորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը, որն այս պահին ընթանում է Երեւանում։
Արդ, ինչո՞ւ ենք մենք օգտագործում այս առիթը՝ եւս մեկ անգամ մեր ընդդիմախոսներին հիմք տալով չարաբանելու, թե մենք կրկին փորձում ենք Հայաստանի ներքին խնդիրները լուծել օտարների օգնությամբ, այսինքն՝ դրսից տղա ենք բերում։ Քավ լիցի, նախ՝ այդ տղաներին ոչ թե մենք, այլ Սերժ Սարգսյանն ու Դավիթ Հարությունյանն են բերել, եւ երկրորդ, ինչպես մի առիթով նշել եմ, Եւրոխորհուրդը, Եւրոդատարանը, ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ը ամենեւին օտարներ չեն, այլ մեր սեփական կազմակերպությունները։ Հայաստանը կամովին անդամագրվել է բոլոր այդ միջազգային կառույցներին եւ համապատասխան պարտավորություններ ստանձնել նրանց առջեւ։ Հետեւաբար, մենք մեր իսկ կազմակերպություններից ընդամենը պահանջում ենք վերահսկել այդ պարտավորությունների կատարումը։ Եւ այդ պահանջը միանգամայն արդար ու օրինական է, քանի որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել նշված կազմակերպությունների առջեւ, ապա դա նշանակում է, որ վերջիններս էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ։

2010-10-15Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. հոկտեմբերի 15-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Անցյալ հանրահավաքում ես ձեզ խոստացել էի, որ այսօրվա ելույթս հիմնականում նվիրված է լինելու Հայաստանում մոլեգնող ամենավտանգավոր ու խայտառակ երեւույթներից մեկին՝ անհավատալի չափերի հասնող կոռուպցիային։ Սակայն մինչեւ բուն նյութին անցնելը, ստիպված եմ անդրադառնալ մի անհեթեթության, որը մեկ տարուց ավելի է, ինչ օրուգիշեր մատուցվում է մեր ժողովրդին։ Մեզ մեղադրում են, թե իբր մենք կենտրոնանում ենք արտաքին քաղաքականության վրա եւ անտեսում ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները, ավելին, ասվում է նույնիսկ, որ իշխանություններին հաջողվել է ընդդիմությանը պարտադրել իր քաղաքական օրակարգը, նրան շեղելով երկրի ներքին կյանքի վերափոխման նպատակից։ Գեղեցիկ ձեւակերպված ու առաջին հայացքից համոզիչ թվացող այս պնդումները, սակայն, կապ չունեն ո՛չ իրականության, ո՛չ էլ տարրական քաղաքագիտության հետ։ Մի կողմ դրած «արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է» տրիվիալ միտքը, նշենք, որ արտաքին եւ ներքին քաղաքականության տարանջատումը զուտ պայմանական է՝ թելադրված պարզ մեթոդաբանական անհրաժեշտությամբ։ Ցանկացած պետության արտաքին եւ ներքին քաղաքականության խնդիրներն իրականում կազմում են մեկ ամբողջություն եւ որպես այդպիսին հանդիսանում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության օրակարգը։ Որքան արտաքին քաղաքականությունն է կախված ներքինից, նույնքան ներքին  քաղաքականությունն արտաքինից։ Որեւէ բանական մարդ, օրինակ չի կարող առարկել եւ, ըստ էության, չի էլ առարկում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակական ձախողումները պայմանավորված են բացառապես երկրի ներսում տիրող անառողջ իրադրությամբ, մասնավորաբար, իշխանությունների ոչ լեգիտիմ եւ կոռումպացված լինելու հանգամանքով։ Նունքան ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի ներքին կյանքի բացասական երեւույթներից շատերը պայմանավորված են արտաքին հանգամանքներով։ Մի՞թե պարզ չէ, որ մեր երկրում քաղբանտարկյալներ, խայտառակ ընտրություններ, ժողովրդավարության սահմանափակումներ, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ եւ կոռուպցիայի համատարած դրսեւորումներ չէին լինի, եթե այդ ամենը չհանդուրժվեր արտաքին աշխարհի կողմից եւ չօգտագործվեր գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի սպասարկման նպատակով։ Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությունն, արդ, հիմնված է արտաքին ու ներքին քաղաքական խնդիրների օրգանական փոխկապակցության գիտակցության վրա, ուստի թող ոչ ոք մութ սենյակում սեւ կատու չփնտրի, որովհետեւ այնտեղ կատու չկա։

2010-09-17Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. սեպտեմբերի 17-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Թեեւ ես սովորություն չունեմ մեկնաբանելու նախկինում արտահայտած իմ մտքերը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀՇ համագումարում ունեցած ելույթս (17.07.2010) միանշանակ չընդունվեց քաղաքական շրջանակների կողմից եւ առիթ հանդիսացավ որոշ թյուրընկալումների ու նենգափոխումների, ստիպված եմ լրացուցիչ պարզաբանումներ տալ այդ առթիվ։ Հիշատակված ելույթում ես ընդամենը կատարել եմ օբյեկտիվ իրականությունից բխող ու միմյանցից անկախ երեք հիմնական արձանագրում՝ կոնստատացիա։
Առաջին. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի»։ Միանգամայն աներկիմաստ այս պնդումն իշխանական քարոզչամեքենայի կողմից վերածվել է իր ինտելեկտուալ մակարդակին համարժեք մի պարզունակ մտքի, թե իբր ես առաջարկում եմ հանուն Հայաստանի զարգացման, զիջել Ղարաբաղը։ Մինչդեռ կարիք չկա ապացուցելու, որ ես շեշտել եմ ոչ թե զիջման, այլ Ղարաբաղի խնդրի (ու նրանից կախված հայ-թուրքական հարաբերությունների) կարգավորման կամ լուծման անհրաժեշտությունը։ Մի բան է լուծումը, եւ բոլորովին մի այլ բան՝ զիջումը։ Ո՞վ է ձեզ ստիպում որեւէ բան զիջել, ո՞վ է պահանջում տարածքներ վերադարձնել։ Դեմ եք զիջմանը կամ փոխզիջմանը, անզիջողական կամ հաղթողական լուծում ապահովեք, ո՞վ ուրախ չի լինի։ Միայն թե՝ ինչ ճանապարհ էլ ընտրեք, պետք է գիտակցեք, որ Ղարաբաղի խնդիրը լուծել, կրկնում եմ լուծել եւ ոչ թե զիջել, դուք պարտավոր եք, որովհետեւ...

2010-07-20Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ 16-րդ համագումարում. հուլիսի 17, 2010 թ.

Սիրելի զինակիցներ եւ հյուրեր,

Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում (լուսանկարը` Գ. Շամշյանի)Ակնհայտ է, որ ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների պայմաններում։ Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին։ Բոլոր քննադատություններն ու փոխադարձ մեղադրանքները բազմիցս հնչել են, եւ հազիվ թե հնարավոր է դրանց որեւէ նոր բան ավելացնել։ Ինչ վերաբերում է վերլուծություններին ու գնահատականներին, ապա դրանց պակաս նույնպես չի զգացվում։ Այլ հարց է, թե նրանց առատությունը որքանով է նպաստում պետության կյանքի կենսական հիմնախնդիրների պարզաբանմանը։

Չժխտելով վերլուծությունների ու գնահատականների օգտակարությունը, գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից։

2010-04-06Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. ապրիլի 6-ի հանրահավաքում

Լեւոն Տեր-ՊետրոսյանԱյսօր ես կարճ եմ խոսելու, որովհետեւ իմ ընկերները հանգամանորեն ներկա յացրին սույն հանրահավաքի հետապնդած նպատակը, այն է՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում ընթացող համաժողովի ուշադրության հրավի րումը Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբան տարկյալների առկայության աղաղակող փաստի, ինչպես նաեւ ընդհանրապես ժողո վրդա վարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։

Այնուամենայնիվ, չեմ կարող շրջանցել որոշ ուշագրավ զարգացումներ, որոնց ակա նատեսն ենք վերջին շրջանում։ Դրանցից առաջինը միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի, կամ ավելի ճիշտ, արտահայտ չաոճի փոփոխությունն է քաղբանտարկյալների հարցում։ Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտա գործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը։ Անշուշտ, սա մի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ–թուրքական հարաբե րու թյունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով։ Այս վերջին նպատակին են ծառայում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների 2009թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության նախորդ տարվա համեմատ բավականին խստաց ված զեկույցի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մար դու իրավունքների գրասենյակի եւ Եւրոխորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները։

2010-03-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. մարտի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,
 
2010-03-01. Լեւոն Տեր-ՊետրոսյանՕրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցու­թյունը վայելող նրանց հարազատներին ու մերձավոր­ներին։ Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար։ Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը։ Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերա­կանգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով։
 
Այնուամենայնիվ, չնայած համապարփակ ուսումնասիրության պահան­ջին, առիթը հարմար չէ ձեզ ներկայացնելու ո՛չ Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների մանրամասն վերլուծությունը, ո՛չ էլ կատարելու դրանց հետեւանքների, մասնավորապես, իշխանությունների կողմից սանձազերծ­ված լայնամասշտաբ քաղաքական հալածանք­ների եւ դատական խեղկատակությունների քննությունը։ Այդ գործը բավարար չափով արվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Փաստահավաք խմբի, իրավապաշտպան կազմակերպությունների, անկախ քաղաքագետների եւ լրագրողների ջանքերով։ Պա­տա­հական չէ, որ այս շարքում ես չեմ նշում խնդրի առիթով ստեղծված Խոր­հրդա­րանական հանձնաժողովի աշխատանքը, որի նպատակը ճիշտ հակառակն էր, այն է՝ իրականության աղավաղումն ու հանցագործության կոծ­կու­մը։ Հատկանշական է, որ հանձնաժողովի զեկույցն, ըստ էության, այդպես էլ գնահատվեց ոչ միայն մեր հասարակության, այլեւ Եւրոխորհրդի Խորհրդա­րանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից։

2009-11-11Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. նոյեմբերի 11-ի ՀԱԿ ՔաղԽորհրդի ընդլայնված նիստում

Լեւոն Տեր-Պետրոսյան. 2009 թ. նոյեմբերի 11Իմ նախորդ ելույթում (18.09.2009) ես խոստացել էի մի այլ առիթով ավելի հանգամանորեն անդրադառնալ հայ-թուրքական արձանագրություններին։ Կարծում եմ, դրանց ստորագրման արդյունքում հստակեցված ներկա իրավիճակը հարմարագույն առիթն է այդ խոստումը կատարելու համար։ Ես կաշխատեմ զերծ մնալ զգացմունքային գնահատականներից եւ կատարվածն ու դրա հետեւանքները վերլուծել բացառապես քաղաքական տեսակետից։ Ստիպված եմ միայն զգուշացնել, որ ի հեճուկս մամուլի սպասումների, ելույթս ոչ թե ծրագրային է, այլ բացատրական, թեեւ չեմ ժխտում նաեւ ծրագրային ելույթի անհրաժեշտությունը։

* * *

Եւ այսպես, հակառակ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված բողոքի տպավորիչ ցույցերին, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, այնուամենայնիվ ստորագրեց խնդրո առարկա վիճահարույց արձանագրությունները՝ ակնհայտորեն ղեկավարվելով ոչ թե պետական կամ ազգային շահերով, այլ արտաքին աշխարհում լեգիտիմություն ձեռքբերելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։ Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում նրա դրսեւորած անհարկի զիջումը բավական է այս պնդումը անառարկելի համարելու համար, քանի որ որեւէ այլ նկատառումով դա ուղղակի անհնար է բացատրել։ Զարմանալու ոչինչ չկա. կար ժամանակ, երբ հայ թագավորները, համապատասխան ծառայությունների դիմաց, իշխանության տվչություն (ինվեստիտուրա) էին ստանում արաբներից, կար ժամանակ՝ մոնղոլներից, այժմ էլ ահա, Սարգսյանը տվչություն է ստանում Արեւմուտքից։

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 1

Սիրելի հայրենակիցներ,

2009-09-18_LTerPetrossian.jpgՈւղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի: Ընդհակառակը, ամենուրեք մենք ականատեսն ենք ավազակապետական համակարգին բնորոշ արատավոր երեւույթների խորացման, պետության կատարյալ քրեականացման եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների էլ ավելի բարդացման:

2009-09-18Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում. մաս 2

Լեռնային Ղարաբաղ

Եթե հայ-թուրքական հարաբերություններում, ինչպես ասվեց, ամեն ինչ պարզ է, ապա շատ ավելի բարդ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող վիճակը: Պնդումներ են շրջանառվում, թե իբր Մեդվեդեւ-Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ (17/18.07.2009) ստորագրվել է, այսպես կոչված, շրջանակային համաձայնագիրը: Թե ինչ հիմքեր ունեն այդ պնդումները, ես չգիտեմ. հավանաբար, նախնական ինչ-որ արձանագրություն ստորագրվել է: Բայց սա չէ կարեւորը: Ամբողջ խնդիրն այն է, որ անկախ ստորագրված լինելու կամ չլինելու հանգամանքից, կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի:

2009-07-02Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հուլիսի 2-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին, մենք խոստացել էինք՝ անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։ Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է։ Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի։ Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի պուրակում։ Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ անգամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը։ Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին։

2009-06-12Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 12-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։

Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։

2009-06-01Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009 թ. հունիսի 1-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

2009-06-01_miting_zhoghovurd.jpgԱյն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին։ Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար։ Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու։ Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում։

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 1)

«... ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆ ԵՄ ...»

Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը

հանդիպում  երիտասարդների հետ. 03.11.2007Նոյեմբերի 3-ին Երեւանի "Արմենիա-Մարիոթ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի բացման խոսքով:

Սիրելիներս.

Ինձ համար շատ հաճելի է մասնակցել այս հանդիպմանը: Վաղուց այսքան գեղեցիկ երիտասարդություն չէի տեսել: Հոկտեմբերի 26-ին ես ձեզ տեսա Ազատության հրապարակի հարթակից: Այսօր դուք այստեղ եք` բարեկամական զրույցի համար:

Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում սկսվում է մի նոր շարժում, նոր սերնդի շարժում: 19-17 տարի է անցել 88-90 թվականների մեր առաջին համազգային շարժումից: Փոխվել է սերունդ. նրանք, ովքեր 88 թվականին 10-15 տարեկան էին, այսօր արդեն 30-35 տարեկան են: Ես ընդամենը այդ առաջին շարժման եւ ձեր նոր ձեւավորվող շարժման միջեւ կամուրջ եմ: Նոր շարժումը բոլորովին այլ բովանդակություն ունի, այլ նպատակներ, այլ խնդիրներ: Եւ կարծում եմ` ձեզ պիտի առաջնորդի նախեւառաջ այն, որ սա ձեր շարժումն է: Ես ընդամենը ձեր գործիքն եմ` արտահայտելու համար ձեր կամքը:

2007-11-03Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ. նոյեմբերի 3, 2007 թ. (մաս 2)

Սկիզբը` այստեղ

- Պարոն նախագահ, ուզում եմ հարցնել հետագա քայլերի մասին մի քիչ: Ասենք հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ ներկա Սահմանադրությամբ նախագահը իր լիազորությունների մեջ բավականին սահմանափակ է: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը արդեն ընտրված Ազգային Ժողովի հետ, որ դեռ հինգ տարի պետք է գործի:

- Սա լավ հարց է, իսկապես կարեւորագույն հարց, որովհետեւ, ինչպես ասացի` այսօր ավազակապետական իշխանությունը որեւէ հակակշիռ չունի: Եւ օրենսդիր իշխանությունը, եւ դատական իշխանությունը ամբողջությամբ ենթարկված են այդ համակարգի տրամաբանությանը: Սա, ըստ երեւույթին, մեր առջեւ կանգնած ամենակարեւոր հարցն է` իշխանությունների բաժանման, հակակշիռների ստեղծման հարցը: Բայց մենք ունենք ռեալ իրականություն, ունենք այն խորհրդարանը, ինչ ունենք: Ի՞նչ պետք է անի նոր նախագահը: Ինձ թվում է ոչինչ չպետք է անի` պետք է աշխատի այդ խորհրդարանի հետ, քանի որ, ըստ էության, նրա լուծարման մեխանիզմ չկա: Պիտի համոզմունքով, իր խոսքով, իր ծրագրերով կարողանա այնպես անել, որ այդ խորհրդարանը չխանգարի գործադիր իշխանության ներկայացրած օրենքները ընդունելուն: Ես չեմ ասում` նույն ձեւով պիտի կոճակներ սեղմեն եւ ընդունեն այդ օրենքները: Վստահ եղեք, նույնիսկ այդ մարդիկ, որոնք, թվում է, չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, այսօր չեն ուզում օգտագործել իրենց բանականության ռեզերվները, պոտենցիալը, վաղը, ուրիշ պայմանների մեջ լինելով՝ ինձնից ու ձեզնից շատ ավելի շնորքով ելույթներ կունենան եւ շնորքով հարցեր կդնեն` նույն այդ մարդիկ: Ի դեպ, ես գրագողություն եմ անում, այս գաղափարը փոխառել եմ Հրանտ Տեր-Աբրահամյանի հոդվածից: Բայց չեմ ուզում ծավալվել: Ինչո՞ւ` որովհետեւ, սա շատ կարեւոր հարց է, եւ դառնալու է ապագա, գուցե ոչ առաջիկա հանրահավաքի` ելույթում իմ մեկնաբանելիք կարեւորագույն հարցերից մեկը: Նոր նախագահը պիտի աշխատի այս խորհրդարանի հետ, որովհետեւ ինչպես ասացի, չկա խորհրդարանը ցրելու մեխանիզմ: Նոր նախագահը պիտի ելնի նրանից, որ խորհրդարանում կա մեծամասնություն եւ այդ մեծամասնության կարծիքի հետ պիտի հաշվի նստի: Ավելին ասեմ, եթե այդ մեծամասնությունն առաջարկի իր վարչապետին` նախագահը այլ բան չի կարող անել, քան համաձայնել դրա հետ: Այսպես է իրականում: Իհարկե, ոչ այն վարչապետին, որ այսօր կա. դրա մասին չէ խոսքը: